
«ԵՎՐԱՍԻԱ» ՋՐԱՆՑՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018
Անդրանիկ Հովհաննիսյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ
Վերջին 10-15 տարում աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ուղղված են նոր աշխարհակարգի` անբևեռ աշխարհի ձևավորմանը։ Ակնհայտ է, որ առանց այս գլոբալ փոփոխությունները հաշվի առնելու դժվար կլինի հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են գտնվում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ռազմական և տնտեսական դաշնակից պետությունները՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
2018թ. մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ երկրների գագաթաժողովում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց Սև և Կասպից ծովերի միջև «Եվրասիա» ջրանցքի շինարարության հնարավորության մասին: Գաղափարը նոր չէ, և ինչպես արտահայտվեց ինքը՝ Նազարբաևը, «դրա մասին խոսում էին դեռ ցարի ժամանակ»1։ Առաջին անգամ ԵԱՏՄ երկրների ինտեգրման պայմաններում մեծամասշտաբ ջրանցքի շինարարության մասին Ն.Նազարբաևը հայտարարել էր 11 տարի առաջ՝ 2007թ.: Խորհրդանշական էր, որ հենց այդ տարի Ռուսաստանի տարածքում ջրուղիների ընդլայնման կարևորության մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես տարբերակ առաջարկելով Վոլգա-դոնյան ջրանցքի արդիականացումը: 2009թ. Եվրասիական զարգացման բանկը (EDB) $2.7 մլն էր հատկացրել Կասպից և Ազովի-Սև ծովերի ավազանի նոր ջրային տրանսպորտի ստեղծման հնարավորությունն ուսումնասիրելու համար, սակայն ուսումնասիրության արդյունքները դեռևս չեն հրապարակվել:
Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի կողմից առաջարկվող ջրային ուղին, օրինակ, 1000 կիլոմետրով կարճ է ռուսաստանցիների առաջարկածից, ընդ որում, «Եվրասիա» ջրանցքն ի վիճակի է բաց թողնել շատ ավելի բեռներ, քան ռուսաստանյանը` մինչև 45 մլն տոննա տարեկան2: Այժմ Աստանան նավթի և գազի համարյա 70%-ն առաքում է դեպի Սև ծով Ռուսաստանով՝ Թենգիզ-Ատըրաու-Աստրախան-Նովոռոսիյսկ խողովակաշարային կոնսորցիումի միջոցով, բայց այդ նավթատարի ենթակառույցները բարդացնում են գազի և նավթի արտահանումը, որովհետև բավականաչափ հնացել են։
Ավելի մանրամասն անդրադառնանք «Եվրասիա» նախագծի կրիտիկական ենթակառուցվածքներին։ Սույն նախագիծը պետք է դիտարկել տարածաշրջանի ռազմավարական առանձնահատկության տեսանկյունից։ Միանշանակ, «Եվրասիա» ջրանցքն անմիջապես կապ ունի վերջին տարիներին ռուս-չին-ղազախստանյան տնտեսական համագործակցության ակտիվ զարգացման հետ։ Ինչպես նշեցինք, «Եվրասիա» ջրանցքի նախագծի իրականացումը պետք է դիտարկել տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։ Այս համատեքստում նշենք տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների ռազմավարական առանձնահատկություններն ու շահերը Կենտրոնական Ասիայում։
Թուրքիա և Իրան. Խորհրդային շրջանի ավարտից հետո համաշխարհային շատ տերություններ «աչք դրեցին» աշխարհառազմավարական առումով խիստ կարևոր այս տարածաշրջանի վրա՝ ձգտելով իրենց հսկողության տակ վերցնել նաֆթն ու գազը։ Միջազգային ասպարեզի այնպիսի դերակատարներ, ինչպիսին են Թուրքիան և Իրանը, աշխատեցին օգտվել տարածաշրջանի հետ իրենց մշակութային և պատմական կապերից, որպեսզի հաստատեն սեփական ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ Սակայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ճնշումը խափանեց այդ փորձը։
ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից հարկ է շեշտել, որ Թուրքիայի գործոնի ուժեղացումը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կխթանի նաև պանթյուրքական գաղափարախոսությունը, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի համար։ Օրինակ, Իրանի պարագայում կարևորվում է այն հանգամանքը, որ այդ երկրում առկա է «Իրանական Ադրբեջան» հասկացությունը, որտեղ հոծ բնակություն է հաստատել Իրանի թյուրքախոս բնակչությունը, և Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով անջատողական որոշակի գործընթացներ կարող են ծավալվել։ Ռուսաստանի հարավում և Պովոլժիեում իսլամական և թյուրքախոս ինքնավարություններ են հաստատվել, որոնցում կրկին Անկարայի և Բաքվի միջոցով հնարավոր են ծայրահեղ իսլամիստական ու պանթյուրքական տրամադրությունների ակտիվացումն ու տարածումը՝ Ռուսաստանի համար ստեղծելով նոր ներքին պատերազմի օջախներ: Այս խնդիրը չի անտեսում նաև Չինաստանը։ ՉԺՀ հյուսիսարևմտյան նահանգները խիտ բնակեցված են թյուրքալեզու ույղուրներով։
Միացյալ Նահանգներ և ՆԱՏՕ. 1990-2000-ական թթ. Կասպյան տարածաշրջանը ԱՄՆ արտաքին քաղաքականության և Հյուսիսատլանտյան դաշինքի ավանգարդում էր գտնվում։ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված էր տարածաշրջանային քաղաքական գործընթացներում։ ԱՄՆ-ը Կասպիական տարածաշրջանը սահմանել էր եվրատլանտյան միասնության միաձուլման գոտի ստեղծելու նպատակ։ Այդ գոտին սկսվում էր Վրաստանի Սև ծովի ափից և ավարտվում Ղազախստանի արևելյան սահմաններին: Այս տարածքի վերահսկողությունը (որն ամերիկյան ակադեմիական միջավայրում սովորաբար կոչվում է «Մեծ Կասպիական» - Большой Каспий3), ԱՄՆ-ին նշանակալի առավելություններ կապահովեր Կենտրոնական Ասիայում և կուժեղացներ Վաշինգտոնի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկայում: Սակայն ներկա փուլում «Մեծ Կասպիական» տարածաշրջանում հաստատված հավասարակշռության համաձայն՝ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի և Իրանի կողմից լիովին դուրս են մղվել Կասպից ծովի արևմտյան և արևելյան ափերից4։ Հետևաբար, ԱՄՆ-ը ներկա փուլում ստիպված է հետևել «բաց թողնված հնարավորությունների» ռազմավարությանը՝ տարածաշրջանում առնվազն նվազագույն ներկայություն պահպանելու համար։
«Արջի և կարմիր վիշապի» միջև ռազմավարական պայքարը. Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր հսկողության տակ է վերցրել տարածաշրջանի պետությունների անվտանգության հարցը (տե՛ս Աղյուսակ 1)։ Պեկինը ձգտում է հսկողություն սահմանել տարածաշրջանի էներգետիկ պաշարների վրա, որը «սպառնալիք» է դառնում Մոսկվայի համար՝ խանգարելով վերջինիս խաղալ իր կարևորագույն դերը Կենտրոնական Ասիայում։
Աղյուսակ 1
Ասիայում գործող ռուսական ռազմակայանների ցանկը5, 2018թ.
Չնայած 2014թ. մայիսի 29-ին պայմանագիր ստորագրվեց, որի համաձայն՝ հիմնադրվեց ԵԱՏՄ-ն, Պեկինն իր «տնտեսական էքսպանսիայի» (տե՛ս Աղյուսակ 2) քաղաքականության հիման վրա շարունակում է աջակցել տեղական կառավարություններին, որպեսզի նրանք «դուրս գան» Մոսկվայի հսկողությունից և անցնեն իր թևի տակ։ Սակայն Մոսկվան չի կարող թույլ տալ, որ իրեն դուրս մղեն մի տարածաշրջանից, որտեղ պատմականորեն և ներկա փուլում այդքան կարևոր դիրք է զբաղեցնում։
Աղյուսակ 2
Չինաստանի արտահանման մասնաբաժինը Կենտրոնական Ասիայի երկրներում, 2016թ.6
Հաշվի առնելով հետընթացը՝ պետք է նշել, որ Պեկինի այս մոտեցումը Կենտրոնական Ասիայում նոր չէ։ Եթե ռուսական պետությունը Կենտրոնական Ասիայի էթնոսների և խանությունների հետ առաջին անգամ շփումներ է հաստատել XVI դարի սկզբում, իսկ այդ ժողովուրդների անցումը Ցարական Ռուսաստանի ազդեցության տակ տեղի ունեցավ միայն 2-3 դար հետո՝ XVIII-XIXդդ., ապա չինացիների առաջին շփումներն այդ էթնոսների հետ կատարվել են դեռևս Խան Թագավորության ժամանակներում (մ.թ.ա. VIդ.): Ավելին, «սինոկենտրոնացման» աշխարհայացքի համաձայն՝ տարածաշրջանի «քոչվոր ժողովուրդները» մինչև այժմ «Չինական աշխարհի» (Pax Sinica)7 անբաժանելի մաս են համարվում:
Հետևություններ
• «Եվրասիա» ջրանցքի նախագծի իրականացումն առաջին հերթին կուժեղացնի Ռուսաստանի և Ղազախստանի տարածաշրջանային դիրքերը;
• Ըստ «Sinohydro»-ի իրականացրած հետազոտության արդյունքների, ջրանցքը կարող է դառնալ չինական բեռնափոխադրումների կարևոր ուղի։ Նոր տրանսպորտային ուղին թույլ կտա կրճատել ճանապարհի վրա ծախսվող ժամանակն ու բեռնափոխադրման ծախսերը;
• «Եվրասիա» ջրանցքի կառուցման գաղափարն ակտիվ քննադատվում է բնապահպանների կողմից։ Դա ձեռնտու է Թեհրանին, որն այլընտրանքային նախագիծ ունի՝ միավորել Սև ծովն ու Պարսից ծոցը և օգտագործել դա «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» չինական ծրագրի շրջանակներում;
• Վաշինգտոնը նույնպես բացասաբար է արձագանքել այս նախագծին, քանի որ այն մեծացնում է ՉԺՀ և Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դերը ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Եվրոպայում, որը Մոսկվայի և Պեկինի ապրանքների և ծառայությունների մատակարարման նպատակն է;
• «Եվրասիա» նախագծին դրական կարձագանքեն Անկարայում և Բաքվում, որովհետև Ղազախստանի Կասպյան նավահանգիստների արդիականացումը կնպաստի Աստանայի և Բաքվի միջև ապրանքաշրջանառության զարգացմանը։ Դա իր հերթին կակտիվացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարածաշրջանային նշանակությունը։
Այնուամենայնիվ, քանի որ համաշխարհային զարգացման ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական կարևորությունը՝ որպես Եվրասիական մայրցամաքի հիմք («Heartland»), միայն ավելի կբարձրանա, ինչպես նաև Մոսկվայի ու Պեկինի միջև ավելի կակտիվանա ռազմավարական պայքարը տարածաշրջանում առաջատար դերի համար։
1 ՍաֆարյանԱ., «Եվրասիա» նոր ջրանցք կառուցելու Ղազախստանի նախագահի առաջարկը, http://www.azg.am/AM/2018060117, 05.06.2018
2 Նույն տեղում։
3 Свиточ А., Большой Каспий. Строение и история развития, Москва, МГУ, 2014, с. 54.
4 Зона, свободная от НАТО: Каспий сдался РФ, https://www.pravda.ru/authored/06-12-2017/1358605-kaspiy-0/, 12.05.2018.
5 Российские войска за рубежом, http://www.kommersant.ru/ImagesVlast/Vlast/, 16.05.2018.
6 The Atlas of Economic Complexity, http://atlas.cid.harvard.edu/explore/, 15.05.2018.
7 馬衛東, 中道網, 中國古代三大治世的歷史成因, 13.05.2018.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ[20.12.2018]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ. ՌԻՍԿԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ[05.10.2018]
- «ՂՐԻՄԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[15.08.2018]
- ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԱՇԻՆՔՆԵՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ[24.05.2018]