
«21-րդ ԴԱՐ» N 2, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 2-րդ համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են ՀՀ արտահանման ներուժի և մրցունակության բարելավման խնդիրներին, մեր երկրի ռազմարդյունաբերության զարգացման ներուժին, Իրանում և Իսրայելում պետություն-սփյուռք գործակցությանը, Վրաստանում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքի հարցին, ինչպես նաև ուշագրավ այլ թեմաների։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աղասի Թավադյան Ամփոփագիր
ՀՀ արտահանման ներուժը, առանցքային ճյուղերը գնահատելու և մրցունակության մակարդակը բարձրացնելու համար հոդվածում դիտարկվել է ՀՀ դրամի փոխարժեքի դինամիկայի ազդեցությունն առևտրային հաշվեկշռի վրա: Առկա է արտահանման ծավալի էական աճ, սակայն անհրաժեշտ է բացասական առևտրային հաշվեկշռի և արտահանում/ՀՆԱ հարաբերակցության հետագա բարելավում:
Առևտրային հաշվեկշռի բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել պատրաստի արտադրանքի արտահանման էական աճի և բազմազանեցման նպատակաուղղված ռազմավարություն: ՀՀ դրամի փոխարժեքը դրական ազդեցություն ունենալու ներուժ ունի առևտրային հաշվեկշռի վրա, ինչպես նաև կարող է նպաստել ներմուծվող ապրանքատեսակները տեղական արտադրությամբ փոխարինելուն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Գայանե ՀարությունյանԱմփոփագիր
Ռազմարդյունաբերությունը երկրի ռազմապաշտպանական ներուժի կարևոր բաղադրիչն է, իսկ դրա զարգացումը ոչ միայն երկրի պաշտպանունակության բարձրացման գրավականն է, այլ նաև տնտեսության զարգացման։ Հոդվածում փորձ է արվել ոլորտի վերաբերյալ առկա սահմանափակ տեղեկատվության հիման վրա գնահատել Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ներուժը՝ համեմատական առավելությունների ձևավորման տեսանկյունից։ Այդ նպատակով գնահատվել են ռազմարդյունաբերության ոլորտում աշխատուժի, արտադրության այլ գործոնների և պահանջարկի առանձնահատկությունները։ Առաջարկվել են ոլորտում մասնագիտացման առավել նպատակահարմար ուղղություններն ըստ Կրաուզեի աղյուսակի։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.
Անուշավան ԲարսեղյանԱմփոփագիր
Ադրբեջանի տնտեսության համար լուրջ մարտահրավեր էր 2015-2016թթ. նավթի գնանկումը: 2017թ. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների ուսումնասիրությունը, տնտեսական ուղղվածության վերլուծական առաջատար կենտրոնների, փորձագետների և միջազգային տնտեսական վարկանիշային կազմակերպությունների գնահատականների համադրումը թույլ են տալիս եզրակացնել, որ չնայած 2016թ. համեմատ գրանցված որոշակի դրական միտումներին, ԱՀ իշխանություններին չի հաջողվել տնտեսական իրական աճ արձանագրել: Դա հիմնականում պայմանավորված է տնտեսության ստվերայնության բարձր մակարդակով, ինչն էականորեն ազդում է հարկերի հավաքման գործընթացի վրա, ոչ նավթային ոլորտում հռչակված բարեփոխումների անարդյունավետությամբ, նավթագազային ոլորտից տնտեսության և արտահանման խոցելի կախվածությամբ, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի ճգնաժամային վիճակով:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ
Վահրամ ՀովյանԱմփոփագիր
Չնայած իրանական սփյուռքի ոչ միանշանակ դերին այդ երկրի համար, ինչպես նաև պետություն-սփյուռք հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին, ԻԻՀ իշխանությունները փորձում են օգտագործել արտերկրի հայրենակիցների քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և գիտական ներուժը սեփական երկրի զարգացման և նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Իրանական փորձից հայ իրականության համար ուսանելի են սեփական երկրի և տվյալ պետության շահերի ներդաշնակության գաղափարի առաջմղումը (տեղեկատվական ոլորտ), քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցությունը (քաղաքական ոլորտ), արտասահմանյան բուհերում երիտասարդների ուսումը հովանավորելու հարցում թիրախավորված քաղաքականությունը (գիտության ոլորտ), սփյուռքի կապիտալի մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը (տնտեսական ոլորտ)։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
Կարեն ՎերանյանԱմփոփագիր
Հետազոտությունը նվիրված է հրեությունում պետություն-սփյուռք համագործակցության զարգացման հնարավորությունների և խնդիրների լուսաբանմանը։ Անդրադարձ է կատարվում հրեության ժողովրդագրական վիճակագրության պատմական նկարագրին, արդի միտումներին և հնարավոր կանխատեսումներին։ Ուշադրություն է դարձվել պետություն-սփյուռք փոխգործակցության կառավարման, ազգային, հոգևոր-գաղափարական, ինչպես նաև քաղաքական իրավական, հայեցակարգային բաղադրիչների ուսումնասիրման հարցերին։ Լուսաբանվել են պետություն-սփյուռք երկխոսության հիմնահարցերը Իսրայելի պաշտպանության, զինծառայության ոլորտների վերաբերյալ, որտեղ Իսրայելի զինված ուժերը ներկայանում են որպես պետություն-սփյուռք գործակցության և Իսրայելում հայրենադարձների ինտեգրման կարևոր ինստիտուտ։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 2)
Վահե ՍարգսյանԱմփոփագիր
Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծվել է վրացական տպագիր մամուլում: Ներկա աշխատանքում քննության են առնվել 21-րդ դարի առաջին տասնամյակի վրացալեզու տպագիր մամուլի նյութերը, ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վրաց հասարակական-քաղաքական մտքի տարաբնույթ տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները: Վրաց հեղինակները Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ընդհանուր առմամբ խախտել են պատճառահետևանքային կապը. վերջիններս Հայոց ցեղասպանության ծրագրման և իրագործման մեջ մեղադրում են ոչ թե թուրքական իշխանություններին, այլ Ռուսաստանի կայսրությանը, որն առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմում հայերին փորձել է վերածել 5-րդ շարասյան, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցությանը (ՀՅԴ), որը, ըստ վրաց հեղինակների, պայքարել է Թուրքիայից հայկական հողերի անջատման համար, որի պատճառով էլ սեփական ժողովրդի դեմ է գրգռել օսմանյան կառավարությանը:
ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Մարիամ ՍաժեշԱմփոփագիր
Հոդվածում բարձրացվում են հարցեր, որոնք վերաբերում են Սպահանի հայերի հաղորդակցությանը` որպես համայնքների միջև մշակութային կապ: Մասնավորապես` օսմանյան պատերազմից հետո, երբ հայերն արտագաղթեցին Իրան, դա իր հետևանքն ունեցավ իրանական և հայկական երաժշտական մշակույթի վրա: Այս երկու փոխկապակցված և ընդհանուր շատ գծեր ունեցող մշակույթներն ազդեցություն են թողնում մեկը մյուսի վրա:
ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Նունուֆար ՍտեփանյանԱմփոփագիր
Օրենսդիր-գործադիր փոխհարաբերությունների ուսումնասիրության ժամանակ առանցքային հարցերից է այն, թե որ կուսակցությունները միասին կձևավորեն կոալիցիոն կառավարություն, ինչպես կկիսեն սահմանափակ թվով պորտֆելները և ինչպես կհաստատվի հիմնական քաղաքական գիծը: Հոդվածի շրջանակներում հիմնավորվել է քաղաքական որոշումների ընդունման գործընթացում կոալիցիաների դերը՝ որպես քաղաքական որոշումների ընդունման հիմնական կենտրոն: ՀՀ օրինակով վերլուծվել են կոալիցիաների ձևավորման մոդելները, համակարգված ձևով ներկայացվել են 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում ձևավորված քաղաքական կոալիցիաները:
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊՈԶԻՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇ
Միսակ ՄարգարյանԱմփոփագիր
Հոդվածում դիտարկվում են լեգիտիմության հասկացությունը, էությունը, առանձնահատկությունը՝ որպես պոզիտիվ իրավունքի բնութագրիչ հատկանիշ։ Հեղինակը գտնում է, որ լեգիտիմությունը հանդիսանում է պոզիտիվ իրավունքի իրականացման կարևորագույն պայմաններից մեկը։ Մատնանշվում է, որ առանց լեգիտիմության՝ ցանկացած իրավական ակտ (օրենք, ենթաօրենսդրական ակտ) դառնում է դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Վահե ՊողոսյանԱմփոփագիր
Հոդվածում հիմնավորվում է այն գաղափարը, որ հետխորհրդային հասարակություններում քաղաքական լիդերները հիմնականում նույնանում են իրենց ներկայացրած կուսակցությունների հետ, ինչի արդյունքում քաղաքական լիդերի հանրային դրական կերպարի ձևավորումը ԶԼՄ-ի միջոցով հանդիսանում է տվյալ կուսակցության կողմից ընտրողների քվեների ստացման կարևոր գրավական։ Բացի այդ, դրական քաղաքական կերպարը նպաստում է իր ներկայացրած կուսակցության հանրային լեգիտիմ ընկալմանը, որը կուսակցությանը վստահելու կարևոր գրավական է։