
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՇՈՒՐՋ

Կարեն Վերանյան
«Նորավանք« ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) շուրջ ընթացող զարգացումները կարևոր նշանակություն ունեն ՀՀ անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար, օբյեկտիվորեն առաջանում է հայկական կողմից նախիջևանյան գործընթացներին արդյունավետ արձագանքման, հակազդման կարողությունների և ներուժի, ինչպես նաև առկա խնդիրների գնահատման անհրաժեշտության և վերիմաստավորման խնդիր։
Նախիջևանի ռազմականացումը
ՀՀ անվտանգության տեսանկյունից առավել մտահոգիչ են վերջին ժամանակաշրջանում Նախիջևանի ռազմականացման միտումները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանում ուժերի հարաբերակցության, հավասարակշռության՝ մինչ այժմ գործող status-quo-ի պահպանման գործընթացի վրա։ Արդյունքում՝ կարող ենք հաստատել, որ ընթանում է շահերի վերադասավորման, վերադիրքավորման նոր փուլ տարածաշրջանում։ ՆԻՀ ռազմականացման գործընթացն անհրաժեշտ է դիտարկել հենց հարավկովկասյան ռազմաքաղաքական զարգացումների և դրանց փոխակերպումների ընդհանուր տրամաբանության ներքո։ Մասնավորապես, ՆԻՀ ռազմականացման միտումներն ուղղակի թե անուղղակի կերպով փոխկապակցված են վերջին կես տասնամյակում արցախյան հակամարտության ուղղությամբ սահմանային լարվածության խորացման, միջադեպերի հաճախակիացման միտումներին։ Եթե նախկինում Ադրբեջանի ռազմաքաղաքական հիմնական շեշտադրումներն ուղղված էին գերազանցապես արցախյան ուղղությամբ, ապա այսօր աննախադեպ ակտիվություն է նկատվում նաև Նախիջևանի շուրջ: ՆԻՀ-ում ռազմատեխնիկայի կուտակման և սպառազինման գործընթացն ավելի ակտիվ փուլ անցավ հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, որի հետևանքով տարածաշրջանը հայտնվեց որակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակում։ Փորձագիտական հանրության մի հատվածի գնահատականներով՝ ՆԻՀ ռազմականացման ակտիվ գործընթացն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի կողմից «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների ձեռքբերմամբ, ասել է թե՝ հայկական կողմը հրթիռակոծման սպառնալիքի տակ է պահում Բաքուն, ադրբեջանական կողմը՝ Երևանը Նախիջևանից:
Դժվար չէ նկատել, որ ՆԻՀ ռազմականացման գործընթացում առանձնահատուկ դերակատարում ունի Թուրքիան, ինչն արտահայտվում է հարցի ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ ռազմաքաղաքական բաղադրիչի հարթությունում։ Ավելին, ՆԻՀ ռազմականացման գործընթացն ուղղորդում է հենց պաշտոնական Անկարան։
2013թ. դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ՆԻՀ 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվելու է այսպես կոչված «առանձին համազորային բանակ», որն, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, ծառայելու է ՆԻՀ պաշտպանական համակարգի արդյունավետության բարձրացման, մեկ ընդհանուր կենտրոնից կառավարման նպատակներին1։ 2014թ. մայիսի 19-ին կայացավ ՆԻՀ տարածքում տեղակայված «առանձին համազորային բանակի» ստորաբաժանումներին նոր մարտական դրոշի տրամադրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՆԻՀ «առանձին համազորային բանակի» հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը, ՆԻՀ Գերագույն մեջլիսի քարտուղար Վասիֆ Թալիբովը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նշենք, որ միջազգային պրակտիկայում համազորային բանակը զինվորական միավոր է, որն ունակ է ինքնուրույն լուծել մարտական խնդիրներ: Ի դեպ, ՆԻՀ-ում տեղակայված կորպուսը բավական մարտունակ է եղել, ինչը, թերևս, պայմանավորված է կորպուսի՝ թուրքական զինվորական հրամանատարության անմիջական վերահսկողության տակ գտնվելու հանգամանքով։
ՀՀ անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է նաև վերջին շրջանում Նախիջևանում նոր ռազմական գնդի ձևավորման փաստը, որի բացման արարողությանն անձամբ ներկա է եղել Ի.Ալիևը։ Վերջին տարիներին ՆԻՀ-ում ակտիվորեն ընթացող ռազմական տեխնիկայի և սպառազինությունների կուտակման գործընթացի համատեքստում խոսվում է շուրջ 300-350, իսկ որոշ աղբյուրներով` 400 միավոր ռազմական տեխնիկայի մասին, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, հրետանի, զրահամեքենաներ: Առավել անհանգստացնող է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ)2, թուրքական «Ռոկեթսան» ընկերության մի քանի միավոր T-300 Kasirga3, ինչպես նաև T-122 Sakarya4 ՀԿՌՀ-ների մատակարարումը Նախիջևանին5։ Հաշվի առնելով սահմանի ոչ այնքան մեծ հեռավորությունը Երևանից (ընդամենը 60 կմ)՝ իսկապես, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս տեղեկատվությունը ևս մեկ անգամ հերքում է փորձագիտական-զինվորական այն տեսակետը, թե վերջին շրջանում նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումներն ունեն գլխավորապես պաշտպանական առաքելություն` Հայաստանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների ձեռնարկման չեզոքացման նպատակով։ Ավելին, 2017թ. օգոստոսին համացանցում հայտնվեց Նախիջևանում ադրբեջանցիների կողմից ռուսական արտադրության ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանյութ: ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որոնք նախատեսված են մարտի դաշտում ցամաքային զորքերի աջակցման համար, լուրջ մարտահրավեր պետք է համարել Հայաստանի մայրաքաղաքի անվտանգության ապահովման տեսանկյունից: Կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում է հնարավոր ռազմական սպառնալիքի պարագայում Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման արդյունավետության և մեր համարժեք գործողությունների խնդրին:
Ռազմական տեխնիկայի և սպառազինությունների կուտակումներին զուգահեռ, վերջին տարիներին ՆԻՀ-ում կանոնավոր բնույթ են ստացել զորավարժությունները, որոնք անցկացվում են նաև Թուրքիայի հետ համատեղ։ 2014թ. ապրիլի կեսերին ՆԻՀ-ում Ադրբեջանի իշխանություններն անցկացրին լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցում էին ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային, հրետանային զորքերը և այլ զորատեսակներ: Զորավարժությունների ընթացքում ստուգվելու էր Նախիջևանում տեղակայված զորամասերի պատրաստվածությունը: 2016թ. հոկտեմբերի 3-ին Նախիջևանում մեկնարկեցին հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքում զորամասերը և ստորաբաժանումներն իրականացնելու էին ՆԻՀ տարածքը պաշտպանելու խնդիրներ, փորձարկվելու էին հակառակորդի հարձակումը և սպառնալիքները կանխարգելելու միջոցառումներ, հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և սպառազինության այլ միջոցներով ստորաբաժանումներն իրականացնելու էին պայմանական հակառակորդի պաշտպանության խորքում տեղակայված ռազմավարական օբյեկտների ոչնչացման խնդիրներ: Իսկ 2016թ. նոյեմբերին Ադրբեջանում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին տագնապի ազդանշանով ներգրավված էին նաև ՆԻՀ առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Զորավարժություններն անցկացվում էին օպերատիվ նշանակության շրջանակներում՝ առանձին համազորային բանակի զորամասերի և հրետանային ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով։ 2017թ. հունիսին ՆԻՀ-ում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնց նպատակն էր փորձի փոխանակման միջոցով զարգացնել զորքերի համակարգման գործընթացը, գնահատել համատեղ գործողությունների ներուժը: 2017թ. նոյեմբերի երկրորդ կեսին Արցախին և Նախիջևանին կից շրջաններում անցկացվեցին հերթական ադրբեջանական զորավարժությունները։ Նախիջևանի ուղղությամբ զորավարժությունների ընթացքում ցուցադրվեցին Տ–72 տանկեր, «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համալիրներ, հրետանի, Դ–30 թնդանոթներ, թռիչքներ իրականացրին Սու-25 ռազմական ինքնաթիռները, Մի 24/35 ուղղաթիռները։
Հակազդման քայլեր
Նախիջևանի ռազմականացման միտումները մտահոգիչ են ոչ միայն ՀՀ պաշտպանական անվտանգության, այլև, առհասարակ, հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից։ Խնդրի լրջությունը շեշտվեց վերջին կես տասնամյակում արցախյան ուղղությամբ սահմանային լարվածության դինամիկայի և ապրիլյան ռազմական գործողությունների ֆոնին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմն իր հերթին վերջին շրջանում զգալի աշխատանքներ է իրականացնում ՆԻՀ-ից եկող ռազմական, ռազմաքաղաքական վտանգներն ու մարտահրավերները զսպելու և հակազդելու ուղղությամբ։ Առանձնակի կարևորություն պետք է տալ ՆԻՀ-ի հետ սահմանում հայկական զինուժի կողմից, առանց հրադադարի ռեժիմի խախտման, նոր դիրքեր հսկողության տակ վերցնելու հանգամանքին (շուրջ 100 քառ. կմ): Փորձագիտական գնահատականներով՝ Նախիջևանի ուղղությամբ նոր դիրքեր վերցնելու իրողությունն արձագանքն էր 2014թ. հունիսի սկզբին Նախիջևանի սահմանային լարվածության մեծացմանը, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ երկու զոհ։ Հարցի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն գրեթե բաց տեքստով ակնարկեց, որ Նախիջևանում ազատ գործում են թուրքական վարձկաններ, այսինքն՝ Թուրքիայի միջամտությամբ փորձ է արվում Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը, որը մինչ այժմ համարվել է հայ-ադրբեջանական սահմանի ամենահանգիստ հատվածը, դուրս բերել համեմատական հանգիստ վիճակից։ Հաշվի առնելով ՆԻՀ-ում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությունը, առանձին համազորային բանակի՝ Թուրքիայի ԶՈւ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո գտնվելու իրողությունը (առկա են թուրք սպայական բարձրաստիճան կազմ, զինվորական խորհրդատուներ)՝ հայկական կողմի վերահսկողության սահմանումը նշյալ դիրքերի նկատմամբ մարտավարական-դիրքային, ինչպես նաև ռազմավարական լուրջ ձեռքբերում պետք է համարել։
Ընդգծենք, որ Նախիջևանի ռազմականացումն ընթանում է ոչ թե սոսկ Ադրբեջանի նախաձեռնությամբ և թուրքական կողմի ուղղակի աջակցությամբ, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի շրջանակներում։ Մյուս կողմից՝ այս զարգացումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս նաև ՌԴ-ի համար, քանի որ Թուրքիայի ռազմաքաղաքական «ներկայության» ընդլայնումը Նախիջևանում ռազմավարական նշանակության մարտահրավեր է Ռուսաստանին՝ սպառնալով թուլացնել վերջինիս ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս տեսանկյունից, ՆԻՀ համատեքստում, թուրք-ադրբեջանական տանդեմին ի հակադրություն, գրեթե հիմնականում համընկնում են ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական շահերը, ինչը փաստում են վերջին շրրջանում հայ-ռուսական համատեղ հակազդման նախաձեռնությունները։
2016թ. նոյեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վ.Սարգսյանը և Ս.Շոյգուն Մոսկվայում հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիր ստորագրեցին։ Միացյալ զորախմբում ընդգրկվելու են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ, մասնավորապես՝ հայկական զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը։ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը գործում է 2000 թվականից, և նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զորամիավորման իրավական հիմքը։ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը խաղաղ ժամանակ լինելու է հայկական կողմի հրամանատարության ներքո, իսկ պատերազմական իրավիճակում ՀՀ և ՌԴ գերագույն հրամանատարները միասին են որոշելու զորամիավորման հրամանատարության և կառավարման հարցերը: Հայկական կողմը չի թաքցնում, որ անհրաժեշտության դեպքում հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով զորամիավորումը կարող է պատասխանել նաև թուրքական կողմից եկող վտանգներին։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի խոսքերով, միացյալ խմբավորման մեծ խնդիրներից մեկն է այն, որ հատկապես հայ-թուրքական ուղղությունից սպառնացող վտանգի դեպքում հայ-ռուսական համատեղ միացյալ զորախմբի ուժերով իրականացվեն պաշտպանության մարտական խնդիրներն այդ ուղղությամբ6:
Կարևոր է նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» (ՀԱԿՏ ՀՕՊ համակարգ) համաձայնագրի իրավաքաղաքական հենքի ձևավորումը (համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին)։ Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ «հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը: Ընդհանուր ղեկավարումը կովկասյան տարածաշրջանում իրականացնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը: Հավաքական անվտանգության առանձին շրջանի (ՀՀ սահմաններում) հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետը7: Սույն համաձայնագրով հայկական կողմն իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չի տրամադրում միավորված տարածաշրջանային համակարգին: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈւ օդատիեզերական զորքերի ներուժը` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: Համաձայնագրի օգնությամբ հայկական կողմը կստանա Հայաստանում գտնվող ՀՕՊ ռուսական ռեսուրսները, այդ թվում` կործանիչ ավիացիան։
Առանձնակի կարևորություն պետք է տալ վերջին երկու տարիներին Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմատեխնիկական հագեցվածության ընդլայնման գործոնին։ Խոսքը հատկապես «Небо-М» տեսակի ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայման մասին է։ Փորձագիտական շրջանակներում ռադիոտեղորոշիչ այս համալիրներով ռուսական ռազմաբազայի համալրումը պատասխան համարվեց Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության Green Pine կայանի ձեռքբերմանը։ «Небо-М» ռադիոտեղորոշիչ համալիրները նախատեսվում են Թուրքիայի (նաև Նախիջևանի), Իրաքի, Սիրիայի և Վրաստանի օդային տարածքների զգալի հատվածի վերահսկման համար։ «Небо-М»-ն ընդգրկում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգեր և ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթահրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարներ: «Небо-М»-ը կարող է հատվածային 200-250 կմ և շրջանակային ռեժիմներով 160 կմ հեռավորության վրա հայտնաբերել ՀԿՌՀ-ներ:
Հետևություններ
• ՆԻՀ ռազմականացման գործընթացն իրականացվում է Թուրքիայի անմիջական վերահսկողության ներքո,
• ՆԻՀ ռազմականացումը սոսկ հայ-ադրբեջանական դիմակայություն չէ, այլ ունի շատ ավելի լայն՝ տարածաշրջանային նշանակություն՝ Թուրքիայի և ՌԴ ուղղակի մասնակցությամբ,
• Թեև ՆԻՀ ռազմականացման թուրք-ադրբեջանական «նախագիծը» հիմնականում հավասարակշռվում է հայ-ռուսական հակազդմամբ, այնուհանդերձ, այն շարունակում է կրել լրջագույն մարտահրավերներ և ռիսկեր։
1 https://www.panorama.am/am/news/2013/12/21/naxijevan/381572
2 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։
3 https://bmpd.livejournal.com/2138101.html
4 Թուրքական «Ռոկեթսան» ընկերությունը Sakarya տեսակի ՀԿՌՀ-ների զանգվածային արտադրությունը սկսել է 1997թ.։
5 Kasirga տեսակի ՀԿՌՀ-ն նախատեսված է հակառակորդի պաշտպանության խորքում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների՝ ռազմաբազաների, զորքերի կենտրոնացված դիրքերի, օդանավակայանների, հրթիռային համակարգերի կայանների, տրանսպորտային հանգույցների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։
6 https://www.azatutyun.am/a/28471565.html
7 http://www.concourt.am/armenian/decisions/common/2016/pdf/sdv-1258.pdf
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]