
ՍՓՅՈՒՌՔԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ
Հունական սփյուռքի թվաքանակը և աշխարհագրական սփռվածությունը
Արտերկրում բնակվող հույների թիվը, ըստ Հունաստանի ԱԳ նախարար Ն.Կոձիասի, կազմում է 8 մլն1։ Հունական առավել խոշոր համայնքները, ըստ տարածաշրջանների, ունեն հետևյալ պատկերը.
1. Հյուսիսային Ամերիկայի երկրներից խոշոր հունական համայնքներ կան ԱՄՆ-ում և Կանադայում։ ԱՄՆ-ում հունական համայնքի թվաքանակը կազմում է 3 մլն։ Սակայն այս ցուցանիշը ոչ պաշտոնական է և, թերևս, զգալիորեն չափազանցված։ Պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ում բնակվող հույների թիվը կազմում է մոտ 1.3 մլն։ ԱՄՆ-ում հույները կենտրոնացած են Նյու Յորքում, Բոստոնում և Չիկագոյում2։ Կանադայում հունական համայնքի թվաքանակը կազմում է 350-400 հազ.։
2. Հարավային կամ Լատինական Ամերիկայի երկրներից ամենախոշոր հունական համայնքը գտնվում է Բրազիլիայում (30 հազ.), այլ երկրներում հունական համայնքները փոքրաթիվ են. Չիլիում՝ 5 հազ., Արգենտինայում՝ 5 հազ., Վենեսուելայում՝ 2 հազ. և Ուրուգվայում՝ 2 հազ.։
3. Եվրոպայում խոշորագույն հունական համայնքները գտնվում են Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, որտեղ հույների թվաքանակը կազմում է համապատասխանաբար՝ 400-450 հազ. և 400 հազ.։ Համեմատաբար խոշոր համայնքներ կան նաև Ֆրանսիայում (55 հազ.), Իտալիայում (45 հազ.), Բելգիայում՝ (38 հազ.), Նիդերլանդներում (30 հազ.), Շվեդիայում (26 հազ.), Բուլղարիայում (25 հազ.), Շվեյցարիայում (11 հազ.), Ռումինիայում (10 հազ.)։ Այլ երկրներում հունական սփյուռքը փոքրաթիվ է՝ Ավստրիայում (8 հազ.), Իսպանիայում (6 հազ.), Հունգարիայում (5 հազ.), Դանիայում (4 հազ.), Լեհաստանում (3 հազ.), Չեխիայում (2.4 հազ.)։
4. Հետխորհրդային երկրներում ամենամեծ հունական համայնքները Ռուսաստանում և Ուկրաինայում են (համապատասխանաբար՝ 100 հազ. և 92 հազ.)։ Քիչ թե շատ նշանակալի հունական համայնքներ կան նաև Վրաստանում (12 հազ.), Ղազախստանում (12 հազ.), Բելառուսում (4.5 հազ.), Ուզբեկստանում (4 հազ.)։
5. Մերձավոր ու Միջին Արևելքի և Ծոցի երկրներից համեմատաբար խոշոր հունական համայնք կա Իսրայելում (13 հազ.)։ Մոտ 4 հազարանոց հունական համայնք կա Եգիպտոսում։ Հետաքրքրական է, որ Եգիպտոսում հայկական և հունական համայնքները (թերևս, քրիստոնյա համայնքներ լինելու ընդհանրությամբ պայմանավորված) ենթարկվել են միևնույն գործոնների ազդեցությանը և կրել գրեթե նույն հետևանքները։ 1950-ական թթ. սկսած՝ նախագահ Գամալ Աբդ ալ Նասերի ավտորիտար իշխանությունը՝ զուգակցված արաբական ազգայնականության, ինչպես նաև հակաքրիստոնեական դիմագիծ ստացող իսլամականության վերելքի հետ, հանգեցրել է մեծ քանակությամբ հայերի ու հույների արտագաղթին այդ երկրից, որն էլ իր հերթին հանգեցրել է երբեմնի ծաղկուն հայկական և հունական համայնքների եթե ոչ իսպառ քայքայմանը, ապա խիստ թուլացմանը, այն աստիճան, որ դրանք այսօր ունեն հիմնականում խորհրդանշական կշիռ հայկական և հունական սփյուռքերի ընդհանուր համատեքստում։ Մինչդեռ նախքան 20-րդ դարի 50-ական թթ., օրինակ, Ալեքսանդրիան անտիկ ժամանակներից ի վեր եղել է հունական մշակութային և տնտեսական կյանքի կարևոր կենտրոն։
6. Աֆրիկյան մայրցամաքում միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունում է առկա հունական նշանակալի սփյուռք։ Այստեղ հույների թվաքանակը կազմում է 50 հազ.։
7. Հեռավոր Արևելքի երկրներում, հայկականի նման, հունական համայնքներն էլ նոր-նոր են ձևավորվում։ Չինաստանում երկու համայնքների ներկայացուցիչների թվաքանակը կազմում է շուրջ հազարական մարդ։
8. Եվ վերջապես, Օվկեանիայի երկրներում՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հունական սփյուռքն ունի բավական նշանակալի ներկայություն։ Ավստրալիայում հույների թվաքանակը կազմում է 650-700 հազ., իսկ Նոր Զելանդիայում՝ շուրջ 5 հազ.։
Ամփոփելով սույն հատվածը՝ նշենք, որ, չնայած վերոհիշյալ բոլոր տարածաշրջաններում հունական համայնքների առկայությանը, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ հունական սփյուռքը կենտրոնացած է անգլոսաքսոնական աշխարհում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Կանադայում3։
Ինքնակազմակերպման խնդիրներ
Հունական սփյուռքի ինքնակազմակերպման մոդելը հիմնված է բազմաստիճան (քառաստիճան) կոնֆեդերալիզմի (համադաշնայնության) սկզբունքի վրա, որտեղ.
1. Առաջին աստիճանի վրա գտնվում են տեղական համայնքները և կազմակերպությունները, որոնք գործում են տվյալ երկրի որևէ քաղաքի կամ վարչատարածքային միավորի (մարզ, նահանգ, շրջան և այլն) շրջանակներում։
2. Երկրորդ աստիճանի վրա գտնվում են տեղական համայնքների և հաստատությունների ֆեդերացիաները (դաշնությունները), որոնք իրենց գործունեությունը ծավալում են տվյալ երկրում՝ համապետական մակարդակով։
3. Երրորդ աստիճանի վրա տարբեր տարածաշրջանների երկրների հունական համայնքների կոնֆեդերացիաներն են, որոնք գործում են միջազգային՝ տարածաշրջանային մակարդակով։ Այդ տարածաշրջանները 7-ն են. ա) Կանադա, բ) ԱՄՆ4, գ) Կենտրոնական և Հարավային Ամերիկա, դ) Եվրոպա, ե) հետխորհրդային տարածք, զ) Օվկեանիա – Հեռավոր Արևելք, է) Աֆրիկա – Մերձավոր/Միջին Արևելք։
4. Եվ վերջապես, չորրորդ աստիճանի վրա է գտնվում Արտասահմանի հույների խորհուրդը (The Council of Hellenes Abroad), որն աշխարհի մակարդակով միավորում է վերոհիշյալ կառույցները՝ հանդիսանալով նրանց ընդհանուր «հովանոցը»։ Սույն կազմակերպությունը խորհրդակցական մարմին է Հունաստանի Հանրապետության հետ հարաբերություններում և համաձայն այդ երկրի սահմանադրության՝ ներկայացնում է հունական սփյուռքը (արտահայտում է վերջինիս կարծիքը)5։
Հունական սփյուռքի ինքնակազմակերպման մոդելն ուշագրավ է նրանով, որ, մի կողմից, աստիճանակարգային (հիերարխիկ) կառուցվածքի հիման վրա միավորում է բոլոր համայնքներն ու հաստատությունները՝ ապահովելով միասնական կառավարման կենտրոն, իսկ մյուս կողմից՝ առանձին համայնքներն ու հաստատությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը, քանի որ միավորումը հիմնված է համադաշնության սկզբունքի վրա։ Այլ կերպ ասած՝ հունական սփյուռքի պարագայում առկա է ապակենտրոնացված միավորման մոդելը, որը հիմնված է «բազմազանություն միասնության մեջ» սկզբունքի վրա։
Հետևություններ
Հայկական սփյուռքի պարագայում մինչ այժմ եղել են դաշնային կամ համադաշնային հիմունքներով միավորման որոշ տարրեր։ Դա հատկապես բնորոշ է եվրոպական երկրների հայ համայնքներին։ Օրինակ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՖՀԿՀԽ) կամ Շվեդիայի հայկական միությունների համակարգող մարմինը (ՇՀՄՀՄ) կարելի է դիտել որպես այդ երկրների հայկական կազմակերպությունների համադաշնություն։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (ՀՀԿՖ) անվանումն ավելի է համապատասխանում դաշնայնության սկզբունքին։ Մի կողմից՝ այս կառույցները միավորում են Ֆրանսիայի, Շվեդիայի, Հոլանդիայի հայկական կազմակերպությունները և համակարգում նրանց գործունեությունը, իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուր հայկական կազմակերպություն ինքնուրույն է և պահպանում է անկախ գործելու հնարավորությունները։ Դրա լավագույն վկայությունը դրսևորվեց Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրությունների գործընթացում, երբ ՖՀԿՀԽ-ն և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը միմյանցից անկախ արտահայտեցին իրենց դիրքորոշումն այդ ընտրությունների կապակցությամբ՝ սատարելով Էմանուել Մակրոնի թեկնածությանը6։
Վերոհիշյալ օրինակները, սակայն, միայն առանձին դեպքեր կամ տարրեր են դաշնային/համադաշնային հիմունքներով սփյուռքի միավորման։ Իսկ առհասարակ, որևէ մոդելով ողջ հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ միավորման խնդիրը (նրա մասնատվածությունը՝ դավանական, կուսակցական, տարածքային և այլ հիմունքներով հաղթահարելու նպատակով), չնայած Սփյուռքի ավելի քան հարյուրամյա գոյությանը, դեռևս շարունակում է մնալ օրակարգային։
Սփյուռքի ինքնակազմակերպման հարցում հունական փորձից կարելի է վերցնել վերջինիս կոնֆեդերատիվ մոդելը։ Հայկական սփյուռքի պարագայում նույնպես այն կարող է լինել քառաստիճան, որի.
1. Առաջին աստիճանում կլինեն որևէ երկրի տարբեր քաղաքների կամ շրջանների հայ համայնքները։ Սփյուռքի ինքնակազմակերպման այս ինստիտուցիոնալ «բջիջները» կարելի է կոչել տվյալ քաղաքի կամ շրջանի անունով։ Օրինակ՝ «Հալեպի հայ համայնք»։
2. Երկրորդ աստիճանում կլինեն այդ համայնքների դաշնությունները՝ տվյալ պետության մակարդակով։ Այս դեպքում ինստիտուցիոնալ կառույցը կարելի է կոչել տվյալ երկրի անունով։ Օրինակ՝ «Սիրիայի հայ համայնք», «Սիրիայի հայ համայնքների միություն» կամ «Սիրիայի հայերի միություն»։
3. Երրորդ աստիճանում կլինեն այդ դաշնությունների կոնֆեդերացիաները՝ տարածաշրջանային մակարդակով։ Այս դեպքում ինստիտուցիոնալ կառույցը կարելի է կոչել տվյալ տարածաշրջանի անունով։ Օրինակ՝ «Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների միություն»։ Ի տարբերություն հունական սփյուռքի՝ հայկականի պարագայում տարածաշրջանային համադաշնությունները կարելի է ձևավորել հետևյալ կերպ. ա) Հյուսիսային Ամերիկա և Ավստրալիա7, բ) Հարավային կամ Լատինական Ամերիկա, գ) Եվրոպա, դ) Հետխորհրդային երկրներ, ե) Մերձավոր և Միջին Արևելք, զ) Հեռավոր Արևելք։
4. Եվ վերջապես, չորրորդ աստիճանում կլինի վերոհիշյալ կոնֆեդերացիաները միավորող համաշխարհային մարմինը, որը պայմանականորեն կարելի է կոչել «Սփյուռքահայերի խորհուրդ» կամ «Արտասահմանյան հայերի (ինչպես ընդունված է այլ ժողովուրդների, մասնավորապես՝ հունական, ռուսական և այլ սփյուռքերի պարագայում) խորհուրդ»։
Համադաշնային հիմունքներով հայկական սփյուռքի միավորման որոշ դրսևորումների մասին խոսվեց վերը։ Այնուամենայնիվ, դրա լավագույն օրինակը տալիս է Հայ Ավետարանական եկեղեցին՝ որպես համազգային կառույց։ Վերջինս չունի միասնական նվիրապետություն։ Փոխարենն ունի հինգ տարածաշրջանային միություն, որոնք ներառում են առանձին երկրների Հայ Ավետարանական եկեղեցիները, իսկ վերջիններս էլ՝ առանձին շրջաններինը։ Որպես հիշյալ տարածաշրջանային միությունների գործունեությունը համակարգող ինստիտուցիոնալ մարմին գործում է Հայ Ավետարանական համաշխարհային խորհուրդը։ Այնպես որ, սփյուռքի ինքնակազմակերպման համադաշնային մոդելը՝ տարածքային սկզբունքով, հայ իրականության պարագայում լիովին անծանոթ երևույթ կամ նորություն չէ։ Դրա համար արդեն իսկ կա որոշակի փորձ։
1 Թեև այլ աղբյուրներ ավելի համեստ թվեր են մատնանշում։ Համաձայն Արտերկրի հույների գլխավոր քարտուղարության՝ հունական սփյուռքի թվաքանակը կազմում է 5 մլն։ http://www.ggae.gr/frontoffice/portal.asp?cpage=node&cnode=16&clang=1; մեկ այլ աղբյուր մատնանշում է 7 մլն ցուցանիշը։ The Greek diaspora - Greeks outside Greece, http://www.hellenism.net/greece/greek-culture/greek-diaspora/
2 The Greek diaspora - Greeks outside Greece, http://www.hellenism.net/greece/greek-culture/greek-diaspora/
3 Տե՛ս նույն տեղում։
4 Չնայած ԱՄՆ-ը և Կանադան ոչ թե տարածաշրջաններ, այլ առանձին երկրներ են, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ երկրների մեծության, դրանցում հունական համայնքների ստվարաթվության, այդ երկրների միջազգային դերի ու կշռի և այլ գործոնների համադրությունը՝ դրանք դիտվում են որպես տարածաշրջաններ։
5 Greek Diaspora and the General Secretariat for Greeks Abroad, http://www.ggae.gr/frontoffice/portal.asp?cpage=node&cnode=16&clang=1
6 Էմանուել Մակրոնը քվեարկության արդյունքներով ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։
7 Նկատի ունենալով, որ Ավստրալիան ԱՄՆ-ի և Կանադայի հետ միասին գտնվում է միևնույն՝ անգլոսաքսոնական քաղաքակրթական տիրույթում։ Նույն հիմնավորմամբ՝ սկզբունքորեն այս տարածաշրջանի մեջ կարելի է ներառել նաև Մեծ Բրիտանիայի հայ համայնքը՝ եվրոպական տարածաշրջանի մեջ թողնելով միայն մայրցամաքային Եվրոպայի երկրների հայ համայնքները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]