• am
  • ru
  • en
Версия для печати
25.09.2006

Պատերազմի տեղեկատվական ենթատեքստը

EnglishРуский

   

Գագիկ Տերտերյան

Տեղեկատվական գործողությունների դերը Մերձավոր և Միջին Արևելքում (ՄՄԱ) ընթացող զարգացումներում դժվար է գերագնահատել։ Համաձայն Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Մերձավոր Արևելքի ծրագրի ղեկավար Ջոն Ալտերմանի` ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին բռնկված պատերազմի գլխավոր զենքը տեղեկատվությունը, քարոզչությունը և քաղաքական տեխնոլոգիաներն են: Այս ոլորտում, ըստ նրա, Արևմուտքը կորցրել է արտոնյալ դիրքերը։ Նման մոտեցումը (որը բաժանում է փորձագիտական հանրության գերակշռող մասը) ենթադրում է, որ գրեթե անհնար է համարժեք պատկերացնել ՄՄԱ-ի վերջին ռազմաքաղաքական զարգացումները՝ առանց տեղեկատվական գործողությունների վերլուծության։

Իսրայելի և ԱՄՆ-ի տեղեկատվական մարտավարությունը.- Ռազմական գործողություններ սկսելն արդեն կրում է որոշակի ներքաղաքական PR։ Ժողովրդականություն չվայելող Էհուդ Օլմերտը (վերջինիս վարչապետությունն իսրայելական հանրության զգալի մասն ընկալում է Արիել Շարոնի հիվանդությամբ պայմանավորված պատահականություն) գերեվարված զինծառայողներին ազատագրելու պատրվակով սկսելով պատերազմը՝ ուզում էր ցուցադրել իսրայելյան քաղաքացիներին «տեր կանգնելու» իր վճռականությունն ու հաստատակամությունը1։ «Կապրալ Գիլադ Շալիթի ազատագրման գործողություն» արտահայտությունը հավակնում էր վերածվելու հաղթական պատերազմի կարգախոսի և խորհրդանիշի։ Օլմերտի որոշումը մեկնաբանվում էր նաև որպես զուտ հոգեբանական-«մարզչական» գործողություն, որի ընթացքում դեռևս պատերազմ չտեսած իսրայելցիների նոր սերունդը «պետք է սովորեր հաղթել արաբներին»։ Սակայն հետագա զարգացումները արժեզրկեցին «կապրալի ազատագրման» և «հաղթել սովորելու» կարգախոսները. դրանք կորցրին իրենց քարոզչական նշանակությունը, և ներկայումս հակամարտող կողմերը բանակցություններ են վարում գերիների փոխանակման շուրջ։

Ինչպես ցույց են տալիս հետպատերազմյան ժամանակահատվածում Իսրայելում ծայր առած ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Օլմերտի վարչակազմին, նախագահ Կացավին և ՑԱԽԱԼ-ի հրամանատարությանը ներկայացված մեղադրանքները, այդ երկրի իշխանությունները ներքին տեղեկատվական-հոգեբանական ոլորտում կանգնել են լուրջ հիմնախնդիրների առջև։ Որոշ փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրադրությունը կարելի է բնութագրել որպես համակարգային ճգնաժամ, ինչը նպաստելու է արտագաղթի աճին (ներկայումս Իսրայել է ներգաղթում տարեկան մոտ 25 հազար, երկիրը լքում է մոտ 5 հազար մարդ)։

Անկախ վերջնական արդյունքներից՝ անմիջական հակառակորդների նկատմամբ Իսրայելի վարած տեղեկատվական մարտավարությունն ավելի քան ակտիվ էր։ Ռազմական գործողությունների առաջին օրը այդ երկրի օդուժը փորձեց ռմբակոծել և ոչնչացնել «Հիզբալլահի» Ալ-Մանար հեռուստակայանի գլխավոր ալեհավաքը, սակայն չհասավ նպատակին։ «Լրագրողների համաշխարհային ֆեդերացիան» ռմբակոծման առիթով սուր քննադատության ենթարկեց և դատապարտեց Իսրայելի գործողությունները։ Վերջինս, ի նշան բողոքի, դուրս եկավ այդ ֆեդերացիայից, սակայն ստիպված էր, հաշվի առնելով համաշխարհային հանրությունում Իսրայելի շուրջ ձևավորվող անբարենպաստ տեղեկատվական իրավիճակը, դադարեցնել Ալ-Մանարը ռմբակոծելու փորձերը։ Միևնույն ժամանակ, ՑԱԽԱԼ-ը չէր դադարեցնում այդ հեռուստակայանի բնականոն աշխատանքը էլեկտրոնային միջոցներով խաթարելու ջանքերը՝ փորձելով խանգարել հատկապես հեռուստանորությունների հաղորդմանը։

Իսրայելական կողմն ակտիվ էր նաև ինտերնետում։ Պատերազմի օրերին Իսրայելի ԱԳՆ-ն հանձնարարել էր դիվանագիտական դասընթացների ուսանողներին ավելի հաճախ մասնակցել ինտերնետային զանազան ֆորումներին, օրագրերում (այսպես կոչված բլոգերում) տեղադրել իսրայելանպաստ հաղորդագրություններ։ Ինչպես հայտնի է, նման տեխնոլոգիաներ կիրառում են նաև ամերիկյան և չինական զինված ուժերի «հոգեբանական գործողությունների» ստորաբաժանումները, սակայն իսրայելցիները նկատելիորեն կատարելագործել են դրանք։ «Հրեական ուսանողների միջազգային միության» կողմից մշակվել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս ինտերնետի միջոցով կապել այդ միության բոլոր անդամներին մի ցանցում։ Այդպիսով, եթե միության անդամներից որևէ մեկը որևէ կայքում տեսնում էր հակաիսրայելական հրապարակումներ, պատերազմի թեմային առնչվող հարցումներ կամ քվեարկություններ, ապա դրա մասին ավտոմատ կերպով տեղեկացվում են «ցանցի» մնացյալ անդամները (մոտ 15 հազար հոգի), որոնք և համապատասխան ձևով արձագանքում են դրանց։ Ըստ մեզ, նման ծրագրերի փոխառումը և կիրառումը նպատակահարմար է նաև ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան հարաբերությունների շուրջ ընթացող տեղեկատվական գործողություններում։ Նկատենք, որ նման ծրագիր իրագործելու համար կան անհրաժեշտ տեխնիկական և կադրային հնարավորություններ։

Պատերազմական գործողությունների ընթացքում իսրայելցիները լայնորեն օգտագործում էին արաբներին ուղղված սադրիչ-քարոզչական հեռախոսազանգերը (Alfa Mtc և Touch իսրայելական հեռախոսացանցերի միջոցով) և SMS հաղորդագրությունները։ Դրանք, ըստ արաբական ԶԼՄ-ի, կենտրոնացված բնույթ էին կրում և կազմակերպվում էին ՑԱԽԱԼ-ի կողմից։ Հեռախոսազանգերի և SMS-ների հիմնական նպատակը հոգեբանական ճնշում և «Հիզբալլահի» նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելն էր. վերջինս ներկայացվում էր որպես արաբների դժբախտության աղբյուր։ Նկատենք, որ արաբական կողմն ինչ-որ պահից սկսեց նմանատիպ հեռախոսային տեխնոլոգիաներ կիրառել Իսրայելի դեմ։

Սակայն պատերազմի ամենածավալուն տեղեկատվական գործողությունը պետք է համարել օգոստոսի 10-ին Մեծ Բրիտանիայում ինքնաթիռների պայթեցումներ ծրագրող ահաբեկչական ցանցի բացահայտումը։ Չբացառելով նման ցանցի առկայությունը և ահաբեկչության հնարավորությունը՝ անհրաժեշտ է ամրագրել, որ տեղեկատվության սփռումը այդ խնդրի շուրջ ընդունել էր տոտալ բնույթ2 և ընթանում էր որոշակի` Իսրայելին և ԱՄՆ-ին ձեռնտու համատեքստում, քանի որ վերջիններիս պայքարը նույնպես որակվում է որպես հակաահաբեկչական։ Ահաբեկիչների վերաբերյալ լրահոսը, ինչպես նաև ավիաչվերթների հետ կապված բազմաթիվ հարցերի քննարկումը տեղեկատվական դաշտից դուրս մղեցին իսրայելա-արաբական հակամարտության վերաբերյալ տեղեկությունները, որոնք այդ պահին արդեն անբարենպաստ էին Իսրայելի համար. Լիբանանում զոհվում էին խաղաղ բնակիչներ և երեխաներ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացվում էր իսրայելական զրահատեխնիկան։ Այսինքն՝ բրիտանական ահաբեկիչների սյուժեն նպատակ ուներ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը ՄՄԱ-ում տեղի ունեցող իրադարձություններից։

Բրիտանական օդային ահաբեկիչներին վերաբերող հաղորդումներն առանձնապես շատ էին ամերիկյան ԶԼՄ-ում։ Արդյունքում՝ այդ երկրում մի պահ գրեթե դադարեցին լուսաբանվել մերձավորարևելյան զարգացումները։ Նման արտառոց երևույթն առիթ հանդիսացավ ամերիկյան իրականության համար աննախադեպ բողոքի ցույցի Վաշինգտոնում՝ ուղղված ԱՄՆ ԶԼՄ-ում արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ տեղեկատվության պակասի դեմ։

Ընդհանուր առմամբ, պատերազմի առաջին փուլում տեղեկատվական ոլորտում նախաձեռնությանը տիրում էր Իսրայելը։ Սակայն հետագա զարգացումները փոխեցին իրավիճակը։ Որպես մասնավոր պատճառներ՝ լրագրողները նշում են իսրայելական կոշտ ռազմական գրաքննությունը (արգելվում էր հաղորդել Իսրայելի զոհերի թվի, հրթիռակոծման հետևանքների մասին և այլն), որին ստիպված ենթարկվում էին, և դա լրացուցիչ դժգոհություն էր առաջացնում Իսրայելի գործողությունների հանդեպ։ Նկատենք, որ այդ երկրի գլխավոր ռազմական գրաքննիչը պատերազմական պայմաններում իրավունք ունի փակել ցանկացած թերթ, հեռուստաալիք կամ ընդհանրապես կարող է հրամայել դադարեցնել ռազմական գործողությունների լուսաբանումը։ Լրագրողների հանդեպ միանգամայն այլ մարտավարություն էին կիրառում Լիբանանի իշխանությունները և «Հիզբալլահը», որոնք իրենց կողմից վերահսկվող տարածքներում լրագրողներին տվել էին գրեթե բացարձակ ազատություն։

Իսլամական աշխարհի տեղեկատվական մարտավարության ուրվագիծը.- Հակամարտության ընթացքում ակտիվ էին արաբական հեռուստակայանները, հատկապես՝ Ալ Ջազիրան, Իրանի և «Հիզբալլահի» լրատվական-քարոզչական միջոցները։ Նրանք կարողացան լուծել, մասնավորապես, իրենց առջև դրված հետևյալ խնդիրները.

  • Կասեցվեցին շիական «Հիզբալլահի» և Պաղեստինի ու Լիբանանի սուննի բնակչության միջև պառակտում մտցնելու հակառակորդի պլանները (ինչն Իսրայելի ռազմավարական նպատակն էր)։
  • Իսլամական աշխարհին և, մասամբ, միջազգային հանրությանը ներշնչեցին պատերազմում արաբների տարած անվիճելի հաղթանակի պատրանքը և այդպիսով ցրեցին Իսրայելի անպարտելիության ավելի քան կեսդարյա առասպելը։
  • Իրենց գործողություններով նպաստեցին պառակտված արաբական աշխարհի գաղափարական համախմբման գործընթացին։

Պետք է շեշտել, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ և Իսրայելի տեղեկատվական գործողությունների զգալի մասն ուղղված էր Իրանի դեմ։ Բավական է նշել անվանի քաղաքագետ Բեռնարդ Լյուիսի հայտարարությունն ամերիկյան մամուլում, թե հրադադարի օրը` օգոստոսի 21-ին, Իրանը միջուկային հարված կհասցնի Իսրայելին։ Իրենց հերթին՝ իրանական կայքերն (Iranatom.ru, Iran.ru) օպերատիվ էին գործում։ Մասնավորապես, Iran.ru-ի ամենօրյա լրահոսքի ցանկը (system@iran.ru) հայտնվեց վերլուծական կենտրոնների և վերլուծաբանների էլեկտրոնային փոստարկղերում. այդպիսով առաջարկվում էր դյուրին ձևով օգտվել կայքի մատակարարած տեղեկատվությունից։ Հատկանշական է նաև, որ պատերազմի օրերին Իրանի նախագահ Ահմադինեժադը բացեց սեփական կայքը (ֆարսի, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով), որտեղ զետեղված են ոչ միայն նրա կենսագրական տվյալները, այլև հետևողականորեն հրապարակվում են Ահմադինեժադի մոտեցումները զանազան քաղաքական և հասարակական երևույթների վերաբերյալ։ Տեղեկատվական պատերազմների տրամաբանությանն է ենթարկվում նաև Ահմադինեժադի՝ հեռուստաբանավեճ վարելու առաջարկությունը Բուշին։ Հատկապես կարևոր է, որ տեղեկատվական դաշտում Իրանը կարողացավ փոխել իսլամի կերպարը համաշխարհային հանրության պատկերացումներում. Անկազմակերպ, բղավող ամբոխի փոխարեն ներկայացվեց համառորեն պայքարող և նորագույն տեխնոլոգիաներ յուրացնող հասարակություն։

Պատերազմի տեղեկատվական ընկալումը միջազգային հանրությունում.- Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելը միջազգային հանրությունում ընկալվեց Իրաքում վարվող ամերիկյան քաղաքականության համատեքստում, որի նկատմամբ արդեն իսկ ձևավորվել է կայուն բացասական վերաբերմունք։ Ակնհայտ է, որ գլոբալ տեղեկատվական դաշտում հակաիսրայելական և հակաամերիկյան տրամադրությունների ձևավորման գործում կարևորագույն դերակատարում ունեն ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակիցները և այդ տերության քաղաքականության հետ անհամաձայն տարաբնույթ կազմակերպությունները։

Իսրայելի հանդեպ հանրային բացասական կարծիքի ձևավորմանն էապես նպաստեց զոհված խաղաղ բնակիչների և երեխաների վերաբերյալ տեղեկատվության տարածումը։ Մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրեց Իսրայելին պատերազմական հանցագործություններում։ Հարկ է նաև նկատել, որ արաբական կողմը լրատվական գործակալություններին երբեմն ներկայացնում էր կեղծված կադրեր և տվյալներ։ Հատկանշական է, որ պատերազմից հետո ԱՄՆ-ում ի հայտ եկան նեոկոնսերվատորների և իսրայելական լոբբիի դեմ ուղղված բազմաթիվ հոդվածներ և նյութեր։

Անդրադառնալով ՀՀ տեղեկատավական դաշտում դերակատարում ունեցող ԶԼՄ-ին՝ փաստենք հետևյալը։ CNN և Euronews կայանների մեկնաբանություններն էապես տարբերվում էին. եթե առաջինը հստակ կողմնորոշված էր «Հիզբալլահի» դեմ, ապա երկրորդը ցուցաբերում էր հավասարակշռված մոտեցումներ՝ հիմնական շեշտադրումը կատարելով խնդրի հումանիտար բաղադրիչի վրա։ BBC–ն ավելի հավասարակշռված դիրքորոշում էր ընդունել՝ հավասարաչափ քննադատելով և՛ «Հիզբալլահին», և՛ Իսրայելին։

Բավական հստակ հակաիսրայելական և արաբամետ դիրքորոշում ցուցաբերեց ռուսաստանյան РТР հեռուստաալիքը, մինչդեռ «Первый канал» կայանն ավելի հավասարակշռված էր մեկնաբանում պատերազմական գործողությունները։ Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան ԶԼՄ-ն ավելի բարյացակամ էր արաբների հանդեպ. բավական է նշել, որ РТР, «Первый канал» և НТВ կայանները «Հիզբալլահի» քարոզչական նյութերը հեռարձակել են 253 անգամ, իսկ Իսրայելինը` ընդամենը 36։

Մեզ հայտնի չէ, թե ինչ դիրքերից են լուսաբանվել ՄՄԱ իրադարձությունները ՀՀ-ում սփռվող հեռուստահաղորդումներում, քանի որ իրազեկ չենք որևէ հատուկ մոնիթորինգի տվյալների մսին, իսկ ստացված տպավորությունները կարող են սուբյեկտիվ լինել։ Միևնույն ժամանակ, եթե նման մոնիթորինգ, իրոք, չի իրականացվել, ապա դա վկայում է ՀՀ տեղեկատվական անվտանգության ոլորտում լուրջ թերացումների մասին:

Հետևություններ.- ՄՄԱ-ում տեղի ունեցած վերջին պատերազմում տեղեկատվական-հոգեբանական գործոնը կարևորագույն դերակատարում ունեցավ։ Ռազմական ոլորտում առավելություն ունենալով և ինչ-որ չափով լուծելով իր առջև դրված մարտավարական խնդիրների մի մասը՝ Իսրայելը և նրա դաշնակից ԱՄՆ-ը տեղեկատվական-հոգեբանական ոլորտում զգալի կորուստներ ունեցան։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ, Իսրայել-Իսլամական աշխարհ շարունակական պայքարում վերջինիս դիմադրությունն արտահայտվեց ոչ թե ահաբեկչական-շահիդական տեսքով, այլ տեխնոլոգիական ոլորտում. նրանք ցուցաբերեցին ռազմական հմտություն, իսկ իրենց հաջողությունները և հակառակորդի բացթողումները համապատասխան տեղեկատվական-հոգեբանական տեխնոլոգիաների միջոցով ներկայացրին համաշխարհային հանրությանը։

1 Հատկանշական է, որ երբ նախկինում գերեվարվում ու սպանվում էին իսրայելական զինծառայողներ, «բազեի» համբավ ունեցող Արիել Շարոնն ավելի խոհեմ էր վարվում և «Հիզբալլահի» դեմ լայնածավալ գործողություններ չէր ձեռնարկում։

2 Բրիտանական ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվական գործողությունը, ամենայն հավանականությամբ, մշակվել է ԱՄՆ-ում։ Ահաբեկչության թեման դարձել է ամերիկյան տեղեկատվական քաղաքականության կարևորագույն բաղադրիչը (հատկանշական է, որ բրիտանական ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվության տոտալ տարածման արդյունքում նախագահ Բուշի վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է)։ Ի լրումն՝ միայն այդ տերությունն է, որն ունի գլոբալ տեղեկատվական դաշտը «լցնելու» ռեսուրսներ։ Բավական է նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անմիջական ղեկավարությամբ գործում է դեռևս 1953թ. հիմնված ԱՄՆ Տեղեկատվական գործակալությունը` USIA, որի ղեկավարն է նախագահի Տեղեկատվական հարցերով գլխավոր խորհրդականը։ Գործակալությունն ունի 10 հազար հաստիք, 200 բաժանմունք աշխարհի 120 երկրներում և թողարկում է տեղեկատվական ծրագրեր 62 լեզվով։ ԱՄՆ նախագահի հրամանով 1999թ. ստեղծվել է մեկ այլ կառույց` Միջազգային հասարակական տեղեկատվության խումբը` IPI, որի խնդիրն է, օգտագործելով հատուկ ծառայություններից ստացված տեղեկությունները, ներգործել օտարերկրյա կառավարությունների, կազմակերպությունների և առանձին անհատների զգացմունքների ու վարքի վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան տեղեկատվական պատերազմների մեխանիզմը ՄՄԱ-ում ներկայումս այնքան էլ արդյունավետ չի գործում։ Դրա մասին, մասնավորապես, վկայում է այն փաստը, որ Իրաքի ամերիկյան հրամանատարությունը որոշում է ընդունել $20մլն տրամադրել ԱՄՆ և ՄՄԱ-ի ԶԼՄ-ի մոնիթորինգի համար։ Մոնիթորինգի նպատակը տվյալների միասնական շտեմարանի ստեղծումն ու դրա հիման վրա ԱՄՆ իմիջի բարձրացումն է տարածաշրջանում։ Բնորոշ է, որ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հրահրել ամսական 4-8 «դրական» իրադարձություն և ամերիկացիների համար շահեկան դիրքերից լուսաբանել դրանք։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր