
«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ՈՐՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Վերջին շրջանում խիստ ակտիվացել են արեւմտյան հետք կամ առնվազն` պարտադրանք ունեցող օրենսդրական նախագծերի քննարկումները` սկսած ընտանեկան բռնության դեմ արհեստածին օրենքի նախագծից ընդհուպ խոսվում է մարիխուանայի վաճառքի թույլտվության մասին: Թե որքանո՞վ է այս ամենը պայմանավորված Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք պայմանագրի հետ, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻՑ, որը նախեւառաջ նշեց.
- Իսկզբանե անհրաժեշտ է նշել, որ առհասարակ եթե որեւէ օրենսդրական նախաձեռնություն արդյունավետ կիրառություն է ստանում տվյալ երկրում կամ նմանատիպ մոդելի երկրներում, դա ամենեւին էլ չի կարող ենթադրել, որ այն կարելի է մեխանիկորեն ներդնել այլ պետություններում ու հասարակություններում: Ցանկացած հարցի պարագայում միջազգային փորձի ուսումնասիրությունում պարտադիր կերպով հաշվի են առնվում, թե՛ այն երկրների առանձնահատկությունները, որոնց փորձը ուսումնասիրվում է, եւ թե՛ առավելեւս այն հասարակությունների առանձնահատկությունները, որտեղ նախատեսվում է ներդնել այս կամ օրենսդրությունը: Տվյալ պարագայում Ձեր կողմից հիշատակված օրենսդրական նախաձեռնությունների եւ առաջին հերթին ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի հանրային շրջանառման այս փուլում հարկավոր է նախեւառաջ հարցադրումներ կատարել առ այն, թե կան արդյոք միջազգային կամ տարածաշրջանային փորձագիտական վերլուծություններ ու գնահատականներ, որոնք վերաբերում են նման օրինագծեր ընդունած պետությունների փորձին ու վիճակագրությանը, որոնք կբարձրաձայնեն դրանց դրական կամ բացասական հետեւանքները: Վստահաբար պետք է ասել, որ նման թիրախավորված եւ լուրջ, անաչառ վերլուծություններ հայաստանյան իրականությունում չկան: Ելնելով հայ հասարակությունում հարցի ակտուալությունից ու թերեւս ոչ ավելորդ հուզականությունից, որը հիմնականում առանձնանում է իր պահպանողական հայացքներով, ինչը դրական երևույթ է մերօրյա բազմաշերտ գլոբալացման հանգամանքներում, նման օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, առավելեւս իրավական հիմքեր տալու հարցում անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն հայ հասարակության հոգեւոր արժեքները եւ դրանց համադրելիությունը նմանատիպ օրինագծերին: Իհարկե, քավ լիցի, ցանկացած խելամիտ նախաձեռնություն ողջունելի է, եթե այն իրապես նպատակ է հետապնդում նվազեցնել կամ վերացնել ընտանեկան բռնությունների դեպքերը կամ մարդու նկատմամբ ոտնձգություններն առհասարակ: Սակայն սա մեր պարագայում կարող է ապահովել լիարժեք արդյունավետություն միմիայն այն պարագայում, եթե որպես հիմք ընդունեն հայի հոգեւոր-բարոյական արժեքները: Այլապես նման օրենսդրական նախաձեռնությունները, երբ չեն հաշվարկվում տվյալ հասարակության առանձնահատկությունները, համամարդկային արժեքաբանական ընկալումից ավելի շուտ դառնում են քաղաքական գործիք: Փաստենք, որ սա մեզ համար ունի առաջին հերթին քաղաքակրթական կարեւորագույն նշանակություն:
Անդրադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ այս այս օրինագծերի շուրջ քննարկումները ժամանակ առ ժամանակ բարձրացվել են մեր հասարակական- քաղաքական դաշտում եւ, ըստ էության, հանդիսանում են արեւմտյան, այսպես կոչված, ժողովրդավարացման ռազմավարության հենասյուներից մեկը: Հարցի քաղաքական տեսանկյունից, այո՛, այս նախաձեռնությունների շուրջ վերջին քննարկումների ակտիվացումը, ուղղակի, թե անուղղակի առնչվում է նոյեմբերին նախատեսվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրմանը: Ի դեպ, հստակեցնեմ, որ այնպիսի կարծիք չձեւավորվի մեզ մոտ առ այն, թե եվրոպական երկրների հասարակությունները միանշանակ դրական են վերաբերվում նման օրինագծերին: Ամենեւին ոչ, եվրոպական հասարակությունում այսօր լուրջ ուժ են ներկայացնում այն պահպանողական-ազգային շարժումները, որոնք դեմ են ժողովրդավարացման այս ռազմավարությանը, ինչի արդյունքում վերանում է ընտանիքի գաղափարը, մարդկայինն ու հոգեւորը եւ վերջապես քաղաքակրթականը:
- Որոշ փորձագետներ էլ ընդգծում են, թե այս օրենքների ընդունմամբ` Հայաստանին, որպես մրցանակ, թույլ կտրվի անցնել Եվրամիության հետ ազատականացման վիզային ռեժիմի: Սա ծուղա՞կ է, թե, իսկապես, տնային աշխատանք, որը պետք է կատարի Հայաստանը:
- Պետք է նկատել, որ ընտանեկան բռնության դեմ օրինագիծն ու այլ իրավական նախաձեռնություններն, ըստ էության, հանդիսանում են այն փաթեթի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, որը ներկայացվում է հաստատման այս կամ այն երկրին ու նրա հասարակությանը, որն ընտրում է եվրոպականացման ուղին: Բնական է, որ որեւէ քաղաքական կամ տնտեսական համակարգին ինտեգրման հարցում տվյալ համակարգը առաջ է քաշում խաղի իր կանոնները, որոնք կարող են ընկալելի լինել կամ՝ ոչ: Սակայն քիչ չեն նախադեպերը, երբ կողմերը գտնում են փոխզիջումային տարբերակներ: Կարծում եմ՝ ԵՄ-Հայաստան համապարփակ համաձայնագրում վստահաբար կան այնպիսի տնտեսական, առեւտրային նշանակության կետեր, որոնք կարող են դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մտավոր կապիտալի կուտակման, կյանքի որակի բարելավման եւ այլ նմանատիպ ոլորտներում արեւմտյան երկրների փորձն իսկապես արժեքավոր է, եւ այստեղ իրատեսաբար անելիքներ ունենք: Ինչ վերաբերում է միջազգային փորձի հնարավոր տեղայնացման այնպիսի հարցերին, որոնք առնչվում են հասարակության միջանձնային, ընտանեկան հարաբերությունների կանոնակարգմանը, հոգեւոր-բարոյական արժեքներին, ապա այստեղ, ըստ էության, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում կունենանք լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայման համար մեր հասարակությունն այսօրվա իր մարդկային եւ այլ պոտենցիալով, չի կարող դիմագրավել: Ավելին՝ ցանկացած օրենքի նախագիծ պետք է համահունչ լինի ժամանակի փոփոխություններին ու միտումներին, հարիր տարբեր երկրների ու ժողովուրդների ազգային-հոգեւոր ինքնությանը, առանձնահատկություններին, այլապես օրինագիծը ձեռք է բերում պարտադրողականություն, ինչի դեպքում մենք գործ ունենք ոչ այնքան իրավական, որքան քաղաքական նախաձեռնության հետ:
- Այս համատեքստում ՀՀ-ԵՄ համաձայնագրի չեղարկմա՞ն, հետաձգմա՞ն, թե՞ ընդունման միտում եք տեսնում եւ ո՞ր դեպքում Հայաստանը կտուժվի կամ կշահի:
- Հայաստանը ԵՄ-Հայաստան համաձայնագրի հնարավոր ստորագրումից կարող է ունենալ դրական ակնկալիքներ, եթե այն դրական անդրադառնա Հայաստանի եւ համայն հայության անվտանգության համակարգի, հայության ինքնության պահպանման, հայկական պետականության եւ հայ ժառանգության շարունակականության հարցերի ապահովման ողջ գործընթացի վրա` միասին վերցրած:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]