• am
  • ru
  • en
Версия для печати
26.05.2017

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

   


Ռոբերտ Խաչատրյան

Բ.գ.թ., դոցենտ, ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար

Ֆրիդա Հակոբյան
ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի ասպիրանտ

Յուրաքանչյուր երկրի համար վճռորոշ նշանակություն ունեն ենթակառուցվածքների զարգացումն ու պահպանումը (ներառյալ պաշտպանությունը), քանզի վերջիններս նախադրյալներ են ստեղծում տնտեսության հիմնական ճյուղերի, հետևապես նաև տնտեսական կայուն աճի ապահովման համար: Սույն հոդվածի հիմնական նպատակն է համակարգված կերպով ներկայացնել «ենթակառուցվածք» հասկացության, «կրիտիկական ենթակառուցվածք» եզրույթի սահմանումները, կրիտիկական ենթակառուցվածքների հիմնական շրջանակն ու բաղկացուցիչները, այդ ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված համակարգային մի քանի մոդելներ, նկարագրել բարձրագույն կրթության համակարգի դերակատարությունն ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ենթակառուցվածք» եզրույթի վերաբերյալ դեռևս չկա տնտեսագիտական միասնական մեկնաբանություն մասնագիտական գրականության մեջ [1, էջ 366], հարկ է նախ և առաջ անդրադառնալ այս եզրույթի հիմնական մեկնաբանություններին և սահմանումներին: 1980-ական թթ. «ենթակառուցվածք» հասկացությունը ԱՄՆ-ում ենթադրում էր միջոցների և ծառայությունների ամբողջություն, որն անհրաժեշտ է հասարակության ֆունկցիոնալության (գործառության) ապահովման համար՝ ներառելով տրանսպորտային, հաղորդակցման, ջրամատակարարման համակարգերը, էներգահամակարգերը, ինչպես նաև հանրային հաստատությունները՝ դպրոցներ, բանտեր, հիվանդանոցներ և փոստեր:

Ենթակառուցվածքների զարգացումն ու պահպանումն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում տնտեսության հիմնական ճյուղերի (ըստ ուղղահայաց կտրվածքի)՝ գյուղատնտեսության, արդյունաբերության (ծանր, թեթև, սննդի, քիմիական և այլն), շինարարության, առևտրի, ծառայությունների, զբոսաշրջության զարգացման և միջճյուղային տնտեսական կապերի հաստատման համար: Հարկ է նշել, որ ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ տնտեսության ճյուղերը տարանջատվում են նաև ըստ հորիզոնական կտրվածքի.

- առաջնային, որը ներառում է հումքային արտադրություն (փայտ, մետաղային արտադրություն, երկաթ),

- երկրորդային, որը ներառում է վերջնական արտադրանքի պատրաստման հիմնական մանուֆակտուրան,

- երրորդային, որը ներառում է ժամանակակից ծառայությունները:

Ներկայումս ենթակառուցվածքը բնութագրվում է որպես տնտեսության կառուցվածքն ու ճյուղերը սպասարկող ենթահամակարգ, որը հիմնականում միտված է պետության գործառույթների և պետության կողմից պլանավորված գործընթացների իրականացման ապահովմանը [2, p. 145]:

Այսպիսով, ենթակառուցվածքները բնութագրվում են որպես տարածաշրջանը, երկիրը կամ մարզը սպասարկող հիմնարար միջոցներ և համակարգեր, որոնք անհրաժեշտ են տնտեսության լիարժեք և արդյունավետ գործառության ապահովման համար: «Ենթակառուցվածք» հասկացության մեջ տարանջատվում են տեխնիկական համակարգերի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ճանապարհները, կամուրջները, երկաթգծերը, ջրամատակարարման (խմելու ջուր և ոռոգում) և ջրահեռացման համակարգերը, էլեկտրահամակարգերը (կայաններ, հոսանքագծեր), օդանավակայանները, նավահանգիստները, հանրային կառույցները, հիվանդանոցները, բանտերը (կալանավայրերը, ուղղիչ հիմնարկները), ատոմակայանները, ազգային անվտանգության համակարգը, հեռահաղորդակցման համակարգերն ու կապի միջոցները:

Հարկ է նշել, որ հաճախ ենթակառուցվածքների շարքին են դասվում նաև կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը:

Ենթակառուցվածքները հիմնականում պետության՝ ի դեմս կառավարության, սեփականությունն են և ենթադրում են տնօրինում վերջինիս կողմից որպես պետական սեփականություն, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության պարագայում ենթակառուցվածքները, անկախ դրանց սեփականության ձևից, կարող են հանձնվել մասնավոր հատվածի սուբյեկտների շահագործմանն ու սպասարկմանը:

Անհրաժեշտ է նախ անդրադառնալ ենթակառուցվածքների հիմնական դասակարգմանը: Ըստ իրենց խոցելիության, հասարակական և պետական կարևորության աստիճանի՝ ենթակառուցվածքները կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝ հիմնարար ենթակառուցվածք, կարևոր ենթակառուցվածք, կրիտիկական ենթակառուցվածք:

Ենթակառուցվածքների դասակարգումը (տաքսոնոմիա) կատարելիս հաշվի են առնվում նաև այդ ենթակառուցվածքների ուղղակի և անուղղակի ազդեցությունն ու չափացույցը, դրանց կարևորությունն ու դերը տնտեսության և հասարակության կայուն գործառության, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման գործընթացներում: Հիմնարար ենթակառուցվածքներն այն համակարգերն են (օրինակ՝ դպրոցներ, գրադարաններ), որոնց գործունեության խաթարումն ազգային անվտանգության տեսանկյունից ուղղակի սպառնալիքներ չի ներկայացնում, սակայն դրանք կարող են դառնալ կարևոր և նույնիսկ կրիտիկական՝ միայն հատուկ լրացուցիչ գործառույթներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում: Մինչդեռ կարևոր ենթակառուցվածքները հատուկ նշանակություն ունեն տնտեսության և հասարակության գործառության ապահովման համար. դիտարկվում են որպես բարձր կատարողականությամբ ենթակառուցվածքներ՝ հասարակության բարեկեցության և տնտեսության բնականոն զարգացման համար ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ: Կարևոր ենթակառուցվածքներն այն համակարգերն են, որոնց պահպանումն ու անվտանգության պաշտպանությունը երաշխավորում են բնակչության նորմալ կենսագործունեությունը կամ հասարակական և պետական անվտանգությունը:

Կրիտիկական ենթակառուցվածքներն այնպիսի համակարգեր են, որոնց բնականոն գործունեության ընթացքի խափանումը կարող է բնակչության կյանքի կամ առողջության համար անմիջական՝ ռադիացիոն, հիդրոդինամիկ, քիմիական, հրդեհապայթյունավտանգ և այլ սպառնալիք ներկայացնել: Ստորև բերվում են կրիտիկական ենթակառուցվածքների սահմանման հիմնական չափանիշները.

- բացասական հետևանքների տևողությունը և ազդեցությունը,

- բացասական հետևանքների բնույթը՝ մարդկային, նյութական, քաղաքական, տնտեսական, ինչպես նաև դրանց մեծության տիրույթը՝ փոքր, միջին և խոշոր,

- բացասական հետևանքների տարածքային ընդգրկվածությունը՝ տեղական, մարզային, ազգային, տարածաշրջանային, միջազգային:

Ներկայումս զարգացած երկրներում ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության հիմնահարցերի առաջադրումն ու քննարկումը համարվում են կարևորագույն խնդիր: Այդ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված համակարգային քայլերի բարդությունն ու փոխկապակցվածությունը նկարագրելու համար հարկ է նախ ներկայացնել «կրիտիկական ենթակառուցվածք» և «կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանություն» հասկացությունների սահմանումները, ընդհանուր նկարագրերն ու շրջանակները:

Չնայած առկա բազմաթիվ սահմանումներին՝ համընդհանուր կիրառության կամ լայնածավալ գործածության մեջ դեռևս չկա մեկ համընդհանուր մոտեցում. հաճախ կրիտիկական ենթակառուցվածքը նկարագրվում է որպես «այնպիսի համակարգ, որի թերի գործառությունը, անկատարությունը, թերզարգացածությունը, խափանումը կամ ոչ պատշաճ շահագործումը նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում բացասաբար է ազդում երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով տնտեսությանն ու հասարակությանը սպառնացող ռիսկեր և վտանգներ» [3, pp. 6-37]:

«Կրիտիկական ենթակառուցվածք» եզրույթն օգտագործվում է՝ հատկորոշելու և սահմանելու այն հիմնարար համակարգերը, որոնք կարևոր են տնտեսության և հասարակության գործառության և կենսունակության ապահովման համար: Կրիտիկական ենթակառուցվածքը բնութագրվում է որպես մի համակարգ կամ պետական սեփականություն, որի անկատարությունը, թերզարգացածությունը, խափանումը կամ ոչ պատշաճ շահագործումը հանգեցնում են աղետալի հետևանքների երկրի պաշտպանության, ազգային անվտանգության, առողջապահության և տնտեսության ոլորտներում:

Կրիտիկական ենթակառուցվածքները նկարագրվում են որպես ֆիզիկական օբյեկտներ, նյութական միջոցներ, տեղեկատվական և տեխնիկական համակարգեր, ենթակառուցվածքային այնպիսի բաղադրիչներ, որոնց խափանումը բացասաբար է ազդում հասարակության, տնտեսության, պետական կառավարման գործառույթների իրականացման վրա:

Սույն հոդվածի շրջանակներում առաջարկվում է պետության «կրիտիկական ենթակառուցվածքները» սահմանել որպես ֆիզիկական օբյեկտների, կառույցների և նյութական միջոցների, ցանցերի, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և ծառայությունների ամբողջություն, որը կենսական է պետության հիմնական գործառույթների իրականացման, կենսագործունեության բոլոր ոլորտների, ազգային և տնտեսական անվտանգության, առողջապահության, տնտեսական բարեկեցության և տնտեսության բնականոն զարգացման, պետական կառավարման արդյունավետ գործունեության ապահովման համար: Կրիտիկական են համարվում այն ենթակառուցվածքները, որոնց գործունեության թերի գործառությունը, անկատարությունը, թերզարգացածությունը, խափանումը կամ ոչ պատշաճ շահագործումն ու սպասարկումը, ոչնչացումը բացասաբար են ազդում սպառողական և արդյունաբերական ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման, պետության գործառույթների իրականացման վրա և ուղղակի սպառնալիք են անձի, հասարակության և պետության անվտանգության համար:

Առաջարկվում է «կրիտիկական ենթակառուցվածք» հասկացությունը տարանջատել հետևյալ համակարգերի.

- էներգամատակարարման համակարգեր (էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգեր, ատոմային էլեկտրակայաններ, ջերմային էլեկտրակայաններ և հիդրոէլեկտրակայաններ),

- գազամատակարարման համակարգ,

- հեռահաղորդակցություն, կապի միջոցներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ,

- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, ջրամբարներ,

- սննդարդյունաբերություն և մատակարարում,

- հանրային առողջապահություն և առողջապահական համակարգ (հիվանդանոցներ, շտապօգնություն),

- տրանսպորտային համակարգեր (երկաթգծեր, օդանավակայաններ, վառելիքի մատակարարման միավորներ և կայաններ),

- ֆինանսաբանկային համակարգ,

- անվտանգության համակարգ (ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակների կառավարման մարմիններ),

- հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ և կամուրջներ,

- բանտեր (կալանավայրեր, ուղղիչ հիմնարկներ):

Այսպիսով, սրանք այն հիմնական կրիտիկական ենթակառուցվածքներն են, որոնց գործառության խաթարումը հանգեցնում է զգալի սոցիալ-տնտեսական ճգնաժամերի, որոնք կարող են խափանել կամ վտանգ հանդիսանալ հասարակության կայունության համար ու դրանով իսկ ստեղծել սպառնալիքներ պետության ազգային անվտանգության, ինչպես նաև դրա առանցքային տեսակների՝ էներգետիկ, տնտեսական, կրթական, ժողովրդագրական անվտանգության համար:

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի՝ ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:

Հետևաբար, ազգային անվտանգությունն ուղղված է առկա ռեսուրսների և հնարավորությունների հաշվարկմամբ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական, տեխնածին և ինֆոգեն (տեղեկատվածին), բնապահպանական և այլ բնույթի արտաքին և ներքին սպառնալիքների դիմակայմանը, հաղթահարմանը, ինչպես նաև ռիսկերի կառավարմանը:

Սակայն հարկ է նաև նշել, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքից մեջբերված՝ ազգային անվտանգության վերը ներկայացված սահմանումը չի անդրադառնում կրիտիկական ենթակառուցվածքների և դրա բաղադրիչների անվտանգության պաշտպանության հիմնահարցերին:

«Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանություն» հասկացությունը ներառում է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհամաձայնեցված ռազմավարական պլանավորման արդյունքում մշակված գործողությունների և միջոցառումների ամբողջություն՝ ուղղված այն համակարգերի պահպանմանը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ազգային անվտանգության, տնտեսության և հասարակության կայունության ապահովման համար:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացը ենթադրում է նաև համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացում՝ ուղղված այնպիսի համակարգերի պահպանմանը, որոնք համարվում են կրիտիկական իրենց անվտանգության, գործառության, տնտեսական և հասարակական կայունության ապահովման տեսակետից:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը հնարավոր է դառնում հետևյալ հիմնական համակարգված և հաջորդական ենթագործառույթների իրականացման դեպքում՝ պատրաստականության գնահատում, իրազեկվածության ապահովում, արտակարգ իրավիճակների և իրադարձությունների հաջորդականության կանխատեսում, անհրաժեշտ ռեսուրսների կուտակում և համակարգային կիրառում՝ անկախ այդ գործընթացների ծախսատար և ժամանակատար լինելու հանգամանքից:

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության կարևորությունը հատկորոշելու համար հոդվածում անդրադարձ է կատարվում նաև կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված մի քանի մոդելների ուսումնասիրմանը՝ որպես լավագույն համակարգային մոդելներ ներկայացնելով ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Եվրոպական միության օրինակները:

ԱՄՆ մոդել: ԱՄՆ-ում Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ծրագիրը գործում է 1996 թվականից, երբ առանձնացվեցին հետևյալ ութ կրիտիկական ենթակառուցվածքները՝ հեռահաղորդակցություն, էներգամատակարարում, տրանսպորտ, նավթարդյունաբերություն, ֆինանսաբանկային համակարգ, ջրամատակարարում, սպասարկում արտակարգ իրավիճակներում (ներառյալ ոստիկանության, առողջապահական և հրշեջ ծառայությունները), կառավարության գործունեության անխափան շարունակելիության ապահովում:

1990-ական թթ. ԱՄՆ-ում միջազգային ահաբեկչությունների թվաքանակի աճով պայմանավորված՝ «ենթակառուցվածք» եզրույթը վերասահմանվեց՝ հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները: ԱՄՆ կառավարությունը կրիտիկական ենթակառուցվածքները նկարագրում է որպես ֆիզիկական և տեղեկատվական համակարգեր, որոնք էական դերակատարություն ունեն տնտեսության և կառավարության գործառույթների իրականացման համար, իսկ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ որպես մի գործընթաց, որն ընդգրկում է այդ ենթակառուցվածքների անվտանգությանը սպառնացող տեխնածին և բնական աղետների կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

ԱՄՆ նախագահի (Բիլ Քլինթոն) հրամանով 1996թ. ձևավորված Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հանձնաժողովի 1997թ. ներկայացրած զեկույցն ԱՄՆ տնտեսության զարգացումը, ռազմական և քաղաքական հզորությունը պայմանավորում էր ազգային կրիտիկական ենթակառուցվածքների շարունակական գործառությամբ1: Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հանձնաժողովի առջև դրված հիմնական խնդիրներն էին՝ իրականացնել անհրաժեշտ համակարգային վերլուծություն՝ ուղղված ազգային կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիության գնահատմանն ու այդ ենթակառուցվածքների անվտանգությանը սպառնացող ռիսկերի վերլուծությանը՝ մասնավորապես կենտրոնանալով կիբեռանվտանգության խնդիրների վրա, առաջադրել ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված քաղաքականություն և գործողությունների պլան, ինչպես նաև համապատասխան օրենսդրական կարգավորումներ: Հանձաժողովի առաջարկների քննարկումն ու վերլուծությունը հիմք հանդիսացան ԱՄՆ նախագահի կողմից երկու որոշումների2 ընդունման համար: Որոշումներից առաջինն3 ուղղված էր ահաբեկչությունների կանխմանը, իսկ մյուսը4՝ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը:

ԱՄՆ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացի ուսումնասիրման ընթացքում առանձնացվել է նաև Տեղեկատվության տարածման և վերլուծության կենտրոնների մոդելը: Վերջիններս ստեղծվել են ԱՄՆ այն ժամանակվա նախագահի (Բիլ Քլինթոն) որոշման5 ընդունման արդյունքում, և վերահսկողությունն իրականացվում է անմիջապես նախագահի կողմից, որը շեշտադրում է այդ ոլորտի առանցքայնության գիտակցումը կառավարման համար: Այս կենտրոնները միտված են վտանգների վերաբերյալ պետական և մասնավոր հատվածների միջև տեղեկատվության տարածմանն ու նպատակային համագործակցության բարելավմանը: Կենտրոնների հիմնական գործառույթներն են՝ տեղեկատվության հավաքագրումն ըստ ոլորտների, դրանց վերլուծությունն ու տարածումը պետական և մասնավոր հատվածների շրջանում: Կարևորագույն գործառույթներից է նաև վիճակագրական տվյալների համակարգի մշակումը, ինչպես նաև մասնավոր հատվածում արձանագրված պատահարների մասին զեկուցումը կառավարությանը:

Ներքին անվտանգության դեպարտամենտ6 ձևավորելու հրամանը ԱՄՆ նախագահի (Ջորջ Բուշ) կողմից ստորագրվել է ԱՄՆ-ում 2001թ. տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ դեպարտամենտի հիմնական գործառույթը տարածքային անվտանգությանն ու կրիտիկական ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված գործողությունների համակարգումն է: Ներքին անվտանգության դեպարտամենտի գործունեության իրականացման համար հիմք է Ազգային անվտանգության մասին ԱՄՆ օրենքը՝ ընդունված 2002թ.:

ԱՄՆ ներքին անվտանգությունը պահանջում է մշտադիտարկում և իրազեկում, սահմանային և տրանսպորտային անվտանգության ապահովում, կրիտիկական ենթակառուցվածքների և օբյեկտների պաշտպանություն, աղետների ռիսկերի կանխում, արտակարգ իրավիճակների կանխատեսում:

2003թ. կրիտիկական ենթակառուցվածքների շրջանակն ընդլայնվեց՝ ներառելով նաև սննդի, առողջապահության և քիմիական արտադրության ոլորտները: Իսկ արդեն 2014թ. մշակվեց Չափանիշների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի կիբեռանվտանգության շրջանակը, որի չափորոշիչների և սկզբունքների հիման վրա սահմանվել են հետևյալ տասնվեց կրիտիկական ենթակառուցվածքները՝ քիմիական արտադրություն, առևտրային ծառայություններ, հեռահաղորդակցություն, կրիտիկական արտադրություն, պատնեշների սեկտոր (տվյալ հատվածի սպասարկում), արդյունաբերական հենքի պաշտպանություն, սպասարկում արտակարգ իրավիճակներում, էներգամատակարարում, ֆինանսաբանկային համակարգ, գյուղատնտեսություն և սնունդ, ջրամատակարարում, հանրային առողջապահություն, կառավարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ատոմակայաններ և արտանետումներ:

ԱՄՆ ազգային անվտանգությունն ու տնտեսական զարգացումը պայմանավորված են տնտեսական ոլորտի և հասարակական կյանքի բարելավման համար անհրաժեշտ կրիտիկական ենթակառուցվածքների անխափան գործառությամբ, որոնց սպառնում են բնածին (երկրաշարժ, սողանք, հրաբուխ, ջրհեղեղ) և մարդածին (ահաբեկչություն, պատերազմ, ռմբակոծություն, աղտոտում) աղետներ, ինչպես նաև այլ ֆորսմաժորային իրավիճակներ:

ԱՄՆ կառավարությունը, ահաբեկչությունը բնորոշելով որպես ամենավտանգավոր մարդածին աղետ, ստեղծել է դրա կանխարգելմանն ուղղված զարգացած համակարգ, որը ներառում է համապատասխան օրենսդրական կարգավորումներ, անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովում, ինչպես նաև անվտանգության ծառայության մարմինների շարունակական կրթության ֆինանսավորում: Չնայած ԱՄՆ անվտանգության կառավարման համակարգի գործառույթների ապահովումն իրականացվում է կենտրոնացված մակարդակով՝ Սպիտակ տան գործունեության շրջանակներում, այնուամենայնիվ, պատասխանատվությունը նաև հավասարապես բաշխված է մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:

2003թ. ԱՄՆ կառավարությունն ընդունել է Կրիտիկական ենթակառուցվածքների ֆիզիկական պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը նախանշում է կրիտիկական ենթակառուցվածքների պահպանման հիմնական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև առաջադրում այն հիմնական սկզբունքները, որոնք անհրաժեշտ են երկրի պաշտպանության, ազգային անվտանգության, առողջապահության և տնտեսության ոլորտներին:

ԱՄՆ կառավարությունը նաև կարևորում է կրիտիկական ֆիզիկական ենթակառուցվածքների անվտանգության պահպանման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի պաշտպանությունը, քանի որ վերջիններս մեծ դերակատարություն ունեն հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների, արտադրության, ջրամատակարարման, առողջապահության, տրանսպորտի անխափան գործառության ապահովման գործընթացներում7:

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունն ու սպառնալիքների նկատմամբ պատրաստականությունը պահանջում են ռիսկերի գնահատման գործընթացում և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններում պետական ու մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության ապահովում: Կրիտիկական ենթակառուցվածքների շահառուների խումբը կազմում են կրիտիկական ենթակառուցվածքների սեփականատերերն ու առանցքային շահագործողները, պետական կառավարման տարբեր մակարդակների պաշտոնյաները և հասարակության այն խմբերի ներկայացուցիչները, որոնք գիտակցում են կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման կարևորությունը:

2001թ. հոկտեմբերի 16-ին ձևավորվել է Ազգային ենթակառուցվածքների խորհրդատվական մարմինը, որն իր գործառույթներն իրականացնում է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո: ԱՄՆ նախագահի նշանակած անդամներից բաղկացած այս խորհուրդը (անդամների թվաքանակը չպետք է գերազանցի երեսունը) կազմված է պետական և մասնավոր հատվածների, բուհական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Այս խորհրդատվական մարմինը պատասխանատու է պետական, մասնավոր հատվածների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության բարելավման համար: ԱՄՆ Ազգային ենթակառուցվածքների խորհրդատվական մարմինը կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում պարտավորություններ ստանձնած գործակալությունների ղեկավարներին խորհրդատվություն է տրամադրում այնպիսի քաղաքականությունների և ռազմավարությունների վերաբերյալ, որոնք առնչվում են ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, տեղեկատվության տարածմանը, պետական և մասնավոր հատվածների միջև պարտականությունների և իրավունքների հստակեցմանն ու համագործակցության ապահովմանը:

Ինչպես արդեն նշվել է, ԱՄՆ կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում պետական և մասնավոր հատվածները համագործակցում են՝ կանխելու և նվազեցնելու կրիտիկական ենթակառուցվածքների գործառությանը սպառնացող ռիսկերը: Ազգային ենթակառուցվածքների խորհրդատվական մարմնի կազմում ներառված անդամ ընտրվում են ոլորտի առաջատար համարվող մատակարար ընկերություններից՝ հաշվի առնելով պատվիրատուների արձագանքները և կատարողական առանցքային ցուցանիշները: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կազմակերպությունից որպես այս խորհրդի անդամներ ընտրվում են վերադաս օղակի ղեկավարները: 2011թ. տվյալների համաձայն՝ Ազգային ենթակառուցվածքների խորհրդատվական մարմնի կազմում ընդգրկված հիմնական դերակատարներն են տեղական ինքնակառավարման մարմինների (New Mexico, New York), սննդի (ConAgra Food), փոխադրումների և սուրհանդակային ծառայությունների (FedEx), օդային փոխադրումների (Southwest Airlines), երկաթգծային ընկերության (BNSF Railway Company), համալսարանի (James Madison University) և պետական ու մասնավոր ընկերությունների այլ ներկայացուցիչներ:

Քանի որ սույն հոդվածի շրջանակներում ուսումնասիրվում է ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման գործընթացում բարձրագույն կրթության դերակատարությունը, պետք է անդրադառնալ վերը նշված խորհրդի կազմում ընդգրկված հետազոտական համալսարանի (James Madison University) օրինակին: Վերջինիս հետ համագործակցությունը միտված է ազգային կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների խոցելիության նվազեցմանը՝ ընդլայնելով համալսարանում տեղեկատվական անվտանգության վերաբերյալ դասընթացների շրջանակը, ինչպես նաև պատրաստելով տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման որակյալ մասնագետներ:

Ակնհայտ է, որ նոր գիտելիքի, ինչպես նաև մարդկային կապիտալի ստեղծման գործընթացներում համալսարանները կարևոր դերակատարություն ունեն. դրանք զբաղվում են ոչ միայն գիտելիքի փոխանցմամբ և տարածմամբ, հասարակական խնդիրները լուծելու համար նոր գիտելիքի ստեղծմամբ և գործադրմամբ, այլ նաև այնպիսի մարդկային կապիտալի ձևավորմամբ, որն ունակ է այդ գիտելիքները կիրառել՝ ի նպաստ տնտեսության զարգացման: Տնտեսությունը համարվում է գիտելիքի վրա հիմնված, երբ գիտելիքը և մասնագիտական հմտությունները հանդես են գալիս որպես զարգացման կարևորագույն ռազմավարական ռեսուրսներ, իսկ պետական կառավարման, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների նպատակներն իրականացվում են գիտելիքի, գիտահետազոտական վերլուծությունների և փոխգործակցության շնորհիվ: Այսինքն՝ այս համատեքստում բարձրագույն ուսումնական հաստատությունների դերակատարությունը դրսևորվում է գիտական և հետազոտական արդյունքների ստեղծմամբ, մտավոր և մարդկային կապիտալի զարգացմամբ և դրա արդյունավետ օգտագործմամբ:

Ուսումնասիրությունը փաստում է, որ քսան և ավելի տարիների ընթացքում ԱՄՆ ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության բավական զարգացած համակարգ է ձևավորել:

Հարկ է նշել նաև, որ Արևմտյան Եվրոպայի երկրները նույնպես առաջիններից էին, որ սկսեցին զբաղվել կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության հիմնախնդիրներով: Ստորև որպես լավագույն օրինակ ներկայացված է նաև Մեծ Բրիտանիայի՝ կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության մոդելը:

Մեծ Բրիտանիայի մոդել: Մեծ Բրիտանիան ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հիմնախնդիրների նկատմամբ ռազմավարական մոտեցում է որդեգրել 1999 թվականից, երբ ստեղծվեց Ազգային ենթակառուցվածքների անվտանգության համակարգման կենտրոնը, որի հիմնական գործառույթն էր պետության և հասարակության գործունեության համար էական նշանակություն ունեցող կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների և գործողությունների համակարգումը: Այդ ենթակառուցվածքների շարքին էին դասվում էներգամատակարարումը, ջրամատակարարումը, սննդի արտադրությունն ու մատակարարումը, տրանսպորտը, առողջապահությունը, հեռահաղորդակցությունը և ֆինանսաբանկային համակարգը:

Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքների համակարգը բավական բարդ կառուցվածք ունի՝ բաղկացած այնպիսի համակարգերից, որոնց գործառության արդյունավետությունը փոխկապակցված է: Մեծ Բրիտանիայի կառավարությունը համագործակցում է բուհական համակարգի, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ՝ միտված ենթակառուցվածքների զարգացման առավել համակարգված և արդյունավետ մեթոդների մշակմանն ու կիրառմանը, որոնք կնպաստեն ներդրումների ռազմավարական պլանավորմանն ու եկամտի ավելացմանը8:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրիտիկական ենթակառուցվածքը սահմանում է որպես ծառայությունների և համակարգերի ամբողջություն, որը կարևոր նշանակություն ունի երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության համար, և որի մասնակի կամ ամբողջական ոչնչացումը լուրջ ազդեցություն է ունենում ազգային տնտեսության, հասարակության և կառավարության գործունեության վրա:

Մեծ Բրիտանիայի կրիտիկական ենթակառուցվածքները հետևյալն են՝ հեռահաղորդակցություն, սպասարկում արտակարգ իրավիճակներում, էներգամատակարարում, ֆինանսներ, սննդի արտադրություն և մատակարարում, տրանսպորտ, կառավարություն և հանրային ծառայություն, առողջապահություն, հանրային անվտանգություն:

2007թ. Մեծ Բրիտանիայում ձևավորված Ազգային ենթակառուցվածքների պաշտպանության կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն և ֆիզիկական անվտանգության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ այն կազմակերպություններին, որոնք ձևավորում են Մեծ Բրիտանիայի ազգային ենթակառուցվածքների շրջանակը: Ազգային ենթակառուցվածքների պահպանման կենտրոնը նպաստում է ահաբեկչությունների և սպառնալիքների նկատմամբ այդ ենթակառուցվածքների խոցելիության նվազեցմանը: Կենտրոնի գործունեությունը միտված է ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանը, որոնք ապահովում են Մեծ Բրիտանիայում կարևորագույն ծառայությունների շարունակական մատուցումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթակառուցվածքներում կատարվող ներդրումներն ուղղակիորեն կարող են նպաստել կայուն տնտեսական աճի ապահովմանը, Մեծ Բրիտանիան ներդրումներ կատարելիս հաշվի է առնում նախ ենթակառուցվածքների եկամտաբերության աստիճանը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակել և կիրառում է ենթակառուցվածքների ներդրման գործընթացում պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության մոդել9:

2010թ. Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունել է Ազգային ենթակառուցվածքների պլանը՝ առանձնացնելով հետևյալ հիմնական ենթակառուցվածքային հատվածները՝ տրանսպորտ, էներգամատակարարում, հեռահաղորդակցություն, գիտություն, ջրամատակարարում, ջրհեղեղից պաշտպանություն, արտանետումներ10:

Ստորև ներկայացված է նաև Կանադայի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացի հիմնական նկարագիրը: Պետք է նշել, որ ժամանակագրական առումով Կանադան ավելի ուշ է սկսել զբաղվել այդ ենթակառուցվածքներին առնչվող հիմնահարցերի կարգավորմամբ:

Կանադայի մոդել: Կանադայում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացի իրականացման հիմքը Կրիտիկական ենթակառուցվածքների ազգային ռազմավարությունն է (2009թ.), որի հիմնական նպատակն է ստեղծել «ավելի ապահով, անվտանգ և դիմացկուն Կանադա»։

Կանադայում բնածին (երկրաշարժ, սողանք, հրաբուխ, ջրհեղեղ) և մարդածին (պատերազմ, ռմբակոծություն, ահաբեկչություն, աղտոտում) աղետների աճը կարող է հանգեցնել կարևորագույն համակարգերի ոչնչացմանը: Հետևաբար, այս ռազմավարության էական նպատակներից է համակարգված մոտեցում ցուցաբերել ռիսկերի վերլուծության, գնահատման և կառավարման գործընթացներում, որը կնպաստի երկրում կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիության նվազեցմանը:

Այս ռազմավարությունում առանձնացվում են հետևալ տասը կրիտիկական ենթակառուցվածքները՝ էներգամատակարարում, ֆինանսներ, սննդի արտադրություն և մատակարարում, տրանսպորտ, կառավարություն, տեղեկատվություն և հեռահաղորդակցություն, առողջապահություն, ջրամատակարարում, անվտանգություն, արտադրություն։

Վերոնշյալ ռազմավարությունը կրիտիկական ենթակառուցվածքը նկարագրում է որպես «միջոցների, համակարգերի, ցանցերի, տեխնոլոգիաների և ծառայությունների ամբողջություն, որը կարևոր է բնակչության առողջության, անվտանգության, ապահովության, տնտեսական զարգացման և կառավարության արդյունավետ գործունեության համար»։

Ի տարբերություն ԱՄՆ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացի, որում ընդգրկված են նաև բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացուցիչներ, Կանադայում կրիտիկական ենթակառուցվածքների ֆորմալ պաշտպանության գործընթացում պատասխանատվությունը բաշխված է դաշնային, նահանգային և տարածքային կառավարման մարմինների, կրիտիկական ենթակառուցվածքների սեփականատերերի՝ իբրև անվտանգության առաջնային պատասխանատուների, միջև։

Կանադայի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հիմնական նպատակներն են պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության խթանումը, տեղեկատվության տարածումը կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացում ներգրավված սուբյեկտների շրջանում, ինչպես նաև բնածին և մարդածին աղետների ռիսկերի վերլուծությունն ու կառավարումը:

Անդրադառնալավ ռիսկերի վերլուծությանը՝ հարկ է նշել, որ այն ենթադրում է հնարավոր բոլոր տեսակի վտանգների կանխատեսում և քննարկում՝ գնահատելու համար կրիտիկական ենթակառուցվածքի խոցելիությունն ու այդ ենթակառուցվածքի խափանման բացասական հետևանքները: Հնարավոր վտանգների նկատմամբ կրիտիկական ենթակառուցվածքի դիմադրության գնահատումն իրականացվում է՝ հիմնվելով այդ ենթակառուցվածքի վերաբերյալ գործառական և տեխնիկական գիտելիքների վրա: Այդ գործընթացը ներառում է հետևյալ քայլերը.

- կրիտիկական ենթակառուցվածք համարվող համակարգի վերլուծություն,

- ռիսկայնության վերլուծություն և գնահատում,

- առաջնահերթ պաշտպանություն պահանջող բաղկացուցիչների հատկորոշում,

- հատկանիշների սահմանում և ցուցանիշների հաշվարկում,

- կրիտիկական ենթակառուցվածքի բաղադրիչների դիմադրության աստիճանի կամ մակարդակի կանխորոշում,

- կրիտիկական ենթակառուցվածքի բաղադրիչների դիմադրության գնահատում [4, pp. 62-69]:

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությանը սպառնացող վտանգների գնահատումը հիմնվում է հետևյալ գործոնների ուսումնասիրման վրա.

- հավանական վնասները՝ վնասների և մահացությունների թվաքանակը,

- տնտեսության վրա ազդեցությունը՝ ֆինանսական կորուստներ, ապրանքների կամ ծառայությունների վատթարացում և շրջակա միջավայրի վնասներ,

- բնակչության վրա ազդեցություն՝ հանրային անվստահության ձևավորում, առօրյա ապրելակերպի փոփոխություն, կարևորագույն ծառայություններից օգտվելու անհնարինություն:

Ամփոփելով ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության մոդելների հիմնական նկարագրերը՝ նշենք, որ վերը ներկայացված մոդելների ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշյալ երկրները կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության նկատմամբ նմանատիպ հայեցակարգեր են կիրառում:

Ստորև որպես կրիտիկական ենթակառուցվածքների պահպանման կոլեգիալ կառավարման համակարգ ներկայացված է նաև Եվրոպական միության մոդելը:

Եվրոպական միության մոդել: Սույն հոդվածում Եվրամիության համակարգը դիտարկվում է որպես կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման հավաքական մոդել: Եվրամիությունը կրիտիկական ենթակառուցվածքը նկարագրում է որպես «անդամ պետությունների կարողություն կամ համակարգ, որը կարևոր է հասարակության հիմնական գործունեության իրականացման, անվտանգության, առողջապահության, տնտեսական բարեկեցության համար, և որի անկատարությունը կամ խափանումը բացասաբար է ազդում այդ գործառույթների իրականացման վրա»: Ներկայացվում է նաև «եվրոպական կրիտիկական ենթակառուցվածք» հասկացության սահմանումը՝ նկարագրելով այն որպես «անդամ պետությունների համակարգեր, որոնց անկատարությունը կամ խափանումը առնվազն երկու պետությունների վրա բացասական ազդեցություն է թողնում» [5]: Հետևաբար, կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում կարևորվում է բոլոր շահակիցների միջև համագործակցության ամրապնդումը ոչ միայն ազգային, այլ նաև միջազգային մակարդակում, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից 2005թ. ընդունված փաստաթղթի (Green Paper on a European Programme for Critical Infrastrtucture Protection) կարևոր դրույթներից մեկն է:

Եվրամիության Կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության եվրոպական ծրագիրը (2006թ.), հաշվի առնելով անդամ պետությունների ներդրումները, սահմանել է եվրոպական կրիտիկական ենթակառուցվածքների համախումբը՝ էներգամատակարարում, տեղեկատվություն և հեռահաղորդակցություն, սննդի արտադրություն և մատակարարում, ֆինանսներ, քիմիական արդյունաբերություն, հետազոտության միջոցներ, ատոմակայաններ, առողջապահություն, ջրամատակարարում, տրանսպորտ, տիեզերական տարածություն:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության եվրոպական ծրագրի հիմնական սկզբունքներն են օժանդակությունը, փոխլրացումը, գաղտնիությունը, շահակիցների համագործակցությունը, համակարգային մոտեցումը յուրաքանչյուր բնագավառի նկատմամբ: Առաջադրված յուրաքանչյուր կրիտիկական ենթակառուցվածքի համար նախատեսված է անվտանգության պլան, որը ներառում է այդ ենթակառուցվածքի ուսումնասիրությունն ու նկարագրությունը, ռիսկերի վերլուծությունը՝ հիմնված յուրաքանչյուր համակարգի համար խոշոր սպառնալիքների, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված գործընթացների վրա: Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության եվրոպական ծրագրի կարևոր բաղադրիչ է Կրիտիկական ենթակառուցվածքների նախազգուշացման (վաղ ազդարարման) տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն է ընձեռում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն առնչվող տեղեկատվությունը տարածել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացում ներգրավված սուբյեկտների շրջանում:

2008թ. Եվրոպական հանձնաժողովի որոշման (EU Directive/2008/114/EC) հիմնական նպատակն էր հստակեցնել և համակարգել եվրոպական կրիտիկական ենթակառուցվածքների ցանկը, ինչպես նաև բոլոր անդամ պետություններին ներկայացնել կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումներ ստեղծելու պահանջ:

Պետք է նշել, որ կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության բաղկացուցիչ մասն է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունը, որը տարածվում է «տեղեկատվական և հաղորդակցական այն տեխնոլոգիաների և միջոցների վրա, որոնց խափանումը լուրջ ազդեցություն է թողնում բնակչության առողջության, անվտանգության, բարեկեցության, կառավարության արդյունավետ գործառության վրա կամ ընդհատում է կրիտիկական ենթակառուցվածքների շահագործման բնականոն ընթացքը»: Եվրոպական միության անդամ պետություններից շատերն արդեն ունեն ազգային կիբեռանվտանգության ռազմավարություններ, որոնք սահմանում են հիմնական քայլերն ու գործողությունները՝ միտված տեղեկատվական հարձակումների ռիսկերի նվազեցմանը և տնտեսության ու հասարակության վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունների կանխմանը: Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության հիմնական նպատակն է երաշխավորել, որ տվյալ պետությունն իրազեկ է և նախապատրաստված է դիմակայելու սպառնացող լուրջ վտանգներին, հնարավոր բացասական հետևանքներին և պատշաճ կերպով կարող է արձագանքել դրանց:

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության Եվրոպական միության մոդելը կարող է հիմք հանդիսանալ մեկ այլ տարածաշրջանային միավորման՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ենթակառուցվածքների անվտանգության ապահովման մոդելի մշակման համար: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը 2015թ. միացել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին, որի անդամներն են նաև Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ կրիտիկական ենթակառուցվածքներն այն համակարգերն ու միջոցներն են, որոնց գործառության խախտումը սպառնալիքներ է ստեղծում երկրի ազգային անվտանգության, ինչպես նաև դրա առանցքային տեսակների՝ էներգետիկ, տնտեսական, կրթական, ժողովրդագրական, անվտանգության համար:

Ազգային անվտանգությունն ու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը պահանջում են պրոֆեսիոնալ կադրերի առկայություն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման տարբեր մակարդակներում, ինչպես նաև մասնավոր հատվածում։ Վերջինս ենթադրում է մարդկային ռեսուրսների արդյունավետ պլանավորման անհրաժեշտություն՝ միտված պետական կառավարման տարբեր մակարդակներում, ինչպես նաև մասնավոր հատվածում նախատեսված խնդիրներն արդյունավետորեն լուծելուն ունակ, համապատասխան որակավորում և հմտություններ ունեցող մասնագետների անհրաժեշտ քանակ՝ սահմանված ռազմավարական նպատակներին հասնելու համար:

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանն ուղղված գործոնները, մոդելները և այդ գործընթացում ընդգրկված կառույցների գործառույթներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ անվտանգության ապահովման գործընթացում առանցքային բաղադրիչը մարդկային գործոնն է՝ մարդկային կապիտալը:

Մարդկային կապիտալը տնտեսական բարդ կատեգորիաներից է, որը դժվար է սահմանել։ Այն ներկայացվում է որպես աշխատուժի կրթական աստիճան, գիտելիքների, հմտությունների, փորձի, արհեստավարժության (պրոֆեսիոնալիզմի), ձեռնարկատիրական կարողությունների մակարդակ [6, էջ 141]:

Դասական բնորոշմամբ՝ մարդկային կապիտալն այն գիտելիքների, հմտությունների, կարողությունների ու վարպետության ամբողջությունն է, որով օժտված է աշխատողը, և որոնք նա ձեռք է բերում ընդհանուր և մասնագիտական կրթության, պրոֆեսիոնալ պատրաստվածության ու արտադրական փորձի շնորհիվ:

Լայն իմաստով մարդկային կապիտալը տնտեսական զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացումը, այդ թվում՝ աշխատանքային ռեսուրսների կրթված մասը, գիտական և վարչական աշխատանքի գործիքները, շրջակա միջավայրը և այն աշխատանքային գործունեությունը, որն ապահովում է մարդկային կապիտալի՝ որպես զարգացման արտադրական գործոնի, արդյունավետ և ռացիոնալ գործառությունը:

Նեղ իմաստով՝ մարդկային կապիտալը ներառում է միտքը, բանականությունը, առողջությունը, գիտելիքները, որակական և արտադրական աշխատանքը, կյանքի որակը:

Բնորոշվելով որպես անհատի՝ եկամուտ ստեղծելու կարողությունների ամբողջություն (ներառյալ բնատուր ունակությունները, կրթությունը և կուտակված մասնագիտական փորձը)՝ մարդկային կապիտալը տնտեսության և´ մակրո-, և´ միկրոմակարդակներում դիտվում է որպես կառավարման արդյունավետության առաջնային գործոն [7, с. 188]:

Մարդկային կապիտալը սահմանվում է որպես «մարդկային ներուժի այն արժեքավոր հատկությունը, որը կարող է զարգացվել համապատասխան ներդրումների միջոցով և կապիտալացվել տնտեսական շրջանառության գործընթացում՝ բերելով եկամուտ աշխատավարձի կամ շահույթի ձևով» [8, էջ 61]։

Մարդկային կապիտալը ձևավորվում է կյանքի որակի և մտավոր գործունեության մակարդակի բարձրացմանն ուղղված ներդրումների հիման վրա՝ ներառելով կրթության, գիտության, առողջապահության, ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի տեղեկատվական կառավարման, բիզնեսի և քաղաքացիական հասարակության, տնտեսական ազատության, ինչպես նաև մշակույթի, արվեստի և այլ ոլորտներում կատարված ներդրումները։

Կարելի է ասել, որ «մարմնավորված վիճակում մարդկային կապիտալն իրենից ներկայացնում է կուտակված մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ունակությունների ամբողջություն, որը ստացվում է կրթության և որակավորման բարձրացման գործընթացում, որոնք էլ հետագայում կարող են եկամուտ բերել աշխատավարձի, տոկոսադրույքի կամ շահույթի ձևով» [8, էջ 59]։

Մարդկային կապիտալը սահմանվում է որպես.

- մարդկային գիտելիքների և հմտությունների ամբողջություն, որն անհրաժեշտ նախապայման է անհատի ստեղծագործական գործունեության իրականացման համար,

- հասարակության հիմնարար ռեսուրսներ, արժեքների ձևավորման, արտադրության գործընթացին մասնակից դառնալուն անհրաժեշտ մարդկային հնարավորություններ,

- անհատի ֆիզիկական, բարոյական, մտավոր հատկանիշների ամբողջություն, առհասարակ տվյալ երկրի աշխատանքային ռեսուրսներ՝ ներառյալ նրանց աշխատունակությունը, գիտակրթական մակարդակը, ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մարդկային կապիտալի ձևավորման կարևոր գործառույթի իրականացմամբ նպաստում են նաև ազգային մարդկային կապիտալի ապահովմանն ու զարգացմանը, որը տնտեսության, հասարակության, ազգային հարստության հիմնական բաղկացուցիչն է: Ազգային մարդկային կապիտալը ներաոում է տվյալ պետության և հասարակության քաղաքական, սոցիալական, տնտեսական կապիտալը, ազգային մտավոր ռեսուրսները, ազգային մրցունակության առավելությունները և ժողովրդի բնական պոտենցիալը:

Անդրադառնալով ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պահպանման գործընթացում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի գործառույթներին՝ հարկ է նշել, որ բարձրագույն կրթության երկու հիմնական խնդիրներն են՝ բավարարել անձի իմացական և պրոֆեսիոնալ պահանջները, ինչպես նաև ձևավորել և համալրել հասարակության մտավոր մասնագիտական ներուժը, ամրապնդել ֆունկցիոնալ գրագիտությունը։ Ըստ այդմ՝ բարձրագույն կրթության հիմնական գործառույթները պետք է նպատակաուղղված լինեն ազգային մարդկային կապիտալի և անհատական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության գիտական ներուժի ձևավորմանը:

Բացի այդ՝ բարձրագույն կրթությունը նպաստում է այնպիսի մեխանիզմների մշակմանն ու զարգացմանը, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, կառավարությունը, կառավարման համակարգերը, պետական ծառայությունները, նաև այնպիսի սոցիալական նորմերի և հայացքների ձևավորմանը, ինչպիսիք են, օրինակ, հանդուրժողականությունը, հարմարվողականությունը, շրջակա միջավայրի պահպանությունն ու արժեքային համակարգի այլ բաղկացուցիչները:

Անշուշտ, մարդկային կապիտալի տեսանկյունից բարձրագույն կրթությունը հասարակության և երկրի տնտեսական զարգացման առանցքային հիմքն է: Բարձր որակավորմամբ աշխատողների պատրաստմանը զուգահեռ՝ բարձրագույն կրթությունն իրականացնում է նաև կարևոր սոցիալ-քաղաքական և մշակութային գործառույթներ՝ դառնալով ազգային անվտանգության առանցքային գործոն:

Այսպիսով, բարձրագույն կրթությունն իր գործառույթներով ընկալվում է գիտելիքների, կարողությունների, հմտությունների և տեղեկատվության տրամադրման և փոխանցման համակարգ, որն օգտագործվում է մարդու, հասարակության և պետության կարիքները բավարարելու համար: Ուստի, բարձրագույն կրթության համակարգի հիմնական առաքելությունն է այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք կարող են կիրառել տվյալ բնագավառում իրենց ունեցած մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ կոնկրետ իրավիճակներում ոլորտային խնդիրներին լուծում տալու համար: Այսինքն՝ բարձրագույն կրթության համակարգը միտված է բնակչության ֆունկցիոնալ գրագիտության (հենակետային գիտելիքները, հաղորդակցման, համակարգչային, ճանաչողական և գործնական բնույթի այլ հմտությունները կենսագործունեության բոլոր ոլորտներում կիրառելու ընդունակություն) բարձր մակարդակի ապահովմանը [9, էջ 323]:

Կարևորելով այն հանգամանքը, որ կրթությունն ու գիտական հետազոտությունը պետք է ծառայեցնել պետության և գիտելիքահենք տնտեսության զարգացմանը և ամրապնդմանը, զարգացած երկրները մեծ ներդրումներ են իրականացնում հետազոտության հիմնական բնագավառներում: Օրինակ, 2016թ. ԱՄՆ-ում հետազոտության հիմնական բնագավառում պետական հատկացումները եղել են ՀՆԱ 2.77%-ի չափով՝ կազմելով $514 մլրդ, Չինաստանում՝ $396.30 մլրդ, Ճապոնիայում՝ $166.60 մլրդ, Գերմանիայում՝ $109.25 մլրդ, Հարավային Կորեայում՝ $77.14 մլրդ, Հնդկաստանում՝ $71.48 մլրդ, Ֆրանսիայում՝ $60.05 մլրդ, Ռուսաստանում՝ $50.95 մլրդ, Մեծ Բրիտանիայում՝ $45.54 մլրդ, Բրազիլիայում՝ $37.18 մլրդ11:

Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության ոլորտների պետական հատկացումներին՝ անհրաժեշտ է նշել, որ 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով կրթության ոլորտի պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2016 . կազմել են ՀՆԱ 2.63%-ը (129.428.0 մլն), 2017թ. կկազմեն 2.54%-ը (134.463.1 մլն), 2018թ.՝ 2.45%-ը (140.202.0 մլն): ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2016-2018թթ. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 14.153.5 մլն դրամ, 15.264.7 մլն դրամ և 16.562.7 մլն դրամ:

2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով կրթության ոլորտի՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2017թ. կկազմեն ՀՆԱ 2.40%-ը (133.269.2 մլն), 2018թ.՝ 2.32%-ը (137.494.9 մլն), 2018թ.՝ 2.28%-ը (145.216.7 մլն), ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2017-2019թթ. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 14.264.8 մլն, 15.342.2 մլն, 16.575.9 մլն դրամ: Ամփոփելով՝ հարկ է նշել, որ կրթության և գիտության ոլորտներում նշված տարիների համար պետական բյուջեով նախատեսված ծախսերի կրճատման միտում է նկատվում:

Ինչպես արդեն նշվել է, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացներում ներառված են նաև հետազոտական համալսարանների ներկայացուցիչներ, ուստի հարկ է անդրադառնալ բարձրագույն կրթության համակարգում ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված մասնագիտական կրթական ծրագրերի, հետազոտությունների և վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությանը:

ԱՄՆ ազգային անվտանգության բաժինը հովանավորում է Բարձրագույն կրթությունը կրիտիկական ենթակառուցվածքների համար նախաձեռնությունը, որը համակարգում և տարածում է կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանն ու պահպանմանն առնչվող նյութեր, կազմակերպում դասընթացներ, դեպքերի ուսումնասիրություններ: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ԱՄՆ համալսարանների և քոլեջների կրթական ծրագրերում ներառել կրիտիկական ենթակառուցվածքների վերաբերյալ ուսումնական դասընթացներ և իրազեկման նյութեր։ Հաշվի առնելով ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգերի դերակատարությունը կրիտիկական ենթակառուցվածքների պահպանությանն ուղղված գործընթացներում՝ դասընթացների բովանդակությունը ներառում է ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության առավել լայն հասկացություններ և հիմնահարցեր։ Մասնավոր և պետական հատվածների արտաքին փորձագետների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի հետ համագործակցության արդյունքում ուսումնասիրվում են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ռիսկերի վերլուծությունն ու կառավարումը կենցաղային անվտանգության ապահովման գործընթացում, տեղեկատվության տարածումը հասարակության, արտադրության և կառավարման տարբեր մակարդակներում, ճգնաժամային կառավարումը բնածին և մարդածին աղետների դեպքում:

Սույն հոդվածում ՀՀ ազգային մակարդակում անվտանգության պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններից առանձնացվել է «Շանթ-2015» զորավարժությունը, որը պլանային բնույթ էր կրում և նպատակաուղղված էր պետության անմիջական նախապատրաստության ու ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության աստիճանի ունակության ստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Զորավարժությունը միտված էր երկու՝ ուսուցողական և ստուգողական խնդիրների լուծմանը: Նմանատիպ զորավարժությունը պետք է լիներ համակարգային մոդել, սակայն այն հիմնականում ուղղված էր մարդկային գործոնների նախապատրաստմանն արտակարգ իրավիճակներին, այլ ոչ թե ազգային կրիտիկական ենթակառուցվածքների բաղադրիչների պատրաստականության և դիմադրության աստիճանի վերլուծությանն ու գնահատմանը:

ՀՀ-ում կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության վերաբերյալ ոլորտի ուսումնասիրությունը փաստում է, որ.

- ազգային մակարդակում «կրիտիկական ենթակառուցվածք» հասկացության սահմանումներ չկան. օրինակ, «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն առանձնացնում է «կարևորագույն նշանակության օբյեկտներ» հասկացությունը և այդ օբյեկտների ցանկում ներառում շենքերն ու շինությունները՝ ընդգծելով ոչ թե դրանց անվտանգության պաշտպանության, այլ միայն պահպանության խնդիրները;

- ի տարբերություն ուսումնասիրվող երկրների՝ ՀՀ-ում ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պահպանության խնդիրներն ու դրանց լուծումները դեռևս համակարգված չեն, չկա ռազմավարական մոտեցում վերջիններիս նկատմամբ. ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազգային մակարդակում դրանցով զբաղվող համապատասխան կառուցվածքային միավորների, ստորաբաժանումների կամ հետազոտական մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է կամ ամբողջական չէ;

- եթե նույնիսկ առկա են համապատասխան կառուցվածքային միավորներ, ապա դրանց գործունեությունը հատույթավորված և գաղտնի է, բացակայում են այդ գործողությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ու մասնակցությունը, ինչպես նաև ՀՀ նախագահի մակարդակով համապատասխան միասնական ռազմավարական մոտեցումն ու վերահսկողությունը;

- համապատասխան համակարգող կառուցվածքային միավորների բացակայությամբ պայմանավորված՝ գոյություն չունի միասնական մոտեցում ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության խնդրին, հետևաբար նաև չեն իրականացվել ազգային կրիտիկական ենթակառուցվածքների քարտեզագրում, պատրաստականության վերլուծություն և գնահատում, ռիսկերի վերլուծություն և նմանատիպ կարևոր գործընթացներ;

- չկա ենթակառուցվածքների հաշվառում, կամ այդ ցանկը գաղտնի է;

- վերը նշված գործոնների բացակայությամբ պայմանավորված՝ չկա նաև պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև համակարգային գործակցություն;

- մշակված չեն կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտ, պետական քաղաքականություն և ռազմավարություն, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի ծրագրեր;

- կրթության թե´ ֆորմալ, թե´ ինֆորմալ մակարդակներում բացակայում են կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված դասընթացներն ու կրթական ծրագրերը՝ միտված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կայացած քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացների բարելավմանը:

Հաշվի առնելով ազգային մակարդակում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության և ռազմավարության, այդ գործընթացով զբաղվող համապատատասխան մարմինների, կարգավորումների, ծրագրերի բացակայությունը՝ առաջարկվում է.

1. ստեղծել Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ազգային հանձնաժողով (ԿԵՊԱՀ), որի կազմում պետք է ընդգրկված լինեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բուհական համակարգի ներկայացուցիչներ, որոնք կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացում կապահովեն շարունակական համագործակցությունն ու կխրախուսեն ոլորտային ներդրումները:

1.1. Բուհական համակարգի ներգրավումը կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհերը համարվում են կարևորագույն գիտահետազոտական կենտրոններ, որոնց ներկայացուցիչները կարող են նպաստել կրիտիկական ենթակառուցվածքների ռիսկայնության գնահատման իրականացմանը, ռիսկերի բացահայտմանը, դրանց կանխարգելմանն ու կառավարմանն ուղղված քաղաքականությունների, գործողությունների և մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանն ու ազգային մակարդակում դրանց կիրառման հնարավորությունների վերլուծությանը: Բարձրագույն կրթության համակարգի և բուհական համայնքի ներկայացուցիչները կարող են իրականացնել պետությանը կամ տվյալ տարածաշրջանին սպառնացող ռիսկերի բնույթի ու մասշտաբի վերաբերյալ վերլուծություն տարբեր բնածին և մարդածին վտանգների ու խոցելիության համար, որոնք կարող են պատճառել մարդկային և նյութական կորուստներ, լուրջ վնաս հասցնել ենթակառուցվածքներին, ծառայություններին, կենսամիջոցներին: Այս համատեքստում գիտահետազոտական աշխատանքները կարող են անդրադառնալ նշված հիմնահարցերի ուսումնասիրմանն ու ներկայացնել համապատասխան ոլորտային լուծումներ:

Ընդհանուր առմամբ՝ տարբեր երկրներում գիտահետազոտական կառույցների ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև վերջիններիս ներգրավումը նմանատիպ գործընթացներին պայմանավորված են երկրի գիտական ներուժի համախմբման, հասարակական, քաղաքական, տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում և որոշումների կայացման գործընթացներում այդ ներուժի կիրառման անհրաժեշտության գիտակցմամբ:

Հետևաբար, կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում ակադեմիական հանրության և պետական հատվածի համագործակցության ընթացքում բուհերը, իրականացնելով գիտահետազոտական կենտրոնների գործառույթներ, կարող են կատարել հետազոտական աշխատանքներ ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների և նախագծերի, նորմատիվ ակտերի, ծրագրերի մշակում և փորձաքննություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մատուցել խորհրդատվական ծառայություններ ու կազմակերպել ոչ ֆորմալ վերապատրաստումներ: Նշված գործընթացների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մասնագետների պատրաստում:

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության համատեքստում բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են վերանայել կրթության բովանդակությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելով «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի դասավանդման պլաններում: Համաձայն ՀՀ կրթական համակարգում «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցման կազմակերպման մասին ՀՀ կառավարության որոշման՝ այն համարվում է պարտադիր դասավանդվող առարկա ոչ միայն բարձրագույն, այլև հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացում բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավումը կարող է նպաստել պետական հատվածի կողմից մասնավոր հատվածին տրամադրվող ֆինանսավորման և ներդրումների նկատմամբ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև այդ գործընթացների թափանցիկության ապահովմանը:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգության ապահովման հիմնախնդիրների՝ ակադեմիական մակարդակով ուսումնասիրությունն ու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան ուղղվածության առարկաների դասավանդումը կարևորվում են ՀՀ-ում՝ հաշվի առնելով ՀՀ-ի առջև ծառացած ներքին և արտաքին, այդ թվում համաչափ և անհամաչափ սպառնալիքներն ու մարտահրավերները:

1.2. Առաջարկվում է վերոնշյալ հանձնաժողովում որպես պետական հատվածի ներկայացուցիչներ ներառել ՀՀ կառավարության մաս կազմող հետևյալ նախարարություններն ու առընթեր մարմինները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, Քաղաքաշինության պետական կոմիտե, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:

1.3. Առաջարկվում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներից առաջադրել և ընտրել հետևյալ կազմակերպությունները. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ (ջրամատակարարում), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (էներգամատակարարում), «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Մեծամորի էլեկտրակայան) (էլեկտրաէներգիայի մատակարարում), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (գազամատակարարում), Հրազդանի ջերմաէլեկտրակայան (էներգամատակարարում), Երևանի ջերմաէլեկտրակայան (էներգամատակարարում), «Հայփոստ» ՓԲԸ (փոստային կապ), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ԱրմենՏել) ՓԲԸ (հեռահաղորդակցություն), «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՓԲԸ (հեռուստատեսություն), «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (տրանսպորտային փոխադրումներ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (հանքարդյունաբերություն):

1.4. Առաջարկվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ ընդգրկել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այն մարզերից, որոնք աշխարհագրորեն սահմանամերձ են կամ ունեն բնակչության մեծ թվաքանակ: Որպես սահմանամերձ և գործառույթով սահմանապահ մարզ՝ առանձնացվել է Տավուշը (հյուսիս-արևելքում սահմանակից է Ադրբեջանին), իսկ բնակչության ամենամեծ թվաքանակ ունեցող մարզ՝ Արմավիրը (267 հազար մարդ)12, որն արևմուտքից պետական սահմանով սահմանակից է Թուրքիային: Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների հետ համատեղ պետք է կրեն պատասխանատվություն՝ աղետակայուն համայնքների կայուն զարգացման և դրա հետ կապված որոշումների ընդունման և իրականացման համար:

Նշված մարմինների ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության հիմնախնդիրների քննարկումներին մասնակցելն ու յուրաքանչյուր կրիտիկական ենթակառուցվածքի վերաբերյալ առաջարկություններով հանդես գալը, ինչպես նաև այս հիմնական գործառույթներից բխող այլ ենթագործառույթների իրականացումը:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործառույթները.

- ամրապնդել պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը՝ ուղղված ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը,

- համակարգել ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պատրաստականության գնահատման գործընթացը,

- անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պահպանման գործընթացում ներառված կառույցներին,

- կանխատեսման տեսանկյունից մշակել տարբեր սցենարներ,

- կրկնորդումներից խուսափելու համար հստակեցնել գործառույթները, լիազորությունների և իրավունքների շրջանակը,

- համախմբել ռեսուրսներն անհրաժեշտ ներդրումներ կատարելու համար,

- համագործակցել պետական, մասնավոր, տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ստեղծելու վտանգների և սպառնալիքների զգուշացման (վաղ ազդարարման), ռիսկերի վերլուծության և հետևանքների վերականգնման միասնական համակարգ,

- համակարգել ծրագրեր և մշակել քաղաքականություն՝ արձագանքելու ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության սպառնալիքներին՝ ներառյալ արտակարգ իրավիճակներում արդյունավետ հաղորդակցման ապահովումը կառավարման տարբեր մակարդակներում,

- ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում ապահովել բուհերի հետ շարունակական համագործակցությունը:

2. Մշակել Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացը կանոնակարգող ազգային ռազմավարություն, որը կարող է լինել որպես ՀՀ կրիտիկական ենթակառուցվածքների քարտեզագրման, ազգային անվտանգության ապահովման սպառնալիքների և պահանջվող մեխանիզմերի, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման փուլերի, հստակ ժամկետների, պահանջվող ռեսուրսների թվարկմանն ու նկարագրությանը վերաբերող համալիր փաստաթուղթ:

3. Մշակել Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացը կանոնակարգող օրենսդրական դաշտ, որը կսահմանի կրիտիկական ենթակառուցվածքների հիմնական խնդիրները, գերակայություններն ու նպատակները, այդ ենթակառուցվածքների պաշտպանության սկզբունքները, գործընթացում ներառված կառույցների իրավասություններն ու պատասխանատու մարմինները, դերակատարության բաշխվածությունն արտակարգ իրավիճակներում:

Սույն հոդվածի շրջանակներում կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված միջազգային տարբեր մոդելների ուսումնասիրությունը փաստում է, որ կրիտիկական ենթակառուցվածքներն այն համակարգերն ու միջոցներն են, որոնց գործառության խափանումը ստեղծում է սպառնալիքներ երկրի ազգային անվտանգության, ինչպես նաև դրա առանցքային տեսակների՝ էներգետիկ, տնտեսական, կրթական, ժողովրդագրական անվտանգության համար: Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունն ընդգրկում է ենթակառուցվածքների սեփականատերերի, շահագործողների և օգտագործողների այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են ցանկացած վթարի, աղետի և հարձակման դեպքում հնարավորինս քիչ վնասներով կարճ ժամկետում կրիտիկական ենթակառուցվածքների գործառության վերականգնմանը:

Ամփոփելով՝ անհրաժեշտ է նշել, որ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացում բարձրագույն կրթության համակարգն էական դերակատարություն ունի՝ նպաստելով այդ ոլորտին առնչվող գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը, ինչպես նաև մասնագետների պատրաստմանը, որոնք կարող են մասնակցել կրիտիկական ենթակառուցվածքների ռիսկայնության գնահատման, ռիսկերի բացահայտման գործընթացների իրականացմանը, դրանց կանխարգելմանն ու կառավարմանն ուղղված քաղաքականությունների, գործողությունների և մեխանիզմների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանն ու ազգային մակարդակում դրանց կիրառման հնարավորությունների վերլուծությանը:

1 USA President's Commission on Critical Infrastructure Protection 1997:3.

2 Presidential Decision Directive 62, Presidential Decision Directive 63.

3 Presidential Decision Directive 62, 1998.

4 Presidential Decision Directive 63, 1998.

5 Presidential Decision Directive 63, 1998.

6 Department of Homeland Security (դեպարտամենտը նախարարությունն է ԱՄՆ-ում):

7 USA Executive Order 13231 of October 16, 2001, https://www.dhs.gov/xlibrary/assets/executive-order-13231-dated-2001-10-16-initial.pdf

8UK National Infrastructure Plan 2014 https://www.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/381884/2902895_NationalInfrastructurePlan2014_acc.pdf

9 Նույն տեղում։

10 Նույն տեղում։

11 Global R&D Funding Forecast, 2016 https://www.iriweb.org/sites/default/files/2016GlobalR%26DFundingForecast_2.pdf

12 ՀՀ ԱՎԾ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ։

Մարտ, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հարությունյան Լ., Ենթակառուցվածքների հասկացութային հենքի մշակումը տնտեսագիտական գիտակարգի զարգացման համատեքստում, ԵՊԼՀ, Բանբեր 2(37), Երևան «Լինգվա» հրատարակչություն, 2016:

2. Gretchen, M., Campbell, R. 2002. The New York Times Dictionary of Money and Investing.

3. Elgin, M.B., Manuel, E.S. International CIIP Handbook 2008/2009. Center for Security Studies, ETH, Zurich, 2008.

4. Hromada, M. et al. 2014. Critical Infrastructure Protection and Resilience as an Actual Challenge of Security Education, Computers and Technology in Modern Education, Kuala Lumpur, Malaysia.

5. EU. Directive on the identification and designation of European critical infrastructures and the assessment of the need to improve their protection. In Council directive 2008/114/EC.

6. Հովհաննիսյան Ա., Մարդկային կապիտալի օգտագործումը ՀՀ-ում, Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանում, «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014:

7. Румянцева Е.Е. 2005. Новая экономическая энциклопедия, М.

8. Վարդանյան Գ., Գիտելիքահենք տնտեսություն, Երևան, ՀՀ ԳԱԱ Գիտությունների հրատարակչություն, 2008:

9. Խաչատրյան Ռ., PEST վերլուծությունը որպես բուհերի արտաքին միջավայրի վերլուծության ռազմավարական պլանավորման գործիք, ԵՊԼՀ, Բանբեր 2(37), Երևան, «Լինգվա» հրատարակչություն, 2016:

10. ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, http://www.gov.am/files/docs/1603.pdf

11. ՀՀ 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, http://www.gov.am/files/docs/2015.pdf

12. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, http://www.armstat.am/file/article/bnakch_01.01.2015.pdf

13. ՀՀ կառավարության որոշում «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին», http://www.arlis.am/documentview.aspx?docid=22423

14. ՀՀ կառավարության որոշում ՀՀ կրթական համակարգում «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցման կազմակերպման մասին /27.09.2006/։

15. ՀՀ օրենքը Ազգային անվտանգության մարմինների մասին՝ ընդունված 28.12.2001, http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1278&lang=arm

16. Պայմանագիր ՀՀ-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՝ ընդունված 10.10.2014-ին։

17. Ерошин В., Лысенко А., Райзберг Б. 2016. Экономика и управление образованием. Словарь-справочник.

18. Корчагин Ю.А. 2009. Широкое понятие человеческого капитала, Воронеж, ЦИРЭ.

19. Сметана М., Защита критической инфраструктуры. Подходы государств Европейского Союза к определению элементов критической инфраструктуры, ВШБ-Технический Университет Острава, 2014/15.

20. Смирнов В.Т., Сошников И.В., Романчин В.И., Скоблякова И.В. 2005. Человеческий капитал: содержание и виды, оценка и стимулирование, М., Машиностроение-1, Орёл, ГТУ.

21. Трапицына С.Ю. 2016. Менеджмент в образовании. Учебник и практикум для бакалавриата и магистратуры.

22. Хофрейтер Л. 2014. Критическая инфраструктура-содержание, структура и проблемы ее защиты//Securitologia. Nr 1.

23. Цыгичко В.Н., Смолян Г.Л., Черешкин Д.С. 2006. Обеспечение безопасности критических инфраструктур в США (аналитический обзор). Труды Института системного анализа Российской академии наук, 27, 4-34.

24. Baldoni R. et al. 2014. Critical Infrastructure Protections: Threats, Attacks and Countermeasures.

25. Directive of the Council on a European Programme for Critical Infrastructure Protection. COM (2006) 786, Brussels, 2006.

26. George Mason University-Critical Infrastructure Higher Education Initiative, http://cip.gmu.edu/education-programs/critical-infrastructure-higher-education-initiative/

27. Government Security News-DHS wants to expand higher education in critical infrastructure field, http://gsnmagazine.com/article/27017/dhs_wants_expand_higher_education_critical_infrast

28. Homeland Security. Critical Infrastructure Security and Resilience Month-November, 2016.

29. National Infrastructure Advisory Council, https://www.dhs.gov/national-infrastructure-advisory-council

30. National Strategy for Critical Infrastructure, Canada, 2009. https://www.publicsafety.gc.ca/cnt/rsrcs/pblctns/srtg-crtcl-nfrstrctr/srtg-crtcl-nfrstrctr-eng.pdf

31. OECD: Development of Policies for Protection of Critical Information Infrastructures: Ministrial Background Report-DSTI/ICCP/REG (2007) 20/Final. https://www.oecd.org/sti/ieconomy/40761118.pdf

32. O'Rourke, T. 2007. Critical infrastructure, interdependencies, and resilience. Bridge-Washington-National Academy of Engineering, 37(1), 22.

33. Stanisteanu, A.I. 2013. Critical Infrastructure Protection. International Scientific Conference "Strategies XXI". "Carol I" National Defence University.

34. The American Heritage Dictionary of the English Language. 2000. Fourth Edition. Houghton Mifflin Company. Boston, MA.

35. The Report of the President's Commission on Critical Infrastructure Protection, October 1997. https://fas.org/sgp/library/pccip.pdf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր