
ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՐԵԼԻ Է ԶՈՒԳԱՀԵՌ ՏԱՆԵԼ, ԲԱՅՑ ԴՐԱՆՔ ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեից հետո քրդական զանգված ունեցող երկրների անհանգստությունը մեծացել է, նրանք մտահոգվում են, որ կգործի «դոմինոյի էֆեկտը»: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդպիսի մտահոգություններ ունեն մասնավորապես Իրանն ու Թուրքիան:
«Միգուցե մի քանի տարի հետո այդ գործընթացը, որի սկիզբն արդեն դրված է, տարածվի և իր ազդեցությունն ունենա Թուրքիայի և նաև Իրանի դեպքում»,- ասաց նա:
Նա նշեց, որ, օրինակ, Թուրքիան իսկապես մտահոգվելու պատճառներ ունի, քանի որ Թուրքիայի քրդերը, ի տարբերություն Իրանի քրդերի, բավականին մեծ ուժ են ներկայացնում: Նրա կարծիքով՝ անկախ նրանից, թե Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ինչ վերջնարդյունք կունենա, պետք է փաստել, որ Թուրքիայի քրդական շարժումն ունի մեծ ֆինանսական և պաշտպանական պոտենցիալ՝ Թուրքիան ներսից կազմաքանդելու համար:
«Թուրքիան բնականաբար այս հարցն իր արտաքին, պաշտպանական օրակարգում հաշվի է առնում: Պատահական չէ, որ քրդական շարժումների հետ բախումներն ավելի են շատացել Թուրքիայի ներսում»,- նշեց նա:
Կարեն Վերանյանը հավելեց նաև, որ պետք է քրդական շարժումների հիմքում նկատել Իսրայելին, որը նախորդ դարի կեսերից սկսած ակտիվորեն միջամտել է քրդական շարժումներին: «Տարբեր փորձագիտական կարծիքներով՝ Իսրայելն է կանգնած քրդական շարժումների հիմքում»,- նշեց նա:
Փորձագետը նշեց նաև, որ չի կարծում, որ քրդական շարժումներին այլ էթնիկ խմբերի մասնակցությունը քաղաքական ենթատեքստ ունի:
«Տարբեր ազգերի ներկայացուցիչներ բնականաբար կլինեին Քուրդիստանում: Այդ հարցը պետք է հաշվի առնել և դա հաշվի առնելով՝ պետք է համարել, որ եղածը քրդական շարժում է, քրդերի ազգային-ազատագրական, իրենց պետականության վերականգնման համար պայքար է»,- ասաց նա:
Կարեն Վերանյանի խոսքով՝ քրդական շարժումներն ու Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն քննելիս պետք է հաշվի առնենք, որ վերջինս իրականացվել է տարիներ շարունակ լուրջ քաղաքական, ֆինանսական, ռազմական հնարավորություններ ստեղծելու հետևանքով:
«Մեկնարկը տրվել է տասնամյակներ առաջ, որոշակի շոշափելի արդյունքի դեռևս հասան Իրաքյան Քուրդիստանի քրդերը: Թուրքիայի մտավախություններն արդարացված են, որովհետև եթե ժամանակին կոնկրետ Թուրքիայի քրդերը սահմանափակվում էին ռազմական բախումներով, որոշակի իրավունքների առաջմղմամբ, ապա հիմա՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո, չի բացառվում, որ առավել կիրառական նշանակությամբ քայլերի դիմեն»,- ասաց նա:
Հանրաքվեից հետո, ըստ Կարեն Վերանյանի, հավանական է, որ ռազմական բախումներ Թուրքիան հրահրի, չի բացառվում, որ դրանցում իր ներգրավվածություն ունենա նաև Իրանը: Խոսելով Իրաքի հետագա հնարավոր քաղաքականության մասին՝ նա նշեց․ «Բնականաբար Իրաքը դեմ է հանրաքվեին և իր կազմալուծմանը, բայց չունի այն քաղաքական, ռազմական պոտենցիալը, որ կարողանա վերահսկել այն գործընթացը, որը հիմա սկսվել է: Ռազմական գործողություններ հնարավոր են, բայց դրանք չենք կարող վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ այնուամենայնիվ, Իրաքյան Քուրդիստանի շուրջ ընթացող գործընթացներում ներգրավված երկրներին ձեռնտու չէ, որ ռազմական առճակատում լինի և ևս մեկ լարվածության օջախ ստեղծվի Մերձավոր Արևելքում:
Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի վերաբերյալ տարբեր երկրների դիրքորոշումներին, Կարեն Վերանյանը նշեց, որ, իհարկե, հայտնի է, որ Իրաքյան Քուրդիստանը ֆինանսավորվում էր Արևմուտքից՝ հատկապես նպատակ դնելով ստեղծել «կառավարելի քաոս»:
Դիտարկմանը, թե Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, որը պետք է շահագրգռված լիներ հանրաքվեի արդյունքներով, իր դրական դիրքորոշումն այդպես էլ չհայտնեց, փորձագետը նկատեց, որ իրականում այլ բան է, թե երկրներն ինչ են հայտարարում և այլ բան է, թե ինչ են ցանկանում և ինչ շահեր առաջ տանում: Ըստ նրա՝ այնուամենայնիվ ԱՄՆ-ին Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ձեռնտու էր:
«Մի կողմից կարող ենք ասել, որ, այո, Արևմուտքը տվել էր իր թույլտվությունը հանրաքվեն անցկացնելու համար․ առանց գերտերությունների միջամտության հնարավոր չէ, որ նման գործընթացներ լինեն, ուղղորդվածություն կա: Բայց մյուս կողմից էլ՝ քրդերի պայքարը բավականին լուրջ է, բավականին խորքային է և ունի իր սուբյեկտիվ դրդապատճառները: Անկախացման գործընթացն անխուսափելի էր»,- ասաց նա:
Իրաքյան Քուրդիստանում հայ համայնքը անկախության հանրաքվեին քվեարկել է «այո»-ի օգտին,այնտեղի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝ ակնկալելով, որ Իրաքյան Քուրդիստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանը, ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի, հիմա հետևում է Քուրդիստանում տեղի ունեցող զարգացումներին:
Կարեն Վերանյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Հայաստանն այլ կերպ չի էլ կարող վարվել:
«Հայաստանը Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցում չունի ուղղակի միջամտություն և մասնակցություն: Իհարկե, Արցախի ժողովրդի ինքնորոշման և Քուրդիստանի անկախության հանրաքվեի միջև կարելի է զուգահեռ տանել, բայց այնուամենայնիվ, դրանք այլ գործընթացներ են և այլ գործընթացների արդյունքներ են: Հայաստանը, չեմ կարծում, որ ունի այն քաղաքական կամ տարածաշրջանային կշիռը, որպեսզի միանգամից արձագանքի կամ ճանաչի, օրինակ՝ Իրաքյան Քուրդիստանի անկախությունը: Կարծում եմ՝ շատ ճիշտ կլինի, որ հայկական կողմը որոշակի ժամանակով հետևի այդ իրադարձություններին և տեսնի, թե ինչ տարածաշրջանային զարգացումներ կլինեն»,- նշեց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան
http://www.tert.am/am/news/2017/09/26/karenveranyan/2494636
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]