• am
  • ru
  • en
Версия для печати
04.06.2015

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱՑ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Տաթևիկ Քարաուղլանյան
«Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի փորձագետ

Վերջին տարիներին համացանցի շնորհիվ աշխարհում մեծ տարածում է գտել հեռահար ուսուցումը: Իհարկե, մինչ համացանցի այնչափ տարածում գտնելը կային հեռահար ուսուցման այլ տարբերակներ (հեռուստացույց, ռադիո): Հեռահար ուսուցման վերջերս մշակված նվաճումներից է Զանգվածային բաց առցանց դասընթացը (massive open online course, MOOC), ինչը սկսել է տարածում գտնել 2012 թվականից։ Դա հնարավորություն է տալիս ուսանողներին և այլ շահագրգիռ անձանց ստանալ առցանց կրթություն օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայրում: Առցանց կրթության հասանելիությունն այնքան է կարևորվել, որ նույնիսկ մի շարք հարթակներ ունեն բջջային պաշտոնական հավելվածներ iPhone-ի և Android-ի համար:

MOOC նպատակն է ապահովել անսահմանափակ, ազատ և անվճար մուտք բոլոր ցանկացողներին՝ համացանցի միջոցով, որպես լրացում ավանդական դասընթացներում առկա տեսահոլովակների, ընթերցվող նյութերի, խնդիրների։ Զանգվածային բաց առցանց դասընթացներն առաջարկում են ինտերակտիվ ֆորումներ, ինչը նպաստում է ուսանողների, պրոֆեսորների և ուսուցանող անձնակազմի համար ստեղծել համայնք։

Հատկանշական է, որ The New York Times ամսագիրը 2012 թվականն անվանել է զանգվածային բաց առցանց դասընթացների տարի: Այդ ժամանակ ստեղծվեցին լավ ֆինանսավորված ընկերություններ, ինչպիսիք են Coursera-ն, Udacity-ն, EDX-ը, որոնք կապված էին համալսարանների հետ։ Այս և նման մի քանի այլ հարթակների մշակած ծրագրերին ծանոթանանք ստորև։

Ամերիկյան հարթակներ

Զանգվածային բաց առցանց դասընթացների առավել հայտնի և մեծ տարածում ունեցող հարթակ է Coursera-ն՝ հիմնադրված Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսորներ Էնդրյու Էնջիի և Դափնե Քոլերի կողմից։ Հարթակն այնքան մեծ պահանջարկ է ունեցել, որ կարճ ժամանակ անց (2014թ. նոյեմբերի տվյալներով) Coursera-ն արդեն ուներ 10 մլն օգտատեր, 844 դասընթաց կրթական 108 հաստատությունից1։

Ծրագիրը բազմածավալ է, ներկայացված են դասընթացներ ֆիզիկայից, ինժեներական գիտաճյուղից, բժշկությունից, կենսաբանությունից, մաթեմատիկայից, ինֆորմատիկայից, տնտեսությունից և բիզնեսից։ Դասընթացի տևողությունը 6-10 շաբաթ է, շաբաթական 1-2 ժամանոց տեսանյութով, որոնք պարունակում են հանձնարարություններ, վարժություններ, երբեմն եզրափակիչ նախագիծ կամ քննություն։ Դասընթացի հասանելիությունը սահմանափակվում է ժամանակով. յուրաքանչյուր տնային հանձնարարություն կամ թեստ պետք է կատարվի որոշակի ժամանակահատվածում։ Իսկ քննությունը լավ հանձնելու դեպքում տրվում է սերտիֆիկատ։

Դասընթացը կազմված է հետևյալ սկզբունքով.

1. Դասընթացի մասին – Ի՞նչ թեմա է ուսումնասիրում։ Քանի՞ տեսանյութից է կազմված մեկ դասընթացը։ Ինչքա՞ն ժամանակ է հատկացվում ուսանելու և քննություն հանձնելու համար։

2. Դասընթացի ծրագիրը (օրակարգ)։

3. Խորհուրդներ, որոնք կանցկացվեն ինչպես առցանց հարց ու պատասխանի, այնպես էլ ֆորումներում գրառումների, էլեկտրոնային նամակագրության և սոցցանցերի միջոցով։

4. Առաջարկվող ընթերցումներ – Ուսանողներին հանձնարարել թեմային վերաբերող գրքեր, լրացուցիչ ընթերցումներ։

5. Ձևաչափը – տեսաձայնագրություն…

6. Հաճախ տրվող հարցեր

Coursera-ի լսարանը մեծ է, այդ պատճառով օրեցօր ավելանում են աշխարհի տարբեր լեզուներով դասընթացների թիվը: Հիմնական լեզուն անգլերենն է։ Կան դասընթացներ չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և պորտուգալերեն լեզուներով։ Մեծ կարևորություն է տրվում տարբեր լեզուներով տիտրերին, որոնք ստեղծում է լսարանը՝ ազատ կամքի սկզբունքով։

2012թ. Coursera-ն սկսել է համագործակցել Սթենֆորդի, Փրինսթոնի, Միչիգանի և Փենսիլվանիայի համալսարանների հետ։ Ամսեամիս դրանց թիվն ավելացել է՝ 2014թ. տվյալներով հասնելով 108-ի։ Դրանց թվում են՝ Ջոն Հոփկինսի, Էդինբուրգի, Տորոնտոյի, Կոլումբիայի համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ 2013թ. հոկտեմբերի վերջին Coursera-ին միացավ ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը 2014թ. հունվարին հրամայեց արգելափակել Իրանից, Սուդանից և Կուբայից օգտատերերի մուտքը։

Լսարանի մոտ 38,5%-ն ԱՄՆ-ից է։ Առաջատար երկրներն են նաև Բրազիլիան, Չինաստանը և Հնդկաստանը։ Փոքր թիվ չեն կազմում նաև օգտատերերը Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից...

Ամերիկյան Զանգվածային բաց առցանց դասընթացների հաջորդ հայտնի և տարածված հարթակը, որին կանդրադառնանք, EDX2 է՝ հիմնադրված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի կողմից 2012թ. մայիսին։ Ներառում է ավելի քան 60 դպրոց, կորպորացիա և միջազգային կազմակերպություն, որոնք առաջարկում են կամ նախատեսում են առաջարկել դասընթացներ EDX կայքում: Այս հարթակն էլ, ինչպես և Coursera-ն, կարճ ժամանակում (2014թ. հոկտեմբերի տվյալներով) կարողացել է ավելի քան 3 մլն օգտատերերի առաջարկել ավելի քան 300 առցանց դասընթաց։

EDX դասընթացները կազմված են շաբաթական կարճ տևողությամբ տեսահոլովակներից, ինտերնետ-դասագրքից և առցանց քննարկման ֆորումից, որտեղ ուսանողները կարող են տեղադրել և քննարկել հարցեր միմյանց հետ։ Դասընթացի ավարտին, քննությունների հաջող հանձնման դեպքում, տրվում են վկայականներ։

Այսօր EDX-ը համագործակցում է աշխարհի տարբեր` ԱՄՆ, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի կրթական հաստատությունների հետ։

2012թ. Digital Life Design գիտաժողովի ժամանակ հայտարարվեց Udacity3 ստեղծման մասին։ Այն մասնավոր կրթական կազմակերպություն է, որը ստեղծվել է Սեբաստիան Թրունի, Դևիդ Սթավենսի և Մայք Սոկոլսկու կողմից Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ծրագրի ընդլայնման արդյունքում։ Դասընթացները հասանելի են ինտերնետում անվճար։ 2012թ. Սեբաստիան Թրունը The Guardian թերթում նշված էր որպես մեկը, որը զգալի ավանդ ունեցավ բաց համացանցի զարգացման գործում։

Udacity-ի տեսանյութերն անգլերեն են, պարունակում են նաև տիտրեր։ Յուրաքանչյուր դասախոսությունն ունի թեստ՝ օգնելու ուսանողին՝ հասկանալ առաջարկվող հայեցակարգն ու գաղափարը։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ հիմնադիրները հաշվի են առնում լսարանի կարծիքը, ինչի արդյունքում մի շարք գաղափարներ կարող են ձախողվել, օրինակ, դիսկրետ մաթեմատիկայի դասընթացը, որովհետև մյուսների համեմատ ցածր մակարդակ ուներ։ Ֆորումներում հաճախ են դժգոհում թեստերի բարդությունից, բայց նյութերը վերանայվում և փոփոխվում են, որպեսզի ուսանողները կարողանան հանձնել առարկան։

Ամերիկյան հարթակներից առանձնակի ուշագրավ է Khan Academy4 ստեղծման և զարգացման ընթացքը։ Այն, ի տարբերություն վերոնշյալ հարթակների, հիմնված չէ որևէ համալսարանի վրա: Հիմնադրել է 2007թ. Հարվարդի համալսարանի շրջանավարտ Սալման Խանը (որն սկսել է աշխատանքն իր զարմիկի համար կրթական տեսահոլովակների ստեղծումից), Կալիֆորնիայում։ Ոչ առևտրային կազմակերպություն է, որի կարևոր առաքելությունն է բարելավել կրթությունը` մատուցելով անվճար դասընթացներ բոլորին և ամենուր։

Այսօր Khan Academy-ն ամենատարածված և ամենամեծ լսարան ունեցող հարթակներց մեկն է ամբողջ աշխարհում։ Նրա նպատակն է հասանելի լինել աշխարհի բոլոր անկյուններում։ Մինչ օրս հանդես է եկել շուրջ 400 մլն (!) դասընթացով և մասնակիցները լուծել են ավելի քան 2,5 մլրդ վարժություն5։ Ինչպես նաև, հարթակն ունի 500 հազ. գրանցված ուսուցիչ տարբեր երկրներից։ Տեսանյութեր կան 28 լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Հայերեն տեսանյութերի պատրաստման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար hայկական կայանն ունի երկու կոորդինատոր` Ամերիկայում և Հայաստանում6:

Ակադեմիան համագործակցում է NASA-ի, Ժամանակակից արվեստի թանգարանի, Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։

Նախագիծն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ։ Դրանց մեծ մասը կատարում են Google-ը և Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը։ 2010թ. Google-ը $2 մլն նվիրաբերեց մեծ քանակությամբ դասընթացների՝ առավել տարածված լեզուներով թարգմանությունների համար։

Եվրոպական հարթակներ

2012թ. դեկտեմբերին ամերիկյան վերոնշյալ հարթակների օրինակով հիմնադրվեց FutureLearn7, որն ամբողջությամբ պատկանում է Միլթոն Քեյնսի Բաց համալսարանին (Անգլիա)։ Սա Մեծ Բրիտանիայում առաջին Զանգվածային բաց առցանց դասընթացի ուսուցման հարթակն է, իսկ 2014թ. հունիսին արդեն նրան էին միացել 36 մեծբրիտանական և միջազգային համալսարանների գործընկերներ։ Այն, ի տարբերություն նմանատիպ ծրագրերի, ներառում է չորս ոչհամալսարանական գործընկերներ. The British թանգարանը, Բրիտանական խորհուրդը, Բրիտանական գրադարանը և Ազգային կինոյի և հեռուստատեսության դպրոցը:

FutureLearn-ը մեկնարկել է 12 համալսարանական գործընկերների հետ։ Մեկնարկը նպատակ ուներ զարգացնել Զանգվածային բաց առցանց դասընթացների պրակտիկան: FutureLearn-ի գլխավոր տնօրեն Սիմոն Նելսոնը նախկինում աշխատել է BBC-ում: Մինչ գործարկումը FutureLearn-ը հրաժարվել են գործարկել բրիտանական մի քանի համալսարաններ, և միայն երկու (Էդինբուրգի և Լոնդոնի) համալսարաններն են առաջարկել Coursera-ի նման դասընթացներ:

Այժմ FutureLearn-ը համագործակցում է Աբերդինի, Բիրմինգհեմի, Բրիստոլի, Քարդիֆի, Էդինբուրգի, Լիդսի, Լիվերպուլի, Նոթինգհեմի և մի շարք այլ համալսարանների հետ։

Դասընթացներն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ։ Առաջին դասընթացը բացվել է 2013թ. հոկտեմբերի 14-ին «Բրենդների գաղտնի ուժը» թեմայով։ Դասախոսությունն անցկացվել է Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ջոնսի կողմից։ Առաջին դասընթացներից են՝ «Վեբ գիտություն. թե ինչպես է այն փոխում աշխարհը», «Ծրագրավորման սկիզբը. կառուցել ձեր առաջին բջջային խաղը», «Պատերազմի պատճառները», «Էկոհամակարգերի ներածություն», «Անգլիան Ռիչարդ III թագավորի ժամանակ», «Մուսուլմանները Բրիտանիայում. փոփոխություններ և մարտահրավերներ», «Պատկերի բարելավում. ատամնաբուժական լուսանկարչություն գործնականում», «Ստոմատոլոգիայի բացահայտումները»։

Բաց, ոչառևտրային Զանգվածային բաց առցանց դասընթացների ուսուցման հարթակ է OpenupEd8, որը նպաստում է բաց կրթություն ստանալուն ինչպես անհատ սովորողների, այնպես էլ լայն հասարակության համար: Նրա տեսլականն այն է, որ բոլոր հետաքրքրված սովորողները մասնակցեն առցանց բարձրագույն կրթությանը:

OpenupEd-ն առաջարկում է բարձր որակի սովորողների կենտրոնացած դասընթացներ, որոնք նախատեսված են ինքնուսուցման համար, անկախ ժամանակից, վայրից: Դասընթացները տարբեր լեզուներով են, կառուցված են հետևյալ սկզբունքով.

• Ուսումնառության ճանապարհին բոլոր ավելորդ խոչընդոտները պետք է հանվեն ինչպես ուսուցման սկզբում, այնպես էլ ուսուցման ընթացքում:

• Սովորողներին պետք են համապատասխան խթաններ, որպեսզի հաջողության հասնեն իրենց կրթական ջանքերի շնորհիվ:

OpenupEd-ն առաջին ու միակ համաեվրոպական զանգվածային բաց առցանց դասընթացների նախաձեռնությունն է: Այն հիմնվել է 2013թ. ապրիլին EADTU-ի (European Association of Distance Teaching Universities) կողմից և համագործակցում է Եվրոպական հանձնաժողովի հետ (2013թ.)։ Գործակիցները հիմնված են ԵՄ 8 երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովակիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն), ինչպես նաև ԵՄ-ից դուրս գտնվող երեք երկրների (Ռուսաստան, Թուրքիա և Իսրայել) վրա։

OpenupEd-ը գործունեությունը սկսել է 40 դասընթացով մեծ տեսականի ունեցող տարածքներով: Որպես սկիզբ յուրաքանչյուրն առաջարկել է դասընթացներ իր սովորեցնելու ծրագրով և լեզվով: Պոտենցիալ սովորողները կարող են ընտրել դասընթացների լեզուն 11 լեզուներից, այդ թվում նաև արաբերեն: 2013թ. սկսած դասընթացների թիվը մեծ քանակությամբ աճել է:

Բավական հայտնի և տարածված հարթակ է Iversity.org-ը9` հիմնադրված Բեռլինում (Գերմանիա): Դասընթացներն անվճար են և բաց բոլոր անդամագրվող և մասնակցողների համար: Հիմնականում անցկացվում են անգլերեն և գերմաներեն, կան նաև ռուսերեն ու իտալերեն դասընթացներ, նախատեսվում են այլ լեզուներ ևս: Հիմնվել է 2008թ. Ջոնաս Լիեփմանի կոմից, որն այդ ժամանակ սովորում էր Բեռլինի Հումբոլդտի համալսարանի Մշակութային ուսումնասիրությունների բաժնում, որպես երկընտրանք ուսանողների և դասախոսների համար: Սակայն պաշտոնապես մեկնարկել է 2013թ. հոկտեմբերի 15-ին, 24 դասընթացի և ավելի քան 100.000 օգտատերերի հետ:

Դասընթացների մակարդակները տարբեր են՝ սկզբնական մակարդակից մինչև ավարտական: Բաղկացած են գլուխներից, բաժիններից և գնահատումներից: Մեկ դասընթացը պարունակում է ութ գլուխ: Մեկ գլուխն անցնում են մեկ շաբաթում: Յուրաքանչյուր գլուխ պարունակում է 6-10 բաժին: Մեկ դասընթացը 3–8 րոպե տևողությամբ է՝ լի ինտերակտիվ ստուգումներով և տնային հանձնարարություններով: Յուրաքանչյուր դասընթացի ավարտին կա մեկ քննություն:

Ֆորումները, ինչպես արդեն հանդիպեցինք գրեթե բոլոր հարթակների պարագայում, կազմում են դասընթացի մեծ մասը: Ուսանողները կարող են մասնակցել և նույնիսկ հարցեր, պատասխաններ և մեկնաբանություններ թողնել, ինչպես նաև մասնակցել թեմաների քվեարկման գործընթացին: Դասախոսները նույնպես կարող են մասնակցել քննարկումներին և քվեարկել:

Այսպիսով, այսօր Զանգվածային բաց առցանց դասընթացները լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում և տարեցտարի զարգանում են։ Հոդվածում մենք անդրադարձանք մի քանիսին միայն, սակայն այսօր առցանց դասընթացներ առաջարկում են ոչ միայն ամերիկյան և եվրոպական, այլ նաև ասիական, ավստրալական և աֆրիկյան երկրները:

Փորձեր են արվում առցանց դասընթացներ ներդնել նաև Հայաստանում։ Իսկ մինչ այդ օգտվել հնարավոր է միայն վերը նշված և նման այլ արտերկրյա կազմակերպություններից։

1 https://www.coursera.org

2 https://www.edx.org/

3 https://www.udacity.com/

4 https://www.khanacademy.org

5 https://khanacademy.zendesk.com/hc/en-us/articles/202483630-Press-room

6 https://hy.khanacademy.org/

7 https://www.futurelearn.com

8 http://www.openuped.eu

9 https://iversity.org


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր