• am
  • ru
  • en
Версия для печати
28.11.2017

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

   

«21-րդ ԴԱՐ» N 6, 2017


Ռոբերտ Խաչատրյան, Բ.գ.թ., դոցենտ, ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, որակի ապահովման կենտրոնի ղեկավար
Ֆրիդա Հակոբյան, ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի ասպիրանտ

Ցանկացած պետության և հասարակության կայուն զարգացումը պայմանավորված է ազգային անվտանգության ապահովմամբ, ուստի այն կենսական նշանակություն ունեցող խնդիրներից է: Ազգային անվտանգությունը ենթադրում է պետության կայուն զարգացման ապահովման նպատակով կենսագործունեության տարբեր ոլորտներում անհատի, հասարակության և պետության կենսական շահերի պաշտպանվածությունն արտաքին և ներքին սպառնալիքներից: Այսպիսով, ազգային անվտանգությունը ենթադրում է արտաքին և ներքին մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում մի շարք գործընթացների և գործողությունների իրականացում՝ ուղղված այդ պետության տարածքային ամբողջականության պահպանմանը, անկախության ու ինքնիշխանության ապահովմանը, տնտեսության բնականոն զարգացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, ինչպես նաև մարդու իրավունքների, ազատություների, հասարակական այլ հարաբերությունների պահպանմանը՝ հիմնվելով ազգային ու սոցիալական արժեքների, կրթության, գիտության, մշակույթի վրա: Մյուս կողմից՝ ազգային անվտանգությունը նպատակաուղղված է առկա ռեսուրսների հնարավորությունների հաշվարկմամբ և իրաչափ օգտագործմամբ քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, տեխնածին, բնածին, տեղեկատվածին (ինֆոգեն) և այլ բնույթի արտաքին և ներքին սպառնալիքների դիմակայմանն ու հաղթահարմանը:

Ազգային անվտանգության ապահովման վերաբերյալ բոլոր սահմանումներն ու մոտեցումները կարելի է ներկայացնել երկու հարացույցի շրջանակում՝ պաշտպանվածություն (ապահովվածություն, երաշխավորվածություն) և կայունություն: Պաշտպանվածության հարացույցը ենթադրում է անհատի, հասարակության և պետության կողմից սպառնալիքների կանխատեսում և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների կազմակերպում և իրականացում, մինչդեռ կայունացման հարացույցը ենթադրում է պետության ներուժի շարունակական զարգացում:

Անվտանգության խնդրի բարդությունով պայմանավորված՝ անհրաժեշտ է անվտանգության բոլոր սուբյեկտների ներգրավվածությունն ազգային անվտանգության ապահովման գործընթացում: Անհատը, հասարակությունը, պետությունը՝ որպես ազգային անվտանգության սուբյեկտներ, կանխատեսում են հնարավոր սպառնալիքները և կոչված են ձեռնարկելու վերջիններիս կանխմանն ուղղված հնարավոր մի շարք քայլեր: Ազգային անվտանգության սուբյեկտներն ու այդ սուբյեկտների փոխազդեցությամբ պայմանավորված ժողովրդավարական կենսագործունեության հետևյալ թիրախային տիրույթներն են.

- անհատը, նրա իրավունքներն ու ազատությունները,

- հասարակությունը, նրա ազգային, սոցիալական, նյութական և հոգևոր արժեքները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հանրությունը,

- պետությունը, նրա սահմանադրական կարգը, իրավական անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ազգային անվտանգության բոլոր սուբյեկտները պատասխանատվություն են կրում ազգային անվտանգության, ինչպես նաև դրա առանձին տեսակների և օբյեկտների անվտանգության ապահովման գործընթացների համար: Սակայն պետք է նշել, որ յուրաքանչյուր անհատ միայն մասնակի կարող է մասնակցել ազգային անվտանգության ապահովմանը՝ համակողմանիորեն հաշվի առնելով հասարակության և պետության շահերը: Ազգային անվտանգության ապահովումը պետության հիմնարար գործառույթներից է, և հետևապես պետության գերխնդիրն են դառնում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը: Պետական (ազգային) անվտանգությունը ենթադրում է և´ հասարակության, և´ անհատի անվտանգության ապահովում: Գոյություն ունեն ազգային անվտանգության մարմիններ, որոնք պետության անվտանգության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անհատի, հասարակության ու պետության անվտանգությունը: ՀՀ ազգային անվտանգության մարմինները կազմված են կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, պետական ուսումնական հաստատություններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից: Եվ քանի որ պետական ուսումնական հաստատությունները նույնպես ներառված են ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմում, հարկ է անդրադառնալ ազգային անվտանգության ապահովման գործընթացում կրթության դերին՝ մասնավորապես ներկայացնելով ազգային անվտանգության տեսակներից կրթական անվտանգության ապահովման գործընթացը:

«Կրթական անվտանգությունը» լիովին նոր իրողություն և հասկացություն է Հայաստանի Հանրապետության համատեքստում: Այն բազմամակարդակ կառուցվածք ունեցող բաղկացուցիչ տարրերի տիրույթ է, որը ներառում է պետության և հասարակության մտավոր, հոգևոր, կրթական և մասնագիտական ներուժի ձևավորման, կուտակված գիտելիքների և կարողությունների, գրագիտության և ֆունկցիոնալ գրագիտության (գիտական, վերլուծական, քննադատական մտքի և ակադեմիական գրագիտության ցուցանիշներ), ինչպես նաև սոցիալական զարգացումն ու հասարակության կրթական պահանջմունքների արդյունավետ բավարարման և ոլորտային խնդիրների, միջավայրային գործոնների վերաբերյալ հասարակության պատրաստվածության ու պետության մարտունակության աստիճանը համակցող համակարգեր: Կրթական անվտանգության ապահովումը ենթադրում է պետության կողմից պլանավորված կրթագիտական գործընթացի կազմակերպում և իրականացում՝ միտված համակարգաստեղծ բնորոշիչների, բաղադրիչների և չափորոշիչների ստեղծմանը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային գործառույթների իրականացմանը: Այն կարևորվում է ժամանակակից տնտեսության զարգացման, ինչպես նաև պաշտպանական ներուժի ձևավորման և ամրապնդման գործում՝ ապահովելով երկրի կայուն զարգացումը, ազգային անվտանգությունը, մարտունակությունը, պաշտպանությունն ու երկրի մրցունակությունը: Ներկայում կրթության համակարգի արդյունավետ կիրարկումը կրթական անվտանգության գլխավոր մարտահրավերներից է:

Կրթությունը պետության կարիքների բավարարմանն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ազգային ռազմավարական նպատակների առաջնահերթություններից է: Այն նպաստում է պետականության ամրապնդմանը, երկրի ինքնիշխանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, պետության ռազմական պատրաստվածությանը: Հարկ է նշել, որ ազգային և կրթական անվտանգության համակարգերը սերտորեն փոխկապակցված են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հասարակության կենսագործունեության ցանկացած բնագավառ կարևորագույն դերակատարություն ունի ազգային անվտանգության պաշտպանության գործընթացում. հասարակությունն անվտանգության օբյեկտ է, հասարակությունն անվտանգության սուբյեկտ է՝ անվտանգությունն ապահովող միջոց/ռեսուրս, հասարակությունը միաժամանակ տարաբնույթ վտանգներ է ստեղծում և իրականացնում դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: Զարգացած երկրներում կրթությունը դիտվում է որպես հասարակության կենսունակության ապահովման կարևորագույն տարր, իսկ պետական կրթական քաղաքականությունը՝ որպես ազգային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության բաղկացուցիչ: Կրթական անվտանգության ապահովումը պահանջում է տվյալ հասարակության օբյեկտիվ կարիքների հիման վրա կրթության և գիտության համակարգերի համապատասխան բարեփոխումների իրականացում՝ ի նպաստ պետության և հասարակության սոցիալական կապիտալի վերարտադրման, ինչպես նաև սոցիալ-արտադրական մրցունակության խթանման: Կրթական անվտանգությունը միտված է հիմնական (ընդհանուր) և մասնագիտական կրթության մրցունակության ապահովմանը: Հետևաբար, ազգային անվտանգության ապահովումը նաև պայմանավորված է կրթության բնագավառում պետական քաղաքականության արդյունավետ իրականացմամբ:

Ընդհանուր առմամբ՝ կրթության բնագավառում ՀՀ որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է կրթության միջոցով պետականության հզորացմանը, հոգևոր արժեքների պահպանմանը, մշակույթի, ավանդույթների, գիտության զարգացմանը, տնտեսական, սոցիալական ու կրթական հիմնահարցերի լուծմանը, որը հնարավոր է բացառապես գիտելիքահենք տնտեսության ու հասարակության հիմքերի ստեղծմամբ, բարձրագույն և շարունակական կրթության համակարգերի հետագա կատարելագործմամբ: Գիտության ոլորտի զարգացման տեսլականը Հայաստանի Հանրապետությունը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների մակարդակով մրցունակ երկիր դարձնելն է: Գիտելիքահենք տնտեսության տեսանկյունից կարևորվում են տեղեկատվական նոր տեխնոլոգիաները, նորաստեղծությունը, կրթությունն ու վերապատրաստումը: Երկրի տնտեսության՝ կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների հենքերի վրա մրցակցային առավելությունների ստեղծումը զարգացման առաջնահերթ նախապայման է: Այդ նպատակներին հասնելու հիմնական նախապայմանն արդյունավետ գիտակրթական համակարգի ձևավորումն է, որը կոչված է ոչ միայն արդիական գիտելիքներ հաղորդելու, այլև ստեղծելու նոր գիտելիքներ և դրանք ծառայեցնելու պետությանը:

Գլոբալացման պայմաններում ձևավորվում են նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք պահանջում են վերանայել պետական քաղաքականությունը կրթության ոլորտում որպես ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչ: ՀՀ զարգացման պետական քաղաքականության մեջ կրթությունը գերակայությունների շարքում շարունակում է մնալ ազգային արժեք և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացն ապահովող առանցքային գործոն: Հայաստանի կրթության զարգացումն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական նպատակադրումների համատեքստում՝ անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում, աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում, կայուն տնտեսական աճի և մրցակցության ապահովում, հայապահպանություն, միջազգային և տարածաշրջանային համագործակցություն1:

Այս նպատակադրումների կատարումն ապահովում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների իրականացման նախադրյալները: Պետք է նշել, որ կրթության նպատակներն իրագործելի են միայն այն դեպքում, երբ ձևավորված է պետական և սոցիալական պահանջարկ անհատի զարգացման, մասնագետների ձևավորման և շարունակական զարգացման նկատմամբ: Այդ պահանջարկի հիման վրա ստեղծվում է կրթության ազգային համակարգը, որը միտված է կապակցելու կրթությունը և ազգային անվտանգությունը, ֆիզիկական անվտանգությունը, հոգևոր անվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը, սոցիալական բարեկեցությունը, պետության տնտեսական մրցակցությունը և գիտելիքների ու նորարարությունների հիման վրա տնտեսության զարգացումը: Մնացյալ դեպքերում կրթության նպատակները մասնակի են իրագործելի, որը հանգեցնում է կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի, ճգնաժամի, որի պայմաններում սոցիալական ինստիտուտը գործում է միայն կառուցվածքային (ուսումնական հաստատություններ), բայց ոչ գործառական (ֆունկցիոնալ) մակարդակներում: Այս իրավիճակը կրթական անվտանգության տեսանկյունից կարող է հանգեցնել լուրջ խնդիրների և մարտահրավերների կրթության համակարգի բոլոր բաղադրիչների առումով:

Ընդհանուր առմամբ, կրթությունը նկարագրվում է հետևյալ հիմնական բնութագրիչներով. այն դիտարկվում է որպես գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգված ամբողջություն, որն անհատը ձեռք է բերում ինքնուրույն կերպով կամ ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում: Սա անհատի սոցիալական կարգավիճակը նկարագրող ցուցանիշներից է, ինչպես նաև հասարակական համակարգի ինքնակարգավորման մեխանիզմ, հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխության և զարգացման գործոն: Կրթությունը պայմանավորում է հասարակական գիտակցության մակարդակը, հասարակական զարգացումները կառավարելու հնարավորությունները և զարգացման միտումները [1]: Բացի այդ, կրթությունը նաև դիտարկվում է որպես սոցիալական ինստիտուտ, որը կոչված է ապահովելու անհատի մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը՝ այդ կերպ երաշխավորելով նրա մասնակցությունը և հանրային ներգրավվածությունը հասարակական գործունեության տարբեր բնագավառներում, մասնագիտական, սոցիալական-տնտեսական և սոցիալ-մշակութային խնդիրներ լուծելու կարողունակության ձևավորումը, նոր գիտելիքի ստեղծման ներունակության ապահովումը:

Կրթական անվտանգության ապահովումը նախևառաջ պայմանավորված է կրթության գործառույթների արդյունավետ և փոխկապակցված իրականացմամբ: Մասնագիտական գրականության մեջ կրթության հիմնական գործառույթների դասակարգման վերաբերյալ առկա են մի շարք մոտեցումներ: Հաշվի առնելով անհատի զարգացման վրա կրթության համակարգի ազդեցությունը՝ այդ գործառույթների շարքին կարելի է դասել.

- անհատի սոցիալականացումը,

- դաստիարակությունը,

- անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցումը:

Ըստ հասարակության վրա կրթության ազդեցության՝ առանձնացվում են կրթության հետևյալ գործառույթները.

- սոցիալական (հասարակության սոցիալական կառուցվածքի վերարտադրություն),

- մասնագիտական (հասարակության անդամների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման իրականացում),

- մարդասիրական (սերնդեսերունդ գիտելիքների և մշակույթի փոխանցում),

- բարոյահոգեբանական (արժեքային կողմնորոշում, բարոյական արժեքների փոխանցում և վարքագծի ձևավորում) գործառույթները:

Առանձնացվում են նաև տնտեսության վրա կրթության ազդեցությամբ պայմանավորված գործառույթներ՝ մարդկային և ազգային կապիտալի ձևավորում և զարգացում և այլն:

Անհատի, հասարակության և պետության վրա կրթության համակարգի ազդեցությամբ պայմանավորված՝ կրթության հիմնական գործառույթները կարելի է դասակարգել հետևյալ խմբերում.

1. սոցիալ-քաղաքական

- հասարակության անվտանգության ապահովում,

- սոցիալական շարժունություն,

- սոցիալական վերահսկողություն,

- հասարակության կայուն զարգացում,

- համաշխարհային քաղաքակրթության մեջ հասարակության ներառում,

2. սոցիալ-տնտեսական

- հասարակության մտավոր, մասնագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորում,

- մարդկային և ազգային կապիտալի ձևավորում և զարգացում,

- մասնագիտական միջավայրի ձևավորում,

- մասնագիտական կողմնորոշում,

- սոցիալական ընտրություն,

- տնտեսական ռեսուրսների վերարտադրություն:

3. սոցիալ-մշակութային

- հումանիստական (անհատի սոցիալականացում),

- դաստիարակություն,

- ուսուցում,

- հասարակության մեջ մշակույթի տարածում,

- մշակույթի մեջ նորարարությունների իրականացում,

- արժեքային կողմնորոշում,

- հոգևոր-մշակութային արժեքների փոխանցում,

- սոցիալական պատասխանատվության ձևավորում,

- հասարակական մտածողության ձևավորում:

Այսպիսով, կրթությունն անհատի սոցիալական դերակատարման համար անհրաժեշտ հասարակական վարքագծի ձևավորման բաղադրիչներից և միաժամանակ այն միջոցներից է, որի օգնությամբ անհատը մասնակցում է պետության և հասարակության կենսագործունեության տարբեր բնագավառների և սոցիալական ինստիտուտների գործունեությանը: Այլ կերպ ասած՝ կրթությունը սոցիալական ինստիտուտ է՝ փոխկապակցված հասարակության հիմնական ենթահամակարգերի հետ (տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային, հոգևոր և այլն) [2]: Կրթությունը մշտապես սոցիալական շարժունության կարևորագույն գործոններից է, հետևաբար՝ կրթական մակարդակը ոչ միայն անհատի սոցիալական զարգացման նախադրյալ է, այլ նաև հասարակությանն ու պետությանը սպառնացող վտանգների կանխարգելմանն ուղղված միջոց՝ միտված հասարակության անվտանգ զարգացման ապահովմանը:

Կրթության դերը գլոբալ համատեքստում խիստ կարևոր է, քանզի հասարակության կրթության մակարդակով է երաշխավորվում ազգային և համամարդկային արժեքների պահպանումը: Այն էական դերակատարություն ունի անհատի, հասարակության, պետության զարգացման գործընթացներում, այլ կերպ ասած՝ կրթության ընդհանուր և հիմնական նպատակներն են անհատի զարգացումը, նրա անձնային և մասնագիտական ունակությունների բացահայտումը և շարունակական կատարելագործումը, որն անհրաժեշտ է հասարակության կայուն զարգացման և պետության պաշտպանության համար: Կրթության նպատակներից է նաև այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք կարող են հստակ ձևակերպել իրենց բնագավառի հիմնախնդիրներն ու առաջարկել դրանց լուծման իրատեսական տարբերակներ, ինչպես նաև մշակել գիտության և կրթության ինտեգրման համակարգեր ու դրանց զարգացման ներազգային մեխանիզմներ: Մարդկային կապիտալի ապահովման տեսանկյունից կրթությունը հասարակության և երկրի տնտեսական զարգացման առանցքային հիմքերից է: Որակյալ մարդկային կապիտալի ձևավորմանը զուգահեռ՝ կրթությունն ունի նաև կարևոր սոցիալ-քաղաքական և սոցիալ-մշակութային գործառույթներ՝ դառնալով ազգային անվտանգության առանցքային գործոն: Սոցիալ-տնտեսական գործառույթների իրականացման շրջանակներում կրթության ազգային համակարգը պետք է բավարարի պետությանն անհրաժեշտ մասնագետների և մարդկային կապիտալի պահանջարկը՝ այդ կերպ երաշխավորելով մտավոր անկախությունը հասարակական կյանքի և արտադրության բոլոր փուլերում: Այսինքն՝ կրթական անվտանգության ապահովման համատեքստում կրթությունն անհատական մակարդակում պետք է բավարարի անհատի կրթություն ստանալու պահանջները, իսկ ազգային մակարդակում՝ պետությանն անհրաժեշտ մարդկային կապիտալի ձևավորման պահանջարկը:

Այսպիսով, կրթության գործառույթները պետք է նպատակաուղղված լինեն անհատի ձևավորմանն ու նրա ունակությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության մտավոր ներուժի ձևավորմանը՝ ի նպաստ պետության կայուն զարգացման: Հետևաբար, կրթության զարգացման ոլորտում էական նշանակություն ունի ներդրումների համակարգի կատարելագործումը: Կրթության համակարգում կատարվող ներդրումներն իրենց ծավալով և նշանակությամբ մարդկային կապիտալի ձևավորման հիմնական գործոններից են: Իսկ բարձրագույն կրթության մեջ կատարվող ներդրումները նպաստում են մրցունակ մասնագետների ձևավորմանը, որոնց բարձր որակավորում ունեցող աշխատանքն առավել մեծ ներգործություն է ունենում տնտեսական աճի տեմպերի վրա. ի տարբերություն արդյունաբերական նյութականացված ռեսուրսի՝ մտավոր ռեսուրսը չի սպառվում, այլ անընդհատ վերարտադրվում է, որը և տնտեսական առումով շարունակաբար կարող է ապահովել բարձր արդյունավետություն: Այսպիսով, «կրթության ոլորտը ներդրումների իրականացման միջավայր է, որը թույլ է տալիս ապահովել տնտեսության բոլոր ճյուղերում աշխատանքի բարձր արտադրողականությունը» [3]: Ըստ էության, կրթության ոլորտում կատարվող ներդրումները միջոցներ են, որ ծախսվում են ապագա եկամուտների ստացման կամ դրանց աճի նպատակով: Հետևաբար, կրթական ծախսերը ներդրումների յուրահատուկ տեսակ են, որ ունեն երկարաժամկետ բնույթ և իրականացվում են որոշակի արդյունքի ստացման նպատակով: Քանի որ մարդկային կապիտալը տնտեսական աճի, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության ձևավորման կարևորագույն գործոններից է, խիստ կարևորվում է կրթության ոլորտում պետական ներդրումների շարունակական աճը:

Կրթության ոլորտը Հայաստանում կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Կրթության ոլորտը մարդկային կապիտալի ձևավորման կարևորագույն գործառույթի իրականացմամբ նպաստում է նաև սոցիալական և ազգային մարդկային կապիտալների զարգացմանը, որոնք տնտեսության, հասարակության, ազգային հարստության հիմնական բաղկացուցիչներից են: Ազգային մարդկային կապիտալը ներառում է տվյալ պետության և հասարակության քաղաքական, սոցիալական, տնտեսական կապիտալը, ազգային մտավոր ռեսուրսները, ազգային մրցունակության առավելությունները և ժողովրդի բնական ներուժը: Մարդկային կապիտալը սահմանվում է որպես գիտելիքների, հմտությունների, կարողությունների և շարունակական ինքնազարգացման ամբողջություն, որն անհատը ձեռք է բերում ուսումնառության և աշխատանքային գործընթացներում՝ միտված սոցիալական և մասնագիտական շարժունությանը, ինչպես նաև սոցիալական կապիտալի ձևավորմանը: Սոցիալական կապիտալը նկարագրվում է մարդկանց միջև եղած սոցիալական կապերով և դիտարկվում է որպես մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում անհատական ռազմավարության իրականացման գործոն [4]: Սոցիալական կապիտալը ռեսուրսների ամբողջություն է, որը դրսևորվում է անհատի կամ խմբի կողմից փոխադարձ ճանաչողության հիման վրա ինստիտուցիոնալացված հարաբերությունների արդյունքում և միտված է հասարակությունում մարդկանց միջև փոխգործակցության որակի և ծավալի աճին ու հիմնարար արժեքների տիրապետմանը:

Կրթության համակարգը, ապահովելով կրթական և մասնագիտական ներուժի վերհանումը և կապիտալի ձևավորումը, ազդում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական համակարգերի և ազգային անվտանգության մյուս բաղկացուցիչների վրա: Եվ ճիշտ հակառակը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և մյուս համակարգերը, լինելով հասարակական գործունեության կարևորագույն ոլորտներ, ստեղծում են համապատասխան պայմաններ կրթական ներուժի ձևավորման և զարգացման համար, հետևաբար նաև ազդում են կրթության համակարգի առաջընթացի վրա: Կրթական ներուժը բնութագրվում է որպես պետության ներունակություն, որը ներառում է հասարակության կողմից կուտակված գիտելիքները, հմտությունները, փորձն ու փորձառությունը, ճանաչողական կարողությունները, ինչպես նաև կրթական հաստատությունների փոխհարաբերությունների և նորմերի ամբողջությունը, գիտամանկավարժական կադրերի համակազմը, կրթական ենթակառուցվածքները, կրթության ոլորտի ֆինանսավորման համակարգը, կրթության բնագավառում հարաբերությունների կարգավորման իրավաքաղաքական հիմքերը, որոնք ձևավորում են անհատ, հասարակություն, պետություն բաղադրիչների միջև փոխգործակցության որակը և ծավալը:

Ազգային և կրթական անվտանգության ապահովման համատեքստերում պետական կրթական քաղաքականության գերակայությունները պետք է լինեն հետևյալը՝ հասարակական, ինչպես նաև տնտեսական զարգացման պահանջներին համապատասխան որակյալ կրթության երաշխիքների ապահովումը, կրթության որակի բարձրացման անհրաժեշտ պայմանների ձևավորումը, կրթության համակարգում արդյունավետ տնտեսական կապերի ձևավորումը, ազգային կրթական համակարգը բարձր որակավորմամբ մասնագետներով համալրումը, կրթության սուբյեկտների միջև պատասխանատվության բաշխումը: Թվարկված գերակայություններից յուրաքանչյուրն ունի իր կարևորությունը. դրանք սահմանվում են որևէ խնդրի կարգավորման կամ պետության հեռանկարային զարգացման նպատակով: Գերակայությունների իրականացման շնորհիվ հնարավոր է ոչ միայն վերացնել կրթության ոլորտում առկա բացասական միտումները, այլ նաև ամրապնդել պետության ազգային անվտանգության համակարգն ու ստեղծել բարենպաստ պայմաններ վերջինի զարգացման համար:

Պետական կրթական քաղաքականությունը փոխկապակցված է պետական, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտամանկավարժական հասարակության գործունեության հետ: Սակայն հարկ է նշել, որ ոչ միշտ են նշյալ օբյեկտների շահերը համընկնում: Այդ պատճառով խիստ կարևորվում են վերջիններիս համապատասխանեցմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, կրթության բնագավառում պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը: Հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներում տեղի ունեցող փոփոխությունները, կրթության միջազգայնացումը, գիտության և կրթության զարգացումը՝ որպես ժամանակի հրամայական, ազգային և միջազգային աշխատաշուկաների պահանջները, նորարարական տեխնոլոգիաների գործուն ներդրումը, տեղեկատվական ռեսուրսների դերակատարության մեծացումը հանգեցնում են մասնագիտական կրթության ոլորտում պետական քաղաքականության վերանայման, կրթության որակի ապահովման, միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը:

Պետական կրթական քաղաքականության իրականացման դերակատարներից են պետական ուսումնական հաստատությունները, որոնք ապահովում են ազգային և կրթական անվտանգությանը միտված մի շարք գործառույթների իրականացումը.

- մարդկային կապիտալի կրթվածության բավարար մակարդակի ապահովում՝ ուղղված տնտեսության զարգացմանը, հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների, ինչպես նաև ազգային անվտանգության համակարգի մասնագետների պատրաստում, ռազմական անվտանգության համար պատասխանատու մասնագետների կրթական բարձր մակարդակի ապահովում,

- հասարակության գրագիտության բավարար մակարդակի ապահովում (նախնական զինվորական պատրաստություն, առողջապահության և անվտանգության դասընթացներ)՝ կանխատեսելով ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր ռազմական վտանգները,

- կրթական գործունեության հետ մեկտեղ հայրենասիրական դաստիարակության իրականացում,

- ֆունկցիոնալ գրագիտության բավարար մակարդակի ապահովում,

- ուսումնական հաստատություններում գիտահետազոտական գործունեության շրջանակներում այնպիսի հետազոտությունների իրականացում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ազգային անվտանգության ապահովմանը,

- տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված գիտելիքների փոխանցում, տեղեկատվական միջավայրի պաշտպանվածության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Այսպիսով, պետական ուսումնական հաստատությունները, իրականացնելով պետական կրթական քաղաքականությունը, էապես նպաստում են կրթական անվտանգության ապահովմանը. վերջիններս անհատին զինում են գիտելիքներով, հմտություններով, կարողություններով, որոնք անհրաժեշտ են անհատական, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման համար, ձևավորում են անվտանգության ապահովման մշակույթ, պատրաստում, վերապատրաստում, վերաորակավորում են մասնագետներ, որոնք զբաղվում են անվտանգության տարբեր տեսակների ապահովմամբ, ինչպես նաև վերահսկում են տարաբնույթ օբյեկտների անվտանգ գործառությունը:

Անդրադառնալով ՀՀ-ում կրթական անվտանգության ապահովման վրա ազդող բացասական գործոններին՝ հարկ է նշել, որ ընդհանրապես ազգային, ինչպես նաև կրթական անվտանգության համար մեծ սպառնալիք է ՀՀ ժողովրդագրական իրավիճակը, որը տարեցտարի ավելի է վատթարանում արտագաղթի պատճառով. ուսումնասիրելով մշտական բնակչության թվաքանակն ըստ տարիների՝ կարելի է փաստել, որ 2000 թվականից մինչև 2016 թվականը ՀՀ մշտական բնակչության թվաքանակը շարունակաբար նվազել է՝ 3.221.100-ից հասնելով 2.992.500-ի2: Այդ սպառնալիքների շարքում կարելի է առանձնացնել «ուղեղների արտահոսքը», որը բացասաբար է անդրադառնում երկրի թե՛ տնտեսության զարգացման և թե՛ կրթության համակարգի արդյունավետության ու մրցունակության վրա [5, էջ 496]:

«Ուղեղների արտահոսք» հասկացությունը սահմանվում է որպես հմուտ և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կադրերի արտագաղթ կամ հաճախ նաև՝ մարդկային կապիտալի հոսք: Ուղեղների արտահոսքը մտավոր և տեխնիկական հմտություններով աշխատուժի կորուստ է դեպի ավելի նպաստավոր աշխարհագրական, տնտեսական կամ մասնագիտական միջավայր՝ այդպիսի աշխատուժի տեղաշարժման միջոցով: Ուղեղների արտահոսքը կամ մարդկային կապիտալի արտահոսքը տեխնիկական հմտություններով կամ գիտելիքներով անձանց մեծ արտագաղթն է, սովորաբար՝ բախումների, անբավարար հնարավորությունների, քաղաքական անկայունության կամ առողջության ռիսկերի պատճառով: Ուղեղների արտահոսքը հաճախ կապված է տնտեսական ծախսերի հետ, քանի որ արտագաղթողներն իրենց հետ տանում են ուսումնառության արժեքի մասը, որը ֆինանսավորվել է կառավարության կողմից [6, էջ 399]: «Ուղեղների արտահոսքի» բացասական ազդեցությունն ազգային և կրթական անվտանգության վրա քանակապես դժվար է հաշվարկել: Սակայն հարկ է նշել, որ «որակապես այն կարող է հանգեցնել հայրենական այնպիսի դպրոցների քայքայման, որոնցից շատերը զբաղեցրել և դեռ շարունակում են զբաղեցնել առաջատար դիրքեր համաշխարհային գիտության մեջ (մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն)» [7], հետևաբար նաև խոչընդոտել երկրի կրթական և գիտատեխնիկական անկախության պահպանման գործընթացին: Բարձրորակ մասնագետների արտագաղթի հետևանքով աշխատաշուկայում աշխատուժի առաջարկը մի շարք մասնագիտությունների գծով փոփոխվում է, վտանգվում է գիտատեխնիկական և մասնագիտական ներուժի զարգացումը: Քանի որ մասնագետների արտագաղթի ընթացքում տեղի է ունենում նաև կապիտալի արտահանում, այն բացասաբար կարող է ազդել պետության տնտեսության զարգացման և սոցիալական բարեկեցության վրա: Բացի այդ, «ուղեղների արտահոսքի» բացասական ազդեցությունը նկատելի է նաև ժողովրդագրական տեսանկյունից։ Քանի որ հիմնականում երիտասարդ և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներն են հեռանում երկրից՝ արտերկրում աշխատանք փնտրելու նպատակով, երկրում նկատվում են բնակչության ծերացում, ծնելիության կտրուկ անկում, մահացության գործակցի աճ և բնական վերարտադրության ցածր մակարդակ, որը հանգեցնում է խոր ժողովրդագրական ճգնաժամի:

Այսպիսով, «ուղեղների արտահոսքը» էապես կարող է ազդել երկրի տնտեսական, մասնագիտական և աշխատանքային ներուժի, ինչպես նաև ազգային և կրթական անվտանգության վրա. կրճատվում է աշխատանքային ռեսուրսների մտավոր ներուժը, ազգային տնտեսությունը կորցնում է իր բնակչության առավել ճկուն և մրցունակ զանգվածին, որը հանգեցնում է աշխատաշուկայում կառուցվածքային փոփոխությունների: Որպես հետևանք` երկրում նվազում է աշխատանքի արտադրողականությունը, և ընկնում է երկրի մրցունակությունը համաշխարհային շուկայում:

Նշված խնդիրների լուծման և կրթական անվտանգության ապահովման նպատակով պետությունը պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկի՝ ստեղծելով աշխատատեղեր, նպաստելով որակավորված աշխատուժի ձևավորմանն ու պահպանմանը ներպետական տարածքում, ինչպես նաև «ուղեղների ներհոսքի» կազմակերպմանը: «Ուղեղների արտահոսքի» կանխմանը կարող են նպաստել հիմնարար գիտական հետազոտություններում պետական ներդրումների ապահովումը, կրթության և գիտության ոլորտներում վարձատրության համակարգի վերանայումը, ինչպես նաև ըստ տնտեսության ճյուղերի պահանջների բուհերում դիմորդների ընդունելության կազմակերպումն ու մասնագետների պատրաստումը:

Կրթական անվտանգության կարևորության աստիճանի վերաբերյալ դիրքորոշումները պայմանավորված են յուրաքանչյուր պետության առջև ծառացած խնդիրների բնույթով և կրթության ազգային համակարգի զարգացման որոշակի օրինաչափություններով և պետական շահերով: Այսպես, օրինակ, եթե մտավոր կարողությունների արտահոսքը Հայաստանից ազգային և կրթական անվտանգության ապահովման տեսանկյունից դիտվում է որպես սպառնալիք, ապա մյուս պետությունների համար այդ երևույթը կարող է լուրջ մտահոգություն չառաջացնել. «ուղեղների արտահոսքը» բնորոշ է այն երկրներին, որտեղ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների պահանջարկն էապես զիջում է առաջարկին, քանի որ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների համար տվյալ պետության տնտեսության զարգացումները չեն կարող ապահովել համապատասխան զբաղվածություն և բավարար վարձատրություն: Պետք է նշել, որ ՀՀ-ում նույնպես աշխատուժի պահանջարկի և առաջարկի միջև անհամապատասխանության արդյունքում տնտեսապես ակտիվ բնակչության մի մասը դիտվում է որպես աշխատուժի առաջարկի ավելցուկ՝ հանգեցնելով «ուղեղների արտահոսքի»: Որակյալ աշխատուժի և մարդկային ռեսուրսների արտահոսքը սպառնալիք է ՀՀ-ի համար, որն իր զարգացման տեսլականը կապում է գիտելիքահենք տնտեսության ստեղծման հետ: Մինչդեռ, պետք է նշել, որ զարգացած երկրները մշակում և կիրառում են ներհոսքի հատուկ քաղաքականություն որակյալ մասնագետների ներգրավման համար՝ ընդլայնելով նրանց աշխատանքի հնարավորությունները:

«Բարձրորակ մարդկային կապիտալը ժամանակակից տնտեսական զարգացման հիմնական նախապայմանն է, առանց դրա անհնար է երկարաժամկետ հեռանկարում ապահովել կայուն տնտեսական զարգացում: Կրթության համակարգը պետք է լինի բարձր մտավոր և ստեղծագործական ունակություններով օժտված, միջազգայնորեն մրցունակ գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի պատրաստման պատասխանատուն և երաշխավորը: Կայուն տնտեսական աճը երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաև երկրի արդիականացման աստիճանը և ինստիտուցիոնալ կարողությունների աճը մեծապես պայմանավորված են կրթության ոլորտի բարեփոխումների հաջող իրականացմամբ»3:

Հասարակության կրթվածության հիմնախնդիրը որոշիչ է ազգերի ժամանակակից և սոցիալական նշանակություն ունեցող արժեքային համակարգի, հասարակության կողմնորոշվածության, մարդու կողմից իր դերի գիտակցված ընտրության համար: Կրթությունը կոչված է աջակցելու և զարգացնելու հասարակության արժեքային համակարգը: Յուրաքանչյուր երկրի բնակչության գիտելիքներն ու կրթությունը դիտարկվում են որպես մարդկային կապիտալի բաղկացուցիչներ, որոնցով պայմանավորված են ազգային տնտեսությունների գործառություններն ու նորարարությունները: Այդ պատճառով յուրաքանչյուր երկրի կրթական անվտանգության մակարդակը ներկայացնող ցուցանիշների շարքում կարևորվում են հատկապես տվյալ երկրում գրագիտության ցուցանիշները: ՀՀ ԱՎԾ 2015թ. տվյալների համաձայն՝ ՀՀ-ում գրագիտության4 ցուցանիշներն ու կրթության բնագավառում բնակչության համախառն ընդգրկվածությունը հետևյալն է. տարրական (1-4 դասարաններ) - 91.6%, հիմնական (1-9 դասարաններ) - 96.3%, ավագ (10-12 դասարաններ) - 57.9%, միջնակարգ (1-12 դասարաններ) - 86.4%, նախնական մասնագիտական (արհեստագործական) - 7.2%, միջին մասնագիտական - 10.9%, բակալավրիատ - 52.9%, մագիստրատուրա - 12.7%5:

Հարկ է նշել, որ ՀՀ-ում բնակչության զգալի հատվածն ունի գրագիտության բավարար մակարդակ՝ կարդալ և գրելու, քննադատական (հասկանալ, սահմանել, մեկնաբանել), թվաբանական (հաշվել), համակարգչային (համակարգչից օգտվելու ունակություններ պրակտիկ առաջադրանքների իրականացման համար) և հաղորդակցվելու հմտություններ հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում կիրառելու համար, քանի որ միջնակարգ կրթությունն անվճար է և պարտադիր ՀՀ քաղաքացիների համար, այլ կերպ ասած՝ պետությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ ապահովելու համար հասարակության գրագիտության մակարդակը: 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության միայն 0.3%-ը գրաճանաչ չէ6: Իսկ ինչ վերաբերում է ֆունկցիոնալ գրագիտությանը7, պետք է նշել, որ դեռևս այս ուղղությամբ առկա են մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ չեն իրականացվում համակարգային գնահատում և վերլուծություններ:

Ի տարբերություն հիմնական կրթության, սովորողների ընդգրկվածությունը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում և բուհերում համեմատաբար ավելի ցածր է, իսկ աղքատների և ոչ աղքատների ընդգրկվածության տարբերությունը՝ բավական նկատելի: Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների՝ 2015-2016 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորողների 75.1%-ը ոչ աղքատ տնային տնտեսություններից են, 24.4%-ը՝ աղքատ, և մոտ 0.5%-ը ծայրահեղ աղքատ: Հետևաբար, ՀՀ բուհերում սովորողների մոտ 25%-ը աղքատ և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններից է, և կարելի է եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում հիմնականում ընդգրկված են ոչ աղքատ տնային տնտեսությունների ներկայացուցիչներ, մինչդեռ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության որոշակի մաս դուրս է մնում բարձրագույն կրթության համակարգից: Վերջինս լուրջ սպառնալիք է թե´ կրթական, թե´ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Չնայած 2011թ. հունիսի 30-ին ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը» նախատեսում էր ուսանողների ֆինանսական աջակցության որոշակի ծրագրերի ներդնում, ինչպես նաև պետություն-բուհ հարաբերությունների շրջանակի վերանայում, հատկապես՝ ուսման վարձերի ձևավորման, ուսանողների ընդունելության հարցերում, պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտությունների պետական քվոտաների տրամադրում, հարկ է նշել, որ դեռևս հիմնախնդրային են աղքատ և միջին խավի, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության համապատասխան տարիքային խմբի ներկայացուցիչների ընդգրկվածությունը բարձրագույն կրթության համակարգում, նրանց համար բարձրագույն կրթության մատչելիության բարձրացումը և բուհեր ընդունվելու հավասար հնարավորությունների ստեղծումը:

Տարբերությունները որակյալ կրթության հասանելիության առումով հարուստ և աղքատ տնային տնտեսությունների, քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև հետզհետե դառնում են ավելի նշանակալի: Նշյալ գործոններն, անկասկած, իրենց բացասական ազդեցությունն ունեն կրթական անվտանգության ապահվման գործընթացի վրա, քանի որ կրթության գործառույթները լիարժեք չեն կարող իրականանալ, եթե կրթությունը մատչելի և հասանալի չէ բնակչության բոլոր խավերին: Պետք է փաստել, որ ազգային մակարդակում նշված հիմնախնդիրների վերաբերյալ որևէ համապարփակ ուսումնասիրություն կամ վերլուծություն արված չէ: Մինչդեռ, կրթության համակարգում բնակչության ընդգրկվածության ցուցանիշների նվազագույն շեմի գերազանցումը բացասաբար է ազդում պետության կրթական, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման վրա:

Անդրադառնալով կրթության համակարգում բնակչության ընդգրկվածության հիմնախնդիրների միջազգայնորեն կարգավորմանը՝ պետք է նշել, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի զարգացման կարևորագույն նպատակներից է ապահովել համընդհանուր տարրական կրթություն մինչև 2015թ., ինչպես նաև վերացնել գենդերային անհավասարությունը8 կրթության բոլոր մակարդակներում: 2015թ. ցուցանիշների վերլուծությունը փաստում է, որ հանրակրթության մակարդակում գենդերային անհավասարությունն այդքան էլ նկատելի չէ, իսկ կրթության հաջորդող մակարդակներում՝ միջին մասնագիտական, բակալավրիատ, մագիստրատուրա, իգական սեռի ներկայացուցիչների թվաքանակը գերազանցում է արական սեռի ներկայացուցիչների թվաքանակը: Արական սեռի ներկայացուցիչների նվազ թվաքանակը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի մարտունակության, հետևաբար նաև ազգային անվտանգության ապահովման գործընթացի վրա: Սակայն պետք է նշել, որ ի տարբերություն կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշների՝ ՀՀ-ում զբաղվածների կազմում արական սեռի ներկայացուցիչների թվաքանակը ավելի մեծ է. համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2015թ. զբաղվածների կազմում արական սեռի ներկայացուցիչների միջին տարեկան թվաքանակը կազմել է 562.300 (որից 156.500՝ բարձրագույն և հետբուհական կրթությամբ), իսկ իգական սեռինը՝ 510.400 (որից 155.200՝ բարձրագույն և հետբուհական կրթությամբ) մարդ: Նույն թվականի տվյալների համաձայն՝ արական սեռի ներկայացուցիչների զբաղվածության մակարդակը9 եղել է 59.8%, իսկ իգական սեռինը՝ 43.8%10:

Համաձայն ՄԱԿ զարգացման ծրագրի «Մարդկային զարգացման զեկույց 2016»-ի՝ ՀՀ-ում 15-24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների գրագիտության մակարդակը 99.9% է, իսկ արական սեռինը՝ 99.8%11: Ըստ այս զեկույցի՝ Հայաստանը ներկայում դասվում է մարդկային ներուժի զարգացման «բարձր մակարդակ» ունեցող երկրների թվին և զբաղեցնում է 84-րդ տեղն աշխարհի 188 երկրների թվում: Երկրի վարկանիշը ենթակա է ամենամյա փոփոխության՝ կախված երկրի զարգացման աստիճանից: Մյուս կողմից՝ երկրի տնտեսական զարգացումը և տնտեսական աճը կախված են մարդկային կապիտալի զարգացման աստիճանից. մարդկային զարգացումը լուրջ նախադրյալ է հասարակության քանակական և որակական առաջընթացի, հետևապես՝ տնտեսական աճի շարունակականության համար: Մարդկային կապիտալը նպաստում է տնտեսության զարգացմանն ու աճին տնտեսական և արտադրական գործունեության բոլոր ոլորտներում, խթանում աշխատանքի որակի ու արդյունավետության բարձրացումը հասարակության կենսագործունեության և կենսապահովման բոլոր ուղղություններում:

Անդրադառնալով ՀՀ-ում մարդկային կապիտալի ցուցանիշներին՝ հարկ է նաև ներկայացնել մեկ այլ զեկույցի տվյալներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են մարդկային կապիտալի կրթությանը, զարգացմանն ու զբաղվածությանը: Ըստ 2016-2017թթ. «Մրցունակության համաշխարհային զեկույցի»՝ Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 138 երկրների մեջ՝ նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 տեղով: Համաձայն այս զեկույցի՝ նախորդ տարիների համեմատ որոշ դրական փոփոխություններ են գրանցվել բարձրագույն կրթության և վերապատրաստման, աշխատաշուկայի արդյունավետության և նորարարությունների բնագավառում12: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս համաթվի ցածր մակարդակը պայմանավորված է աշխատուժի ցածր ցուցանիշներով և զբաղվածության ապահովման գործընթացում երկրի թերացումներով: Պատճառը գործազրկության, հատկապես երիտասարդների գործազրկության բարձր մակարդակն է, տաղանդների գրավման և պահպանման՝ երկրի սահմանափակ հնարավորությունները, աշխատուժի վերապատրաստման ծառայությունների ցածր որակը և այլն:

Կրթական անվտանգության բաղադրիչներից է նաև լրացուցիչ և շարունակական կրթության ապահովումը: Անընդհատ վերափոխվող և զարգացող աշխարհում առաջադրված նոր մարտահրավերներն անմիջականորեն ուղղված են մարդուն, որի գերակա խնդիրն է դառնում արձագանքել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին և լինել մրցունակ։ Այս տեսակետից, մեկ անգամ հիմնարար կրթություն ստանալն այլևս բավարար պայման լինել չի կարող։ Այդ պատճառով էլ զարգացած երկրներում որակավորման բարձրացման ծրագրերի զարգացումը պատասխանն է արագ փոփոխվող և աճող արտադրության պահանջներին: Ուստի առաջ է քաշվում լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարը, որը դրվում է ազգային կրթական համակարգերի վերակառուցման և բարեփոխումների հիմքում: Լրացուցիչ և շարունակական կրթության նպատակներից են.

- անձի շարունակական կրթական պահանջմունքների բավարարումը, յուրաքանչյուրի նախասիրություններին ու հետաքրքրություններին համապատասխան հմտությունների ձեռքբերումը, արժեքային համակարգի ձևավորումը,

- մարտահրավերներին դիմակայելու, փոփոխություններին արձագանքելու և հարմարվողականության նպատակով անձի ունակությունների բարձրացումը,

- հասարակության և նրա անդամների համակողմանի զարգացման համար հոգևոր և սոցիալ-տնտեսական նպաստավոր պայմանների ապահովումը,

- ինտեգրումը լրացուցիչ և շարունակական կրթության միջազգային հանրությանը և զբաղվածության ոլորտների զարգացումներին,

- երկրի մրցունակության ապահովումը՝ աշխատուժի մասնագիտական կարողությունները և հմտությունները աշխատաշուկային համապատասխանեցնելու և զարգացնելու միջոցով:

ՀՀ ԿԳՆ-ի կողմից «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույցի» շրջանակներում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ոչ ֆորմալ կրթություն իրականացնում են ավելի քան 245 կազմակերպություններ (Երևանում` 155, մարզերում՝ 90), որոնք ունեն տարբեր իրավական-կազմակերպական ձևեր: 2010թ. տվյալներով՝ ոչ ֆորմալ ուսուցում է ստացել շուրջ 11 հազար մարդ, որից Երևանում` 3150 (կանայք 62%), մարզերում` 7850 (կանայք` 61%): Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ մարզերում ներգրավվածությունն ավելի մեծ է, քան Երևան քաղաքում, ընդ որում՝ Երևանին բնորոշ է ուրբանիզացիայի բավական բարձր մակարդակը, և ենթադրաբար ցուցանիշներն էլ պետք է ավելի բարձր լինեին այստեղ: Սակայն սա կարելի է բացատրել մարզերի բնակչության առավել հետաքրքրվածությամբ կամ Երևան քաղաքում գործող ոչ ֆորմալ կրթություն իրականացնող կազմակերպությունների՝ նաև մարզերում գործունեություն ծավալելու հանգամանքով:

Կրթական անվտանգությունը դիտարկվում է որպես կրթության ոլորտում ազգային շահերի և պետական կարիքների երաշխավորված պաշտպանություն, որը կհամապատասխանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությանը: Հարկ է նշել, որ գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործընթացում բուհերն իրականացնում են արտադրության և ծառայությունների սպասարկման ոլորտների մասնագետների պատրաստում և վերապատրաստում, գիտատեխնիկական բնագավառի կադրերի մասնագիտացում, նորարարական արտադրանքի ստեղծում և վերջինիս գործառության խթանում: Հետևաբար, բարձրագույն կրթությունը նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, ձևավորում երկրի աշխատանքային ռեսուրսները, դարձնում աշխատանքն ավելի արդյունավետ, բարձրացնում աշխատակիցների կատարողականը, բարելավում մարդու կյանքի որակը, զարգացնում մարդու ստեղծագործ մոտեցումը աշխատանքի նկատմամբ, բարձրացնում նրա գիտելիքների մակարդակն ու հարստացնում մտավոր պաշարը` նպաստելով մարդկային կապիտալի քանակական և որակական աճին: Կրթական անվտանգության ապահովման գործընթացում բարձրագույն կրթության դերը նկարագրելու համար հարկ է նաև ներկայացնել ոլորտը բնորոշող այնպիսի ցուցանիշներ, որոնք առնչվում են բուհերի, դասախոսների և ուսանողների թվաքանակին:

Ներկայում ՀՀ-ում մասնագիտական կադրերի պատրաստումն իրականացվում է պետական և ոչ պետական 60 բուհում: Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1998-2016թթ. ընթացքում ՀՀ բուհերի թվաքանակը բավական նվազել է՝ 98-ից հասնելով 60-ի: Վերլուծելով ցուցանիշները՝ հարկ է նշել, որ 2015-2016թթ. ուսանողների թվաքանակը 96.502 էր, իսկ բուհերինը՝ 60, հետևաբար ՀՀ բուհերում ընդգրկված ուսանողների միջին թիվը 1600 է: Տարիների ընթացքում ՀՀ բուհերի թվաքանակի կրճատումը ենթադրաբար պայմանավորված է բուհերում ընթացող ինստիտուցիոնալ հավատարմագրման իրականացման գործընթացով: Այդ գործընթացը հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է մատուցվող կրթական ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև թույլ է տալիս գնահատել բուհերի գործունեության արդյունավետությունը, պարզել, թե արդյոք վերջիններս իրականացնում են իրենց առաքելությունը: Ինստիտուցիոնալ հավատարմագրումն իրականացվում է ՈԱԱԿ-ի (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ) կողմից, և այն շնորհվում է որոշակի ժամկետով՝ հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Պետք է նշել, որ 2014 թվականից ՀՀ-ում սկսված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի արդյունքում մինչ օրս հավատարմագրվել են 20 պետական և ոչ պետական բուհեր:

Եթե 1998թ. ոչ պետական բուհերի թիվը 80-ից ավելի էր և 5 անգամ գերազանցում էր պետական բուհերի թիվը, ապա հարկ է նշել, որ ուսումնասիրվող տարիներին ոչ պետական բուհերի թիվը նվազել է, իսկ պետական բուհերինը՝ աճել: Ոչ պետական բուհերը, որոնք հիմնադրվել են սկսած 1991 թվականից, ընդլայնել են մասնավոր կրթության ոլորտն ու պահանջարկը, որը ձևավորվում էր հատկապես այն ուսանողների կողմից, որոնք պատրաստ էին վճարել մատչելի և հեշտ ուսումնառության համար: Սակայն վերջին տարիների ընթացքում ոչ պետական բուհերի թիվը կրճատվել է, ինչը ենթադրաբար պայմանավորված է կրթության ոլորտի վերոնշյալ բարեփոխումներով: Հարկ է նշել, որ ՀՀ պետական և ոչ պետական բուհերի միջև արդյունավետ մրցակցային միջավայրի բացակայությունը նպաստում է ոչ պետական բուհերի կրճատմանը, արդունքում՝ մասնագիտական կրթության արդյունավետ կազմակերպման մենաշնորհը պետական բուհերինն է:

Անդրադառնալով ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բուհերին՝ պետք է նշել, որ կրթության անվտանգության տեսանկյունից կարևորվում են նաև գործող 6 միջկառավարական բուհերը, որոնք պետական և ոչ պետական բուհերից տարբերվում են կրթության կազմակերպման մեթոդներով, կրթության բովանդակությամբ, ֆինանսավորման մեխանիզմներով, զարգացման ուղղություններով և արժեքային համակարգով: Պետական մակարդակում պետք է համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել՝ պարզելու համար նշյալ բուհերի կողմից ներկայացվող հնարավոր սպառնալիքները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրթության ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածությամբ և փոփոխությունների նկատմամբ նրանց պատրաստակամությամբ: Այդ է պատճառը, որ կրթական անվտանգության ապահովման գործընթացում խիստ կարևորվում է նաև նրանց դերակատարությունը: ՀՀ ԱՎԾ-ի կողմից ներկայացված տվյալների ուսումնասիրությունը փաստում է, որ 2000թ. ՀՀ բուհերում 60726 ուսանողին դասավանդել է 11643 դասախոս, իսկ 2015թ. 96502 ուսանող է սովորել, մինչդեռ պրոֆեսորադասախոսական կազմի թիվը եղել է 11197՝ ավելի քիչ, քան 2000թ.:

Սակայն պետք է նշել, որ ուսանողների թվաքանակի փոփոխությունը պարտադիր կերպով չի անդրադառնում դասախոսների թվաքանակի փոփոխության վրա: Օրինակ, 2005-2010թթ. ուսանողների թվաքանակի շարունակաբար աճին զուգահեռ՝ նվազել է դասախոսների թիվը, իսկ 2010-2011թթ., երբ նվազել է ուսանողների թիվը, կտրուկ ավելացել է դասախոսների թիվը: Ցուցանիշների վերլուծությունը փաստում է, որ չի իրականացվում դասախոսական կազմի գործունեության արդյունավետության գնահատում, որով հնարավոր կլինի պայմանավորել դասախոսական կազմի թվաքանակի քանակական և որակական փոփոխությունները: Կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման համատեքստում կարևոր է նաև հաշվի առնել բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը, որի հիման վրա հնարավոր է դասախոսական կազմում իրականացնել անհրաժեշտ որակական և քանակական փոփոխություններ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2007-2011 թվականներն առանձնանում են ՀՀ բուհերում ուսանողների առավելագույն թվաքանակով, որից հետո նվազման միտում է նկատվում, ինչը ենթադրաբար պայմանավորված է ժողովրդագրական բացասական միտումներով: Քննելով ժողովրդագրական բացասական միտումները՝ պետք է նշել, որ լավ կրթված, բարձր որակավորում ունեցող աշխատողների արտահոսքը դեպի այլ երկրներ մեծ ազդեցություն է ունեցել ՀՀ աշխատուժի մասնագիտական և որակական կառուցվածքի, մարդկային կապիտալի կուտակման տեմպերի վրա: Որակյալ աշխատուժի արտահոսքը լուրջ վտանգ է սակավաթիվ ռեսուրսներով պետության համար սոցիալական, ժողովրդագրական, ինչպես նաև ազգային անվտանգության տեսանկյունից, ուստի պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի:

ՀՀ բուհերում դասախոս-ուսանող թվաքանակի հարաբերակցության ցուցանիշը նույնպես բավական ցածր է. 2014թ. այդ հարաբերակցությունը մեկ դասախոսի հաշվով կազմել է 7 ուսանող, 2015թ.՝ 7.5, 2015թ.՝ 7.213: Հարկ է նշել, որ ՏՀԶԿ երկրներում դասախոս-ուսանող հարաբերակցության միջին ցուցանիշը 16 է14: Իսկ աշխարհի առաջատար բուհերում ուսանող-դասախոս հարաբերակցության նվազագույն ցուցանիշը 2016թ. եղել է 10.3-ը, իսկ առավելագույնը հասնում է մինչև 28-ի15: Ենթադրաբար, ՀՀ-ում բարձրագույն կրթության որակը և արդյունավետությունը պետք է բավական բարձր լինեին՝ պայմանավորված ուսանող-դասախոս թվաքանակի ցածր հարաբերակցությամբ: Սակայն պետք է նշել, որ ՀՀ բուհերում ուսանող-դասախոս թվաքանակի հարաբերակցության ցածր ցուցանիշները դրականորեն չեն անդրադառնում կրթական ծառայությունների և գիտական արտադրանքի որակի վրա:

Ե՛վ կրթությունը, և՛ գիտությունը՝ որպես մարդկային և մասնագիտական կապիտալի ձևավորման համակարգեր, և մարդկային կապիտալն իր ամբողջությամբ դիտվում են որպես տնտեսական աճի և զարգացման, հասարակական առաջադիմության և կյանքի որակի բարձրացման գլխավոր գործոններ: Համաշխարհային գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական առաջընթացի արդի փուլին բնորոշ է մարդկային գործոնի դերի և նշանակության աննախադեպ աճը տնտեսության մեջ ու հասարակական կյանքում: Մարդկային կապիտալը դառնում է տնտեսական աճի, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության ձևավորման բացառիկ կարևոր և վճռորոշ գործոն: Մարդկային կապիտալի էական բաղադրիչներից է գիտելիքի կապիտալը: «Գիտելիքի կապիտալը «իմանալ ինչպեսն» է կամ «նոու-հաուն», որն արդյունք է հաստատությունների աշխատողների փորձի, տեղեկատվության, գիտելիքի, ուսումնառության և հմտությունների [3]»:

Ինչպես արդեն նշվել է, բարձրագույն կրթության նպատակներից մեկն անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով աշխատուժ պատրաստելու միջոցով տնտեսության զարգացմանը նպաստելն է: Մինչդեռ, Հայաստանի կրթական ծառայությունների շուկան թույլ է կապված աշխատաշուկայի հետ. կրթական ծառայությունների շուկան համապատասխան չի արձագանքում տնտեսության իրական հատվածի պահանջներին: Այն ունի իր հիմնավորված պատճառները. բացակայում են տնտեսության ճյուղերում աշխատատեղերի կառուցվածքի փոփոխման վերաբերյալ հիմնավորված կանխատեսումները և աշխատանքի շուկայում առաջարկի ու պահանջարկի ուսումնասիրությունները, բուհերն ուղղակի տրամադրում են կրթություն այն մասնագիտությունների գծով, որոնց համար առկա է պետական ֆինանսավորում և, հետևաբար, չեն կարողանում հետևողականորեն ապահովել որակյալ շրջանավարտներ աշխատաշուկայի համար: Գիտելիքահենք տնտեսության ձևավորման համատեքստում կարևորվում է մասնագիտությունների համապատասխանեցումը տնտեսության և աշխատաշուկայի պահանջներին՝ հաշվի առնելով տնտեսական փոփոխություններն ու զարգացումները:

Նշյալ մի շարք հիմնախնդիրների առկայությունը ենթադրաբար կարելի է պայմանավորել այն իրողությամբ, որ կրթական համակարգը դեռևս գտնվում է կառուցվածքային, բովանդակային և կառավարչական բարեփոխումների փուլում` միտված տնտեսության և աշխատանքի շուկայի կարիքներին համահունչ մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպմանը: Այս առումով ՀՀ կառավարության գերակա խնդիրն է՝ նախ նպաստել ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան որակապես նոր հիմքի վրա մարդկային կապիտալի ձևավորմանն ու զարգացմանը, իսկ այնուհետև բարենպաստ պայմաններ ստեղծել նրա արդյունավետ օգտագործման համար: Դա հնարավոր է մրցունակ կրթական համակարգի, մարդու ինքնազարգացման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ երաշխիքների ստեղծմամբ, մրցունակ մասնագետների պատրաստմամբ, ինչպես նաև բնակչության արդյունավետ զբաղվածության մակարդակ ապահովող տնտեսական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ:

Հայաստանի գիտակրթական ընդհանուր ներուժը, ուսումնական և գիտահետազոտական հաստատությունները, կրթության բնագավառում ազգային ավանդույթները, բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովվածությունը կարող են հիմնավոր նախադրյալներ ստեղծել ՀՀ կրթական անվտանգության ապահովման համար: Ակնհայտ է, որ կրթության համակարգի արդյունավետության ցածր ցուցանիշները և կրթական անվտանգության կարևորության թերագնահատումն անխուսափելիորեն բազմաբնույթ ճգնաժամերի, ինչպես նաև հոգևոր և բարոյական արժեքների անտեսման պատճառ կարող են դառնալ՝ բացասաբար ազդելով երկրի ազգային անվտանգության վրա: ՀՀ ազգային և կրթական անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների լուծման ուղին գիտության և կրթության համակարգված զարգացումն է, հասարակության հիմնախնդիրների լուծման նպատակով կրթության զարգացման, շարունակականության, հաջորդականության և արդյունավետության ապահովումը:

Հետևաբար, հարկ է իրականացնել կրթական անվտանգության ապահովմանն ուղղված հետևյալ փոխկապակցված քայլերը.

- Հստակեցնել ՀՀ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան պետական կրթական չափորոշիչները՝ ուղղված կրթական տարբեր մակարդակներում ուսումնառողների կողմից այնպիսի գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովմանը: Ազգային անվտանգության ապահովման համար խիստ կարևոր է հասարակության շրջանում տարբեր ոլորտների (մշակույթ, տնտեսություն, գիտություն, կրթություն, քաղաքականություն) վերաբերյալ գիտելիքների համակցումը, ինչպես նաև ընդհանրական և մասնագիտական հմտությունների տիրապետումը (քննադատական մտածողություն, համակարգչային գրագիտություն, բանավոր և գրավոր խոսքի հմտություններ): Ժամանակակից կրթության հիմքում ընկած են հասարակության պահանջները և գիտությունների ու տեխնիկայի առաջանցիկ միտումները: Առանց կրթության բովանդակության իրականացման չի կարող լինել մտավոր ներուժի և կարողությունների ու հմտությունների զարգացում, զարգացած հասարակություն, գիտությունների, տեխնիկայի և տնտեսության առաջընթաց: Ուստի հիմք ընդունելով պետական կրթական չափորոշիչները՝ կրթության մշակված բովանդակությունը (չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր) պետք է ներառի ազգային և կրթական անվտանգության ապահովման գործընթացի կազմակերպման վերաբերյալ հիմնական դրույթներ, ինչպես նաև համապատասխանի ՀՀ-ում կրթական անվտանգության ապահովման պահանջներին;

- Գնահատել բուհերի գործունեության արդյունավետության և կրթական գործընթացների ու ծրագրերի որակը՝ հիմնված ինստիտուցիոնալ ձեռքբերումների և հաստատության շրջանավարտների մասնագիտական հաջողությունների վրա: Խիստ կարևոր է կրթական հաստատությունների գործունեության արդյունավետության գործընթացում հաշվի առնել, թե բուհն ավարտելուց հետո քանիսն են իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնում: Քանի որ տնտեսության վերարտադրության համակարգում զգալի է բարձրագույն կրթության դերը, շատ կարևոր է վերլուծել տնտեսության գերակա ոլորտներում համապատասխան մասնագիտություններով ուսանողների ներգրավվածության և զբաղվածության ցուցանիշները՝ պարզելու համար ապագայում առանձին մասնագիտություններով շրջանավարտների պոտենցիալ պահանջարկը տնտեսության մեջ;

- Մշակել «կրթական անվտանգություն» հասկացութային հենք, պետական կրթական հայեցակարգ և իրականացնել նմանատիպ քաղաքականություն, որոնք հստակ կսահմանեն կրթության ցուցանիշների ներկայացման և հասարակության շրջանում իրազեկվածության ապահովման պատասխանատուներին;

- Կրթության բարեփոխումների իրականացման համատեքստում ապահովել կրթական համակարգի բաղադրիչների շարունակական զարգացումը;

- Բարձրացնել մասնագիտական կրթության որակը և համապատասխանեցնել այն աշխատաշուկայի պահանջներին;

- Բարձրացնել կրթության մատչելիությունն ու ապահովել հասանելիությունը հասարակության տարբեր սոցիալական խմբերի համար, ստեղծել հավասար հնարավորություններ, զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթություն ստանալու հնարավորությունները տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների համար;

- Ապահովել կրթության և գիտության բնագավառների բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, միաժամանակ նպաստել «ուղեղների ներհոսքին»:

1 ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիր։

2 ՀՀ ԱՎԾ, ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը, http://www.armstat.am

3 ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիր։

4 Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) գրագիտությունը դիտարկում է որպես հասկանալու, սահմանելու, մեկնաբանելու, ստեղծելու, հաղորդակցվելու, համակարգչից օգտվելու հմտությունների ամբողջություն: Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման ծրագիրը գրագիտության ցուցանիշները դիտարկում է որպես տվյալ պետության մարդկային ներուժի զարգացման գործակցի բաղադրիչ: Գրագիտության ցուցանիշները ներկայացնում են բնակչության ընդգրկվածությունը կրթական համակարգում՝ հաշվի առնելով վերը թվարկված հմտությունների տիրապետումը:

5 ՀՀ ԱՎԾ, Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշներ, http://www.armstat.am/am/?nid=19

6 ՀՀ ԱՎԾ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016, http://www.armstat.am/file/article/poverty_2016a_4.pdf

7 Ֆունկցիոնալ գրագիտությունը սահմանվում է որպես հենակետային գիտելիքները, հաղորդակցման, համակարգչային, ճանաչողական և գործնական բնույթի այլ հմտությունները կենսագործունեության բոլոր ոլորտներում կիրառելու ընդունակություն:

8 Գենդերային անհավասարությունը հասարակական բարիքների և պատասխանատվության անհամաչափ բաշխումն է կնոջ և տղամարդու միջև: Գենդերային հավասարությունը սահմանվում է որպես կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք թույլ են տալիս անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործել իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար:

9 Զբաղվածության մակարդակը զբաղվածների տեսակարար կշիռն է աշխատանքային ռեսուրսներում:

10 ՀՀ վիճակագրական տարեգիրք 2016, http://www.armstat.am/file/doc/99499388.pdf

11 ՄԱԿ զարգացման ծրագիր, «Մարդկային զարգացման զեկույց 2016», էջ 231, http://hdr.undp.org/en/2016-report

12 «Մրցունակության համաշխարհային զեկույց, 2016-2017», http://www3.weforum.org/docs/GCR2016-2017/05FullReport/TheGlobalCompetitivenessReport2016-2017_FINAL...

13 ՀՀ ԱՎԾ, http://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__2%20Population%20and%20social%20processes__2...

14 OECD (2014). Education at Glance: Economic Indicators https://www.oecd.org/edu/Education-at-a-Glance-2014.pdf

15 University League Table 2016. http://www.thecompleteuniversityguide.co.uk/league-tables/rankings?o=Student-Staff+Ratio&y=2016

Հոկտեմբեր, 2017թ.

Աղբյուրներ ու գրականություն

1. Михалёв Ю.А., Национальная государственная образовательная политика РФ как фактор укрепления национальной безопасности, Вестник МГЛУ, №2 (662), 2013.

2. Смирнова Н.В., Структурно-функциональные характеристики образовательного процесса. М., 2002.

3. Аветисян П.С., Образование в контексте национальной безопасности Российской Федерации и Республики Армения, Вестник Российско-Армянского (Славянского) университета, 2008.

4. Попова И., Образование - человеческий и социальный капитал молодежи. Высшее образование в России. № 10, 2007.

5. Խաչատրյան Ռ., Հակոբյան Ֆ., Մասնագիտական հայրենադարձության կարգավորումը որպես Հայաստանի Հանրապետությունում կրթական անվտանգության ապահովման բաղադրիչ, ԵՊԼՀ, Բանբեր 2(39), 2017, էջ 496:

6. Վարդանյան Գ., Գիտելիքահենք տնտեսություն, Երևան, ՀՀ ԳԱԱ Գիտությունների հրատարակչություն, 2008:

7. Գալստյան Ա., Ուղեղների արտահոսքը և աշխատանքի շուկան, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», 11(37), 2011:

8. Котова Н.С., Есенская Т.В., Образовательная безопасность как базовый компонент системы национальной безопасности России, Ученые записки СКАГС, №3, 2015.

9. Плотников Н.В., Проблемы обеспечения экономической безопасности высшего образования на современном этапе. Экономика и экологический менеджмент, №3, 2015.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր