ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այն, ինչ ներկայումս կատարվում է աշխարհում, փորձագիտական հանրությունում գրեթե միանշանակ բնութագրվում է որպես համակարգային ճգնաժամ։ Նման ձևակերպումն արդարացված է, քանի որ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ուղեկցվում են տնտեսական անկումով, ահաբեկչության և քաղաքական անկայունության նոր օջախների ստեղծմամբ։
Բազմաբևեռ աշխարհի մարտահրավերները
Քաղաքական հարթությունում գլխավոր գործընթացը բազմաբևեռ աշխարհակարգի կայացումն է։ Այդ նոր համակարգի աշխարհաքաղաքական ուրվագծերն անորոշ են, իսկ խաղի կանոնները դեռևս մշակված չեն։ Դա միջազգային հարաբերությունների սուբյեկտներին թելադրում է ճշգրտել իրենց ընթացիկ քաղաքականությունը և փորձել սկզբունքորեն նոր ռազմավարություն մշակել։ Վերոնշյալ միտումները հասկանալի են. նախկինում գերակայող Միացյալ Նահանգների քաղաքական փիլիսոփայությունը սկսել էին ադեկվատ ընկալել և ըստ այդմ գործել շատերը։ Այսօր գլոբալ ուժի կենտրոնները մի քանիսն են, նրանց միջև եղած հակասությունները ենթարկվում են «Սառը պատերազմի» տրամաբանությանը և ընդունել են ռազմական (լոկալ պատերազմներ), դիվանագիտական ու տեղեկատվական հակամարտությունների տեսք։ Ներկայիս տնտեսական ճգնաժամը, ըստ էության, նույնպես «Սառը պատերազմի» աշխարհատնտեսական բաղադրիչ է. էներգակիրների և այլ բնական պաշարների գների անկումը, Ռուսաստան – Ուկրաինա «գազային պատերազմը», արտադրական հզորությունների կրճատումը և նմանատիպ այլ երևույթներ միանշանակորեն առավել շատ հարվածում են Ռուսաստանին, Չինաստանին, ինչը հիշեցնում է Առաջին սառը պատերազմի տարիներին ԱՄՆ կիրառած տնտեսական պայքարը «սոցճամբարի» դեմ։
Հատկանշական է, որ այսօր հակասությունները խորանում են ոչ միայն ավանդական մրցակիցների միջև (ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ-ՉԺՀ, ԱՄՆ–իսլամական երկրներ), այլև, քողարկված ձևով, նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև։ Օրինակ, 2008-ի հուլիսին Իռլանդիայում տեղի ունեցած հանրաքվեում «Լիսաբոնյան համաձայնագրի» (այն պետք է փոխարիներ նախկինում չընդունված «եվրասահմանադրությանը») մերժումը ԵՄ պաշտոնական շրջանակները պայմանավորում են Պենտագոնի և ԿՀՎ գործունեությամբ (այդ խնդրի կապակցությամբ կատարվեց անգամ ոչ պաշտոնական հետաքննություն)1։
Ստեղծված նոր իրադրությունում քաղաքական զարգացումներին տրված գնահատականները տարաբնույթ են ու իրարամերժ։ Սակայն մեկ հարցում քաղաքական-վերլուծաբանական հանրությունը կարծես թե համերաշխ է. բազմաբևեռ աշխարհակարգի կայացումը մեծ վտանգներ է պարունակում, և այդ համատեքստում նոր պատերազմների ծագման հավանականությունն անխուսափելիորեն աճելու է։
Ապագայի հոռետես սցենարներ
Քաղաքական կանխատեսումներ անելու մշակույթն առավել զարգացած է ԱՄՆ-ում, և այդ առումով ուշագրավ է 2008-ին ամերիկյան հետախուզական ծառայությունների՝ Սենատին ուղղված զեկույցը2, որտեղ, նկատի ունենալով Հյուսիսային Կորեան և Իրանը, նշվում են զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման հետ կապված վտանգները։ Ուշագրավ է, որ Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում ստեղծված բարդ իրադրությունը դիտարկելուց բացի, զեկույցում տեղ են գտել Եվրոպայում հնարավոր քաղաքական անկայունության առաջացման հիմնախնդիրները (տե՛ս վերը)։ Մեկ այլ ծառայության՝ Ներքին անվտանգության պատրաստած զեկուցագրում իրատեսական է համարվում, որ մոտակա հինգ տարիներին Միացյալ Նահանգները կարող է ենթարկվել ահաբեկչական հարձակման ԶՈԶ կիրառմամբ3։ Առանձին վերլուծության կարիք ունի նաև ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի (NIC) «Գլոբալ միտումներ 2025» զեկույցը4, որը նույնպես տագնապալի երանգներ է պարունակում։
Ռուսաստանյան վերլուծաբանները նույնպես լավատես չեն5։ Ոմանք հակված են այն մտքին, թե պատերազմական իրավիճակը շարունակական բնույթ է կրում արդեն 9/11-ից հետո, և նման մոտեցման հետ դժվար է չհամաձայնել։ Մյուսները կարծում են, թե ստեղծված ճգնաժամը կարող է հանգեցնել լայնածավալ, միջուկային պատերազմի։ Հատկանշական է, որ 2008-ին ԱՄՆ-ը և Ռուսաստանը վերանայել են իրենց ռազմական դոկտրինները, ռազմական բարեփոխումներ են իրագործում ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը6:
Դիտարկելով հետազոտական կենտրոնների և առանձին փորձագետների կանխատեսումները՝ պետք է հաշվի առնել, որ դրանք պարունակում են տեղեկատվական–քարոզչական ազդեցության տարր և այդպիսով մասամբ հետապնդում են մարտավարական նպատակներ։ Հայտնի է նաև, որ նման կանխատեսումները որոշ չափով ուղղորդում են ապագայի հնարավոր զարգացումները, և, ինչը ամենակարևորն է, օբյեկտիվորեն բավական հիմնավորված է. ի տարբերություն երկբևեռ համակարգի (ԱՄՆ-ԽՍՀՄ), բազմաբևեռ աշխարհում դեռևս չեն ձևավորվել «զսպման քաղաքականության» մեխանիզմները, բացակայում են ստրատեգիական զենքի սահմանափակման շուրջ պայմանագրերը և այլն: Այս ամենը մեծացնում է լայնածավալ, գուցե անգամ՝ միջուկային պատերազմի հավանականությունը։
Նախագահ Ջորջ Բուշի «աշխարհաքաղաքական ժառանգությունը» – Մերձավոր և Միջին Արևելք (ՄՄԱ)
ԶՈԶ կիրառմամբ պատերազմի համատեքստում նախորդ տարիներին (հատկապես՝ 2003-2007թթ.) «ռիսկային» տարածաշրջան էր համարվում ՄՄԱ-ն, որտեղ Իրանի միջուկային ծրագրի և իրաքյան զարգացումների առիթով ծայրահեղ սրվել էին Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Իսրայելի հարաբերություններն Իրանի հետ։ Ներկայումս (չնայած 2008թ. դեկտեմբերին սկսված հերթական իսրայելա–պաղեստինյան զինված հակամարտությանը) տպավորությունն այնպիսին է, որ կողմերը ձեռք են բերել ոչ պաշտոնական պայմանավորվածություններ, ինչը նկատելիորեն «պարպել» է անհանդուրժողականության մթնոլորտը և այդպիսով նվազեցրել միջուկային պատերազմի վտանգը տարածաշրջանում։ Դրա մասին է վկայում «Հեզբոլլահի» պասիվ կեցվածքը ներկայիս հակամարտությունում և մասնավորապես այն փաստը, որ ս.թ. հունվարի 11-ին այաթոլլա Ալի Խամենեին իր հրովարտակով («ֆաթհով») արգելեց Իրանի քաղաքացիներին մասնակցել ընթացող պատերազմին և ահաբեկչություններ կատարել Իսրայելի դեմ։
Հատկանշական է, որ իսրայելա–պաղեստինյան հակամարտության ընթացքում առավել արմատական դիրքորոշում որդեգրեց Թուրքիան։ Վարչապետ Էրդողանը, բարձրացնելով ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցության կասեցման հարցը, փորձեց «պապից ավելի կաթոլիկ» երևալ և այդպիսով հավակնել իսլամական աշխարհի առաջատարի կարգավիճակին։ Մինչդեռ թուրք-իսրայելական հակասությունների հիմնական պատճառն իրաքյան պատերազմի հետևանքով ակտուալացած քրդական գործոնն, է և այդ խնդրում թուրքական մոտեցումներն ավելի մոտ են այդ ուղղությամբ Իրանի վարած քաղաքականությանը։ Ի լրումն, տարածաշրջանում ամերիկյան ազդեցության թուլացումը, ներքին ոլորտում ծայր առած «ինքնության ճգնաժամը» և այլ հիմնախնդիրներ ստիպում են Թուրքիային Եվրասիայում ռազմավարական նոր գործընկերներ փնտրել, որոնց շարքում, հնարավոր է, տեղ զբաղեցնի նաև Ռուսաստանը։ Ակնհայտ է նաև, որ այդ տրամաբանությանն են ենթարկվում նաև Հայաստանի նկատմամբ հայտնի միտումները։ Բոլոր պարագաներում այսօր Թուրքիայի և Իսրայելի ազգային շահերը սկզբունքորեն չեն համընկնում, ու այդ երկրների միջև նախկին ռազմավարական համագործակցությունը, ըստ ամենայնի, մնացել է անցյալում7։
Ելնելով ներկայացված միտումներից՝ կարելի է սպասել, որ ապագայում ՄՄԱ-ում ԱՄՆ հենակետերը կհանդիսանան Իսրայելը, որոշակի վերապահություններով՝ Իրանը (այս կապակցությամբ պետք է հիշել, որ նախկինում Իսրայել–Իրան և ԱՄՆ-Իրան հարաբերությունները բավական սերտ են եղել) և պետականին մոտ կարգավիճակ ունեցող քրդական կազմավորումները։ Դասական ռազմավարության տեսանկյունից այդ սխեման օպտիմալ է ամերիկացիների համար. կողմերի հակասություններն առավել կկարևորեն ԱՄՆ դերակատարումը։ Այս խնդիրներում պետք է հատուկ առանձնացնել նախագահ Ջորջ Բուշի ռազմավարությունը, որը ոչ միայն վերաձևեց այդ առանցքային տարածաշրջանը, այլև ՄՄԱ քաղաքական բովանդակությունը հնարավորինս համապատասխանեցրեց Միացյալ Նահանգների և Իսրայելի ազգային շահերին։ Կարելի է փաստել, որ նախագահ Բուշը, կիրառելով ուժային մեթոդներ և հաշվի չառնելով իր անձնական վարկանիշի կորուստները, հսկայական «աշխարհաքաղաքական կապիտալ» թողեց իր հետնորդին։
Նախագահ Բարաք Օբաման՝ «լայնածավալ PR նախագիծ»
Դեռևս 2007-ին ամերիկյան փորձագիտական կանխատեսումներում «ուրվագծվել» էին համեմատաբար «խաղաղ» միտումները ՄՄԱ-ում8։ Նախանշվում էր նաև ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը 2008թ. նախագահական ընտրություններից հետո. արդեն իսկ ենթադրվում էր, որ դրանց արդյունքում «նեոկոնսերվատորներին» պետք է փոխարինեին դեմոկրատները։ Այդ զեկույցներում շեշտվում էր, որ Միացյալ Նահանգների «նահանջի» պայմաններում նախահարձակ (պրևենտիվ) ռազմական գործողությունների կիրառման դոկտրինը պետք է փոխարինվեր «փափուկ ուժի» ռազմավարությամբ։
Սակայն այդ կանխատեսումներին և նախընտրական գործընթացներին հետևող արտաքին դիտորդների համար դժվար էր պատկերացնել սենատոր Օբամայի տպավորիչ հաղթանակը և գնահատել այդ հաղթանակի ազդեցությունը ԱՄՆ-ի ու գլոբալ քաղաքականության վրա։ Անշուշտ, դեռ վաղ է խոսել նորընտիր նախագահի քաղաքական ձեռքբերումների մասին, սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթն իրագործեց մի լայնածավալ PR նախագիծ, որը պայմանականորեն կարելի է անվանել Բարաք Օբամա։ Մեկնաբանները միահամուռ են այն հարցում, թե նորընտիր նախագահի առաքելությունը միջազգային հանրությունում Միացյալ Նահանգների ծայր աստիճան ցածր վարկանիշի բարձրացումն է, և նման մոտեցման հետ դժվար է չհամաձայնել։ Զարմանալի չէ, որ նոր նախագահի առաջին հրամանագրով պետք է փակվի տխրահռչակ Գուանտանամոյի բանտը։ Սպասվում է նաև սեղմ ժամկետներում ամերիկյան զինուժի (ԶՈւ) դուրսբերումն Իրաքից։ Սակայն նկատենք, որ այս վերջին քայլը, ըստ ամենայնի, պետք է որ շարունակի Բուշի վարչակազմի «մեծ ստրատեգիան», քանի որ ամերիկացիների կողմից Իրաքի գրավումը, ըստ առկա փաստերի և վարկածների, առաջին հերթին նպատակ ուներ «ղեկավարվող քաոս» ստեղծել ու մասնատել այդ երկիրը։ Ներկայիս իրողությունը Իրաքում վկայում է այն մասին, որ այդ խնդրի մի զգալի մասը կատարվել է. Իրաքը բաժանված է սուննի, շիա և քրդական հատվածների, իսկ երկրում անիշխանություն է տիրում. օկուպացիայի տարիներին Իրաքում տարաբնույթ բռնությունների հետևանքով զոհվել է մինչև 500 հազար տեղաբնակ։ Միևնույն ժամանակ, ամերիկյան ԶՈւ առկայությունը որոշ չափով սահմանափակում է ահաբեկչությունը և միջդավանական բախումները, և կարելի է ենթադրել, որ օկուպացիոն զորքերի դուրսբերումը պետք է որ նպաստի ահաբեկչության աճին այդ երկրում։ Այսինքն՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձելու է շարունակել իր նախորդի քաղաքականությունը, սակայն հաղորդելու է դրան միջազգային և սեփական հանրության կողմից ավելի «ընդունելի» տեսք և ձևաչափ։ Կարծում ենք, որ նման մոտեցում կկիրառվի նաև ամերիկյան քաղաքականության այլ ուղղություններում։
Բոլոր պարագաներում պետք է փաստել, որ «միջուկային շեշտադրումները» ՄՄԱ-ում նկատելի մեղմվել են։ Ներկայումս միջուկային պատերազմի խնդիրն առավել ակտուալացել է Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների հարթությունում։ Ինչպես ժամանակին դիպուկ նշել է մի քաղաքական մեկնաբան, «եթե Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ և ԱՄՆ տնօրինության տակ գտնվող հրթիռների մեծ քանակությունը կանխարգելող գործոն էր, քանի որ պատերազմի դեպքում երկու տերություններն էլ կարող էին ոչնչանալ, ապա միջուկային հրթիռների սահմանափակ քանակը Հնդկաստանի և Պակիստանի պարագայում հակառակ էֆեկտ ունի. փոխադարձ համաձայնության բացակայությունը և հակառակորդի նախահարձակ լինելու դեպքում անելանելի իրադրության մեջ հայտնվելու ահը մեծացնում է հրթիռներ կիրառելու ցանկությունը»։
Պակիստան-Հնդկաստան առճակատումը կամ «բացասական գործընթացներից՝ դրական արդյունք» քաղաքական տեխնոլոգիան
Երբ 2008թ. օգոստոսի 19-ին, ընդդիմության ճնշման տակ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հրաժարական տվեց, միջազգային հանրությունը hիմնականում հետևում էր Հարավային Օսիայի շուրջ ընթացող վրաց-ռուսաստանյան պատերազմի զարգացումներին. այլ քաղաքական իրադարձությունները մղվել էին երկրորդ պլան։ Մինչդեռ Կենտրոնական Ասիան դասական աշխարհաքաղաքականության տեսանկյունից առանցքային տարածաշրջան է, և գերտերությունները մշտապես ձգտել են վերահսկողություն սահմանել Եվրասիայի այդ հատվածի վրա։ Չմանրամասնելով պատմական իրադարձությունները և վերջին ժամանակների ռազմաքաղաքական զարգացումները՝ հիշենք, որ 9/11–ից անմիջապես հետո ԱՄՆ առաջնային թիրախը դարձավ Աֆղանստանը։ Հատկանշական է, որ 2001-ին դարձյալ իրագործվեց քաղաքական մի տեխնոլոգիա, որը պայմանականորեն կարելի է անվանել «բացասական գործընթացներից՝ դրական արդյունք». հիմք ընդունելով և օգտագործելով 9/11-ի ահաբեկչությունը (բացասական գործընթաց)՝ Միացյալ Նահանգները (ՆԱՏՕ-ի հետ համատեղ) տրանսֆորմացրեց այն աշխարհաքաղաքական խոշոր նվաճման և ռազմական ներկայություն հաստատեց Կենտրոնական Ասիայում, իր հիմնական մրցակիցների՝ ՌԴ և ՉԺՀ հարևանությամբ (դրական արդյունք)։ Նախկինում նման տեխնոլոգիա կիրառվել է, օրինակ, 1941թ. դեկտեմբերին, երբ Փըրլ Հարբորի միջադեպն օգտագործվեց Երկրորդ աշխարհամարտին մասնակցելու համար, իսկ բոլորովին վերջերս՝ 2008-ին, նման մոտեցման օրինակներ կարող են ծառայել «գունավոր» ընտրական գործընթացները ՀՀ-ում9 և վրաց-ռուսական պատերազմը10։ Այդ քաղաքական հայեցակարգում ներկայումս առավել կարևորվում է տեղեկատվական գործոնը, ինչն էլ թույլ է տալիս որոշ հետազոտողների ներկայացնել այն որպես «երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների» բաղադրամաս։
Վերադառնալով նախագահ Մուշարաֆին պարտադրված հրաժարականին՝ կարելի է փաստել, որ նոր իշխանությունների օրոք զգալիորեն նվազեց Պակիստան պետության առանց այն էլ ոչ բարձր կառավարելիությունը։ Որոշ վարկածների համաձայն, նման միտումը համընկնում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի՝ այդ տարածաշրջանում ունեցած ծրագրերի հետ, որոնք ենթադրում են ապակայունացնել տարածաշրջանը՝ ելնելով «ղեկավարվող քաոս»-ի հայեցակարգից (տե՛ս վերը բերված Իրաքի օրինակը) և արդյունքում, մասնավորապես, փորձել թուլացնել իրենց մրցակից Չինաստանին։ Այդ վարկածի շրջանակներում նման ռազմավարության մասին կարող է վկայել 2008-ի նոյեմբերին հնդկական Մումբայ քաղաքի վրա կատարված ահաբեկչական հարձակումը, որը վերագրվեց պակիստանյան իշխանություններին և հատկապես այդ երկրի Միջգերատեսչային հետախուզությանը՝ ISI–ին11։ Ոչ միայն հնդկական կառավարության, այլև անկախ դիտորդների կարծիքով, ահաբեկչությունը մշակված էր հենց հատուկ ծառայությունների կողմից։ Այս առիթով նշենք, որ հատուկ ծառայությունների ոլորտի փորձագետները գրեթե միահամուռ են այն հարցում, որ «Թալիբան» շարժումը և բեն Լադենը պակիստանյան ISI -ի և ԿՀՎ-ի համատեղ աշխատանքի արդյունք են հանդիսանում. նման գործելակերպը հատուկ է ամերիկյան (և ոչ միայն ամերիկյան) հատուկ ծառայություններին։ Մասնավորապես, առկա է վարկած, որ մեծ աղմուկ հանած Գուանտանամոյի և ԿՀՎ Արևելյան Եվրոպայում տեղակայված «գաղտնի» բանտերի իսլամական ծայրահեղականները հավաքագրվում և «ծրագրավորվում» են հատուկ ծառայությունների կողմից՝ հետագայում «ղեկավարվող ահաբեկչություն» կազմակերպելու նպատակով։ Անուղղակիորեն նման վարկածի օգտին են վկայում այն հաղորդագրությունները, համաձայն որոնց՝ այդ բանտերից ազատ արձակվածների հիմնական մասը վերստին սկսում է զբաղվել ահաբեկչական գործունեությամբ12։
Մումբայում կատարված ահաբեկչության արդյունքում Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները ծայր աստիճան սրվեցին, զորքերը կուտակվեցին սահմանին, իսկ ԶԼՄ-ում սկսեցին դիտարկել միջուկային պատերազմի հնարավորությունը։ Հատկանշական է, որ դեռևս 1997–2001թթ. ԱՄՆ վերլուծական–զինվորական ընտրանու կողմից մշակվել էին «Ասիա 2025» և «Միացյալ տեսլական 2020» (Asia 2025" and "Joint Vision 2020") փաստաթղթերը, որոնցում, մասնավորապես, մշակվել էին Պակիստան–Հնդկաստան հնարավոր միջուկային առճակատման սցենարները13։ Դրանցից հատկապես ուշագրավ է հետևյալը.
«Նոր կարգեր Հարավային Ասիայում» սցենարը
2010թ. Պակիստանը գտնվում է խոր ճգնաժամում. տնտեսությունն անկում է ապրում, իշխանությունների անկարողության պատճառով երկիրն ապակայունանում է, որոշ ցեղեր ապստամբում են, ակտիվանում են իսլամական ծայրահեղականները, որոնք 2012թ. ներխուժում և իրենց վերահսկողության տակ են վերցնում հնդկական Քաշմիր նահանգը։ Հնդկաստանը, որը ԱՄՆ-ի հետ համագործակցության շնորհիվ առաջ էր անցել Չինաստանից և դարձել էր տարածաշրջանի առաջատարը, պահանջում է Պակիստանից զսպել ծայրահեղականներին ու դուրս բերել նրանց Քաշմիրից, սակայն թուլացած պակիստանյան իշխանություններն ի վիճակի չեն լինում կատարել այդ պահանջը։ Հնդիկները լրացուցիչ զորքեր են մտցնում նահանգ։ Պակիստանը պահանջում է դուրս բերել այդ զորքերը, և նրան աջակցում է Չինաստանը, որը սկսում է կենտրոնացնել իր զինուժը հնդկական սահմանի մոտ։ Զարգացումներին միջամտում է ԱՄՆ-ը, որը տարածաշրջան նավատորմ է ուղարկում և վճռականորեն պահանջում է ՉԺՀ-ից չեզոքություն պահպանել։
Հակամարտությունը հասնում է գագաթնակետին, երբ Հնդկաստանը, երկյուղելով Պակիստանի կողմից ԶՈԶ-ի կիրառումից, ոչ միջուկային հրթիռային հարված է հասցնում այդ երկրի ԶՈԶ-ի հենակետերի և ահաբեկիչների ճամբարների վրա (մեկ այլ սցենարային տարբերակի համաձայն, ռազմական գործողությունների առիթ է հանդիսանում Քաշմիրի երկնքում Պակիստանի կողմից արձակված հրթիռով նախարարներ և բարձրաստիճան սպաներ կրող հնդկական ինքնաթիռի կործանումը)։ Պակիստանը՝ ի պատասխան, միջուկային զենք է կիրառում Հնդկաստանի դեմ։ Սանձազերծված միջուկային պատերազմի (որին Հնդկաստանի կողմից ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ը, հրթիռային հարվածներ հասցնելով պակիս-տանյան միջուկային հենակետերի վրա) և ստեղծված քաոսի արդյունքում Պակիստանը 2020-ին որպես պետություն դադարում է գոյություն ունենալ։ Մինչդեռ Հնդկաստանը վերածվում է անվիճելի առաջատարի, որի հետ ձգտում են սերտ հարաբերություններ հաստատել գրեթե բոլոր ասիական երկրները և առաջին հերթին՝ Իրանը։
Վերոնշյալ սցենարը ԱՄՆ շահերի տեսանկյունից գնահատվում է ամենաբարենպաստը։ Պատերազմի հետևանքով նրա հիմնական մրցակից Չինաստանը մղվում է երկրորդ պլան, իսկ ասիական առաջատարների դերակատարումը ստանձնում են ԱՄՆ ռազմավարական գործընկեր Հնդկաստանը և Իրանը։ Առաջինի հետ ամերիկացիները վերջին տարիներին զգալիորեն բարձրացրել են համագործակցության (այդ թվում՝ միջուկային ոլորտում) մակարդակը։ Ինչպես արդեն նշել ենք վերը, ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ վարում է նոր ռազմավարություն, որի իրականացման պարագայում այդ երկրների միջև հարաբերությունները կարող են և գործընկերային բնույթ ստանալ։
Զարգացումների հնարավոր այլ տարբերակներ
Ամերիկյան մշակումներում առկա են նաև Չինաստանի գերակայությունը հաստատող սցենարներ, որոնք ենթադրում են ԱՄՆ դուրսմղում Հարավային Ասիայից և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից (այն կրում է «Հզոր Չինաստան» անվանումը)։ Ելնելով ներկայիս Չինաստանի զարգացման միտումներից՝ կարելի է կարծել, որ նման սցենարն ավելի իրատեսական է, քան «Նոր կարգեր Հարավային Ասիայում»-ը։ Միևնույն ժամանակ, բազմաբևեռ համակարգում ԱՄՆ-ը «առաջինն է հավասարների մեջ», և նրա կողմից հետևողականորեն իրագործվող ռազմավա-րությունը կարող է և էապես ազդել ցանկացած բնականոն թվացող գործընթացի վրա։
Այս ամենից բացի, չի կարելի բացառել տրամագծորեն հակառակ սցենարների հնարավորությունը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Բ.Օբամայի խորհրդատու Զբիգնև Բժեզինսկին ս.թ. հունվարի 12-ին Պեկինում կոչ արեց ստեղծել ԱՄՆ-ՉԺՀ «մեծ երկյակ» (G 2), որն ի զորու կլինի կարգավորել գլոբալ հիմնական խնդիրները14։
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է այդ առաջարկին արձագանքելու Չինաստանը։ Դասականներից մեկը ժամանակին ասել է, թե «անգլոսաքսերի հետ բարեկամություն անելը առավել վտանգավոր է, քան նրանց դեմ հակամարտելը»։ Այս հանգամանքը պետք է որ լավ ըմբռնած լինեն 19-րդ դարում «օպիումային պատերազմներում» բրիտանացիների կողմից ստորացում ապրած չինացիները։ Արդեն մեր դարաշրջանում ՉԺՀ-ԱՄՆ քաղաքական հարաբերությունների հիմնական կնճիռը Թայվանի խնդիրն է։ Միևնույն ժամանակ, Առաջին սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների վերականգնումը և հարաբերական ջերմացումը ստիպեց ԽՍՀՄ-ին մեծ լարվածության գնով վերակառուցել իր պաշտպանական համակարգը։ Բոլոր պարագաներում բազմաբևեռ համակարգում միջազգային հարաբերություններն էական փոփոխություններ են կրելու, և այդ համատեքստում հնարավոր են նաև անսպասելի զարգացումներ։
1Տե՛ս, օրինակ, http://www.earthtimes.org/articles/show/234077,report-reveals-more-about-irish-lisb¬on-treaty-no-campaign-funding.html
2http://www.washprofile.org/ru/node/7830
3Homeland Security forecasts 5-year terror threats, http://news.yahoo.com/s/ap/20081225/ap_on_go_ca_st_pe/homeland_threat_forecast
4“Global trends 2025”, A Transformed World, http://www.dni.gov/nic/PDF_2025/2025_Global_Trends_Final_Report.pdf
5Константин Симонов, “Россия идет на войну”, Политический класс, #9(45), с. 61, 2008; Шамсудин Мамаев, “Кто победит в четвертой мировой войне”, www.eurasianhome.org/xml/t/print/xml?lang=ru&nic=opinion&pid=1299; Михаил Леонтьев: “Россия-ядро нового мира”, http://inosmi.ru/print/246253.html,
6Washington Post обнаружила секретную стратегию Пентагона, lenta.ru/news/2008/07/31/enemy/_Printed.htm; Пентагон принял директиву о подготовке к ассиметричной войне; lenta.ru./news/2008/12/04/irregular; Владимир Соловьев, «Верные враги», www.kommersant.ru/doc.aspx?DocsID=1099153; Министерство обороны России готовится воевать в трех локальных конфликтах, regnum.ru/news/1102601.html; Евросоюз пытается выработать концепцию объединенных вооруженных сил, http://www.apn.ru/news/print/20480.htm
7Стратегического союза между Анкарой и Тель-Авивом уже нет: армянский аналитик, http://www.regnum.ru/news/armenia/1111722.html
8Տե՛ս, մասնավորապես, Гагик Тер – Арутюнянц, Новые геополитические реалии, Голос Армении, #2(19652), 17.01.2008; www.noravank.am
9Гагик Арутюнян, О выборных и поствыборных процессах в Армении, www.noravank.am
10Гагик Арутюнян, Особенности военного конфликта вокруг Южной Осетии, 21 Век, #2(8), с. 3, 2008.
11Антон Меснянко, Пакистану доказали его причастность к терактам, http://www.utro.ru/articles/2009/01/05/790429.shtml
12Տե՛ս, օրինակ, http://lenta.ru/news/2009/01/14/gitmo
13"Asia 2025" and "Joint Vision 2020". Blueprint for permament militarization of America by Srdja Trifkovic. The Rockford Institute - Center for International Affairs. Thursday, September 21, 2001, www.Rockfordinstitute.org/NewsST092100.htm; Walden Bello, Asia 2025: The Pentagon Prepares for Asian Wars, http://www.pl.net/8politics/pentagon; Дмитрий Регентов, США и Азия. Пасьянс по правилам "Азия 2025". Оценки Пентагона по развитию ситуации в Азии, http://www.abirus.ru/o/r usa.htm
14Максим Момот, Мир на двоих, http://lenta.ru/articles/2009/01/15/brzezinski/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]