
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Աշոտ Մարկոսյան
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր
Էլյանորա Մաթևոսյան
ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու
Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և վերարտադրության վիճակն ու գործընթացը բնութագրվում են մի շարք ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշների օգնությամբ: Դրանց շարքում կարևորվում են համախառն ներքին արդյունքի (դրա հաշվարկման տարբեր մոդիֆիկացիաներով, օրինակ՝ դրա մեծության չափը, աճի տեմպը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն և այլն), ազգային եկամտի, համախառն ազգային եկամտի և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկը՝ տարբեր մոդիֆիկացիաներով:
Սակայն նշված ցուցանիշների հաշվարկման հիմնական թերությունն այն է, որ դրանք, պատկերավոր ասած, բնութագրում են երկրի զարգացման տվյալ պահը՝ առանց ներկայացնելու սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններն ու ներուժը: Այս հիմնական բացը չեզոքացնում է ազգային հարստության ցուցանիշը: Ցավոք, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (կոմիտեն) մինչ օրս չի հաշվարկում այդ ցուցանիշի մեծությունը:
Ներկայում ընդունված են ազգային հարստության սահմանման և հաշվարկման Համաշխարհային բանկի միասնական մեթոդական ցուցումները: Ազգային հարստությունը հանդիսանում է Ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ) անբաժանելի մասը: ԱՀՀ-ն հիմք է հանդիսանում կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և այլ հետաքրքրված անձանց կողմից տնտեսական աճի հաշվարկման համար:
Ազգային եկամուտն ու բարեկեցությունը հիմնվում են երկրի ակտիվների կամ հարստության վրա, որոնց հաշվարկման հիմքում ընկած են տարբեր չափանիշներ: Ազգային հարստությունը ներառում է հետևյալ չորս բաղկացուցիչները. արտադրված կապիտալ, բնական կապիտալ (պաշարներ), մարդկային կապիտալ և զուտ արտաքին ակտիվներ:
Կայուն երկարաժամկետ տնտեսական աճը պահանջում է ներդրումների և պորտֆելային ակտիվների առավել ինտենսիվ ընդգրկում: Թեև ՀՆԱ-ն տնտեսական աճի հաշվարկման կարևոր չափանիշ է, սակայն այն հաշվում է միայն եկամուտը և արտադրությունը և չի արտացոլում ակտիվների հիմնական բազայում տեղի ունեցող փոփոխութունները: Առանձին դիտարկվող ՀՆԱ-ն կարող է ճշգրտորեն չբնութագրել տնտեսական իրավիճակը:
Այն չի արտացոլում բնական կապիտալի սպառումը և ակտիվների մաշվածությունը, չի տալիս հետևյալ հարցերի պատասխանը. ներդրումներն ու հարստության կուտակումը աճում են բնակչության թվի աճի արդյունքում, կամ էլ՝ ակտիվների համամասնությունը համապատասխանո՞ւմ է արդյոք երկրի զարգացման նպատակներին:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ (154 KB)
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ[24.11.2017]
- ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻՑ[26.04.2017]
- ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔԵՐԸ[12.03.2012]