• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2008

«ԲԱԶՄԱԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ» ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

Gagik_Harutyunyan (medium) Այն, ինչ կատարվում է ներկայումս աշխարհում, փորձագիտական հանրությունում գրեթե միանշանակ բնութագրվում է որպես համակարգային ճգնաժամ։ Նման ձեւակերպումն արդարացված է, քանի որ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնք ուղեկցվում են տնտեսական անկումով, ահաբեկչության աճով, քաղաքական անկայունության նոր օջախների ստեղծմամբ։ Նկատենք նաեւ, որ այդ երեւույթների հետեւանքների վերաբերյալ կանխատեսումները տարաբնույթ են։ Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն պարունակում է վտանգներ միջազգային հանրության բոլոր սուբյեկտների համար, լինեն դրանք գերտերություններ, թե «շարքային» պետություններ։

Սպառնալիք եւ հնարավորություն. Արտակարգ իրավիճակները ենթադրում են պետության եւ հանրության բոլոր ռեսուրսների կենտրոնացում ու համակարգված ռազմավարություն։ Այդ համատեքստում` ցանկացած երկրի, այդ թվում նաեւ Հայաստանի գործունեության արդյունավետության հիմնական չափանիշներից է համապատասխանությունը արագ փոփոխվող իրադրությանը։ Նման մոտեցումը բնավ չի ենթադրում զուտ արձագանքող, կրավորական դիրքորոշում արտաքին եւ ներքին մարտահրավերների հանդեպ. նախաձեռնությունը իրադրությանը համապատասխան լինելու բաղադրիչներից է։

Հատկանշական է, որ «ճգնաժամ» հասկացությունը չինական հիերոգլիֆներում պատկերվում է երկու նշանով, որոնցից մեկը նշանակում է «սպառնալիք», իսկ մյուսը՝ «աննախադեպ հնարավորություն»։ Ուշագրավ է նաեւ, որ ճապոներենում «ճգնաժամ» արտահայտող հիերոգլիֆում այդ երկու նշաններին ավելացվում է երրորդը՝ «ուշադրությունը», որն իր մեջ կարծես թե կրում է ե՛ւ «համապատասխանության», ե՛ւ շրջակա միջավայրի (արտաքին ու ներքին) վերաբերյալ հստակ պատկերացումների իմաստը։ Արեւելյան գրամտածողական սույն փիլիսոփայությունը մեր օրերում արդիականացվել եւ համակարգվել ու լայնորեն կիրառվում է առաջատար տերությունների (մասնավորապես՝ Միացյալ Նահանգների) ազգային անվտանգության հայեցակարգերում։

Սակայն պետք է ընդունել, որ ընթացող համակարգային փոփոխությունների ճշգրիտ ըմբռնումը դյուրին խնդիր չէ անգամ մտավոր խոշոր ռեսուրսներ ունեցող պետական կառույցների համար։

Գաղափարախոսական ճգնաժամ. Գլոբալ ճգնաժամի շուրջ մեկնաբանություններում շեշտադրումները գլխավորապես կատարվում են ֆինանսատնտեսական ոլորտում առաջացած դժվարությունների վրա։ Մինչդեռ տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական արդի զարգացումները հետեւանք են գաղափարական ոլորտում ծագած ճգնաժամի։ Արդյունքում արեւմտյան (հատկապես անգլոսաքսոնյան) հանրությանը բնորոշ ազատական գաղափարախոսական դրույթներն ու դրանց հետ միասնություն կազմող տնտեսվարման ձեւերը զիջում են իրենց մենատիրական դիրքերը։ Դրա մասնավոր վկայություններն են.

  • պետության դերակատարման եւ միջամտության էական աճը «ազատ շուկայի» կարգավորման խնդիրներում,
  • ազատական ռազմավարությամբ գործող արեւմտյան խոշորագույն ընկերությունների սնանկացումը,
  • վերջիններիս ազգայնացումը եւ պետական վերահսկողության տակ անցնելը։

Մասնավորապես, տնտեսագիտական հանրությունն այսօր սկսել է վերընթերցել կարծես թե լիովին մոռացության մատնված` Կարլ Մարքսի «Կապիտալը». օրինակ, Գերմանիայի գիտակրթական համակարգում նախկինում արհամարհվող այդ աշխատությունն այսօր վերահրատարակվել է աննախադեպ՝ 300000 տպաքանակով։

Սակայն ստեղծված իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է նախորդ դարի 90-ականներին եղածից, երբ գաղափարախոսության ճգնաժամը հանգեցրեց խորհրդային համակարգի փլուզմանը եւ, որպես այդ իրողության հետեւանք, փորձ կատարվեց «օրենքից դուրս» հայտարարել սոցիալիստական-կոմունիստական գաղափարները։ Ներկայիս իրադրության առանձնահատկությունն այն է, որ գաղափարախոսական վերագնահատումները բնավ չեն ենթադրում մոռացության մատնել ազատականության դասականներին։ Տպավորությունն այնպիսին է, որ ներկայումս ծագած խնդիրները լուծելու համար կիրառվում է գաղափարական-տնտեսական ցանկացած մոդել կամ մեթոդ, միայն թե այն արդյունավետ լինի։ Այլ խոսքերով` գործում է հանրահայտ այն սկզբունքը, ըստ որի` «հիմնախնդիրները լուծելու համար լավ են բոլոր մեթոդները, բացի վատերից»։

Ազգային եւ ունիվերսալ գաղափարախոսություններ. Վերոնշյալ սկզբունքը դեռեւս նախորդ դարի վերջերից հաջողությամբ կիրառում է Չինաստանը. այդ երկրում կարծես թե գտել են սոցիալիստական, ազատական եւ ազգային հիմնադրույթների ներդաշնակ համատեղման բանաձեւը։ Այդ համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ ի տարբերություն ունիվերսալ համարվող տեսությունների (ազատական, սոցիալիստական), ազգային գաղափարախոսությունները, որպես կանոն, պակաս նյութականացված են եւ դրանցից բխող տնտեսվարման ձեւերը, ունենալով իրենց ազգային առանձնահատկությունները, առաջնային դերակատարում չունեն։

Այս վերջինի առումով բացառություն է կազմում, թերեւս, անգլոսաքսոնյան քաղաքակրթությունը, որի համար ազատականությունը գերակայող ազգային բնութագիր է։ Այսինքն` անգլոսաքսերը գործել են ոչ թե ներմուծված, այլ իրենց իսկ ազգային գաղափարախոսական դրույթների համաձայն։ Ըստ մեզ, մասնավորապես այդ հանգամանքով են պայմանավորված այդ քաղաքակրթության հսկայական ձեռքբերումները կենսագործունեության բոլոր ոլորտներում։ Այլ խնդիր է, որ ներկայիս գլոբալացվող, սեղմվող աշխարհում ընթանում է տարբեր գաղափարախոսական դրույթների փոխազդեցություն` սիներգետիկ (փոխուժեղացնող) սկզբունքով։ Արդյունքում ձեւավորվում են նոր, դինամիկ պատկերացումներ, որոնք կարող են հատկապես արդյունավետ լինել գլոբալ հանրության ակտիվ սուբյեկտների համար։

Պատմական դիսկուրսում այլ է Ռուսաստանի պարագան, որտեղ հանրության գաղափարական դաշտը միշտ էլ հեռու է եղել ներդաշնակ լինելուց։ Ազգայնական եւ ազատական գաղափարներ կրողների հետ միասին` ռուսական հանրության մի զգալի հատվածի հոգեկերտվածքին հարազատ են նաեւ սոցիալիստական պատկերացումները (այս վերջինի ազգային-գաղափարական հենքն ընդունված է համարել ռուսական գյուղական համայնքների ավանդական կացութաձեւը)։ Հայտնի է, որ ռուսաստանյան իրականությունում գաղափարական հակասությունների բախումը հանգեցրել է հեղափոխությունների (1917թ.՝ «սոցիալիստական», 1991թ.՝ «ազատական»)` դրանցից բխող բացասական հետեւանքներով եւ որեւէ մեկ տեսանկյունի արհեստական գերակայության հաստատումով։ Ըստ ամենայնի, այս նկատառումներից ելնելով են Ռուսաստանի ներկայիս իշխանությունները փորձում ինչ-որ կերպ համատեղել տարբեր գաղափարական հոսանքները։ Կարելի է կարծել, որ ներկայիս համակարգային ճգնաժամը պետք է որ նպաստի այդ երկրում գաղափարական ներդաշնակությանն ուղղված գործընթացների աշխուժացմանը։

Հետեւություններ. «Բազմագաղափարախոսական» հանրությունների ձեւավորումն այսօր պայմանավորված է համակարգային ճգնաժամին համարժեք գործելու ձգտումով եւ գլոբալացվող աշխարհի տրամաբանությամբ։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը արդի աշխարհի առաջատարներն են, եւ այդ տերություններում տեղ գտած զարգացումները ներգործելու են գլոբալ գործընթացների վրա, կարելի է կարծել, որ «բազմագաղափարախոսական» հանրությունների ձեւավորման միտումը կարող է վերածվել օրինաչափության։

Վերոնշյալի համատեքստում` մեր հանրությունը նույնպես պետք է փորձի համարժեք գտնվել նոր ձեւավորվող իրողություններին։ Մասնավորապես, պետք է ընդունել, որ մեզանում տարածում գտած մի շարք ազգային գաղափարներ եւ գաղափարախոսական համակարգեր այսօր կարիք ունեն նորոգման ու արդիականացման, ինչն, առաջին հերթին, ենթադրում է այդ ոլորտում տեսական մտքի զարգացում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր