• am
  • ru
  • en
Версия для печати
15.03.2007

Տեղեկատվական անվտանգության խնդիրների շուրջ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

Ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացության հենքում դրված է «փոխկապվածության սկզբունքը», համաձայն որի՝ ԱԱ համակարգի հուսալիությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են հայեցակարգային դրույթներում և դրանց հիման վրա ձևավորված ԱԱ համակարգում ներդաշնակորեն ներկայացված պետության ու ազգի կենսագործունեության բոլոր ոլորտների անվտանգության խնդիրները: Այդ առումով պետք է ընդունել, որ վերջերս հաստատված «ՀՀ ԱԱ ռազմավարությունը», ունենալով կարևորագույն նշանակություն, հանդիսանում է ընդամենը առաջին փաստաթուղթը, որին պետք է հաջորդեն այլ մշակումներ, և միայն դրանց ամբողջացման պարագայում հնարավոր կլինի ձևավորել ԱԱ համալիր հայեցակարգ:

«Օրենքից դուրս» պատերազմներ. Հայտնի է, որ այսօր առանձնահատուկ հրատապություն են ձեռք բերել ԱԱ բաղադրամաս հանդիսացող Տեղեկատվական անվտանգության (ՏԱ) խնդիրները1: Բավական է նշել, որ համաձայն Գիտնականների համաշխարհային ֆեդերացիայի 2000թ. խորհրդաժողովի եզրակացությունների՝ մարդկության համար գլխավոր վտանգ են համարվում տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները: Նման առաջնահերթությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ներկայումս ընթացող տեղեկատվական պատերազմները, չնայած մի շարք երկրների՝ այդ ոլորտի իրավական խնդիրները ՄԱԿ կամ այլ ատյանների քննարկմանը ներկայացնելու ջանքերին, կարգավորված չեն որևէ միջազգային պայմանագրով: Այսինքն՝ տեղեկատվական գործողությունները, ի տարբերություն ավանդական պատերազմական գործողությունների, միջազգային օրենքների դաշտից դուրս են գտնվում, և որևէ իրավաբանական նորմ կամ պատժամիջոց այդ ոլորտում նախատեսված չէ: Մինչդեռ այսօր տեղեկատվական-հոգեբանական զենքի կիրառումով ընթացող պատերազմների հետևանքները պակաս աղետալի չեն, քան ավանդական պատերազմներինը:

Ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ «պատերազմի» և «խաղաղության» վերաբերյալ նախկին պատկերացումներն արդի տեղեկատվական դարաշրջանում էապես փոխվել են. ներկայիս տեղեկատվական պատերազմները շարունակական բնույթ են կրում, և դրանց «խաղաղ կարգավորման» կամ «զինադադարի» մեխանիզմներն առայժմ բացակայում են։

«Տեղեկատվական զենք». Այս ամենի կապակցությամբ հարկ է նշել, որ «տեղեկատվական զենք» հասկացությունը խիստ ընդգրկուն է դարձել։ Այն չի ենթադրում միայն հատուկ քարոզչական եղանակներ կամ սակավ հայտնի «նեյրոլինգվիստիկական ծրագրավորում», որի կիրառումը երբեմն թույլ է տալիս ներշնչող բովանդակություն ունեցող էլեկտրոնային նամակների միջոցով ֆիզիկապես վերացնել անցանկալի անձանց:

Այսօր բուռն զարգացում են ապրում տեղեկատվական-հոգեբանական զենքի այսպես կոչված տեխնիկական (ռադիոէլեկտրոնային, համակարգչային, քիմիական, կենսաբանական) տարատեսակները։ Դրանցից մի քանիսին, օրինակ` «համակարգչային վիրուսներին», ծանոթ են շատերը։ Հանրությանը հայտնի է նաև էլեկտրոնային և համակարգչային համակարգերի վրա ազդող ֆիզիկական մեթոդների մի մասը։ Սակայն այսօր իրականություն են դառնում նախկինում միայն գիտաֆանտաստիկ երկերում արծարծվող գերբարձր հաճախականություն ունեցող ճառագայթների միջոցով մարդկային զանգվածների ղեկավարումը և զոմբիացումը, ինչպես նաև մարդու հոգեկանի և ֆիզիկականի վրա ազդող շատ այլ, առաջին հայացքից անհավանական թվացող տեխնոլոգիաներ:

Տեղեկատվական դարաշրջանի քաղաքականություն կամ «նոոքաղաքականություն». Տեղեկատվական անվտանգության խնդիրներն առանձնահատուկ կերպով կարևորվում են տնտեսապես զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում և հատկապես Չինաստանում, ուր տեղեկատվական-հոգեբանական ոլորտի քաղաքական-ռազմական կարևորումն ավելի քան երկու հազարամյակի պատմություն ունի։

Նման ուշադրությունը պայմանավորված է ոչ միայն արդեն սովորական դարձած տեղեկատվական ռեսուրսների անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ, այլև սկզբունքային բնույթի այլ նկատառումներով: Ըստ ամերիկյան ժամանակակից մոտեցումների՝ հրատապ է դարձել ներքին և արտաքին քաղաքականության հիմնադրույթների վերանայումը, քանի որ գլոբալացվող աշխարհում մրցունակ լինելը և հաջողության հասնելն առաջին հերթին պայմանավորված են տեղեկատվական ռեսուրսների ձևավորման ռազմավարությունն իրագործելու կարողությամբ ու այդ ռեսուրսները գործնական հարթությունում կառավարելու և կիրառելու հմտությամբ:

Մասնավորապես, համաձայն ամերիկյան կառավարության հովանու տակ գործող հանրահայտ ՌԵՆԴ կորպորացիայի մասնագետների կողմից մշակված հայեցակարգի՝ «կիբեռտարածություն» (համակարգչային համակարգերի միջոցով ստեղծված վիրտուալ տարածություն) և «տեղեկատվական դաշտ կամ ոլորտ» (որը ձևավորվում է հիմնականում ԶԼՄ-ի միջոցով) հասկացությունները պետք է միավորել որպես մեկ այլ, ավելի լայն հասկացության մաս, որը կոչվում է «նոոսֆերա» (այս եզրն առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի Դե Շարդենը, իսկ հասկացությունը հետագայում զարգացրել է ռուս գիտնական Վերնադսկին): ՌԵՆԴ-ի փորձագետները գտնում են, որ համաշխարհային «նոոսֆերայի» ձևավորումը տեղեկատվական դարաշրջանի մարդկությանը թելադրում է քաղաքականությունում կիրառել նոր ռազմավարություններ, որոնց համախումբը ստացել է «նոոքաղաքականություն» անվանումը։

Մասնավորապես, նոոքաղաքականությունը ենթադրում է, որ քաղաքական պլանավորման ամենաբարձր մակարդակներում պետք է ձևավորվեն նոր տիպի հիմնադրույթներ, որոնք հենված են գաղափարների, արժեքային համակարգի, բարոյական և էթիկական նորմերի, այլ ոչ թե ավանդական «ուժի քաղաքականության» վրա: Եթե նախկինում քաղաքականության հիմնաքարը պետությունը և ազգային շահն էին, ապա նոոքաղաքականությունում կարևորում են «պետությունների ցանցերը», պետական և հասարակական կազմակերպությունները և դրանց շահերը:

Նոոքաղաքականությունն այսօր լայնորեն կիրառվում է արևմտյան քաղաքականությունում: Այդ առումով բնորոշ է Լոս Անջելեսում 2006թ. Անգլիայի վարչապետ Թոնի Բլերի ծրագրային ելույթը, որտեղ նա հայտարարեց. «Մենք վարում ենք Հակաահաբեկչական պատերազմը նրա համար, թե ինչպես պետք է կառավարվի աշխարհը 21-րդ դարում... և մենք չենք հաղթի գլոբալ ծայրահեղականության դեմ ճակատամարտում, եթե չշահենք այն արժեքային համակարգի հարթությունում»:

Հետևություններ. Հայությունը և Հայաստանը (այսինքն՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն), չլինելով մեծաթիվ ազգ և խոշոր աշխարհաքաղաքական միավոր, ի տարբերություն մի շարք այլ ոչ մեծ երկրների և ազգերի, այսօր ներքաշված են գլոբալ գործընթացների մեջ։ Բավական է նշել ԼՂՀ հակամարտության կարգավորման և Ցեղասպանության հետ կապված խնդիրները, որոնք ժամանակակից միջազգային քաղաքականության բաղադրամասն են։ Սա վկայում է այն մասին, որ տեղեկատվական ոլորտում վերոնշյալ զարգացումներն անմիջականորեն առնչվում են Հայաստանի և հայության հետ ու թելադրում են ՀՀ քաղաքական ղեկավարությանը ժամանակակից իրողություններին համահունչ ռազմավարություն իրագործել:

Մինչդեռ, չծանրանալով առանձին փաստերի վրա, պետք է ընդունել, որ մեր տեղեկատվական ոլորտում տիրող իրադրությունը դեռևս հեռու է բարվոք լինելուց: Արձագանքման կարիք ունեցող տեղեկատվական սպառնալիքները պայմանականորեն (քանի որ դրանք շաղկապված են) կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

  • Սպառնալիքներ՝ ուղղված պետական և ոչ պետական տեղեկատվական տեխնիկական համակարգերի դեմ` կապ, համակարգչային ցանցեր, ռադիոէլեկտրոնային միջոցներ և այլն (տեղեկատվական անվտանգության տեխնիկական ոլորտ)։
  • Սպառնալիքներ՝ ուղղված Հայաստանի վարկանիշի և կերպարի (իմիջի) դեմ միջազգային, դիվանագիտական, հասարակական ատյաններում և ընդհանրապես գլոբալ տեղեկատվական դաշտում (նոոքաղաքականության ոլորտ)։
  • Սպառնալիքներ՝ ուղղված մարդկային գործոնի (անհատի, հանրության, իսկ մեր պարագայում` նաև հայության) դեմ (հոգևոր-հոգեբանական անվտանգության և նոոքաղաքականության ոլորտ):

Վերոնշյալ խնդիրների (որոնց ցանկը կարելի է ընդլայնել) լուծման համար պահանջվում է կիրառել որոշակի հետազոտական-գործնական մեթոդաբանություն։ Անհրաժեշտ է, մասնավորապես, ուսումնասիրել.

  • Հայաստանի պետական և ոչ պետական գերատեսչությունների ու կառույցների առկա տեղեկատվական հիմնախնդիրները և այդուհետ դրանք դասակարգել ըստ ոլորտների և հրատապության աստիճանի։
  • ՏԱ բնագավառում եղած միջազգային փորձը (նոոքաղաքականության և տեխնիկական ոլորտներում) և այն համադրել հայաստանյան իրողությունների հետ։
  • ՀՀ և ԼՂՀ տեղեկատվական ոլորտի իրավաբանական դաշտը ՏԱ ազգային համակարգի ներդրման տեսանկյունից։

Նման հետազոտություններից ստացված արդյունքները թույլ կտան ՀՀ իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր տեղեկատվական ոլորտի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ և ձեռնամուխ լինել ՏԱ հայեցակարգի մշակման, իսկ այդուհետ՝ նաև ՏԱ համակարգի ներդրման աշխատանքներին։

1 Համաձայն համաշխարհային պրակտիկայում ընդունված դասակարգման՝ ԱԱ համալիր դոկտրինի բաղադրամասներն են հանդիսանում ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական անվտանգության հայեցակարգերը, որոնք շաղկապված են միմյանց հետ և որոնք, իրենց հերթին, ունեն բազմաթիվ ճյուղավորումներ:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր