• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 4, 2018 19.10.2018

«21-րդ ԴԱՐ» N 4, 2018

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 4-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված ապագային պատրաստ լինելու խնդրին (Գ.Հարությունյան), հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին (Կ.Վերանյան), ազգային հարստության ստեղծման ներուժին (Ա.Մարկոսյան, Է.Մաթևոսյան), հայրենիք-սփյուռք համագործակցության մոդելներին (Վ.Հովյան)։ Արծարծվել են նաև այլ ուշագրավ թեմաներ։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Ներկայում ընթացող աշխարհակարգի փոփոխությունն ուղեկցվում է ոչ գծային օրինաչափությունների ենթարկվող և անորոշությունների մեծ ծավալ պարունակող գործընթացներով։ Նշված հանգամանքներն էապես բարդացնում են արդի իրողությունների ադեկվատ գնահատումը և սահմանափակում ապագայի վերաբերյալ հիմնավորված կանխատեսումներ կատարելու կարողությունները։ Այս ամենն իր հերթին դժվարացնում է ծագած քաղաքական խնդիրների առնչությամբ քաղաքական ընտրանիների կողմից օպտիմալ որոշումներ ընդունելու հնարավորությունները։ Ստեղծված իրադրությունն ակտուալացնում է վերլուծաբանական արդյունավետ մեթոդների ընտրության խնդիրը, և այդ համատեքստում հոդվածում նաև դիտարկվել են տարբեր երկրների «ապագային պատրաստ լինելու» հատկանիշով «Վալդայի ակումբի» կողմից մշակված վարկանիշային մոտեցումները։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածում փորձ է արվել փորձագիտական գնահատական տալ տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ հայաստանյան վերջին իրադարձությունների համատեքստում։ Նշվում է, որ հարավկովկասյան գործընթացները զարգանալու են տարածաշրջանային առանցքային տերությունների՝ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նկատմամբ սահմանվող ամերիկյան տնտեսական սահմանափակումների տրամաբանության ներքո։ Նման իրադրության բացասական հետևանքներից, թերևս, չեն խուսափի հարավկովկասյան երկրները։ Օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ առավել խնդրահարույց է հատկապես Հայաստանի վիճակը, որը, երկու հարևանների կողմից գտնվելով շրջափակման մեջ, կունենա նաև առևտրային և կոմունիկացիոն խնդիրներ իրանական ուղղությամբ։ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասաբար կանդրադառնա նաև հայ-իրանական առևտրաշրջանառության վրա, հարցականի տակ կարող է դրվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետագա զարգացման հարցը։

ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Վահե Սարգսյան

Ամփոփագիր

1992թ. հունիսի 24-ի Դագոմիսյան համաձայնագրով (զինադադար) ստեղծված ստատուս քվոյով ստեղծվել էր խաղաղ բանակցությունների իրական հարթակ, որն իր հերթին բացառում էր Հարավային Օսիայի Հանրապետության (ՀՕՀ) միջազգային ճանաչումը: Նշյալ գործընթացի սկզբնավորման համար հարկավոր էր ստատուս քվոյի խախտում, մի նոր իրադրություն, որը կվերացներ ՀՕՀ միջազգային ճանաչմանը խոչընդոտող հիմնական գործոնները, որոնց շարքում էին և՛ խաղաղ բանակցությունների առկայությունը, և՛ վրաց-օսական տարանցիկ, տնտեսական, էներգետիկ հարաբերությունների այս կամ այն կերպ առկայությունը, և՛ ՀՕՀ տարածքում վրացաբնակ խոշոր անկլավների գոյությունը: 2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմը և Մ.Սաակաշվիլու արկածախնդրությունը ստեղծեցին ՀՕՀ իրավական ճանաչման համար իրատեսական հիմքեր:

ՀԱՊԿ-Ը ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Անժելա Մնացականյան

Ամփոփագիր

Հայաստանի Հանրապետությունը, ակտիվորեն մասնակցելով ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, առաջնությունը տալիս է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` այն դիտարկելով որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից մեկը: ՀԱՊԿ գործունեության կովկասյան ուղղությունն իրականացվում է հայ-ռուսական ռազմական համագործակցության միջոցով, ուստի նրա նշանակությունը Հայաստանի համար հետզհետե աճում է: Մասնավորապես, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացումը նպատակաուղղված է ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մեխանիզմների ստեղծմանը, միջազգային կազմակերպված հանցագործությունների, ներառյալ` միջազգային ահաբեկչության, զենքի և թմրանյութերի անօրինական շրջանառության, այլ վերազգային սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ միջոցների մշակմանը, այդ ասպարեզում տեղեկությունների փոխանակմանը: Այս ամենը նպաստում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հետագա սերտացման հեռանկարը տեսնում է իր փոխլրացման արտաքին քաղաքական ռազմավարության համատեքստում:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Աշոտ Մարկոսյան, Էլյանորա Մաթևոսյան

Ամփոփագիր

Յուրաքանչյուր երկրի բնակչության բարեկեցության աճը և ազգային տնտեսության զարգացումը պայմանավորված են մի շարք հանգամանքներով և նախադրյալներով, որոնք հատկապես երկարաժամկետ հեռանկարում կանխորոշում են սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները: Որպեսզի ապահովվի հասարակության բազմակողմանի զարգացումն ու պետության հզորացումը, անհրաժեշտ է ոչ միայն սպառման բավարար մակարդակի ձեռքբերում, այլև կուտակման բավարար նորմի ապահովում, ինչն էլ ընկած է հետագա զարգացման և ընդլայնված վերարտադրության հիմքում: Եթե չի ապահովվում վերարտադրության այս բնականոն ընթացքը, ապա հասարակությունը զրկվում է հետագա զարգացման երաշխիքներից, ինչն էլ կարող է դառնալ երկրի անվտանգության խարխլման և պետության դեգրադացման պատճառ: Կամ, այլ կերպ ասած, անհրաժեշտ է ունենալ հեռանկարային զարգացման տեսանկյունից որոշակի ֆինանսական, նյութատեխնիկական, աշխատանքային ռեսուրսներ և բնական պաշարներ, որոնք կարող են ապահովել տնտեսական հետագա առաջընթացը: Այդպիսով, երկրի ազգային հարստության ձևավորումը և դրա բազմապատկումը ստանում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կարևորություն:

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համլետ Զաքարյան

Ամփոփագիր

Հոդվածում հետազոտվում են օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում: Կոնկրետ վիճակագրական նյութերի հիման վրա ցույց է տրվում ՕՈւՆ-ի դերը երկրի տնտեսության զարգացման գործում: Անդրադարձ է կատարվում այդ գործում առանձին երկրների դերին, ՕՈւՆ-ի հիմնական ոլորտներին և ճյուղերին: Ընդգծվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների նշանակությունը կարևորագույն ոլորտների համար, որոշակի հանձնարարականներ և գնահատականներ են տրվում ստեղծված իրավիճակին:

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Սույն հետազոտության մեջ հայրենիք-սփյուռք համագործակցության մոդելների դասակարգման համար օգտագործվել է երկու չափանիշ՝ հարաբերությունների բնույթը (կառավարման սկզբունքը) և ձևը։ Առաջին չափանիշի դեպքում այդ մոդելները լինում են երկու տեսակ՝ ուղղահայաց և հորիզոնական։ Երկրորդի դեպքում նույնպես դրանք երկուսն են, որոնք պայմանականորեն անվանվել են «Միասնական ջանք» և «Միասնական օրակարգ»։ Տեսականորեն կարող է լինել նաև որոշակի հարաբերակցություն վերոհիշյալ չափանիշներով դասակարգված մոդելների միջև։ Հայրենիք-սփյուռք ուղղահայաց հարաբերությունները ավելի շատ համապատասխանում են «Միասնական ջանք», հորիզոնական հարաբերությունները՝ «Միասնական օրակարգ» մոդելին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հայաստանում ինտենսիվորեն աճում է ինտերնետի՝ որպես լրատվամիջոցի նշանակությունը։ Հայաստանյան հասարակությունում ինտերնետի դերի և ազդեցության համապարփակ և խոր գնահատումը բարդ և ռեսուրսատար խնդիր է։ Այդ խնդրի լուծման ոլորտում ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է Հայաստանի լրատվական ինտերնետային կայքերի օգտագործման ծավալի նախնական գնահատում։ Հոդվածում ներկայացված են մեր երկրի ամենամեծ լսարանն ունեցող լրատվական կայքերի մի քանի բնութագրերի նախնական գնահատման արդյունքները։

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԻՆԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նվարդ Մելքոնյան, Էլինա Ասրիյան

Ամփոփագիր

Աշխարհի տարբեր անկյուններում մեր օրերում տեղի ունեցող բոլոր հեղափոխություններն ունեն իրենց առանձնահատկությունները։ Հայկական թավշյա հեղափոխության բրենդինգի գործընթացում մի քանի կարևոր խնդիր էր առաջադրված՝ անհնազանդության ակցիաները ճանաչելի դարձնել որպես հեղափոխական գործողություններ, թավշյա հեղափոխությունը ներկայացնել որպես երկրում վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցող պրոտեստային ակցիաների շարունակություն և արդյունք։ Վերջին խնդիրը վերաբերում էր ընդհանուր գաղափարի շուրջ տարբեր սոցիալական սեգմենտներ միավորելու անհրաժեշտությանը։

ԷԹՆՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Վաչիկ Բրուտյան

Ամփոփագիր

Արդի պայմաններում բացառիկ նշանակություն է ստացել էթնոմանկավարժության կուտակած հազարամյա փորձի արդյունավետ օգտագործումն այնպիսի կարևոր հիմնախնդրի լուծման համար, ինչպիսին հանրորեն նշանակալից նորմեր և արժեքներ կրող անձի ձևավորումն է՝ խարսխված սեփական էթնոսի իրավական-մշակութային ժառանգության վրա, ինչը թույլ է տալիս նրան հաջողությամբ կողմնորոշվելու և ինքնորոշվելու ժամանակակից բազմամշակութային միջավայրերում, հանդուրժողականությամբ վերաբերվելու այլ մշակույթների և կրոնների ներկայացուցիչներին։
Ազգային ավանդույթներում, սովորույթներում, բարքերում կուտակված է մանկավարժական հսկայական ներուժ, որը կարող է ծառայել իբրև գործուն միջոց իրավական դաստիարակության համար։

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Վահե Պողոսյան

Ամփոփագիր

ՀՀ-ն, լինելով խորհրդային նախկին 15 հանրապետություններից մեկը, ժառանգել է այդ «կայսրության» բնորոշ առանձնահատկություններն օրենսդիր իշխանության գլխավոր դեմք համարվող պատգամավորների անձնական որակների և առանձնահատկությունների առումով, ինչն իր հերթին բացասաբար է ազդում Ազգային ժողովի և առհասարակ օրենսդիր իշխանության լեգիտիմ ընկալման վրա: Ազգային ժողովը պետք է դառնա այն վայրը, որտեղ իրենց գործունեությունը կծավալեն արհեստավարժ, բարեխիղճ և կոմպետենտ անհատականություններ, իսկ պատգամավորները, լինելով ժողովրդի պատվիրակված անձինք խորհրդարանում, պարտավոր են այնտեղ ներկայացնել և լուծում տալ իրենց ընտրազանգվածի խնդիրներին, ընդունել պետականամետ և ժողովրդամետ օրենքներ և պրոֆեսիոնալիզմի ու հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվության հաշվին զարգացնել և հզորացնել սեփական պետությունը:





   

EnglishРуский