
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԻՑ ՄԻՆՉ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ
– 2011-ին Ռուսաստանն ու Վրաստանը կնքեցին ՙՙԱռևտրային միջանցքների մասին՚՚ պայմանագիր, որը կողմերին հնարավորություն է տալիս առևտուր անել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով՝ շրջանցելով քաղաքական կողմը: Սակայն պայմանագրի կատարումը մինչ օրս ձգձգվում է, որոշակի տեղաշարժ նկատվեց միայն օրերս, երբ կողմերը համաձայնվեցին շվեյցարական SGS ֆիրմայի օգնությամբ կյանքի կոչել պայմանագիրը: Այն կվերահսկի ապրանքների և բեռների փոխադրումը ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, գործնական տեղաշարժ կարելի է՞ ակնկալել:
-Վեց տարի առաջ ստորագրված այդ պայմանագրի իրականացումը ձգձգվում է, քանի որ պատճառը քաղաքական է: Առաջին հերթին այդ հակասությունը պետք է հարթվի ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում: Հիշենք, որ այս հարցում Սաակաշվիլիի ժամանակ կար ընդգծված ոչ կառուցողական դիրքորոշում, նրա իշխանության տարիներին այդպես էլ խնդրին դրական ընթացք չտրվեց:
Իվանիշվիլլի ժամանակ որոշ հույսեր արթնացան, թվում էր, թե կողմերը կարող են գալ համաձայնության, սակայն նորից քաղաքական խնդիրը մնաց առկախ: Հիմա դարձյալ որոշակի միտումներ նկատվում են: Տնտեսական ու, մասնավորաբար, քաղաքական նշանակության հարցերի շուրջ Ռուսաստանը և Վրաստանը կարող են գալ ինչ-որ համաձայնության: Չնայած դեռ վաղ է խոսել առարկայական լուծումների մասին, բայց մի բան նկատելի է, որ խնդրի լուծմամբ շահագրգռված է Ռուսաստանը, որպեսզի Հարավային Կովկասը և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես էլ ավելի կապվի իր հետ ու իր ռազմավարական գործընկեր Հայաստանը ցամաքային ճանապարհների այլընտրանքներ ունենա:
Պատահական չէ այս հարցի ակտիվացումը այսօր նաև հետևյալ տեսանկյունից: Տարածաշրջանային տարբեր գործընթացներով պայմանավորված՝ ռուս-վրացական պայմանագրի իրականացման հարցը ակտիվանում ու հետո սառչում է: Այսօրվա ակտիվացումը ես կապում եմ սիրիական ուղղությամբ ռուսական կողմի հաջողությունների հետ: Սիրիական ճգնաժամը որոշակի հաղթահաման փուլում է, պայմանականորեն ասած՝ խաղաղության նշաներ են նկատվում, ինչն էլ Ռուսաստանին տալիս է հնարավորություն ավելի ազատ գործել, շոշափելի քաղաքականություն իրակացնել հետխորհրդային տարածքում առկա կնճռոտ հարցերում:
Իսկ ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խմբի ձևավորումը հետևանք է վերջին շրջանում ՌԴ-ի և Վրաստանի կողմից դրսևորվող քաղաքական կամքի: Այսինքն, ինչ-որ շարժ նկատվում է, որը ողջունելի է: Սա մի հարցը է, որը կոմպլեքս լուծում է պահանջում, այսինքն, տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, նաև աբխազական ու օսեթական կողմերի մոտեցումերը պետք է համաձայնեցվեն: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փոփոխություն ակնկալել:
–Հարավային Օսիան ու Աբխազիան մշտապես պնդել են գործընթացին իրենց մասնակցության մասին, ինչին Վրաստանը դեմ է: Սակայն օրեր առաջ օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի և Վրաստանի վարչապետի անձնական ներկայացուցիչ Աբաշիձեի հայտարարությունից հետո, թե պայմանագիրը կյանքի կոչելու համար ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ է ձևավորում, Օսեթիայի նախագահը դրականորեն արձագանքեց՝ ասելով՝ այն իրենց շահերին չի հակասում: Չե՞ք կարծես թե, սառույցը այստեղ փոքր-ինչ շարժվում է:
-Այո, ի վերջո, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի մոտեցումները համընկնում են պաշտոնական Ռուսաստանի մոտեցումներին: Կան հակամարտություններ, որոնք տասնամյակներով կարող են մնալ չկարգավորված վիճակում, բայց երկրների մեջ կայացած համաձայնության արդյունքում կոմունիկացիաները սկսում են աշխատել, քանի որ դա բխում է նույն պետությունների ու հասարակությունների շահերից: Հետևաբար, այս հարցի լուծումը բխում է թե՛ Ռուաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Աբխազիայի ու Օսեթիայի շահերից: Իսկ իրականում լուծման բանալին գտնվում է Թբիլիսիի ձեռքում: Վրաստանը հարցի լուծումը դիտարկում է զուտ աբխազական, օսեթական համակամարտության համատեքստում: Եթե վրաց իշխանություններն ավելի կառուցողական դիրքորոշում ունենան ու քաղաքականից առանձին դիտարկեն կոմունիկացիաների ստեղծման հարցը, ապա հնարավոր կլինի արագ ելք գտնել: Այնպես որ, հարցը կարող է լուծում ստանալ, եթե վրացական կողմը քաղաքական կամք դրսևորի: Ի վերջո, դրանից Վրաստանն է օգտվելու:
–Վերջին շրջանում վրաց փորձագետները ևս շեշտում են, որ աբխազական, օսեթական ճանապարհների բացմամբ կբարձրանա Վրաստանի որպես տարանցիկ երկրի դերը տարածաշրջանում, նաև չեն մոռանում նշել, որ դա կօգնի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը։ Այս դրական մեսիջների ֆոնին ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը:
-Այո, վրացական կողմի նման դիտարկումները հաճախացել են, ինչը կարևոր հանգամանք է: Հայկական կողմը ևս քայլեր է անում այդ ուղղությամբ, հիշենք վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան : Այն կառուցողական հանդիպում էր, որոշակի պայմանավորվածություն եղավ կողմերի միջև հետագա քննարկումների կազմակերպման ուղղությամբ: Հայ-վրացական կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցում: Մասնավորաբար, խոսվեց հենց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքով առևտրային միջանց ստեղծելու մասին և փորձ արվեց քաղաքական հարցերում ևս կողմերին բերել փոխհամաձայնության:
Սակայն չմոռանանք, որ այստեղ կան նաև այլ շահեր՝ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն են, այս երկրներն ամեն ինչ անում են, որ Վրաստանին մղեն իրենց շահերի ու մոտեցումների դաշտ: Նրանք ձգտում են, որ իրենց կողմից ավանադաբար տարվող հակահայկական քաղաքականության մեջ օգտագործեն Վրաստանին, ու դա նրանց որոշ չափով հաջողվում է թե՛ ռազմատեխնիկական եռակողմ համաձայնության, թե՛ տնտեսական, կոմունիկացիոն հարցերի տեսանկյունից:
Վերջերս գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որքան էլ որոշ փորձագետներ նշեն, թե դա չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության, տնտեսական մեկուսացման խորացման վրա, իրականում այդպես չէ: Ես կարծում եմ, որ այն սրելու է Հայաստանի շրջափակումը: Դրա համար մեր երկիրը պետք է ակտիվորեն աշխատի այլընտրանաքային ուղղությունների ստեղծման հարցում:
ՙՙԱռևտրային միջանցքների մասին՚՚ ռուս-վրացական պայմանագրի իրականցումը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, 25 տարի գտնվելով տնտեսական, քաղաքական շրջափակման մեջ մեր երկիրը փորձում է գտնել դրանից դուրս գալու տարբեր ուղիներ: Հայաստանը կարող է աբխազական, օսեթական ճանապարհների հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ի հարթակում և ռուսական կողմին դրդել ավելի կառուցողական, առարկայական քայլեր կատարել: Քանի որ Հայաստանը շրջանցող կոմունիկացիոն ծրագրերը ձեռնտու չեն նաև Ռուսաստանին: Դրանք հիմնականում իրականցվում են Արևմուտքի քաղաքական ու տնտեսական հովանավորչությամբ և գերազանցապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Ասիայից դեպի Եվրոպա այլընտրանքային կոմունիկացիաների ստեղծմամբ մեկուսանում է Ռուսաստանը: Այսինքն, այս ամենը նաև ուղղված է ՌԴ մեկուսացմանը: Կնշանակի այս հարցում Ռուսաստանի ու Հայաստանի շահերը համընկնում են և մենք տարբեր ձևաչափերով պետք է հնարավորինս ակտիվ մասնակցենք պայմանագրի իրականացման գործընթացին: Բոլոր ուղղություններով, հետևողականորեն պետք է աշխատել վրացական կողմի հետ որպեսզի հարցը վերջնական լուծում ստանա:
Ամեն դեպքում, քանի որ խնդիրը զուտ քաղաքական է, ապա առանց ՌԴ-ի ու Վրաստանի միջև փոխհամաձայնության ու փոխզիջումների, առանց կառուցողական մոտեցման ու նախապայմանները մի կողմ դնելու անհնար կլինի հարցի լիակատար լուծումը:
–Անդրադառնանք նաև Վրաստանում կատարաված ահաբեկչությանը: Դեռ տարիներ առաջ ասվում էր, որ Կովկասում ստեղծվել է իսլամիստ ահաբեկիչների որջ, ու այն պահին, երբ Սիրայում կհանդարտվի իրավիճակը ահաբեկիչների որջն այստեղ կակտիվանա: Վրաստանում կատարվածն այդ մասին է՞ ահանզանգում:
– Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի աջակցությամբ Սիրիայում որոշակի հաջողություններ է գրանցում, Իսլամական պետությունն անհաջողություններ ունի, կորցրել է ռազմական ու քաղաքական նշանակության կարևոր դիրքեր: Կարող ենք արձանագրել, որ Իսլամական պետության ու ահաբեկչության դեմ պայքարում ռուսական կողմը կարողացել է մեծ հաջողություն արձանագրել: Բայց Սիրայում ահաբեկչական ալիքի զսպումը չի նշանակում, որ այն այլ տարածաշրջաններում չի շարունակվելու: Եվ բացառված չէ, որ Իսլամական պետությունն ահաբեկչական այլ խմբավորումների միջոցով փորձի դոմինոյի էֆեկտ ստեղծել՝ այս կան այն օջախում ապակայունացնելով իրավիճակը:
Եվ ինչպես տեսնում ենք, սիրական զարգացումներին զուգահեռ Եվրոպայում ժամանակ առ ժամանակ կատարվում են ահաբեկչական գործողություններ, ինչպես նաև հետխորհրդային երկրներում: Եվ ուրեմն, չպետք է բացառել, որ Սիրայում ահաբեկչական ալիքի թուլացման ֆոնին փորձ կարվի ահաբեկչական գործողությունները տեղափոխել այլ տարածքներ: Իհարկե, կա նաև որոշ երկրների հովանավորչությունը, որոնք շահագրգռված են, որ մեր տարածաշրջանում չլինի խաղաղություն:
-Ո՞ր երկրների ՙՙականջներն՚՚ եք տեսնում Վրաստանի ահաբեկչության հետևում:
-Թուրքիան եղել է ահաբեկչության տարանցիկ երկիր, ու հիմա էլ, բնականաբար, շարունակում է հանդիսանալ ահաբեկչական ալիքի տարածողը: Ոչ պաշտոնական տվյալները դա են հաստատում: Ադրբեջանը նույնպես, հազարից ավելի ադրբեջանցիներ, ի դեպ, նաև վրացիներ ահաբեկչական խմբավորումների շարքերում մասնակցել են սիրական զարգացումներին, նրանցից շատերը բավական բարձր պաշտոններ են զբաղեցրել: Չի բացառվում, որ իրենց անմիջական մասնակցությամբ ահաբեկչական գործողությունները տեղայնացվում են: Իհարկե, այս մասին բարձրաձայնելը շահավետ չէ Վրաստանի իշխանության համար:
Մյուս կողմից, ահաբեկչությանը ներգրավված են ազգությամբ չեչեններ, չի բացառվում նաև, որ նրանք հովանավորվել են Արևմուտքի որոշակի շրջանակների կողմից: Սա ուղղված է Ռուսաստանի դեմ, փորձում են Ռուսաստանին սահմանակից երկրներում ապակայունացնել իրավիճակը:
Ըստ էության, մենք գործ ունենք պետական անվտանգության հետ, այսինքն, տարածաշրջանային պետությունները պետք է լինեն աչալուրջ, ուշադրությամբ հետևեն իրավիճակին և ուժեղացնեն իրենց անվտանգությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]