
ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ
31.05.18
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դեպքում կտուժեն նաև այն պետությունները և ազգային ընկերությունները, որոնք տնտեսական կապեր են պահպանում Իրանի հետ։ Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ մարտահրավերի առջև կարող է կանգնել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետագա գործունեությունը և առհասարակ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը՝ կապված հայ-իրանական տնտեսական գործակցության բաղադրիչով։
-Պարո՛ն Վերանյան, Դուք ֆեյսբուքյան Ձեր գրառմամբ նկատել եք, որ Ռուսաստանը պահում է Ասադին ու Սիրիան: Դրան ի պատասխան՝ շատերն են նշում, որ Սիրիան պարտավորվել է ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան՝ լարվածություն առաջացնելով իր և Վրաստանի հարաբերություններում: Ի՞նչ եք կարծում՝ այս քաղաքական զարգացումները ի՞նչ խնդիրներ կառաջացնեն մեր տարածաշրջանում:
- Ներկայում մենք գործ ունենք գլխավորապես հետիրավիճակային գործընթացների կամ հետևանքային դրսևորումների հետ, քան բուն իրողությունների։ Այսինքն՝ տարիներ առաջ տեղի են ունեցել միջազգային ու տարածաշրջանային մակարդակով զարգացումներ, որոնց ազդեցությունը դրսևորվում է այս կամ այն միտումների համատեքստում։ Կարևոր է նշել, որ Ռուսաստանն իսկապես զգալի ծավալով աշխատանքներ իրականացրեց Սիրիայում հակաահաբեկչական պայքարում և որն ամենակարևորն է՝ լուրջ աջակցություն ցուցաբերեց և շարունակում է ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի իշխանության պահպանման հարցում։ Այդ առումով, չեմ կարծում, որ Ասադի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման հանգամանքը պարտավորություն է, այլ դա ավելի շուտ փոխպայմանավորվածության, շահերի փոխհամաձայնեցման խնդիր է։ Գլոբալ առումով այդ գործընթացները թերևս չեն ունենա խորքային ազդեցություն, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մենք գործ ունենք ավելի շուտ հետևանքների դրսևորումների հետ, քան բուն գործընթացների։ Առավել ևս, երբ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչում է մերձավորարևելյան պետություն՝ Սիրիան, որն ուղղակի շահեր չունի Վրաստան-ՌԴ հարաբերություններում։ Բուն գործընթացը, որն առավել քան խնդրահարույց էր և ռիսկային, վերաբերում էր հարավօսեթական պատերազմին ու արդյունքում ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցերին։ Միևնույն ժամանակ, սակայն, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս իրողություններն իրենց հերթին կարևոր ուղերձ են այն մասին, որ մերձավորարևելյան զարգացումները և դրանց հնարավոր հետևանքները վերջին շրջանում է՛լ ավելի շոշափելի են դառնում հարևան տարածաշրջանների, և առաջին հերթին Հարավային Կովկասի համար։
- Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանն այս իրավիճակում կանգնի ընտրության առջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այս գործընթացներում ներգրավված բոլոր երկրների հետ ունի բարիդրացիական հարաբերություններ:
- Չեմ կարծում, որ վերը նշված զարգացումներում Հայաստանն ընտրության առջև կանգնելու ու դիրքորոշման հստակեցման խնդիր ունենա, քանի որ հայկական կողմը, ըստ էության, չունի ուղիղ մասնակցություն այդ զարգացումներին։ Խոսքն ավելի շուտ վերաբերում է միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում արտաքին հիմնական խաղացողների միջև շահերի առճակատման այս կամ այն դրսևորումներին, որտեղ Հայաստանի ուղղակի միջամտությունը գրեթե զրոյական է։ Այլ հարց է, որ այդ գործընթացները, միտումները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վրա։ Թերևս հե՛նց այդ տրամաբանության ու դիրքերի շրջանակում պետք է հայկական կողմը ներկայանա՝ զարգացնելով հարաբերությունները ինչպես Սիրիայի, այնպես էլ բազմակողմանի համագործակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի հետ։
- Մյուս կողմից, Իրանը, որը ներգրավված է Սիրիական հակամարտությունում, խնդիրներ ունի տարբեր կենտրոնների հետ, Իսրայելն ու ԱՄՆ-ը չեն հրաժարվում նրա նկատմամբ կիրառվող կոշտ քաղաքականությունից: Ի՞նչ ճակատագիր եք կանխորոշում Իրանի շուրջ զարգացումներին:
- Ինչ վերաբերում է Իրանին, ապա իսկապես այդ երկրի շուրջ ծավալվող տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկայիս գործընթացները բավական բարդ են ու ռիսկային։ Մենք ականատես ենք լինում նրան, որ Սիրիայում Իսրայել-Իրան պրոքսի-պատերազմական գործողությունները աստիճանաբար կրում են գրեթե ամենօրյա բնույթ, ինչը հղի է լրջագույն մարտահրավերներով ողջ տարածաշրջանի համար։ Կտրուկ հաճախակիացել են Իսրայելի հետ Գազայի հատվածում սահմանային միջադեպերը, որոնց հետևանքով վերջին ամիսների ընթացքում զոհվել են ավելի քան 130 պաղեստինցիներ, կան մի քանի հազար վիրավորներ։ Ճգնաժամային կարելի է որակել ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ պայմանավորված Իրանի հետ միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու որոշման, ինչպես նաև՝ Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցների սահմանման հնարավորության հարցերով։ Այս առումով կարևորում եմ այդ պայթյունավտանգ իրադրությունում ԵՄ կառուցողական դիրքորոշումը, ըստ որի՝ վերջինս շարունակում է մնալ և գործել Իրանի հետ միջուկային պայմանագրի շրջանակներում։ Սա ներկայում բավական հավասարակշռող իրողություն է. թե որքանով հնարավոր կլինի պահպանել այդ ստատուս-քվոն, դժվար է ասել, բայց այն, որ դա դժվար կլինի երկար պահպանել, կարծում եմ՝ թերահավատություն չի ներշնչում։ Ավելին՝ Թրամփը կարծեք թե հաստատակամ է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանման հարցում, իսկ սա ենթադրում է լրացուցիչ լարվածություն ու ճգնաժամային իրադրություն մեր տարածաշրջանում։ Այս ամենում հարկավոր է նշել, որ Հայաստանին սահմանակից Իրանի անվտանգությունն ու կայունությունը բխում է Հայաստանի շահերից։
-Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խիստ մոտեցում է որդեգրելու Իրանի հետ հարաբերությունները չխզող իր գործընկերների նկատմամբ: Հարցին, թե մենք ինչ մոտեցում ունենք այդ հարցի վերաբերյալ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է՝ «մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. մենք ողջունել ենք համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն»: Այս մոտեցումը, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ընկալվում:
-Ինչպես արդեն նշեցի վերևում, հաշվի առնելով Իրանի՝ սահմանակից լինելու հանգամանքը Հայաստանի հետ, ինչպես նաև հայ-իրանական բավական ջերմ ու բազմակողմանի համագործակցության ներկայիս մակարդակը՝ Հայաստանի համար իսկապես կենսական նշանակություն ունի Իրանում և նրա շուրջ ծավալվող զարգացումներում կայունության ու անվտանգության պահպանման հարցը։ Դա կարող է վերաբերել ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական-ֆինանսական բնույթի անվտանգության հիմնահարցերին։ Չմոռանանք, որ Իրանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դեպքում կտուժեն նաև այն պետությունները և ազգային ընկերությունները, որոնք տնտեսական կապեր են պահպանում Իրանի հետ։ Մարտահրավերի առջև կարող է կանգնել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետագա գործունեությունը և առհասարակ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը՝ կապված հայ-իրանական տնտեսական գործակցության բաղադրիչով։ Կարծում եմ՝ հայկական կողմը ստեղծված իրավիճակում ելնում է հե՛նց այդ դիրքերից՝ միևնույն ժամանակ շարունակելով զարգացնել երկկողմանի գործակցությունը ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ։
Հռիփսիմե Հովհաննիսյան
http://www.tert.am/am/news/2018/05/31/Karen-veranyan/2699883
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]