• am
  • ru
  • en
Версия для печати
20.03.2008

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

Gagik_Harutyunyan (medium) Հայաստանի նախագահական ընտրությունների հետ կապված հայտնի զարգացումներն այսօր վերլուծվում են հանրության ամենատարբեր հատվածներում եւ մակարդակներում։ Այդ համատեքստում, թերեւս, ավելորդ չեն նաեւ ստորեւ ներկայացվող վարկածային դիտարկումները։

«Մասնակի հեղափոխություն»

Ըստ մեզ, ընտրական եւ հետընտրական գործընթացները ՀՀ-ում, առաջին հերթին, կարիք ունեն հստակ բնորոշումների, որոնք առաժմ որոշակիորեն չեն հնչել ո՛չ հայկական տեղեկատվական դաշտում (ինչն այդ ոլորտի բազմաթիվ թերացումներից մեկն է ընդամենը), ո՛չ էլ պաշտոնական ելույթներում (թերեւս, հասկանալի պատճառներով)։

Որոշ վերլուծաբաններ, հենվելով սերբական, վրացական, ուկրաինական, կիրգիզական եւ այլոց փորձի վրա, Լ. Տեր–Պետրոսյանի ընտրական կամպանիան եւ հետագա զարգացումները ներկայացնում են որպես դասական «գունավոր հեղափոխության» (ԳՀ) սցենար, եւ նման պնդման հետ դժվար է չհամաձայնել։ Հայտնի է նաեւ, որ ներկայիս ԳՀ-ների հենքում դրված է օտար միջամտությունը. դրանց հիմնական հեղինակներն անգլո-ամերիկյան ծառայություններն են, որոնց երբեմն աջակցում են նաեւ եվրոպական որոշ երկրների (Սերբիայում` գերմանական, Ուկրաինայում` լեհական) համապատասխան կառույցները։ ՀՀ-ի պարագայում կան անուղղակի վկայություններն այն բանի, որ կատարվածը գլխավորապես ծրագրվել է Մեծ Բրիտանիայում, կան նաեւ կարծիքներ այլ` ոչ եվրոպական երկրների մասնակցության մասին։ Այս ամենի առիթով նկատենք, որ այսօր Արեւմուտքում կատարվում եւ հրապարակվում են բազմաթիվ հետազոտություններ, որոնց նպատակն է վերլուծել եւ բացահայտել այս կամ այն երկրում հեղափոխություններ կատարելու համար անհրաժեշտ նախադրյալները եւ պայմանները։ Այսինքն` ձեւավորվել է գիտական մի նոր ուղղություն, որը պայմանականորեն կարելի է անվանել «հեղափոխագիտություն»։1

Միեւնույն ժամանակ, ըստ մեր վարկածի, ՀՀ-ում կատարվածի նպատակն (ի տարբերություն այլ ԳՀ-ների) «ամբողջական հեղափոխությունը» չէր։ Այդ գործընթացը պայմանականորեն կարելի է անվանել «մասնակի հեղափոխություն», այսինքն` նախագծի հեղինակները նպատակ չէին դրել իշխանափոխություն կատարել ՀՀ-ում։ Նման մոտեցումը հիմնավորված է հետեւյալ նկատառումներով։

Կասկած չի հարուցում, որ ԳՀ-ի իրական հեղինակները պետք է հստակ գիտակցեին, որ`

  • ՀՀ-ն բավական ամուր պետականություն ունեցող երկիր է (դա հետեւում է թեկուզ արեւմտյան հետազոտական կենտրոնների կողմից կազմված բազմազան վարկանիշային ցուցանիշներից եւ պետք է որ հաստատվի նաեւ տարբեր խողովակներով առաքվող «փակ» վերլուծություններից),
  • ՀՀ ղեկավարությունը, ունենալով բավարար քաղաքական կամք եւ մասնավորապես պատերազմական փորձառություն, երբեք ուժային կամ հոգեբանական ճնշման տակ չի զիջի իշխանությունը,
  • Ռուսաստանը, որը Հայաստանում ունի լուրջ ներկայություն եւ շահեր, թերեւս, ընդունակ է ձախողելու իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ նմանօրինակ սցենարները:

Որ կատարվածի նպատակն իշխանափոխությունը չէր, անուղղակիորեն վկայում են նաեւ աշխարհաքաղաքական իրողությունները։ Առայսօր անգլոսաքսերի վարած ռազմավարությունը ՀՀ-ի նկատմամբ սխեմատիկորեն կարելի է բնութագրել հետեւյալ դրույթներով.

1. ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները, ելնելով իրենց տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունից, ձգտում են հնարավորինս խարխլել ՀՀ–ՌԴ դաշնակցային հարաբերությունները, իսկ լավագույն տարբերակում` դրանց հաղորդել երկրորդական նշանակություն:

2. Ելնելով, մասնավորապես, Ցեղասպանության եւ ԼՂՀ հիմնախնդիրներից, ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ՀՀ-ն դիտում են իբրեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ որոշ իրադրություններում զսպիչ գործոն։

3. Երկրորդ կետի համատեքստում հավելենք, որ հաճախ նույն մեթոդաբանությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակողական տրամադրություններն օգտագործվում են նաեւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով. այսինքն` ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները գործում են դասական աշխարհաքաղաքականության կանոնների համաձայն:

Ակնհայտ է, որ երկրորդ դրույթի իրագործման համար անհրաժեշտ է ի դեմս ՀՀ-ի ունենալ գործունակ ռազմաքաղաքական միավոր։ Միեւնույն ժամանակ, պետք է կարծել, որ ԳՀ-ի նախագծողները հստակ պատկերացնում են, որ ԼՏՊ-ի եւ նրա թիմի կարողությունները բարձր չեն, եւ նրանք կարող են զգալիորեն թուլացնել ՀՀ-ն, իսկ նման երկիրը որպես լուրջ գործոն չի կարող հանդես գալ երկրորդ դրույթի համատեքստում։

Այսպիսով, որպես վարկած, կարելի է ընդունել, թե ԳՀ-ի հեղինակները հետապնդում էին հետեւյալ նպատակը. պահպանել ներկայիս գործունակ եւ անհրաժեշտ հակաթուրքական (հակաադրբեջանական) ուղղվածություն ունեցող իշխանությունը, սակայն վերջիններիս թուլացնել եւ իրենցից ավելի «կախյալ» դարձնել։

Հետընտրական գործընթացներից, ըստ մեզ, հետեւում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը մինչեւ ինչ-որ պահ համոզված էր, թե ԳՀ հեղինակները պետք է սատարեն իրեն` մինչեւ իր վերջնական հաղթանակ։ Սակայն դա տեղի չունեցավ,2 եւ ներկայիս արտաքին ճնշումներն ուղղված են գլխավորապես ՀՀ իշխանությունների դեմ եւ ոչ թե հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի (ընտրությունների արդյունքները կարծես թե ոչ մեկի կողմից կասկածի տակ չեն դրվում): Այսօր արեւմտյան քաղաքական շրջանակների հիմնական «մտահոգությունը» իշխանությունների ուժային գործողություններն են եւ դրանց հետեւանքները, որոնց համատեքստում էլ ճնշումներ են կիրառվում ՀՀ իշխանությունների վրա։ Դրան զուգահեռ, ԳՀ-ի հեղինակները փորձելու են առավելագույնս օգտագործել առաջին նախագահի հրահրած շարժումը` որպես ՀՀ իշխանությունների վրա ներազդելու շարունակական գործոն։

«Հողմաղացներ կառուցելու» ժամանակը

Վերոնշյալի առիթով հարկ է նկատել, որ ցանկացած հասարակական-քաղաքական շարժումների հետագա զարգացումների կանխատեսումը, փոփոխականների թվի շատ մեծ լինելու պատճառով, խիստ դժվար է անգամ ռազմավարական մտածողության հարուստ ավանդույթներ ունեցող ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար։ Հետագա զարգացումների առումով, անկասկած, որոշիչ դերակատարում պետք է ունենա հայաստանյան պետական-քաղաքական ընտրանին։ Այս վերջինի համատեքստում, թերեւս, օգտակար է մտաբերել Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցածը։

Ինչպես հայտնի է, 1989թ. չինական իշխանությունները դաժանաբար ցրեցին (2600 ցուցարար զոհվեցին) Պեկինի Տյանանմեն հրապարակում շարունակաբար ընթացող ուսանողության զանգվածային հանրահավաքը։ Ուսանողները համակարգային փոփոխություններ էին պահանջում... Առաջատար վերլուծաբանների մի զգալի մասը համոզված է, որ 90-ականների սկզբին սկսված եւ առայսօր շարունակվող Չինաստանի սրընթաց վերելքը մեծ չափով պայմանավորված է այն եռանդուն բարեփոխումներով, որոնք հետեւեցին Տյանանմենի դրամատիկ իրադարձություններին։ Չինական քաղաքական ընտրանին կարողացավ երիտասարդության կուտակված դժգոհության ապակառուցողական, հանրահավաքային եռանդը վերածել կառուցողականի։ Այսպիսով, ՉԺՀ-ում գործնական հարթությունում իրագործվեց ազգային անվտանգության համակարգի այն հայտնի թեզը, որը չինական մեկնաբանությամբ հնչում է մոտավորապես այսպես. «Երբ փչում է ուժեղ հողմը, ոչ միայն վրաններ պատրաստիր, այլեւ հողմաղացներ կառուցիր...»։

1 Բնորոշ է, որ այդ ուսումնասիրություններում գրեթե չի դիտարկվում արտաքին գործոնի դերը, ինչը գիտամեթոդական տեսանկյունից խիստ խոցելի է դարձնում նման հետազոտությունները։ Սակայն պետք է կարծել, որ արտաքին դերակատարման չափը եւ ձեւերը մշակվում են այլ (առաջին հերթին` տեղեկատվական-հոգեբանական գործողությունների ոլորտի) մասնագետների կողմից, եւ այդ մշակումները հրապարակման ենթակա չեն։

2 Այս հանգամանքը, կարելի է կարծել, անակնկալ էր առաջին նախագահի համար։ Նկատենք, սակայն, որ անուղղակիորեն այս վարկածի օգտին են խոսում նրա հոդվածներն ամերիկյան մամուլում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը փաստորեն կշտամբում է արեւմտյան երկրների ղեկավարությանը ժողովրդավարության սկզբունքներից հետ կանգնելու մեջ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր