• am
  • ru
  • en
Версия для печати
29.05.2018

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Руский

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Աշխարհաքաղաքական համատեքստ

ՌԴ, Իրանի և Թուրքիայի ռազմաքաղաքական կոորդինացիոն գործողությունների արդյունքում Սիրիայում իրականացված հակաահաբեկչական պայքարը կարծեք թե նոր հնարավորություններ էր բացում սիրիական ճգնաժամի հանգուցալուծման համար։ Տարբեր փորձագիտական գնահատականներով, թեև այդ գործողությունների արդյունքում լուրջ հաջողություններ արձանագրվեցին ահաբեկչության դեմ պայքարում, այդուհանդերձ, չկային բավարար ռազմաքաղաքական, անվտանգային նախադրյալներ՝ խոսելու Սիրիայում և ողջ տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման հնարավորության մասին։ Խնդիրը, թերևս, այն է, որ սիրիական ճգնաժամի տարիներին Մերձավոր Արևելքում տեղի է ունենում միջազգային և տարածաշրջանային հիմնական դերակատարների շահերի հարաբերակցության նոր, խորքային վերադասավորման գործընթաց։ Մի կողմից, ինչպես նշվեց, Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները հիմնականում կոորդինացնում էր Ռուսաստանը՝ Իրանի և Թուրքիայի հետ համատեղ ջանքերով։ Մյուս կողմից՝ սիրիական ռազմաքաղաքական գործընթացներում նկատվում էր Վաշինգտոնի ներգրավվածության որոշակի թուլացման միտում, վերջինս ամբողջական մասնակցություն չուներ սիրիական ճգնաժամի հաղթահարման բանակցություններում։ Միջազգային փորձագիտական հանրության մի զգալի հատված այն կարծիքին է, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Մերձավոր Արևելքում զգալիորեն ընդլայնվել է տարածաշրջանային հիմնական խաղացողների դերակատարությունը, որոնք փորձում են հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել։ Մասնավորապես, խոսվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության ընդլայնման մասին, որը կարողացել է Սիրիայում հաստատել իր ռազմաքաղաքական ներկայությունը (ռազմական օբյեկտներ, շտաբներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահուստներ և այլն)։ Սա են փաստում նաև Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները (Լիբանանում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվել էին 2009թ., 2013 և 2017թթ. հետաձգվել էին՝ սիրիական հակամարտության սրացման հետևանքով). Լիբանանի նորընտիր խորհրդարանում 128 պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ 67-ը, կվերցնեն Իրանի աջակցությունը վայելող «Հիզբալլահ» կազմակերպության գլխավորած դաշինքի քաղաքական ուժերը:

Նոր սրացումներ Իրան-Իսրայել հակամարտությունում

Փորձագետները, թերևս, միակարծիք են այն հարցում, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Իրան-Իսրայել հակամարտությունը հատում է առճակատման բարձր մակարդակը, նկատվում է Իսրայելի կողմից սիրիական ռազմական գործողություններին ուղղակի միջամտության հաճախակիացման միտում։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, 2013-2018թթ. - մինչև ս.թ. մայիս Սիրիայի ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ձեռնարկած կամ նրան վերագրվող ռազմական հարվածների վիճակագրությամբ 2013թ. Սիրիայի ուղղությամբ Իսրայելն իրականացրել է 5 հարված, 2014թ.՝ ընդամենը 3-ը։ Ռազմական հարվածների թվաքանակն էապես աճել է 2015-ից սկսած. 2015թ. իրականացվել է 16 ռազմական գործողություն, իսկ 2016 և 2017թթ.` համապատասխանաբար` 21 և 27։ 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի իրականացրած ռազմական հարվածների քանակը 8 է։

Իրավիճակի կտրուկ սրացումներ արձանագրվեցին նաև իսրայելա-պաղեստինյան դիմակայությունում։ Կողմերի միջև բանակցային գործընթացն արդեն կրում էր ֆորմալ բնույթ։ 2008-2018թթ. փետրվարի 19-ի դրությամբ Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումների թվաքանակը կազմում է շուրջ 8448։ Ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 2014թ.՝ 3686 հրթիռ, 2012թ.՝ 2078 և 2008թ.՝ 1490 հրթիռ։ Իսրայելական կողմը խոցել է շուրջ 1373 հրթիռ (վիճակագրությունում հաշվի են առնվում Իսրայելի տարածք ընկած հրթիռները)։

Մերձավոր Արևելքում տիրող խիստ անկայուն իրադրությանը նոր լարվածություն հաղորդեցին ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունն ու ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի մտադրությունը, ինչը, մեղմ ասած, միանշանակ չընկալվեց միջազգային հանրությունում, այդ թվում՝ ԵՄ-ում։ Ավելին, Վաշինգտոնը պատրաստվում է ներկայացնել այդ հակամարտության կարգավորման մի նոր փաթեթ-քարտեզ, որը Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք հռչակելու Դ.Թրամփի հայտարարության ֆոնին փաստացի արդեն իսկ կարելի է համարել առնվազն խնդրահարույց։

Տարածաշրջանում Իրանի ազդեցության զսպման և Իրան-Իսրայել հակամարտության հավասարակշռության վերականգնման նպատակով իսրայելական կողմն ակտիվ քաղաքական, իրավաքաղաքական աշխատանքներ է իրականացնում՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Մերձավոր Արևելքի իրադրության և հնարավոր մարտահրավերների վրա։ Ս.թ. մարտի կեսերին Իսրայելի ղեկավարությունը դիմել էր ՄԱԿ՝ Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտում ՄԱԿ խաղաղապահ զորքերի վերատեղակայման հայցով (ՄԱԿ խաղաղապահ զորքերը լքել էին Գոլանի բարձունքների իրենց դիրքերը՝ Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների միջև ռազմական բախումների հետևանքով)։ Դիմումում մտահոգություն էր հայտնվում, որ Սիրիայի կառավարական զորքերը կարող են վերահսկողության տակ առնել ՄԱԿ իրավասության ներքո գտնվող ապառազմականացված բուֆերային գոտին։ Չհապաղեց ՄԱԿ արձագանքը, ըստ որի՝ «խաղաղապահ զորքերը կվերադառնան Սիրիա այն ժամանակ, երբ կարգավորվի իրավիճակն անվտանգության հարցերում»։

Իսրայել-Իրան հակամարտության վերջին զարգացումներում առանձնակի կարևոր էր ս.թ. փետրվարի սկզբին Սիրիայի տարածքից իրանական արտադրության ԱԹՍ-ի Իսրայել ներթափանցման և Իսրայելի ՀՕՊ համակարգերի միջոցով դրա խոցման իրողությունը։ Ի պատասխան՝ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ հասցրեց Սիրիայում իրանական ռազմական օբյեկտներին (ԱԹՍ-ների կառավարման համակարգեր)։ Սիրիական ՀՕՊ համակարգը խոցեց իսրայելական 1 F-16 կործանիչ։ Հիշեցնենք, որ նման միջադեպ գրանցվել էր 2017թ. նոյեմբերին, երբ իսրայելական ՀՕՊ համակարգը Գոլանի բարձունքներում ոչնչացրել էր «Հիզբալլահի» արձակած ԱԹՍ-ն, որն, ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների, արտադրվել էր Իրանում։ Ավելին, ոչ պաշտոնական տվյալներով, 2018թ. մարտին 5-րդ սերնդի իսրայելական F-35 տեսակի 2 ռմբակոծիչ հայտնվեց Սիրիայի և Իրաքի օդային տարածքում, որոնք հետո հատել են Իրանի օդային սահմանը՝ Բենդեր-Աբասի, Սպահանի, Շիրազի շրջաններում հնարավոր տեղակայված միջուկային օբյեկտների ուղղությամբ հետախուզական օպերացիա իրականացնելու նպատակով։ Տեղեկատվական աղբյուրի համաձայն, իսրայելական ռմբակոծիչները չեն հայտնաբերվել սիրիական, իրանական, ինչպես նաև Սիրիայում գործող ռուսական ռադարների կողմից, ինչն անմիջապես հերքեց ռուսական կողմը։ Սույն տեղեկատվությունն ուշագրավ է, եթե փորձենք ուղղակի կապ տեսնել վերջինիս և Սիրիայի տարածքից Իսրայելի օդային տարածք անցած իրանական արտադրության ԱԹՍ խոցման միջադեպի միջև։ Իսկ ապրիլի 9-ին Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհեց T-4 ավիաբազայում (Սիրիայի Հոմս նահանգ) գտնվող իրանական ՀՕՊ նորագույն համակարգերը։ Նշվում է, որ հրթիռներից միայն երեքն են հասել նպատակին, Սիրիայի ՀՕՊ համակարգերին հաջողվել է խոցել մնացած 5 հրթիռները։

Իրան-Իսրայել հարաբերություններում առկա ռազմաքաղաքական ճգնաժամին զուգահեռ՝ Վաշինգտոնում սկսել են ավելի հաճախ խոսել Սիրիայում ԱՄՆ ուղղակի ռազմական միջամտության անհրաժեշտության մասին։ ԱՄՆ ռազմական գործողությունների ձեռնարկման համար հիմք հանդիսացավ Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանի խաղաղ բնակչության շրջանում, ըստ ԱՄՆ պաշտոնական տեղեկատվության, Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը, ինչը հերքեցին Սիրիայի և ՌԴ իշխանությունները։ Արդյունքում՝ ապրիլի առաջին կեսին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական հարվածներ հասցրին սիրիական այն թիրախներին, որոնք ենթադրաբար կապված են «քիմիական զենք»-ի արտադրության հետ:

Մայիսի կեսին Իսրայելի կառավարությունում բացահայտ հայտարարում էին իսրայելական կողմից Սիրիայի նախագահ Ասադի ֆիզիկական ոչնչացման հնարավորության մասին։ Ուշագրավ էր նաև օրերս իսրայելական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Իրանը նախապատրաստում է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին` վերջինիս կողմից Սիրիայի T-4 ավիաբազայի խոցմանն ի պատասխան: Եթե հավելենք նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Բ.Նեթանյահուի նոր տեղեկությունները, ապա կարող ենք ասել, որ Իսրայելի ղեկավարությունը փորձում է իրավաքաղաքական առումով «լեգիտիմացնել» կամ ապահովագրել իր հնարավոր գործողությունները:

Ելնելով մերձավորարևելյան ռազմաքաղաքական միտումների, Իսրայել-Իրան դիմակայության վերջին սրացումների ընդհանուր տրամաբանությունից՝ անսպասելի չէր Դ.Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից, որը հնարավորություն կտար Վաշինգտոնին նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ. Դ.Թրամփը հայտարարեց Իրանի նկատմամբ «ամենաբարձր մակարդակի» տնտեսական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Բավական կառուցողական էր պաշտոնական Թեհրանի արձագանքը, ըստ որի՝ Իրանն առժամանակ կշարունակի հավատարիմ մնալ միջուկային համաձայնությանը։ Այդ մոտեցման համար կարևոր պայման էր, թերևս, այն, որ ԵՄ-ը նույնպես հայտարարեց միջուկային համաձայնությանը սատարելու պատրաստակամության մասին։ Կարող ենք ասել, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Իրանի տնտեսության վրա, ֆինանսական վնասներ կկրեն Իրանի հետ համագործակցող ընկերությունները, տնտեսական նախագծերը։

Ինչպես սպասվում էր, միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու Վաշինգտոնի հայտարարությունը նոր լարվածություն և մարտահրավերներ կստեղծի տարածաշրջանում. ԻՊԲ տվյալներով, մայիսի 10-ին Սիրիայում գտնվող իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված իսրայելական դիրքերի ուղղությամբ արձակեցին շուրջ 20 հրթիռ (ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից), որոնցից 4-ը խոցվեց «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ համակարգով։ Ի պատասխան՝ իսրայելական կողմը հրթիռակոծեց Սիրիայի տարածքում ավելի քան 50 թիրախ (մեծ մասամբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի բազաներ, ռազմական շտաբներ և հետախուզական ստորաբաժանումներ)։

Ադրբեջանական գործոնն Իսրայել-Իրան հակամարտությունում. նոր իրողություններ

Կարելի է ենթադրել, որ Իրանի հետ միջուկային պայմանագրից ԱՄՆ դուրս գալու Դ.Թրամփի հայտարարության համար զգալի նշանակություն են ունեցել օրերս Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուի՝ միջազգային հանրությանը ներկայացրած նոր տեղեկություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. իրանական կողմը միջուկային պայմանագրի ստորագրումից հետո, ըստ իսրայելական պաշտոնական տեղեկատվության, «թաքցրել է իր միջուկային ծրագիրը, շարունակում է իրացնել ուրանի հարստացման ծրագրերը՝ այսպիսով խախտելով միջուկային համաձայնության դրույթները»: Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների, այս փաստաթղթերը ձեռք են բերվել Իսրայելի հատուկ ծառայությունների հետախուզական գործողությունների արդյունքում։ Խորհրդանշական էր նաև Բ.Նեթանյահուի այն հայտարարությունը, որով նա հույս էր հայտնում, որ Դ.Թրամփը «ճիշտ որոշում կկայացնի Իրանի հետ միջուկային պայմանագրի հետագա ճակատագրի վերաբերյալ»։ Ըստ քուվեյթյան լրատվամիջոցների, վերոնշյալ փաստաթղթերի ձեռքբերման գործում մեծ է եղել Ադրբեջանի դերը։ Այն է՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը դրանք ձեռք է բերել Իրանի տարածքից, այնուհետև դրանք հասցվել են Իրան-Ադրբեջան սահման, որից հետո Ադրբեջանից տեղափոխվել Իսրայել։ Այդ առումով, թերևս, խորհրդանշական պետք է համարել այն, որ փաստաթղթերի շուրջ այս աղմուկից առաջ՝ ապրիլի վերջին, Բ.Նեթանյահուն Իսրայել այցելության հրավեր ուղարկեց Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևին։

Մեկ անգամ չէ, որ խոսվել է Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական ծառայությունների ակտիվ գործունեության մասին, որոնց հիմնական թիրախը Իրանն է։ 2014թ. օգոստոսի 24-ին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ տարածեցին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումները խոցել են իսրայելական արտադրության ԱԹՍ, որը թռիչքներ է իրականացրել Իրանի Նաթանզ միջուկային օբյեկտի շրջակայքում: Կար փորձագիտական տեսակետ, ըստ որի՝ Իրանում խոցված իսրայելական արտադրության Hermes տեսակի հետախուզական նշանակության ԱԹՍ-ն կարող էր արձակված լինել Ադրբեջանի տարածքից, մասնավորապես՝ Նախիջևանից։

Որոշ փորձագիտական գնահատականներով, Ադրբեջանի տարածքից իսրայելական հետախուզական ծառայության գործունեության հետ էին կապվում նաև Իրանում նախորդ տարվա դեկտեմբերին սկսված հակաիշխանական ցույցերը։ Ըստ այդ սցենարի, Իրանում ցույցերի կազմակերպման և ուղղորդման գործում գործի է դրվել նաև Ադրբեջանում տեղակայված իսրայելական արագ արձագանքման, «գունավոր հեղափոխություններ»-ի կազմակերպման օպերատիվ-մասնագիտական խումբը։

Ադրբեջանի տարածքում Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեությունը «հանրայնացվեց» 2016թ. դեկտեմբերին Ադրբեջան Բ.Նեթանյահուի այցելությամբ, որն այդ երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Յոսի Քոհենը որակեց որպես ռազմավարական նշանակության այց։ Մասնավորապես, խոսվում էր երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման մասին, որը նախատեսում է նաև հատուկ ծառայությունների միջև գործակցություն, ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքար, Մոսադի հրահանգիչների ներկայության ապահովում Ադրբեջանում և այլն։

Հետևություններ

• Իսրայել-Իրան հակամարտությունը թևակոխում է նոր ռիսկերի և սպառնալիքների փուլ։

• Իրանի հետ միջուկային պայմանագրից ԱՄՆ դուրս գալը և Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ որակապես նոր պատժամիջոցների կիրառումը կնպաստեն Մերձավոր Արևելքում անկայուն իրադրության խորացմանը։

• Հայաստանի համար շարունակում է կարևոր մնալ հարևան Իրանի կայունության և անվտանգության ապահովման հարցը՝ իր ռազմական-անվտանգային և տնտեսական բաղադրիչներով։

• Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները կարող են բացասական նշանակություն ունենալ ՀՀ տնտեսական քաղաքականության վրա։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր