
ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԱՇԻՆՔՆԵՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

Անդրանիկ Հովհաննիսյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ
2000թ. առաջին տասնամյակի կեսերից որոշ քաղաքական փորձագետներ սկսեցին ակտիվորեն անդրադառնալ Արևելյան Ասիայում հզոր ռազմական դաշինքի հնարավոր ձևավորման թեմային, որտեղ գլխավոր դերը պատկանելու էր Պեկինին։ Թեման միջազգային լայն արձագանք ստացավ ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումից հետո՝ АСЕАН + 3 (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) 2004թ. գագաթաժողովի (Վիետնամ) շրջանակներում։ 2007թ. նոյեմբերին այդ պետությունների առաջնորդները հերթական եռակողմ հանդիպումն իրականացրին, որի ընթացքում բարձրացվեց երեք երկրների միջև քաղաքական երկխոսության և խորհրդակցությունների ամրապնդման հարցը [1]։ 2008-2010թթ. այս պետությունների միջև երեք փուլով բանակցություններ անցկացվեցին, որոնց արդյունքներով 2011թ. սեպտեմբերին Սեուլում ստորագրվեց համաձայնագիր Համագործակցության եռակողմ քարտուղարության (ՀԵՔ) ստեղծման մասին։ Կանոնադրության համաձայն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը նշանակվում է երկու տարով՝ հետևյալ հերթականությամբ. Հարավային Կորեա, Ճապոնիա և Չինաստան։ Յուրաքանչյուր երկիր, բացի գլխավոր քարտուղարի երկրից, նշանակում է գլխավոր քարտուղարի իր տեղակալին։ Քարտուղարության խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկվում են բոլոր երեք պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները՝ հավասար իրավունքներով՝ նախագահներ, վարչապետեր և ԱԳ նախարարներ։
2012թ. ՉԺՀ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան համաձայնություն ձեռք բերեցին ստեղծելու Ազատ առևտրի գոտի (ԱԱԳ) երեք երկրների միջև՝ АСЕАН երկրների հետ հետագա ինտեգրման հեռանկարով [1]։ Ամեն տարի ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարներն ու նախարարները համատեղ եռակողմ հանդիպումներ են իրականացնում՝ սերտ համագործակցություն զարգացնելով տարբեր ոլորտներում։ 2011թ. խորհրդակցական մարմնի ստեղծումը բավական նշանակալի տարածաշրջանային և անգամ համաշխարհային գործոն է, որի հետ հարկադրված են լինելու հաշվի նստել աշխարհի առաջատար պետությունները։ ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի 2015-16թթ. որոշ հանրագումարային ցուցանիշներ ներկայացված են Աղյուսակ 1-ում.
Աղյուսակ 11
Անշուշտ, նման սերտ համագործակցության հետագա զարգացումը մեծ օգուտ կբերի Արևելյան Ասիայի երեք առաջատար պետություններին։ Նրանց արդեն հիմա բաժին է ընկնում ընդհանուր տարածաշրջանային առևտրի ավելի քան 60%-ը, Երկիր մոլորակի բնակչության ընդհանուր թվի 22%-ը և Ասիայի ՀՆԱ 75%-ը (համաշխարհային ՀՆԱ ավելի քան 25%)2:
Հարավային Կորեան, Ճապոնիան և Չինաստանն ակտիվ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցություն են ծավալում, բայց որքանո՞վ է իրատեսական ռազմաքաղաքական համագործակցության զարգացումը «արևելաասիական եռապետության» միջև։ Փորձենք պրագմատիկ մոտեցում ցուցաբերել հարցի պատասխանին՝ հենվելով պատմական նախադրյալների և աշխարհակարգի ներկա դրության վրա՝ անդրադառնալով սույն պետությունների առավել խոցելի կրիտիկական ենթակառուցվածքներին։
Պատմական տարաձայնություններ. Հայտնի է, որ երեք երկրների միջև գոյություն ունեն պատմական տարաձայնություններ, որոնք անջնջելի հետք են թողել նրանց հարաբերություններում անգամ արդի փուլում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է XIX-XXդդ. կայսերական Ճապոնիայի ագրեսիային արևելաասիական տարածաշրջանում, ինչպես նաև Չինաստանի չինակենտրոն կոնֆուցիական գաղափարախոսությանը, որն այդ ժողովուրդներին դասում է «ֆան» («բարբարոսներ» կամ «վասալներ») կարգում։ Միևնույն ժամանակ, երեք պետությունների միջև գոյություն ունեն տարածքային վեճեր, որոնցում ԱՄՆ-ը պաշտպանում է Ճապոնիային և Հարավային Կորեային։ Այդ երկրներն իրենց ինքնիշխանության, անվտանգության հարցում հենվում են հենց Վաշինգտոնի վրա, իսկ նրանց տարածքներում տեղակայված ԱՄՆ, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ռազմակայանների նպատակն է՝ զսպել ՉԺՀ-ն։ Բայց կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր գործոն, որը խոչընդոտում է Արևելյան Ասիայի առաջատար երկրների ավելի սերտ մերձեցմանը։
Չինաստանն ընդդեմ ռազմական դաշինքների. Հայտնի է, որ ՉԺՀ-ն այն միջազգային կազմակերպության դիտորդ երկիր է հանդիսանում, որն ըստ ռազմական դաշինքներին չմասնակցության սկզբունքի («Չմիանալու շարժում») միավորում է աշխարհի 120 երկրների։ Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանն ամեն կերպ փորձում է հեռու մնալ ռազմական դաշինքներ ստեղծելուց կամ դրանց մասնակցելուց։ Սա այն ուղեգիծն է, որը դեռևս 1970-ական թթ. վերջից որդեգրել է չինական բարեփոխումների հիմնադիր Դեն Սյաոպինը [2]։ Չինաստանը կողմնակից է աշխարհի առաջատար տերությունների՝ Ռուսաստանի և Արևմուտքի (ԱՄՆ և Եվրոպա) միջև ընթացող առճակատման դիտորդը լինելու քաղաքականությանը։
Հաշվի առնելով Պեկինի, Տոկիոյի և Սեուլի միջև հնարավոր ռազմաքաղաքական համագործակցության՝ վերը թվարկված բավական խոցելի դիրքորոշումները՝ մենք կարծում ենք, որ նման դաշինքի հավանականությունը խիստ ցածր է։ Այս պետություններն այսուհետ ևս սերտ առևտրատնտեսական հարաբերություններ կպահպանեն հավասար և փոխզիջումային հիմքի վրա։ Սակայն, նկատի ունենալով արդի միջազգային գործընթացները, մասնավորապես, տարաձայնությունները Պեկինի և Վաշինգտոնի միջև, հարցականի տակ կարող են հայտնվել նաև սերտ տնտեսական հարաբերությունները ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև։ Ավելին, Պեկինին մտահոգում է ամերիկացիների կողմից իր սահմանների մոտ, Հարավային Կորեայում և Ճապոնիայում ՀՕՊ տեղակայման հարցը3։ Սեուլի և Տոկիոյի նման դիրքորոշումն, անկասկած, ապակառուցողական ազդեցություն կունենա արևելաասիական այս երեք պետությունների հետագա ինտեգրման վրա։
Ներկա պահին, եթե ընդհանուր առմամբ խոսելու լինենք տարածաշրջանի մասին, ապա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՕՏ) ներառում է համաշխարհային ՀՆԱ 40%-ը և համաշխարհային ապրանքաշրջանառության մոտ 60%-ը։ Տնտեսական ոլորտի առաջատար վերլուծաբանների կարծիքով՝ 2030թ. սպասվում է համաշխարհային ՀՆԱ-ի համեմատ ԱԽՕՏ երկրների ՀՆԱ մինչև 70% աճ։ Դինամիկ զարգացող այս տարածաշրջանի տնտեսական ցուցանիշների աճի տեմպերն ամեն տարի գնահատվում են ավելի քան 5%։ Բացի այդ, ԱԽՕՏ զարգացող և զարգացած պետությունները բարձր տեխնոլոգիաների խոշորագույն արտահանողներն ու ներմուծողներն են հանդիսանում։ Սակայն որևէ լուրջ ռազմաքաղաքական դաշինք՝ առանց ԱՄՆ մասնակցության, տարածաշրջանում գոյություն չունի։ Վաշինգտոնը արևելաասիական տարածաշրջանում ռազմաքաղաքական և ինտեգրացիոն միավորումների ստեղծման հիմնական պատնեշն է։ ԱՄՆ նախորդ վարչակազմի (նախագահ Բ.Օբամայի գլխավորությամբ)՝ նոր աշխարհակարգ հաստատելու փորձերը, որտեղ առաջատար գլոբալ դերակատարներ պիտի դառնային Վաշինգտոնն ու Պեկինը, բնականաբար՝ Միացյալ Նահանգների որոշակի առաջնորդությամբ, հաջողություն չունեցան։ Ամերիկացիները բախվեցին Պեկինի «լուռ կեցվածքին» ամերիկա-չինական երկպետության (դուումվիրատ) սկզբունքով նոր աշխարհակարգի ձևավորման հարցերում։ Չնայած նախընտրական բոլոր պոպուլիստական կարգախոսներին՝ ԱՄՆ նոր վարչակազմը՝ նախագահ Դ.Թրամփի գլխավորությամբ, կշարունակի Չինաստանի «զսպման» քաղաքականությունը։ Պեկինի և Վաշինգտոնի միջև խոշոր առևտրատնտեսական հարաբերությունները գլխավոր կապող օղակն են փոխադարձ ռազմավարական վստահության զարգացման համար։ Իզուր չէ, որ ասում են. «Բարեկամներիդ մոտ պահիր, բայց թշնամիներիդ՝ ավելի մոտ»։ Կարծում ենք, որ ստորև նշված երեք կետերը Վաշինգտոնի քաղաքականության առավել կարևոր գործիքներն են թվում Պեկինի հետ «մերձեցման» շրջանակում.
• Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության և տարածաշրջանային այլ կազմակերպությունների օգտագործում երկու երկրների միջև վստահելի հարաբերությունների հաստատման համար,
• մեծ ջանքերի գործադրում «Երկկողմ ներդրումային պայմանագրի» (BIT) վերաբերյալ բանակցություններում,
• հրաժարում «Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից» (TPP)՝ Պեկինի հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու համար։
Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների մեծ մասը նախկինի պես շարունակում է Վաշինգտոնը համարել որպես տարածաշրջանային անվտանգության գլխավոր երաշխավոր, իսկ Պեկինը՝ որպես սրընթաց տնտեսական զարգացման հնարավորություն։ Այդ պատճառով Վաշինգտոնին անհրաժեշտ է, որպեսզի Պեկինի և նրա տարածաշրջանային դաշնակիցների միջև պահպանվի մի ինչ-որ քաղաքական լարվածություն, ինչը կստիպի այդ երկրներին հենց ԱՄՆ-ը համարել «տարածաշրջանային անվտանգության երաշխավոր»։ Չնայած TPP-ից հրաժարվելուն՝ Վաշինգտոնը, պահպանելով իր աննախադեպ ռազմական պոտենցիալը տարածաշրջանում, կշարունակի վաղեմի քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը բոլոր երկրների հետ, որոնք մինչ այդ հայտարարում էին, որ ցանկանում են միանալ «Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությանը»։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը եղել և մնում է կարևոր տարածաշրջան Միացյալ Նահանգների կողմից իր ռազմավարական ազգային շահերն իրականացնելու համար։ Սակայն, նկատի ունենալով այն, որ ՉԺՀ-ն ԱՄՆ կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, Վաշինգտոնը չի կարող միակողմանի տնտեսական պատժամիջոցներ մտցնել՝ դրանով իսկ գնալով Պեկինի հետ ուղղակի առճակատման, ինչը կհանգեցնի լուրջ խնդիրների հենց ամերիկացիների համար։ Այս առնչությամբ Չինաստանի զսպման հարցի առավել գործնական լուծումը վերջինին տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշելն է վիճելի կղզիների հետ կապված (Թայվան, Սպարտլի կամ Դյաոյույդաո/Սենկակու)։ Իսկ իրենց՝ չինացիների պրագմատիկությունը, որոնց կառավարող իշխանությունն ընդհուպ մինչև մեր օրերը հետևում է Կոնֆուցիուսի պատգամներին, ոչ մեկի կասկածները չի հարուցում, ուստի Վաշինգտոնի համար խիստ դժվար կլինի իրականացնել այս սցենարը։
1 Աշխարհի երկրների վիճակագրական տվյալներ, http://mostinfo.su/665-statisticheskie-dannye-stran-mira-po-dannym-vsemirnogo-banka.html
2 Համագործակցության եռակողմ քարտուղարության պաշտոնական կայք, http://tcs-asia.org/
3 Ованнисян А., США-Китай: переосмысление стратегии или пролонгирование политики «сдерживания», http://www.diplomat.am/load/andranik_oganisjan/1/41-1-0-819
Գրականություն
1. Matsukawa R., The Tripartite summit: results and prospects of development, Tokyo, 2014.
2. Choe S., China, Japan and South Korea Pledge to Expand Trade at Joint Meeting, Tokyo, 2015.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ[20.12.2018]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ. ՌԻՍԿԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ[05.10.2018]
- «ՂՐԻՄԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[15.08.2018]
- «ԵՎՐԱՍԻԱ» ՋՐԱՆՑՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ[03.07.2018]