• am
  • ru
  • en
Версия для печати
06.12.2017

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ 2018Թ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017


Տաթևիկ Քարաուղլանյան

«Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Բրիտանական Quacquarelli Symonds և Times Higher Education վարկանիշային կազմակերպությունները հրապարակել են աշխարհի տարբեր երկրների բուհական հաստատությունների վարկանիշավորման 2018թ. աղյուսակները, որոնք ներկայացվում են ստորև։

1. Quacquarelli Symonds կազմակերպությունը հրապարակել է «զարգացող» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի QS EECA University Rankings (Quacquarelli Symonds Emerging Europe and Central Asia University Rankings) 2018թ. վարկանիշային աղյուսակը, որը ներառում է տարածաշրջանի 300 լավագույն բուհերը։

Quacquarelli Symonds-ը համալսարանների վարկանիշավորման ազդեցիկ համակարգ է, հիմնադրվել է 2004թ. բրիտանական Times Higher Education պարբերականի հետ համատեղ։ Այդ համագործակցությունը 2010թ. դադարել է, և Quacquarelli Symonds-ը սկսել է հրատարակել սեփական հետազոտությունների շարքը։

Վարկանիշավորման համակարգն օգտագործում է QS World University Rankings համաշխարհային ինդեքսից փոխ առած գնահատման մեթոդաբանություն: Ընդհանուր առմամբ՝ գնահատվում է 8 գործոն, ներառյալ համալսարանի առցանց ներկայությունը և գիտական կոչում ունեցող դասախոսական կազմի համամասնությունը: Բացի կրթական բաղադրիչից, գնահատվում են նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակն ու մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում, որը կատարում են շրջանավարտներին գործի ընդունող կազմակերպությունները: Հաշվի են առնվում նաև ուսանող-դասախոս հարաբերակցությունը, հետազոտական աշխատանքներն ըստ ֆակուլտետների (ինստիտուտների), ինչպես նաև աշխատությունների ազդեցության գործոնն ու մեջբերումների միջին քանակը: Ստորև ներկայացնում ենք չափորոշիչներն ըստ տոկոսների1.

• Ակադեմիական հեղինակությունը (30%)

• Գործատուի հեղինակությունը (20%)

• Ֆակուլտետ / ուսանող հարաբերակցությունը (15%)

• Հետազոտական աշխատանքներն ըստ ֆակուլտետների (10%)

• Վեբ ազդեցությունը (10%)

• Գիտական կոչում ունեցող աշխատակիցների քանակը (5%)

• Հղումների քանակը (5%)

• Միջազգային ֆակուլտետների (2,5%) և միջազգային ուսանողների քանակը (2,5%)։

QS EECA University Rankings 2018թ. վարկանիշավորմամբ լավագույն բուհեր են ճանաչվել Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը, Տարտուի համալսարանը։ Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել թուրքական երկու բուհ՝ Բողազիչի համալսարանը և Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը։ Ընդհանուր առմամբ, աղյուսակում ընդգրկված է թուրքական 53 բուհ, որոնցից 13-ը՝ առաջին հարյուրյակում (տե՛ս Աղյուսակ 1).

Հայաստանյան բուհերից ցուցակում ընդգրկվել են Երևանի պետական համալսարանը (181-190 դիրք) և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը (201-250 դիրք)։ Համեմատության համար նշենք, որ աղյուսակում կա ադրբեջանական 6 և վրացական 1 բուհ (տե՛ս Աղյուսակ 2).



2. Times Higher Education պարբերականը հետազոտություններ է իրականացնում լրատվության և բարձրագույն կրթության ոլորտում։ 2010թ., դադարեցնելով համագործակցությունը Quacquarelli Symonds-ի հետ, պարբերականը տվյալների ապահովման վերաբերյալ պայմանագիր ստորագրեց Thomson Reuters միջազգային մեդիա-կորպորացիայի հետ։

Ամենամյա հետազոտության արդյունքներով՝ կազմվում է աշխարհի լավագույն համալսարանների ազատ վարկանիշավորման աղյուսակը։ Աղյուսակում չեն ընդգրկվում այն համալսարանները, որոնք զբաղվում են միայն հատուկ ոլորտի հետազոտություններով և թողարկում են 200-ից պակաս գիտական հրապարակումներ։ Նախագծի հեղինակները նշում են, որ Times Higher Education-ի հետազոտական թիմն աշխատում է հնարավորինս օբյեկտիվ, բոլոր տվյալները, մեթոդաբանությունը բաց են և հասանելի բոլորին։ Վարկանիշավորման հաշվարկը ստուգվում է PricewaterhouseCoopers (PwC) միջազգային աուդիտորական ընկերության կողմից։

Ըստ 2018թ. տվյալների՝ լավագույն տասնյակում բրիտանական և ամերիկյան համալսարաններն են։ Որպես կարևոր միտում նկատվում է չինական համալսարանների շարունակական առաջընթացը։ Լավագույն 30 համալսարանների ցանկում են հայտնվել Պեկինի (27-րդ դիրք) և Սինհուայի (30-րդ դիրք) համալսարանները2։ Նշվում է նաև, որ չինական բոլոր համալսարաններն են բարելավել դիրքերը նախորդ տարիների համեմատ։

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 6 հորիզոնականով՝ զբաղեցնելով 194-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ՝ ցանկում ընդգրկված է ռուսական 27 համալսարան։ Մեր տարածաշրջանից ցանկում կա թուրքական 22 և վրացական 1 համալսարան (տե՛ս Աղյուսակ 3)։ Հայկական և ադրբեջանական և ոչ մի համալսարան այս տարի ևս ցուցակում ընդգրկված չէ3։


Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանը, չնայած նախորդ տարիների համեմատ առաջընթաց է արձանագրել և դիրքեր է զբաղեցրել QS EECA University Rankings 2018թ. վարկանիշային համակարգում, բայց դեռ շատ անելիքներ ունի կրթության ոլորտում։

1 https://www.topuniversities.com/university-rankings/eeca-rankings/2018

2 https://www.timeshighereducation.com/news/world-university-rankings-2018-results-announced

3 https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2018/world-ranking#!/page/0/length/-1/sort_by/rank/sort_order/asc/cols/stats



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր