• am
  • ru
  • en
Версия для печати
22.06.2018

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

   

«21-րդ ԴԱՐ» N 2, 2018

Մարիամ Սաժեշ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ

Մշակույթը կարող է դիտվել որպես ուժ, որը տարբերակում և միավորում է երկրագնդի վրա ապրող մարդկանց: Միջմշակութային հաղորդակցության ոլորտի հայտնի գիտնականներ Ջ.Մարտինը և Թ.Նակայաման անդրադառնում են ընկալման դիալեկտիկ մոտեցմանը, մասնավորապես` թե ինչպես է մշակույթն ազդում այն ձևերի և ուղիների վրա, որոնցով մենք մտածում և ապրում ենք: Նրանք սահմանում են դիալեկտիկ հեռանկարներ՝ «ենթադրելով, որ մշակույթը և հաղորդակցությունը փոխկապակցված և հակադարձ մեծություններ են [1, p. 95]: Մշակույթը` որպես տարբեր էթնիկական խմբերի միջև բարդ և ընդլայնված երևույթ, ունի զանազան սահմանումներ, որոնք ծագում են որպես սոցիալական գործընթացների արդյունք: Երբ մշակույթի որևիցե կրող մեկ այլ մշակույթից ստանում է որոշակի մշակութային հաղորդագրություններ, առաջանում է խաչաձև մշակութային հաղորդակցություն: Խաչաձև մշակութային հաղորդակցությունը` որպես տարբեր ժողովուրդների գաղափարների և հասկացությունների, մշակութային բարիքների փոխանակման գործընթաց, տեղի է ունենում տվյալ ժողովուրդների միջև և հանդիսանում է մշակութային ընկալում: Խաչաձև մշակութային հաղորդակցությունը տեսական և գործնական առումով որոշակի համատեքստում, օրինակ` զբոսաշրջության, լրագրության, դասավանդման, հետազոտության, գիտության բնագավառներում, կրոնում և արվեստում, ունի միակողմանի և երկկողմանի հոսքեր [2, p. 98]: Երաժշտության սոցիոլոգիան փորձում է բացահայտել, թե ինչ ազդեցություն է թողել երաժշտությունն ունկնդրի վրա, ինչպես է երաժշտությունը հաղորդակցվում և երաժշտության ինչ գործառույթ է ազդում հասարակության վրա: Ժողովրդական երաժշտությունը մշակութային տարրերից մեկն է, որոնցից յուրաքանչյուրը շատ կարևոր է, ինչպես, օրինակ, հայկական մշակույթը: Երաժշտությունը մնացած արվեստների պես ստեղծվում է մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստում: Ըստ Լ.Դուլերի՝ «մշակույթ» եզրույթն առավելագույնս օգտագործվում է մարդկանց գիտական համաժողովներում [3, pp. 7, 148]:

Քննարկելով իրանական և հայկական մշակույթների երաժշտական կապերը՝ պետք է նշել, որ հայկական երաժշտությունը ոչ մի ուրիշ երաժշտության նման չէ, քանի որ ունի հատուկ քաղցրահնչյուն նախշեր և հարուստ հնչեղություն: Այս յուրօրինակությանը հասնում են հայկական ազգային գործիքների օգտագործման արդյունքում, որոնք մեզ են հասել վաղ միջնադարյան ժամանակաշրջանից, ինչպես ջութակի նախատիպը հանդիսացող փանդիռը կամ բամբիռը, լարային գործիքներից` տավիղը և քնարը, փողային գործիքներից` դուդուկը, զուռնան և ավագփողը, հարվածային գործիքներից` դհոլը: Հնագույն ժամանակներից մարդիկ երգել են ազգային ծիսական, աշխատանքային և ռազմական երգեր։ Մինչև մ.թ. 3-րդ դարը Իրանն ավելի մեծ ազդեցություն է ունեցել հայկական մշակույթի վրա, քան մյուս հարևանները: Երկու ժողովուրդներ կիսել են կրոնական, քաղաքական և լեզվական տարրեր և սովորույթներ, նույնիսկ մի ժամանակահատվածում ունեցել են միևնույն թագավորական տոհմը: Այնուհետև առաջ են եկել Սասանյան քաղաքականությունը և Հայաստանի դավանափոխությունը քրիստոնեության 4-րդ դարում [4, p. 3]: Չնայած տարբեր անվանումներին (Մարաստան, Պարսկաստան կամ Իրան) և մ.թ.ա. 6-4-րդ դդ. Աքեմենյան կամ ավելի ուշ՝ Պարթևական և Սասանյան հասարակարգերին, Սաֆյանների գահակալությանը միջնադարյան կամ վաղ միջնադարյան ժամանակահատվածում, Քաջարների կամ ներկայիս իսլամական հանրապետությանը, հայ և պարսից ժողովուրդները կիսել են իրենց հինավուրց կապը, որը ծագել է աշխարհագրական դիրքից և նմանտիպ մշակույթից [5]: Հիմնարար խնդիրներից մեկը, հատկապես ժամանակակից աշխարհում, մշակույթի և ապամշակութայնացման խնդիրն է: Այն կատարվում է ոչ միայն ժողովրդի և մարդկանց յուրօրինակության կամ անհատականության արդյունքում, որը հիմնված է սահմանման և արտահայտության վրա, այլ նաև մարդկային կյանքի որակի և մարդկային փոխազդեցության մշակույթի և ապամշակութայնացման կարևորության արդյունքում [6, p. 34]:

Հայկական ազգային, պրոֆեսիոնալ և հոգևոր երաժշտությունը միշտ կարևոր գործոն է հանդիսացել հայկական արժեքների և մշակույթի զարգացման համար: Հազարամյակների կտրվածքով այս երաժշտությունն ազդել և ամրապնդել է ազգի հոգևոր կյանքը, երկրի գեղեցկությունը, դժվարին, բայց հերոսական պատմությունը: Հինավուրց արմատները և չմարող կենսունակությունը ժամանակակից հայկական երաժշտության էությունն են: Հին հայկական երաժշտությունը փոփոխական ձև է ունեցել ամենօրյա կյանքում, նաև պարունակել է դարավոր և կրոնական ծեսեր, գյուղատնտեսական և ռազմական երանգների ամբողջություն: 19-րդ դարում Եվրոպայի հայ ուսանողների ինքնահաստատման գործընթացի հետևանքով հայկական պրոֆեսիոնալ երաժշտության մի նոր դարաշրջան սկսվեց: Հայկական երաժշտությունը զարգացել է զուգահեռաբար միմյանց հարստացնող ճյուղերով` ազգային երաժշտություն և պրոֆեսիոնալ երաժշտություն: Ազգային երաժշտությունն, իր հերթին, ունի տարբեր ճյուղեր կամ ոճեր` աշխատանքային, ծիսական, դյուցազնական, քնարերգական, և այդ երաժշտական ճյուղերը փոխկապակցված են [7, pp. 847-849]: Ազգային երաժշտությունը կարող է պարունակել ազգային երգեր, գործիքային ազգային երաժշտություն, որը հաճախ նվագակցվում է ազգային պարով: Չնայած ժամանակակից շատ արվեստագետներ նոր ազգային երաժշտություն են գրում ավանդական ոճով, շատերն ազգային երաժշտությունը համարում են հին ավանդական երաժշտություն: Ազգային երաժշտությունը հաճախ ունի ազգային երանգ, իսկ տարբեր երկրներ կամ մշակութային խմբեր ունեն իրենց բնորոշ ոճերը, չնայած որ կարող են հաճախ համընկնել ոճերով, ինչպես հարևան երկրներում, այնպես էլ մեծ թվով մարդկանց տեղաշարժերի կամ ներգաղթի արդյունքում: Հինավուրց ազգային մեղեդիների ծագումը կարող է աղոտ լինել, քանի որ նրանք հաճախ հաղորդակցվում են ընդօրինակման արդյունքում, որը փոխանցվում է սերնդեսերունդ, հաճախ առանց երաժշտական նշանագրության օգնության կամ անցնում են ազգային երաժիշտների` այլ համայնքների հետ մշակութային փոխազդեցությունից, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում վերամշակվեն ու փոփոխվեն: Ժամանակակից հանրամատչելի երաժշտության վրա ազդեցություն են թողել մոտ չորս հազար տարի առաջ Ասիայի տարածքում երաժշտության կատարման առաջին ձևերը: Առաջին հայացքից այդ երաժշտությունը ծագում է հանրամատչելի մշակույթից և հանդիսանում է տվյալ ժամանակահատվածի սովորույթների ու իրադարձությունների հայելին, սակայն ժամանակի հետ երաժշտությունն աստիճանաբար դարձավ երկրի մշակույթի մի մաս և հասարակության մշակույթի տարր:

Երկու մշակույթ, միմյանց հետ փոխազդելով, կիսում են իրենց մշակութային տարրերը, որոնք ազդեցություն են ունենում մեկը մյուսի վրա: Դա, իր հերթին, կախված է մշակութային տարրերի հանրայնությունից, օրինակ` լեզվական մշակութային տարրից: Իսկ երբ հասարակության որոշ մարդկանց խումբն արտագաղթում է այլ համայնքներ, փոխազդեցության առաջին կարևոր գործոն է հանդիսանում տվյալ ժողովրդի լեզուն, որպեսզի նրանք հեշտությամբ կարողանան հաղորդակցվել մեկը մյուսի հետ: Այստեղ մշակութային տարրն ազդում է արտագաղթողների վրա: Իրանցիների և հայերի միջև մշակութային հասարակական հաղորդակցության արմատները գտնվում են հին ժամանակներում, անկախ նրանից՝ հաղորդակցությո՞ւնն է ավելի երկար, թե՞ ազդեցությունը: Հարց է ծագում. արդյո՞ք հայկական երաժշտությունն ունեցել է որոշակի ազդեցություն իրանական երաժշտության վրա, թե՞ ոչ: Ավելին՝ մեր այս հետազոտությունում փորձել ենք պարզել, թե իրանական երաժշտության որ հատվածների վրա է այն առավել կարևոր դեր ունեցել: Մեր ուսումնասիրության մեջ կիրառել ենք սոցիոլոգիայում ընդունված մեթոդ, որի համաձայն՝ պատահականության սկզբունքով ընտրվել են 170 տղամարդ և կին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ բոլորովին պատահական է ընտրվել, իսկ բնակչության յուրաքանչյուր անդամ հավասար հնարավորություն է ունեցել սոցիոլոգիական ընտրանքի մեջ ընդգրկվելու համար [8]: Սոցիոլոգիական հարցման մասնակիցների տարիքը հասնում էր մինչև 20 տարեկան: Հարցաթերթիկները բաշխվել են Սպահանի հայ համայնքում: Հետազոտության տվյալները գնահատվել և վերանայվել են՝ դասակարգելով դրանք և կիրառելով երկչափ աղյուսակներ: Աղյուսակ 1-ում բերված են դասակարգված տվյալներ։ Արդյունքները վերլուծության են ենթարկվել` ցույց տալով, թե երաժշտության որ հատվածներում է առկա առավելագույն ազդեցությունը:

Աղյուսակ 1. Հայ երաժշտության ազդեցությունն իրանականի վրա


Վերոնշյալ աղյուսակում դասակարգվել են պատասխաններ, որոնցում 170 հետազոտված դեպքերից 116-ում տրվել է դրական պատասխան, ինչը կազմում է հարցվածների 68%-ը: Դրանցից յուրաքանչյուրը տվել է դրական պատասխան՝ նշելով, թե իրանական երաժշտության որ մասն է ազդել հայկական երաժշտության վրա, ինչը երևում է ստորև բերված Աղյուսակ 2-ում.

Աղյուսակ 2


Այս հատվածում, ինչպես տեսնում ենք, բերված են միայն այն մասնակիցների պատասխանները, որոնք ասել են, որ հայկական երաժշտությունն ազդել է իրանական երաժշտության վրա: Հարցաթերթիկում մասնակիցների մեծամասնությունը (36%) պատասխան է տվել, որ որոշ իրանական ցեղեր օգտագործում են հայկական երաժշտական գործիքներ: Երկրորդ հատվածում, ինչպես տեսնում ենք, մասնակիցների թվի 19%-ը պատասխանել է, թե հավատում է, որ հայկական երաժշտությունը որոշակի ազդեցություն է ունեցել իրանական ազգային, տեղական և ավանդական երաժշտության վրա: Աղյուսակի երրորդ տողում ներկայացված պատասխանները ներառում են հարցվածների մոտ 17%-ը: Նրանք նշել են, որ հայկական երաժշտությունը միակ պատճառն է, որի արդյունքում զարգացել և աճել է իրանական կամ պարսկական երաժշտությունը: Աղյուսակի չորրորդ հատվածում պատասխանների մոտ 16%-ը վկայում է, որ հայկական երաժշտությունն օգնել է, որ իրանական փոփ երաժշտությունը զարգանա, և հենց Իրանի հայերն են զարգացրել փոփ երաժշտությունը: Հինգերորդ հատվածում ներկայացված է պատասխանների 6%-ը, որոնց համաձայն՝ իրանական երաժշտությունն ամբողջ աշխարհում հանրաճանաչ է դարձել հայերի օգնությամբ:

Իրանական ֆոլկլորային երաժշտության առանձնահատկությունն այն է, որ մինչ երաժիշտներից մեկը նվագում է մեկ նոտա կամ մի շարք նոտաներ` մյուսը պետք է նվագի այնպիսի նոտաներ, որոնք դրանց համահունչ լինեն որպես ամբողջություն: Ավելին, երաժշտի նվագած նոտաները լցվում են այն հատվածներում, որոնք ազատ է թողել առաջին երաժիշտը: Նշված երկու կամ ավելի շատ անկախ հատվածների միացությունը կազմում է ամբողջական պատկեր, որը շատ նման է գլուխկոտրուկի տարբեր կտորների: Այս ձևով երաժշտությունն իր յուրովի ազդեցությունն է թողնում հասարակության անդամների փոխկախվածության վրա: Յուրաքանչյուր անհատի դերը շատ կարևոր է: Ամբողջությունը չի կարող ստեղծվել առանց մյուս կողմի: Ավելին, կողմերից յուրաքանչյուրը պետք է սահմանի կատարված կառուցվածքը մեծ ճշգրտությամբ, որպեսզի պարզորոշ պահպանվեն բոլոր հատվածները և ճշգրիտ համապատասխանեն իրար: Այդ կատարումը պահանջում է համագործակցություն և ճշգրիտ ռիթմիկ համընկնում, որն արտացոլում է այդ արժեքների գոյությունը տվյալ համայնքում ապրող ժողովրդի ամենօրյա կյանքում:

Մարտ, 2018թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Judith.M and Thomas Nakayama, Intercultural Communication in Contexts. New York: McGraw-Hill, (2010).

2. Larry A., Set al, Intercultural Communication, Tehran Baz, first edition, (2000).

3. Dollo L., the individual and collectivist culture, Translator Abbas Bagheri, publish. Tehran, Faran Poor, (2003).

4. Bournoutian. G.A, Religion. Armenian in Iran culture of Iran, Cultureofiran.com (2006).

5. http://100years100facts.com/facts/armenian-persian-legacy-dates-back-antiquity/ 15/8/2016 7:10 pm.

6. Danai N., Sociology culture, publish Sako, (2013).

7. Koskoff E., The Concise Garland Encyclopedia of World Music: published by:Routledge. Simultaneously in the UK, (2008),1943.

8.Valerie J., Easton and John H. McColl's Statistics Glossary v1.1 22/8/2016 11:16am.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր