• am
  • ru
  • en
Версия для печати
21.06.2018

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 2)

   

«21-րդ ԴԱՐ» N 2, 2018


Վահե Սարգսյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Վրաստանի պետական և հասարակական-քաղաքական օղակների առջև մշտապես բարձրացրել են Վրաստանում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունները: Այդպիսի մի պահանջագիր հղվեց նաև 2003թ. աշնանը` Վրաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Վրաստանի ղեկավարությանն ու ընտրություններին մասնակցող ուժերին ուղղված պահանջագրին, որի տակ ստորագրել էին Ջավախքում գործող «Ջավախք», «Ակունք», «Ա-ինֆո», «Լեռնաշխարհ» և այլ կազմակերպություններն ու միությունները, անդրադարձան վրացական «Տրիբունա» և «Խվալինդելի դղե» թերթերը1: Նույն օրերին, արձագանքելով Վրաստանի հայկական կազմակերպությունների նշյալ պահանջագրին, վրացական «Ռա՞ո-ռա՞ո» թերթը կարծիք է հայտնում, որ հայկական քաղաքական կազմակերպությունները նախընտրական շրջանում ակտիվանալով՝ վերջնագիր ներկայացրին, որի համաձայն՝ վերջիններս խոստացան 400.000 հայ քաղաքացիների քվեները տալ այն քաղաքական կուսակցությանը, որն ապագա խորհրդարանում 1915-16թթ. Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երաշխիքներ կտա: Թերթն այնուհետև հրապարակում է հայության կողմից շրջանառված նշյալ պահանջագրի վերաբերյալ հնչեցված վրացի գործիչների տեսակետները: Այսպես` նախագահի միջազգային իրավական հարցերով խորհրդական Լ.Ալեքսիձեն նշել է հետևյալը. «Դա շատ նուրբ հարց է (խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին է- Վ.Ս.): Գերմանական ֆաշիզմի դատապարտումից հետո պատմության մեջ չի ֆիքսվել ցեղասպանություն: Որպեսզի ճանաչվի ցեղասպանության փաստը, հսկայական աշխատանք է անհրաժեշտ: Հայկական «Ջավախք» կազմակերպության կողմից ներկայացված պահանջը սրբազան սադրանք է և չի տեղավորվում որևէ շրջանակում: Հայաստանի կառավարության ղեկավարներն այս հարցը չեն դնում մեր իշխանությունների առաջ: Իսկ այն, որ «Ջավախքի» հետևում քաղաքական որոշ ուժեր են կանգնած, գաղտնիք չէ: Եթե մենք ճանաչենք հայերի ցեղասպանությունը, այդ դեպքում նախ պետք է ճանաչվի Իրանի ու Թուրքիայի կատարած վրացիների ցեղասպանությունը... Այս ամենից ելնելով՝ կրկնում եմ, որ նշված հարցը նույնիսկ օրակարգում դնելն անհիմն է»2: Անդրադառնալով նույն հարցին՝ խորհրդարանական, «Բուրջանաձե-դեմոկրատներ» բլոկի ներկայացուցիչ Է.Թեոդորաձեն նշել է հետևյալը. «Մենք, ինչ խոսք, հարգում ենք զոհվածներին, բայց համարում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը չեզոք դիրք պետք է գրավի, քանի որ Վրաստանում ապրում են թուրքեր և հայեր: Պատմությունն իրենը կասի: Միգուցե երբևիցե ճանաչեն Հայկական ցեղասպանությունը, բայց ներկա պահին այն անընդունելի է»3:

Հայ-վրացական պատմական վեճերին, սահմանային հարցերին և Լոռու գավառի պատկանելությանն առնչվող ծավալուն հոդվածով է հանդես եկել վրացական մեկ այլ պարբերական` «Ջորջիան թայմսը»: Իր կատարած պատմական էքսկուրսում կրկին առաջ քաշելով հայերի կողմից վրացական տարածքների զավթման վերաբերյալ հին ու չարչրկված թեզը` հոդվածագիրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրում է. «Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության ժամանակ հայությանն օգնություն հասցնելու համար վրաց ժողովուրդն իր քրիստոնեական, բարեկամական և հարևանական ձեռքը մեկնեց»4: Այնուհետև ներկայացնելով Հայոց ցեղասպանությանը հաջորդող իրադարձությունները` հեղինակը շարունակում է. «Բայց 1918թ. մայիսի 28-ից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն (մեզանից 2 օր հետո միայն), այն ժամանակվա հայ ղեկավարության առաջին քայլերից մեկը Վրաստանի դեմ պատերազմի իրագործումն էր: Իսկ վրաց բանակը փետուրի նման հետ քշեց և գլխավորը ազատագրեց Լոռի-Տաշիրի (վրացական եզրույթով` «lore-taSiri» («Լոռե-Տաշիռի»)- Վ.Ս.) օկուպացված հատվածը (հասան մինչև Սանահինի այն եկեղեցին, որտեղ թաղված է Իվանե Մխարգրձելին): Եղբայրության, բարիքի դավաճան հայ ղեկավարությանը հաջողվեց կանգնեցնել վրաց բանակի առաջընթացը (Անգլիայի ղեկավարությունն իր հերթին նպաստեց լարված իրավիճակի կայունացմանը): Այդպիսով Լոռի-Տաշիրը հայտարարվեց չեզոք, վիճելի գոտի: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վրաց բոլշևիկներն առանց որևէ խնդրի զիջեցին վիճելի տարածքը «եղբայրներին» ոչինչ չզիջող, ագրեսոր հայ բոլշևիկներին»,- այսպես է ավարտում Լոռու գավառի վերաբերյալ իր պատմական անդրադարձը թերթի հրապարակագիրը5:

Արծարծելով Ջավախքի հիմնահարցը և ամբողջությամբ արտատպելով հասարակական գործիչներ Ե.Շիրինյանի և Ա.Վարդապետյանի կողմից «Ջավախք» թերթում 1998թ. հրապարակված «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա սահմանադրության հիմնադրույթները (նախագիծ)» վերտառությամբ փաստաթուղթը6, վրացական «Ռա՞ո-ռա՞ո» թերթը հրապարակում է Ավանդականների կուսակցության անդամ, պատմաբան Գ.Սանիկիձեի` այդ առթիվ հնչեցրած տեսակետները: Անդրադառնալով «Ջավախքի» հրապարակմանը և ջավախահայությանը հանիրավի մեղադրելով ինքնավարություն պահանջելու մեջ (թեկուզև Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում)՝ թերթի հրապարակագիրն իր առաջնորդողում անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության խնդրին. «Հարևանների տարածքների նկատմամբ հավակնությունները` հայերի դարավոր այդ աներեսությունները, որ այսօր էլ շարունակում են անջատողականները, միշտ էլ ունեցել են ողբալի ավարտ. ի պատասխան 1915թ. արևելյան Թուրքիայում («aRmosavleT TurqeTSi» - հեղինակը նկատի ունի Արևմտյան Հայաստանը- Վ.Ս.) հայ անջատողականնների խռովության` տեղի ունեցավ դաժան ողբերգություն, որից ոչ «դաշնակցականները» դասեր քաղեցին, ոչ էլ նրանց ախալքալաքցի վկաները»7:

«Աիսի» թերթին տված իր ծավալուն հարցազրույցում Հայոց ցեղասպանության խնդիրն է շոշափում պատմաբան Ս.Մասխարաշվիլին: Անհիմն համարելով Վրաստանի շուրջ 650 եկեղեցիների հայկական լինելու փաստը և դրանց նկատմամբ հայկական պահանջատիրությունը, ինչպես նաև անդրադառնալով տարբեր շրջանների մի շարք պատմական անցքերին` վերջինս յուրովի է ներկայացնում նաև Հայոց ցեղասպանության պատճառները. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915թ. Օսմանյան կայսրության առևտրի մեծ մասը բաժին էր ընկնում հայերին, նրանք Եվրոպայում ունեին ուժեղ սփյուռք: Դրա համար նրանց մոտ առաջացավ երազանք` Անտանտի պետությունների համար խաղալ 5-րդ շարասյան դեր: Նրանք ունեին զինված կազմավորումներ, սկսեցին դավաճանական գործունեություն ծավալել ընդդեմ Օսմանյան կայսրության, կազմակերպեցին ահաբեկչական գործողություններ»8,- նշում է Ս.Մասխարաշվիլին և, տուրք տալով սեփական հայատյաց հայացքներին, ներկայացնում Կարսի շուկայում իբր տեղի ունեցած մի դեպք, որը, ըստ հեղինակի, հանդիսացավ այդ մեծ ողբերգության կատալիզատորը. «Երկու հայ վաճառականներ խաղում էին նարդի, երբ նրանց կողքով անցնում է մի հղի մուսուլման կին: Հայերը դադարեցրին խաղալ նարդի և սկսեցին վիճել` կնոջ որովայնում տղա՞ էր, թե՞ աղջիկ: Հետո նրանք դաշույնով կտրեցին հղի կնոջը երկու կեսի և դուրս հանեցին երեխային…»9: Հարցին` թե` մի՞թե դա տեղի է ունեցել, վրացի պատմաբանը միանշանակ հաստատում է և հավաստիացնում, որ, իբր, Վրաստանում այդ տեղեկությունը տարածվել է տվյալ ժամանակ Կարսում աշխատող վրացիների կողմից: Այդ դեպքին, իբր, հետևել են հայ-թուրքական բախումները: «Դրանից հետո հայերը կազմակերպում են խոշոր ապստամբություն Արևելյան Թուրքիայում (հեղինակը նկատի ունի Արևմտյան Հայաստանը- Վ.Ս.). Վանի, Բայբուրդի, Բիթլիսի տարածքներում, որոշ տեղերում նրանք անգամ գերազանցեցին հակառակորդին, բայց գործին միջամտեցին Օսմանյան կայսրության զինված ուժերը և սկսվեց հայերի անխիղճ ոչնչացումը Թուրքիայի ողջ պարագծի վրա, Ստամբուլից մինչ Կարս10: Այդ դժբախտության արձագանքները տարածվեցին Բաքվում նույնպես: Հայերի վրա այնտեղ ևս հարձակվեցին, բոլորին սպանեցին, ինչի արդյունքում հարյուրավոր տեղի վրացիներ ևս զոհվեցին»11: Ինչպես տեսնում ենք, Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և միջազգային հեղինակավոր շրջանակների կողմից ճանաչված ու դատապարտված արևմտահայության ցեղասպանության իրագործումը ոչ միայն չի դատապարտվում վրացի պատմաբանի կողմից, այլև այն համարվում է պատմական օրինաչափություն և ստեղծված իրադրության մեջ Թուրքիայի պատասխան արձագանք: Ավելին` հնարովի պատմությունների և պատմական փաստերի խեղաթյուրման միջոցով հարցազրույցի հեղինակը, լիովին արդարացնելով թուրքական իշխանությունների ցեղասպանական քայլերը, փորձում է ողջ մեղքը բարդել հայերի վրա:

Ջավախքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներին, հայ-վրացական պատմական վեճերին, ինչպես նաև Վրաստանում հայկական համարվող շուրջ 650 հայկական եկեղեցիների և այլ պատմաճարտարապետական հուշարձանների պատկանելության խնդրին «Գալոբա» թերթում անդրադառնում է վրաց շրջանակներում հայտնի հայագետ Բ.Արվելաձեն12: Հեղինակն իր հոդվածում խստորեն քննադատում է ինչպես ջավախահայերին` մեղադրելով նրանց ինքնավարություն պահանջելու մեջ, այնպես էլ հուշարձանագետ Ս.Կարապետյանին, որը շրջանառության մեջ է դրել Վրաստանի (այդ թվում` Ջավախքի) հայկական հուշարձանների վերաբերյալ գրքեր ու քարտեզներ, մեծանուն ճարտարապետ, հայ ճարտարապետության պատմության և տեսության լավագույն գիտակ Տ.Մարությանին13, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, համբավավոր հայագետ Ն.Տոկարսկուն14 և այլոց: Բ.Արվելաձեն ևս հավատարիմ է մնացել վրացական հասարակական-քաղաքական և գիտական-ակադեմիական շրջանակներում տիրող կարծրատիպերին և որպես իրադարձությունների այս կամ այն կերպ զարգացման հիմնական դերակատար ուժ համարել է հայ քաղաքական կուսակցություններից մեկին` Հայ Յեղափոխական Դաշնակցությանը (ՀՅԴ): Իր հրապարակման մեջ կարմիր թելի նման տանելով ՀՅԴ գործոնը` հեղինակը նշված քաղաքական կուսակցության` իր տեսանկյունից հակավրացական համարվող դերակատարումը տեսնում է գրեթե ամենուր` սկսած 20-րդ դարասկզբի իրադարձություններից, ջավախքյան ներկայիս զարգացումներից մինչև հուշարձանագետ Ս.Կարապետյանի կողմից Վրաստանի հայկական հուշարձաների մասին քարտեզների և գիտական աշխատանքների հրատարակումը: Խոսելով 20-րդ դարասկզբի իրադարձությունների, «Մեծ Հայաստանի» մասին հրատարակված քարտեզների մասին` Բ.Արվելաձեն ևս, ինչպես վրացական գիտահասարակական շրջանակների ներկայացուցիչների ծանրակշիռ մասը, հայերի մեծագույն ողբերգության` ցեղասպանության պատճառները որոնում է ՀՅԴ, իր որակմամբ՝ «անհեռատես քաղաքականության» մեջ15:

Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի օրերին` 2005թ. ապրիլի վերջին, հատուկ հրապարակմամբ հանդես եկավ «Ասավալ-դասավալի» թերթը16: Խոսելով երիտթուրքական կուսակցության գլխավոր քարտուղար, Օտոմանյան Թուրքիայի ՆԳ նախարար, մեծ վեզիր Թալեաթ փաշայի կարգադրությամբ կայսրության տարածքում մեկուկես միլիոն էթնիկ հայերի զանգվածային ոչնչացման մասին` թերթը նշում է, որ տեղի ունեցած սարսափելի ողբերգության իսկական պատճառների մասին այսօր էլ չի խոսվում կամ այդ փոքր ազգի դժբախտության պատմությունը ներկայացվում է կեղծված տեսքով: Խոսելով Թուրքիայում հայերի կազմակերպված սպանդի մասին՝ թերթը մեջ է բերում 90 տարի առաջ հնչեցված հետևյալ խոսքերը. «Այն, ինչը չհաջողվեց իրագործել թուրքական կայսրության երեք սուլթաններին, Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին հաջողվեց իրագործել 24 ժամվա ընթացքում»: Հավելենք, որ թերթի` Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված նշյալ էջում հրապարակվել էին նաև ցեղասպանության տեսարաններ ներկայացնող երկու մեծադիր լուսանկարներ: Հրապարակման մեջ, որպես Հայոց ցեղասպանության իրականացման պատճառ, ընդգծվում է Ռուսաստանի դերակատարումը. «Թուրքիայի տարածքում հայ ազգի ցեղասպանությունը ռուսական կայսրության ոգեշնչանքն էր!…» 17: Թերթը հայտնում է այն տեսակետը, որ ռուսների խորհրդով են հայերն ապստամբել Թուրքիայի դեմ` Ռուսաստանից ստանալով ինքնավարություն ունենալու հույսեր: Այդ ամենը, ըստ «Ասավալ-դասավալիի», ունեցավ ողբալի հետևանքներ` Թուրքիայի անապատներում մեկուկես միլիոն հայերի վերածելով մոխրի: Թերթն այնուհետև զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության և Աբխազիայում 1992-1993թթ. տեղի ունեցած արյունալի բախումների միջև: Հոդվածի հեղինակները ևս, տուրք տալով վրացական շրջանակներում տիրապետող տեսակետներին, որպես Աբխազիայի վրացաբնակ վայրերում իրականացված կոտորածների գլխավոր դերակատարների, ռուսների կողքին հիշատակում են նաև «հյուսիսկովկասցի դահիճներին» և Աբխազիայի հայկական բնակավայրերի պաշտպանության համար կյանքի կոչված՝ Մ.Բաղրամյանի անունը կրող հայկական գումարտակը:

Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվող հիշատակի միջոցառումների օրերին հայտարարությամբ է հանդես եկել նաև Սամցխե-Ջավախքի նահանգում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Գոգա Խաչիձեն, որի խոսքերը հրապարակվել են «Ռեզոնանսի» թերթի 2005թ. ապրիլի 23-ի համարում. «…Ցեղասպանությունը պետությունը պաշտոնապես չի ճանաչում, բայց Վրաստանում բնակվող հայերը լիարժեք իրավունք ունեն համապատասխան արժանապատվությամբ նշել այդ օրը»,- իր հայտարարությունում մասնավորապես նշել է Սամցխե-Ջավախքի նահանգապետը18: Շուրջ 3,5 տարի (2005թ. մարտ - 2008թ. հոկտեմբեր) Սամցխե-Ջավախքում որպես Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ պաշտոնավարած Գոգա Խաչիձեն ևս, ինչպես իր նախորդները և հաջորդները, աչքի չի ընկել ընդգծված հայամետ հայացքներով: Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք Հայոց ցեղասպանության հանդեպ վրացական միջավայրում առկա կարծրատիպերը, սույն հայտարարությունը կարելի է համարել Սամցխե-Ջավախքի հայության և, ընդհանուր առմամբ, ողջ վիրահայության հանդեպ հարգանքի դրսևորում:

Հայ-վրաց-ադրբեջանական հարաբերություններին և այսրկովկասյան տարածաշրջանի լարված օջախների խնդրին է անդրադառնում «Ախալի թաոբա» թերթը: Հոդվածագիրը լարվածության հնարավոր օջախներ է դիտարկում Վրաստանի հարավում հոծ բնակվող ադրբեջանցիների և հայերի զբաղեցրած տարածքները` Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախք նահանգները, որոնցից առաջինում, ըստ հեղինակի, առկա են սոցիալական բազում խնդիրներ, իսկ երկրորդում` նաև անջատողական տրամադրություններ19: Խոսելով վրաց-հայկական և վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին` հեղինակն այն կարծիքն է հայտնում, որ Վրաստանը չպետք է թույլ տա ջերմ հարաբերությունների վրա բացասաբար ազդող որևէ քայլ: Վրաստանն ու Ադրբեջանը, ըստ Գ.Ուձիլաուրիի, ունեն նմանատիպ հիմնահարց, որն է` տարածքային ամբողջականության խախտված լինելը: Ճիշտ է, հեղինակը նշում է, որ վրացիները բոլորից շատ ադրբեջանցիներին են համակրում, իսկ հայերը երկու երկրների էթնիկ բախումներում պայքարել են հակառակորդի կողմից20, այդուհանդերձ, թուրք-մեսխեթցիների` Ջավախքում վերաբնակեցման հարցում հեղինակի տեսակետները բավական անաչառ են: Խստորեն դեմ արտահայտվելով շուրջ 300.000 թուրք-մեսխեթցիների վերաբնակեցմանը Սամցխե-Ջավախքում` հեղինակը փաստում է, որ այդ գործընթացն իր հետ բերելու է Վրաստանի վրա Թուրքիայի անցանկալի ազդեցության մեծացմանը և իսլամական գործոնի ամրապնդմանը, ինչը բոլորովին չի բխում Վրաստանի շահերից: Եզրակացնելով այդ ամենը` հեղինակը նշում է, որ ելնելով ինչպես պատմությունից, այնպես էլ իսլամական աճող գործոնից (ինչից զգուշանում է ողջ Եվրոպան), Թուրքիայի հետ սիրախաղերը երբեք չեն կարող տեղավորվել Վրաստանի ռազմավարական շահերի շրջանակներում: Հենց այս շրջանակներում էլ Գ.Ուձիլաուրին խոսում է Հայոց ցեղասպանության մասին` նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների վառ օրինակն են 1915-1917 թվականները: «…Կարճ ասած, եթե Ջավախք տեղափոխվեն թուրք-մեսխերը, հնարավոր է նոր ցեղասպանություն կատարվի, որտեղ անհայտ է, թե ովքեր կհաղթեն` հայերը, թե Ուզբեկստանից վտարված թուրք-մեսխերը: Պաշտոնական Անկարան, ինչ խոսք, կաջակցի թուրք-մեսխերին, իսկ դա կարող է վերաճել կովկասյան մեծ պատերազմի»,- եզրակացնում է թերթը21: Առարկայական է նաև հեղինակի եզրահանգումն այն մասին, որ Թուրքիայից եկող վտանգներին դիմակայելու համար Վրաստանին ձեռնտու է իր հարավային սահմանին ունենալ ուժեղ և հարուստ տարածաշրջան` Սամցխե-Ջավախք, հարուստ՝ հայերով և վրացիներով: Ցավոք, երկու ժողովուրդների փոխադարձ շահերը շոշափող այսպիսի առողջ դատողությունների չափազանց քիչ ենք հանդիպում վրացական մամուլում:

Վերադառնալով վրացական հին ու չարչրկված տեսակետներին` «Աիսի» թերթն իր հերթական համարում հրապարակում է հայությանն ուղղված խիստ քննադատություններով և անգամ վիրավորական արտահայտություններով լի ծավալուն մի հոդված22: Անդրադառնալով «ավանդական» թեմաներին` «հայկական դավաճանությանը», «ջավախահայության անջատողականությանը», «հայության կողմից վրացական հուշարձանների զավթմանը կամ ոչնչացմանը», «Մ.Բաղրամյանի անվան հայկական գումարտակի արյունալի գործողություններին» և այլն, թերթը կրկին «Դաշնակցություն» կուսակցության գործունեությամբ է պայմանավորում Թուրքիայում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը և ավելացնում, որ, նրանք, ովքեր փրկվեցին այդ կոտորածներից, փախան-պատսպարվեցին Վրաստանում, բնակվեցին այսօրվա Ջավախքում:

«Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի՞ հրահանգով էր: Հայ պատմաբանը օտար պատմական փաստերի մասին է բարձրաձայնում» խորագրի տակ «Ռեզոնանսի» թերթն անդրադառնում է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. «Հայ ազգը ապրիլի 24-ին ևս մեկ անգամ հիշեց 1915-1923թթ. ողբերգությունը: Այդ օրը թիֆլիսահայությունը Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա անցկացրեց… Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցող բողոքի ակցիային մասնակցում էին 30-ից ավելի հայկական կազմակերպություններ: Դա նվիրված էր Հայոց ցեղասպանության 91-ամյակին: Ակցիայի մասնակիցների հայտարարմամբ ապրիլի 24-ը հիշատակի օր է, որին զոհ է գնացել 1.500.000 հայ, որոնց թուրքերն են սպանել 1915-1923թթ.»,- գրում է թերթը23 և, Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրելով Ռուսաստանին, մեջբերում Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ և ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Գ.Գոլիցինի խոսքերը. «Ես միայն այն ժամանակ կհանգստանամ, երբ Թիֆլիսի թանգարանում կբացվի ցուցանակ, որտեղ գրված կլինի, թե արդյոք հայեր ապրել են Կովկասում»: Թերթն այնուհետև հրապարակում է հայ պատմաբան Ռ.Համբարձումյանի` Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք տեսակետներ, ով ևս այդ ողբերգության մեջ մեղադրում է Ռուսաստանին. «Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանը և Թուրքիան հավասար մասնակցությամբ իրականացրին»: Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ Ռուսաստանի դերակատարումն առավել ցցուն դարձնելու համար «Ռեզոնանսին» մեջ է բերում նաև իր հայացքներում ընդգծված հակահայ գործիչ, դիվանագետ, 1895-1896թթ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ա.Լոբանով-Ռոստովսկու` 1895թ. Թուրքիայի սուլթանին ուղղված հետևյալ խոսքերը. «Կոտորե՛ք, Ձերդ գերազանցություն, կոտորե՛ք»: Խոսքն այստեղ վերաբերում է Ա.Համիդ 2-րդի կողմից 1894-1896թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում իրականացված հայության զանգվածային ջարդերին:

Շուտով մեկ այլ հարցազրույց է հրապարակվում «Ախալի թաոբա» թերթում24: Հարցազրույցի հեղինակ, քաղաքագետ Ս.Ցինցաձեն, լայնորեն անդրադառնալով Ջավախքին, եկեղեցական պատկանելության խնդիրներին և տարածաշրջանային զարգացումներին, ամենախիստ կերպով քննադատում է և՛ ջավախահայերին` ինքնավարություն պահանջելու և տարբեր այլ հարցեր բարձրացնելու համար, և՛ ՀՀ-ին` ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում իբր հակավրացական քաղաքականություն իրականացնելու, ՀՀ-Վրաստան-ՌԴ (Աբխազիայի տարածքով) երկաթուղու վերագործարկման մասին առաջարկով հանդես գալու, ինչպես նաև Վրաստանում բազմաթիվ եկեղեցիների հանդեպ պահանջներ ներկայացնելու համար, և՛ ՌԴ-ին` Վրաստանի հանդեպ իրականացվող օկուպացիոն քաղաքականությունը խորացնելու և Վերին Լարսի սահմանային անցակետը փակելու համար և այլն: Քաղաքագետը հպանցիկ շոշափում է նաև Հայոց ցեղասպանության փաստը և ցիտում Վրաստանի նախագահի խորհրդական Գ.Գաչեչիլաձեին, որը նախկինում տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանության մեջ խառնված է նաև Ռուսաստանի ձեռքը: Նույն շրջանում Հայոց ցեղասպանությանն առնչվող անդրադարձ է տպագրում «Ջորջիան թայմսը»: «Հայերն ազգությունը փրկեցին Վրաստանի միջոցով» խորագրի տակ թերթը գրում է. «1915թ. թուրքերի, հայերի ու քրդերի մեջ տեղի է ունեցել բախում, որի արդյունքում 1,5 մլն արմեն է մահացել: Զոհերն ավելի շատ կլինեին, եթե վրացիները հազարավոր հայերի ապաստան չտային: Նրանք բնակվեցին Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիում և Թիֆլիսում»25:

Վրացական մամուլը հայերին հուժկու քննադատության ենթարկեց նաև 2009թ. սեպտեմբերին: Վիրահայության (հատկապես` ջավախահայության) և ՀՀ-ի վերաբերյալ քննադատական բնույթի բազմաթիվ հոդվածերի և հրապարակումների առիթ էր հանդիսացել ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի` Ջավախքում հայերենին մարզային լեզվի կարգավիճակ շնորհելու, ՀԱԵ Վիրահայոց թեմի իրավական գրանցման և Վրաստանում հայկական հուշարձանների պահպանության վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությունը: 2009թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական ծառայությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, անդրադառնալով Ջավախքի հիմնախնդրին, նշեց. «Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «Ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից։ Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրագրումը։ Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական Առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը։ Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»26։

ՀՀ նախագահի կողմից նախադեպը չունեցող սույն հայտարարությանն անմիջապես արձագանքեց «Սաքարթվելոս ռեսպուբլիկան»27: Ծավալուն հրապարակման մեջ հոդվածագիրը նախապես հիշատակում է վրացական «ավանդական» տեսակետները հայերի` Վրաստանում հյուր լինելու, պատմության ընթացքում հայերի` վրացիներին մշտապես դավաճանելու, Մ.Բաղրամյանի անվան աբխազահայկական գումարտակի վերաբերյալ և անցնում Ս.Սարգսյանի վերոնշալ հայտարարության քննարկմանը: Հոդվածագիրը, «հիմարություն», «սադրանք» որակելով հայտարարությունը, նշում է, որ ՀՀ նախագահը ծանոթ չէ Վրաստանի սահմանադրությանը, որով ամրագրված են երկու պետական լեզուներ` վրացերենը և աբխազերենը: Հրապարակագիրն իր խոսքում մեղադրում է Վրաստանի իշխանություններին, որոնց ապաշնորհ և անհեռատես քաղաքականության արդյունքում է նման, հեղինակի վառ բնորոշմամբ, «դաշնակցական պահանջներով» հանդես եկել ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Զարգացնելով «հայերի` Վրաստանում հյուր լինելու և Վրաստանին մշտապես դավաճանելու» թեման` հեղինակը շոշափում է նաև Հայոց ցեղասպանության խնդիրը և նշում, որ թուրքերի իրագործած ցեղասպանությունից հայերին կրկին փրկեցին վրացիները, և փախստականները վրացական հանդուրժողականության, գրկախառնության և տուժածներին փայփայելու շնորհիվ այլևս հայրենիք չվերադարձան: Հրապարակման ավարտին, որպես Վրաստանին ամենահավատարիմ ազգ, նշվում են հրեաները:

2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՀՀ և ԹՀ արտգործնախարարներ Է.Նալբանդյանի և Ա.Դավութօղլուի կողմից ստորագրվեցին ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի և ԹՀ-ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին զույգ արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրմամբ պայմանավորված ՀՀ-ԹՀ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը, այդ շրջանում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի արտասահմանյան ճամփորդություններին և հայկական սփյուռքի հետ հանդիպումներին, ինչպես նաև 2008թ. վրաց-օսական օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննությանն է անդրադառնում «Ասավալ-դասավալին»28: Թերթը հայ-թուրքական հնարավոր հաշտեցումը և հարաբերությունների հաստատումն ինչ-որ տեղ կապում է Վրաստանի կրած պարտության և տարածաշրջանում նրա դիրքերի թուլացման հետ: Հոդվածագրի կարծիքով՝ տվյալ շրջանում ՀՀ-ն, ՌԴ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ խորացնելով ճանապարհատրանսպորտային հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ, դառնում է Չինաստանը Պարսից ծոցի և Եվրոպայի երկրների հետ կապող տարանցիկ պետություն, փոխարենը` Վրաստանը, 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո կորցրեց ինչպես տարածքները, այնպես էլ աշխարհաքաղաքական նշանակությունը: Քննարկելով ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հաստատման առթիվ ստորագրված արձանագրությունները և ՀՀ նախագահի սփյուռքյան այցելությունները` թերթը լայնորեն շոշափում է նաև Հայոց ցեղասպանության թեման: Ելնելով արձանագրություններում տեղ գտած դրույթներից` հրապարակագիրը փաստում է, որ, 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀ ղեկավարությանը հաջողվեց երկրի ներսում հասնել կոնսենսուսի, և ՀՀ հասարակությունը, հանուն երկրի ապամեկուսացման և աշխարհաքաղաքական նոր գործառույթների ձեռքբերման, պատրաստ էր երկրորդ պլան մղել Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության փաստը: Այդուհանդերձ, ըստ թերթի, հայկական սփյուռքը, ի տարբերություն ՀՀ հասարակության, կտրականապես դեմ է հանդես եկել հայ-թուրքական նման մերձեցմանը: Թերթն այնուհետև ներկայացնում է այդ օրերին հայկական սփյուռքի տարբեր հատվածներում իրականացված բողոքի հանրահավաքները, որոնց միջոցով սփյուռքահայությունը ՀՀ ղեկավարությանը մեղադրում էր դավաճանության և 1915թ. Հայոց ցեղասպանությանն առանձնակի նշանակություն չտալու համար29:

Ամփոփելով` կատարենք հետևյալ եզրահանգումները.

- ԽՍՀՄ փլուզմամբ և անկախ պետությունների կազմավորմամբ առաջացած նոր իրողությունների պայմաններում հնարավոր դարձավ նախկինում քողարկված բազմաթիվ խնդիրների անդրադառնալ նորովի: Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ վրաց պետական մարմինների և հասարակական-քաղաքական շրջանակների` հետխորհրդային շրջանում պահպանած լռությունը խախտվել է 2000-ական թթ.:

- 21-րդ դ. առաջին տասնամյակում Հայոց ցեղասպանության հարցը վրաց հասարակական-քաղաքական կազմակերպությունների շրջանակներում արծարծվել է եզակի դեպքերում: 2002թ. Վրաստանի հայազգի խորհրդարանականն առաջին անգամ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը, որին ազգությամբ ադրբեջանցի խորհրդարանականներն արձագանքեցին բուռն դժգոհություններով և սադրիչ գործողություններով: Խնդրին միջամտեց խոսնակ Ն.Բուրջանաձեն և առաջարկեց հարգել ոչ միայն հայ, այլև բազմաթիվ այլ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը:

- Վրաց պետական և հասարակական-քաղաքական շրջանակները, չցանկանալով փչացնել հարաբերությունները հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ և խնդիրներ չստեղծել երկրի հարավում հոծ բնակվող ադրբեջանցիների շրջանակներում, ինչպես նաև տուրք տալով ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և տարանցիկ ոլորտներում նշյալ երկրներից ունեցած խոր կախվածությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հանդես են գալիս առավելապես չեզոք դիրքերից:

- Թեև ոչ հաճախակիորեն, այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության հարցն այս կամ այն կերպ արծարծվել է նաև վրաց տպագիր մամուլում: Վրացալեզու թերթերի խմբագիրները և հրապարակագիրները հիմնականում չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը: Մեր ձեռքի տակ առկա բազմաթիվ այդպիսի նյութերում «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը չի չակերտավորված և նշյալ եզրույթի կողքին չի գործածված «այսպես կոչված» արտահայտությունը, ինչը ևս փաստում է այն մասին, որ վրաց հասարակական-քաղաքական միտքը չի ժխտում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին ծրագրված կերպով ցեղասպանելու իրողությունը:

- Վրացալեզու տպագիր մամուլը Հայոց ցեղասպանության խնդրին հատուկ ձևով անդրադարձել է ապրիլյան օրերին, երբ աշխարհի շատ երկրների հայկական շրջանակներում, այդ թվում նաև Վրաստանում, իրականցվում էին հիշատակի միջոցառումներ: Մնացյալ դեպքերում այդպիսի ակնարկների կամ հրապարակումների հիմնական առիթ են ծառայել հայաբնակ Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունները կամ ջավախահայության կողմից առաջ քաշված պահանջները, պատմական Լոռու գավառի պատկանելության հարցի արծարծումը, ՀՀ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից Վրաստանին կամ վիրահայոց խնդիրներին առնչվող այս կամ այն դիրքորոշումները, Ռուսաստանի կողմից Այսրկովկասի հանդեպ վարվող քաղաքականության ինչ-ինչ դրսևորումներ և այլն: Այսինքն` նման պարագաներում վրաց հրապարակագիրները ոչ թե հատուկ կերպով լուսաբանել են Հայոց ցեղասպանության թեման, այլ տվյալ խնդիրն այս կամ այն կերպ քննարկման են արժանացրել` դրա միջոցով հավելյալ կերպով արձագանքելով վերոնշյալ մի շարք խնդիրների:

- 21-րդ դ. վրաց տպագիր մամուլում Հայոց ցեղասպանության մասին խոսելիս խախտված է պատճառահետևանքային կապը. վրաց հասարակական-քաղաքական միտքը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ չի մեղադրում թուրքական իշխանություններին, փոխարենն անխնա մեղադրվում է ինչպես Ռուսաստանի կայսրությունը, որն Առաջին աշխարհամարտում օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմում հայերին փորձել է վերածել 5-րդ շարասյան, այնպես էլ հայ քաղաքական կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), որը, ըստ վրաց հեղինակների, 19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբներին տարածել է Մեծ Հայաստանի քարտեզը, պայքարել Թուրքիայից հայկական հողերի անջատման համար, որի պատճառով էլ սեփական ժողովրդի դեմ է գրգռել օսմանյան կառավարությանը:

1 «tribuna» («Տրիբունա» -«Ամբիոն»), N 190, 2003, '' xvalindeli dRe '', («Խվալինդելի դղե» - «Վաղվա օր»), N 190, 2003.

2 «rao-rao?» («Ռա՞ո-ռա՞ո» - «Ի՞նչ-ի՞նչ»), N 40, 2003.

3 Նույն տեղում:

4 «jorjian Taimsi» («Ջորջիան թայմս»), N 50, 2004.

5 Նույն տեղում:

6 Հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ Երվանդ Շիրինյանը և Արտաշես Վարդապետյանը ժամանակին հանրային քննարկման են ներկայացրել «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա սահմանադրության հիմնադրույթները (նախագիծ)» վերտառությամբ փաստաթուղթը (տե՛ս «Ջավախք», թիվ 2, 1998), որտեղ մանրակրկիտորեն մշակել և 35 ամփոփ կետերի մեջ ներկայացրել են Ջավախքի ապագա ինքնավար հանրապետության սահմանադրության դրույթները: Թերթի նույն համարում տպագրվել է նաև «Ջավախքի կարգավիճակը (նախագիծ): Ջավախքի տարածքային ինքնավարության ստեղծման հիմնավորումը» վերտառությամբ հրապարակումը, որտեղ ներկայացվում են Ջավախքի ինքնավարության անհրաժեշտության մասին պատմական և իրավական մի շարք հիմնավորումներ:

7 «rao-rao?» («Ռա՞ո-ռա՞ո» - «Ի՞նչ-ի՞նչ»), N 18, 2005.

8 «aisi» («Աիսի» - «Արշալույս»), N 49, 2005.

9 Նույն տեղում:

10 Եթե հեղինակը նկարագրում է 1915թ. իրադարձությունները, ապա հարկ է փաստել, որ Արևելյան Հայաստանի մասը հանդիսացող Կարսի մարզը տվյալ շրջանում գտնվում էր ոչ թե Թուրքիայի, այլ ցարական Ռուսաստանի կազմում:

11 Նույն տեղում:

12 «galoba» («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005.

13 Նկատի է առնվում Տ.Մարությանի կողմից հրատարակված «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (Ե., 1972) և «Հայ ճարտարապետության հուշարձաններ. խորագույն Հայք» (Ե., 1978) աշխատությունները:

14 Հեղինակը մատնացույց է անում Ն.Տոկարսկու հրատարակած «Архитектура Древней Армении» (Е., 1946) աշխատությունը:

15 «galoba» («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005.

16 «asaval-dasavali» («Ասավալ-դասավալի»), N 17, 2005.

17 Նույն տեղում:

18 «rezonansi» («Ռեզոնանսի»), N 104, 2005.

19 «axali Taoba» («Ախալի թաոբա» - «Նոր սերունդ»), N 152, 2005.

20 Հեղինակը նկատի ունի 1990-ական թթ. տեղի ունեցած արցախյան ազատագրական պայքարը և աբխազահայերի ինքնապաշտպանական քայլերը:

21 «axali Taoba» («Ախալի թաոբա» - «Նոր սերունդ»), N 152, 2005.

22 «aisi» («Աիսի» - «Արշալույս»), N 11, 2006.

23 «rezonansi» («Ռեզոնանսի»), N 114 , 2006.

24 «axali Taoba» («Ախալի թաոբա» - «Նոր սերունդ»), N 190, 2006.

25 «jorjian Taimsi» («Ջորջիան թայմս»), N 24, 2006.

26 Հայաստանի Հանրապետություն, N 168, 2009։

27 «saqarTvelos respublika» («Սաքարթվելոս ռեսպուբլիկա» - «Վրաստանի հանրապետություն»), N 175, 2009.

28 «asaval-dasavali» («Ասավալ-դասավալի»), N 40, 2009.

29 Նույն տեղում:

Մարտ, 2018թ.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր