Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ

Համաձայն ժամանակակից պատկերացումների, ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացությունը ներկայացնում է երեք բաղադրամասերի` ռազմաքաղաքական անվտանգության, սոցիալ-տնտեսական անվտանգության և տեղեկատվական անվտանգության ամբողջություն։ Այդ բաղադրամասերից որևէ մեկի անտեսումը կամ թերագնահատումը թերի է դարձնում ցանկացած ԱԱ հայեցակարգ։ Դրան զուգահեռ, ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական ոլորտները ներկայումս ինտեգրվում են, այսինքն՝ ԱԱ բաղադրամասերի միջև սահմանները հաճախ խիստ պայմանական են։
Իրենց հերթին, ԱԱ վերոհիշյալ ոլորտներն ընդգրկուն են և հանդիսանում են այլ բաղադրամասերի միասնություն։ Մասնավորապես՝ տեղեկատվական անվտանգությունը (ՏԱ) ծավալուն և բովանդակալից հասկացություն է, որը ներառում է ոչ միայն տեղեկատվական-տեխնիկական համակարգերի ապահովության խնդիրները, այլև այն ամենը, ինչ վերաբերում է հոգևոր-հոգեբանական, մտավոր-գիտելիքային ոլորտներին։ Կարելի է փաստել, որ ՏԱ-ն փոքր-ինչ ավելի անմիջականորեն, քան ԱԱ մնացյալ բաղադրամասերը, կապված է մարդկային, հանրային և ազգային գործոնների հետ։
Այս վերջինի առիթով հարկ է նշել, որ Հայաստանի պետականությունը ներկայացնող ՀՀ և ԼՂՀ, ինչպես և մեծաթիվ սփյուռք ունեցող այլ երկրների ԱԱ համակարգերը պետք է ներառեն ոչ միայն ՀՀ բնակչության, այլև հայության հարատևման հետ կապված խնդիրների համախումբը:1 Այս համատեքստում ՀՀ ՏԱ ցանկացած հայեցակարգային բնույթի փաստաթղթում պետք է տեղ գտնի նաև Սփյուռքի հետ կապված հիմնախնդիրների գոնե մի մասը։
Ինֆոգեն սպառնալիքներ
ՏԱ գործառույթներն էապես կապված են, այսպես կոչված, ինֆոգեն (տեղեկատվածին) գործընթացների հետ,2 որոնք պարունակում են և՛ դրական-կոնստրուկտիվ, և՛ բացասական-դեստրուկտիվ, սպառնալիք և վտանգ պարունակող բաղադրիչներ:
Ինֆոգեն սպառնալիքները կարելի է դասակարգել երկու հիմնական տիպի.
- տեխնիկական բնույթի ինֆոգեն սպառնալիքներ, որոնք ուղղված են անհատի, հասարակության, ազգի և պետության գործունեությունը կազմակերպող և համակարգող տեղեկատվական տեխնիկական համակարգերի դեմ։ Այդ սպառնալիքները կարող են իրագործվել այդ համակարգերի տեխնիկական խոցելիության պատճառով,
- հոգևոր-գաղափարական բնույթի ինֆոգեն սպառնալիքներ, որոնք ուղղված են անհատի, հասարակության, ազգի գիտակցության (ենթագիտակցության), հոգևոր և քաղաքակրթական արժեհամակարգերի դեմ։ Այդ սպառնալիքների իրագործումը պայմանավորված է «մարդկային և հանրային» գործոնների ոլորտում թույլ տրված թերացումներով։
Հոդվածում հիմնական շեշտը դրվում է հոգեբանական, հոգևոր-գաղափարական բնույթի ինֆոգեն սպառնալիքների բնութագրումների վրա։
Ինֆոգեն սպառնալիքների աղբյուրները կարող են լինել արտաքին և ներքին։ Արտաքին ինֆոգեն սպառնալիքների աղբյուրներ կարող են հանդիսանալ.
- ՀՀ ռազմավարական-մարտավարական մրցակից կամ հակառակորդ հանդիսացող երկրները կամ կազմակերպությունները,
- իրենց շահերը հետապնդող, սակայն ՀՀ ազգային շահերն անտեսող երկրները և կազմակերպությունները, որոնց թվում կարող են լինել նաև ՀՀ քաղաքական և տնտեսական գործընկերները,
- տեղեկատվական դաշտում առկա, բայց ոչ հատուկ ՀՀ դեմ ուղղված քաոտիկ տեղեկատվական հոսքերը, որոնք բացասական ներգործություն են ունենում հանրային գիտակցության վրա։
Ինֆոգեն ներքին սպառնալիքների աղբյուր կարող են հանդիսանալ.
- ՀՀ-ում տեղակայված, սակայն օտարերկրյա ռեսուրսներից սնվող քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցները, որոնց գործողություններն ուղղված են ՀՀ ազգային շահերի դեմ,
- ներքին մասնավոր և պետական ռեսուրսների վրա հիմնված քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները, ընկերությունները, պետական մարմինները և ԶԼՄ-ը, որոնց պատկերացումները ՀՀ ազգային շահերի վերաբերյալ հստակեցված չեն։ Որպես հետևանք՝ նման կառույցները կարող են ակամա կամ գաղափարական սխալ կողմնորոշման հետևանքով ինֆոգեն վտանգի աղբյուր հանդիսանալ ՀՀ հանրության համար (նման գործողությունները երբեմն որակվում են որպես «տեղեկատվական պատերազմ սեփական ժողովրդի դեմ»3)։
Ինչպես տեսնում ենք, ինֆոգեն սպառնալիքների բացահայտումը և որակումը զգալի չափով պայմանավորված են ազգային շահի (ԱՇ) բովանդակային պատկերացումներով։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ ԱԱ հայեցակարգի ցանկացած մշակում ենթադրում է ԱՇ հասկացության վերաբերյալ զարգացած պատկերացումներ և հստակեցված ձևակերպումներ։ Հակառակ պարագայում ինֆոգեն ներքին սպառնալիքների բացահայտումը խիստ վիճահարույց է լինելու։
Դրական ինֆոգեն գործընթացները պայմանավորված են գլոբալ տեղեկատվական-գիտելիքային դաշտի ձևավորմամբ։ Հայտնի է, որ արդի տեղեկատվական դաշտն արտացոլում է ներկայիս աշխարհակարգը ձևավորող առաջատար պետությունների հիերարխիկ կառուցվածքը։ Սակայն այդ դաշտում սակավ նյութական հնարավորություններ ունեցող սուբյեկտները, ձեռք բերելով անհրաժեշտ ինտելեկտուալ ռեսուրսներ և ասիմետրիկ գործելու կարողություններ, կարող են հասնել զգալի արդյունքների։ Նկատենք, որ հաճախ այդ սուբյեկտները կարող են և չլինել պետություններ կամ նվազագույնը ուղղակիորեն չենթարկվել պետությանը։ Ստեղծված այս իրողությունը արտացոլվում է հետևյալ հայեցակարգային հասկացություններում.4
- Կիբեռքաղաքականություն.- Համաձայն եզրի հեղինակ Դևիդ Ռոտկոպֆի հետազոտության (1998թ.), տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է նրան, որ քաղաքականության ավանդական սուբյեկտները` պետությունները, արդեն կորցրել են գիտելիքներին (տեղեկատվությանը) տիրապետելու իրենց մենատիրությունը։ Օրինակ՝ նախկինում միայն հատուկ կառույցները և դիվանագետները գիտեին, թե ինչ է կատարվում աշխարհի այս կամ այն մասում, մինչդեռ այսօր ԶԼՄ-ից և Ինտերնետից շարքային օգտվողը նույնպես իրազեկ կարող է լինել այդ տեղեկատվությանը։
- Նոոքաղաքականություն (գիտելիքների քաղաքականություն).- Ջոն Արքիլը և Դևիդ Ռոնֆելդը, 1999թ. հրատարակած իրենց աշխատությունում նույնպես փաստելով պետության դերի նվազման հանգամանքը, գտնում են, որ քաղաքականության նոր սուբյեկտները` միջազգային կազմակերպությունները, ԶԼՄ-ն, անդրազգային (տրանսնացիոնալ) տնտեսական ընկերությունները, ահաբեկչական և հանցավոր կառույցները ձեռք են բերել գիտելիքային/տեղեկատվական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս նրանց վարել ինքնուրույն քաղաքականություն գլոբալ տեղեկատվական դաշտում։
- Մեդիաքաղաքականություն.- Այս եզրը 2001թ. շրջանառության մեջ է դրել Լի Էդվարդսը, որն ապացուցել է, որ Ինտերնետը և հեռուստատեսությունը վերածվել են քաղաքականության կարևորագույն գործոնի։ Դրանք են, որ էական դեր են կատարում արտաքին և ներքին քաղաքականության ձևավորման գործում, այս կամ այն հիմնախնդրի վրա են հրավիրում հանրության և իշխանության ուշադրությունը։
- բարոյազուրկ, ոչ հոգևոր մթնոլորտի և հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծում,
- քաղաքական լարվածության ու քաոսի ստեղծման նպատակով երկրի բնակչության սոցիալական խմբերի քաղաքական կողմնորոշման և հասարակական գիտակցության մանիպուլյացիա,
- առճակատումների հրահրման, անվստահության, կասկածամտության սերմանման, քաղաքական պայքարի սրման նպատակով կուսակցությունների միջև քաղաքական հարաբերությունների ապակայունացում, ընդդիմության դեմ բռնությունների սադրում, փոխոչնչացման դրդում,
- իշխանության և կառավարման մարմինների լրատվական ապահովվածության մակարդակի իջեցում, կառավարման սխալ որոշումների ներշնչում,
- պետական մարմինների աշխատանքի մասին ապատեղեկատվություն, նրանց հեղինակազրկում, կառավարման մարմինների վարկաբեկում,
- սոցիալական, քաղաքական, ազգային և կրոնական բախումների հրահրում,
- պետության միջազգային հեղինակության գցում, այլ երկրների հետ նրա համագործակցության վնասում,
- քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտներում պետության կենսականորեն կարևոր շահերի վնասում:
- ստեղծել ոչ մեծ մասնագիտական խումբ, որը պետք է իրագործի ՀՀ մամուլի և ռադիոհեռուստատեսային հաղորդումների վերլուծությունը տեղեկատվական անվտանգության տեսանկյունից,
- նման մոնիթորինգի հետևանքով ի հայտ բերված հրապարակումները և հաղորդումները, որոնք չեն բավարարում տեղեկատվական անվտանգության պահանջները, ենթարկվում են առավել մանրակրկիտ ուսումնասիրության, գուցեև այլ պետական կառույցների հետ համատեղ, հնարավոր ազդեցությունների աղբյուրները և գործող մեխանիզմներն ի հայտ բերելու նպատակով,
- վերոհիշյալ մեխանիզմների բացահայտումը հնարավորություն կընձեռի մշակել գործողությունների այն համախումբը, որը թույլ կտա, խուսափելով գրաքննական–վարչական բնույթի միջամտություններից և չխախտելով մամուլի ազատության օրենքը, փոխել տվյալ լրատվամիջոցի կողմնորոշումը:
Առանձնապես պետք է նշել, որ ժամանակակից տեղեկատավական տեխնոլոգիաները կազմակերպչական տեսակետից խիստ արդյունավետ ցանցային կառույցներ ձևավորելու հնարավորություն են ընձեռում, որոնց առանձնապես պետք կարևորել համազգային նախագծերի պարագայում։ Այս առիթով նկատենք, որ այսօր շրջանառությունում բացակայում են համահայկական դրական հնչողություն ունեցող գաղափարներ։ Այսինքն՝ այսօր դեռևս չի ձևավորվել 21-րդ դարի համահայկական գաղափարական դաշտը։
Նկատենք, որ ձևավորվող նոր աշխարհակարգի պայմաններում նման իրադրությունը արտառոց չէ։ Համանման իրադրության մեջ հայտնվել են ոչ միայն հայերը, այլև ռուսները (վերջիններս, մասնավորապես, ունեն սլավոնական ինքնության խնդիրը), վրացիները, եվրոպական մի շարք ազգեր (նույն գերմանացիները հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից ենթարկվել են ինտենսիվ քարոզչական–կազմակերպչական մշակման, որի հետևանքով էապես կորցրել են իրենց նախկին ազգային-գաղափարական կողմնորոշումները և պատկերացումները)։ Այս ոլորտում որոշակի ճգնաժամային երևույթներ են նկատվում անգամ անգլո-սաքսերի և հրեաների մոտ, որոնք կարծես թե այդ հարցում գտնվում են առավել բարվոք վիճակում։
Տեղեկատվական պատերազմներ
Ինֆոգեն սպառնալիքների հետ անմիջականորեն կապված տեղեկատվական գործողությունները և պատերազմները մշտապես ուղեկցել են մարդկությանը։ Սակայն այդ գործառույթների ժամանակակից ձևը, բովանդակությունն ու եզրաբանությունը ձևավորվել են 1991թ. Իրաքյան առաջին պատերազմի ընթացքում։ 1995թ. ԱՄՆ Պաշտպանության ազգային ինստիտուտը հրապարակել է Մարտին Լիբիկի «Ինչ է տեղեկատվական պատերազմը» աշխատությունը, 1998թ. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը` «Տեղեկատվական գործողությունների միացյալ դոկտրին» փաստաթուղթը։ Այդ փաստաթղթում ձևակերպվել են «տեղեկատվական պատերազմ» հասկացության և նրա բաղադրիչ «տեղեկատվական գործողության» հետևյալ սահմանումները.
Տեղեկատվական գործողությունը ձեռնարկվում է հակառակորդի տեղեկատվական համակարգերի կողմից տեղեկատվության հավաքման, մշակման, փոխանցման և պահպանման գործընթացը խաթարելու նպատակով՝ միևնույն ժամանակ պահպանելով սեփական տեղեկատվությունը և տեղեկատվական համակարգերը:
Տեղեկատվական պատերազմը համալիր ներգործություն է (տեղեկատվական գործողությունների համախմբի միջոցով) հակառակորդի պետական համակարգի և նրա ռազմական, քաղաքական ղեկավարության վրա, որն արդեն խաղաղ ժամանակ կարող է հանգեցնել տեղեկատվական պատերազմ իրագործողի համար հակառակորդի կողմից նպաստավոր որոշումներ ընդունելուն, իսկ հակամարտության ընթացքում լիովին կարող է կաթվածահարել հակառակորդի կառավարման ենթակառուցվածքների գործունեությունը:
Վերջին սահմանումներից հետևում է, որ, մասնավորապես, տեղեկատվական պատերազմը տեխնիկական և հոգևոր-գաղափարական բնույթի ինֆոգեն սպառնալիքների գործնական իրագործումն է։ Ամերիկյան «Ռենդ» կորպորացիայի մասնագետները մշակել են նոր` երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգը: Եվ եթե առաջին սերնդի ինֆորմացիոն պատերազմը դիտվում էր որպես կարևոր բաղադրամաս պատերազմի ավանդական միջոցների՝ միջուկայինի, կենսաբանականի և այլնի կողքին, ապա երկրորդ սերնդինը հանդես է գալիս լիովին ինքնուրույն կերպով: Ի թիվս այն խնդիրների, որոնք լուծվում են երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների միջոցով, առանձնացնենք հետևյալները.
Ինչպես տեսնում ենք, երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմներում ավելի քան կարևորվում են հոգևոր-գաղափարական բնույթի գործոնները։ ՀՀ ՏԱ հարթությունում ուշադրության և վերլուծության արժանի են վերոհիշյալ բոլոր կետերը։ Նկատենք, որ ժամանակակից տեղեկատվական մեծ ծավալի հոսքերի պայմաններում ներքին դաշտում հայտնվող մի շարք ինֆոգեն սպառնալիքներից, ինչպիսին, օրինակ, «հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծումն» է, գրեթե անհնար է պաշտպանվել արգելող գործողությունների միջոցով։ Նկատենք, որ նման բնույթի տեղեկատվական հակամարտությունը որակում են «մշակութային պատերազմ»։ Այս ոլորտում արդյունավետ կարող են լինել միայն տվյալ երկրի ՏԱ համակարգի ներսում նույն «մշակութային ժառանգության» հանդեպ զարգացած և համընդհանուր պատկերացումները։ Հարկ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ 21-րդ դարում նախկինում այս ոլորտին վերաբերող որոշ պատկերացումներ կարիք ունեն վերանայման կամ զարգացման։5 Կարելի է նաև պնդել, որ վերոհիշյալ ցուցակի շատ կետեր իրենց արտացոլումն են գտել ներկայիս «գունավոր հեղափոխությունների» հետ կապված իրողություններում։
Ներկայումս մշակվում և զուգահեռաբար իրագործվում են երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների սկզբունքները, որոնք հենված են, այսպես կոչված, «էֆեկտների վրա» և հաճախ ներկայացնում են միաժամանակ մի քանի ոլորտներում սիներգետիկայի օրինաչափություններին ենթարկվող գործողությունների համախումբ:6
Տեղեկատվական պատերազմները՝ որպես աշխարհագաղափարախոսության հիմնական գործիք
Վերոհիշյալ նոր սերունդների տեղեկատվական պատերազմներն այն տեխնոլոգիական բազան են, որոնք պայմանավորում են աշխարհագաղափարախոսական դոկտրինների գերակայությունը ավանդական աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական մոտեցումների նկատմամբ:7 Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծենք, որ տեղեկատվական գործողությունների և տեղեկատվական պատերազմների միջոցով իրագործված ներգործությունը տեխնոլոգիական միջոց (գործիք) է հանդիսանում այն կիրառող սուբյեկտի համար՝ իր ռազմավարական ծրագրերն իրագործելու նպատակով:
Տեղեկատվական գործողությունների միջոցով ռազմաքաղաքական ռազմավարության իրագործումը նոոքաղաքականություն հասկացության բաղադրամաս է հանդիսանում։ Նոոքաղաքականությունը լայնորեն օգտագործվում է արդի միջազգային պրակտիկայում` աստիճանաբար դուրս մղելով քաղաքականության ավանդական վարման որոշ տարրեր: Համարվում է, որ նոոքաղաքականությունը, կամ ինչպես դա երբեմն որակում են` փափուկ ուժը, նաև բնութագրում է այս կամ այն տերության postmodern ոճի քաղաքականություն վարելու կարողությունը:8
Հատկանշական է, որ երկրի ազգային շահերի դեմ ուղղված տեղեկատվական գործողությունների վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել այդ գործողությունների հեղինակի ռազմավարության նրբերանգները, ինչն այլ միջոցներով բացահայտելը միշտ չէ, որ հնարավոր է։ Միևնույն ժամանակ, ինֆոգեն վտանգների բացահայտումը հնարավոր է միայն տեղեկատվական դաշտի շարունակական մոնիթորինգի և վերլուծության պարագայում. այս խնդրում միայն օպերատիվ-քննչական միջոցառումներն ակնհայտորեն բավարար չեն։
Պետք է նկատի ունենալ, որ ներկայիս ՀՀ ԶԼՄ տնտեսական իրավիճակը հիմնականում այնպիսին է, որ նրանք կարիք ունեն շարունակական նյութական աջակցության: Այսինքն՝ մի շարք լրատվամիջոցներում «ստվերային» ճանապարհով ստանում են անհրաժեշտ միջոցներ և դրա դիմաց ստանձնում պարտավորություններ` որոշակի տեսանկյունից լուսաբանելու այս կամ այն երևույթը: Նման հրապարակումները և հաղորդումները ներկայացվում են որպես խոսքի ազատության արտահայտություն: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ նյութական աջակցություն ցուցաբերողների տեսակետները (որոնք, չի բացառվում, կարող են լինել և այլ պետությունների շահերի ներկայացուցիչներ), համընկնում են ՀՀ անվտանգության դրույթներին կամ շահերին: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է.
Ի լրումն վերոհիշյալի, ՏԱ համակարգում պետք է գործեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կառավարման մարմիններին, ձեռնարկություններին և հանրությանը պետք է ապահովեն ճշգրիտ տեղեկատվությամբ և տեղեկատվական հոսքերի համապարփակ վերլուծությամբ։ Եթե այդ նախապայմանը չի կատարվում, ապա վտանգվում է պետական մարմինների կողմից համարժեք որոշումների ընդունումը։ Վերջինիս համատեքստում պետք է նշել, որ գերադասելի է, որպեսզի պետական մարմինները ստանան տեղեկատվություն ոչ միայն իրենց անմիջական ենթակայության տակ գտնվող հատուկ ծառայություններից, այլև պետական հովանու տակ գտնվող, սակայն անկախ կարգավիճակ ունեցող տեղեկատվական-վերլուծական կառույցների ցանցից (այս առիթով տեղին է հիշել, որ բաց աղբյուրներից ստացված լրահոսքի վերլուծությունը թույլ է տալիս ստանալ փակ տեղեկատվությունների ծավալի 80-90%-ը9)։ Վերլուծական կառույցներից ձևավորված ենթակառուցվածքն ինքնին ՏԱ համակարգի կարևորագույն բաղադրամասն է։ Միևնույն ժամանակ, նման ենթակառուցվածքը ենթադրում է, որ պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնք կապահովեն իշխանություն-հատուկ կառույցներ-վերլուծական կենտրոններ արդյունավետ համագործակցությունը։
Վերլուծական կամ ինչպես դրանք հաճախ անվանում են` «ուղեղային կենտրոնները» կարևորագույն դերակատարում պետք է ունենան տեղեկատվական հարձակողական և պաշտպանողական գործողություններում։ Այդ խնդրում ինքնաբերաբար կարևորվում են նման կենտրոնների աշխատակիցները, ովքեր, լինելով տեղեկատվության, գիտելիքների և տեխնոլոգիաների, ազգային գաղափարների, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային ավանդույթների կրողներ, պետք է առանձին հոգածության արժանանան ՏԱ համակարգում։
Այս վերջին կետը կարիք ունի առանձնահատուկ դիտարկման, քանի որ այն, որպես կանոն, դուրս է մնում քննարկումներից: Հարկ է ևս մեկ անգամ շեշտել, որ տեղեկատվական անվտանգության հիմքում դրված են հասարակության ունեցած ընդհանուր գիտելիքների տեսակարար կշիռը, նրա ինտելեկտուալ հնարավորությունները, ինչը պետության, ազգի մրցունակության ամենաարդիական չափանիշն ու հարատևման գրավականն է: Անհրաժեշտ է նշել, որ այս չափանիշով ՀՀ-ն սկսել է զգալիորեն զիջել ոչ միայն տնտեսապես զարգացած երկրներին, այլ նաև իր անմիջական հարևաններին` Վրաստանին և Ադրբեջանին: Եվ դա այն պարագայում, երբ ԽՍՀՄ-ում մեր հանրապետությունն անհամեմատ առաջավոր դիրքեր ուներ այդ ոլորտում, այսինքն՝ 1991թ. ՀՀ-ն գտնվում էր էապես առավել նպաստավոր մեկնարկային պայմաններում:
Հետևություններ
Անշուշտ, վերը բերված համառոտ դրույթները կարիք ունեն մանրակրկիտ մշակման և քննարկման: Միևնույն ժամանակ, ցանկացած տեղեկատվական անվտանգության համակարգ պետք է այս կամ այն չափով անդրադառնա վերոհիշյալ հարցերի համախմբին՝ կապելով դրանք որոշակի հանգամանքների և իրողությունների հետ: Որպես առաջին քայլ՝ ՏԱ ոլորտում անհրաժեշտ է մանրակրկիտ մշակել տեղեկատվական անվտանգության հայեցակարգը և դրանից բխող օրենսդրական փաթեթը: Նման աշխատանքը կարևոր է ոչ միայն համապատասխան օրենսդրության ստեղծմամբ, այլև նրանով, որ այդ փաստաթղթի ստեղծման գործընթացը և հետագա քննարկումները թույլ կտան ձևավորել մասնագիտական այն հանրությունը, որը հետագայում ի վիճակի կլինի գործնականում իրագործել ՏԱ հայեցակարգի դրույթները։
1Ըստ մեզ, ՀՀ և ԼՂՀ ԱԱ համակարգերը պետք է լինեն եթե ոչ նմանատիպ կամ ընդհանուր, ապա գոնե առնվազն համատեղելի։ Հետագա շարադրանքում ՀՀ, ԼՂՀ հապավումների և հայություն հասկացության փոխարեն կօգտագործվի միայն ՀՀ հապավումը։
2Гагик Тер–Арутюнянц, Инфогенные вызовы, Голос Армении, 08.12.2001; Гагик Тер–Арутюнянц, «Инфогенные» вызовы, в сб. «Информационные войны», серия «Мир сегодня», #4, с. 5. Ереван, 2002, Գագիկ Հարությունյան, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում, էջ 25, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2003:
3Георгий Почепцов, Информационные войны, «Рефл-бук», «Ваклер», 2001.
4Washington Profile, #47(564), 05.05.2005.
5Գագիկ Տերտերյան, Հոգևոր անվտանգության խնդիրների շուրջ, «Հանրապետական», #6 (26), էջ 1, 2005:
6Сергей Гриняев, «Поле битвы-киберпространство», Минск, Харвест 2004; Գագիկ Տերտերյան, Կենսատեղեկատվական պատերազմներ, «Հանրապետական», #3 (12), էջ 15, 2004:
7Գագիկ Տեր-Հարությունյան, Աշխարհաքաղաքականությունից դեպի աշխարհագաղափարախոսություն, «Հանրապետական», #3 (23), էջ 28, 2005:
8Елена Ананьева, «Реконструкция Запада», Международная жизнь, #3-4, с. 18, 2005.
9Александр Доронин, «Бизнес-разведка», «Ось-89», Москва, 2002.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]