
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը խոսելով երկրում նախատեսված հանրաքվեի մասին, հայտարարել էր, որ Քուրդիստանը պատրաստ է մինչեւ անգամ պատերազմ սկսել` իր ինքնորոշումը ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանարաքվեն նախատեսված է սեպտեմբերի 25-ին:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով`քրդական շարժումները եւ դրանց շուրջ ընթացող զարգացումները հանդիսանում են Մերձավոր Արեւելքի առանցքային գործընթացներից մեկը եւ քրդական շարժումների ակտիվացման միտումները փոխկապակցված են տարածաշրջանային տարբեր նշանակության զարգացումներով. «Չնայած այսօր քրդական շարժումների միջեւ ընդհանուր առմամբ չկան փոխհամաձայնեցված մոտեցումներ իրենց ազգային-ազատագրական պայքարում, պետականության հիմնման գործընթացում առաջնորդության եւ այլ կազմակերպչական հարցերում, այնուհանդերձ, դրանց շուրջ ընթացող իրադարձություններն ունեն տարածաշրջանային կարեւորագույն նշանակություն»,-նշեց փորձագետը եւ հավելեց. «Թուրքիան եւ Իրանը մշտապես միասնական դիրքորոշում են ունեցել քրդերի հարցում` հնարավորինս խոչընդոտելով քրդական շարժումները եւ ձգտելով զսպել դրանց հնարավոր հետեւանքները իրենց պետությունների անվտանգության վրա: Սակայն ոչ միայն, Իրանը եւ Թուրքիան ժամանակ առ ժամանակ օգտագործել են հակառակ կողմի ճամբարի քրդերին` իրենց շահերը առաջմղելու նպատակներով: Հայտնի է, որ այսպես ասած `քրդական հարց ունեն թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը, որոնք օբյեկտիվորեն մտավախություն ունեն, որ քրդերի ակտիվացման այս կամ այն դրսեւորումները կարող են դոմինոյի էֆեկտով նպաստել Թուրքիայի կամ Իրանի քրդական շարժումների ակտիվացմանը` հետևաբար եւ այդ երկրներին կանգնեցնել մասնատման խնդրի առջեւ: Թե՛ Անկարայում, թե՛ Թեհրանում տվյալ պարագայում մոտ օրերս նշանակված Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն տեսնում են որպես վտանգ, որն իրատեսաբար կարող է խթան հանդիսանալ Թուրքիայում եւ Իրանում քրդերի ակտիվացման համար: Ուստի վերջիններիս իշխանությունները ձգտում են ամեն գնով տապալել Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն` ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների նախաձեռնումը»,-շեշտեց Կարեն Վերանյանը:
Կարեն Վերանյանի բնորոշմամբ, այս հարցում հակառակ դիրքորոշում ունի մասնավորապես Իսրայել պետությունը, որն իր աջակցությունն է հայտնում Իրաքյան քրդերի անկախացման հանրաքվեին. «Առհասարակ հարկ է նշել, որ Իսրայել պետությունը 20-րդ դարի 60-ականներից սկսած համագործակցում է քրդական տարբեր շարժումների հետ: Որոշ տվյալներով, քրդական հիմնական շարժումների ձեւավորման գործում զգալի է եղել հենց Իսրայելի դերը: Իսրայելի համար քրդական շարժումները կարեւոր գործոն են հանդիսանում Մերձավոր Արեւելքում Իսրայել պետության շահերի ամրապնդման տեսանկյունից: Թել-Ավիվում քրդական հարցը կարեւորում են նախեւառաջ Իրանի հետ հակամարտության համատեքստում»:
Ինչ վերաբերում է Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի հնարավոր տարածաշրջանային հետեւանքներին ու սիրիական ճգնաժամի կրկնության հնարավորության հարցին, Կարեն Վերանյանը նշեց, որ ի սկզբանե դրանք հիմնովին տարբեր գործընթացներ են` ակնհայտ տարբեր դրդապատճատներով`սիրիական ճգնաժամն արտաքին ազդակներով թելադրված եւ արհեստականորեն ներմուծված գործընթաց է, որը հանգեցրեց քաղաքացիական անիմաստ պատերազմի. «Ի տարբերություն սիրիական ճգնաժամի, քրդերի պարագայում գործ ունենք բնականոն ճանապարհով եւ լրիվ տրամաբանական զարգացում ունեցող մի պատմական, տարածաշրջանային երեւույթի հետ, որի հիմքում դրված է քուրդ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը եւ դրա միջոցով քրդական պետականության ձեւավորման հիմնահարցը: Մյուս կողմից, անհրաժեշտ է հստակեցնել, որ քրդերն ու քրդական շարժումները երկար տարիներին գտնվում են մերձավորարեւելյան ռազմական գործողությունների տարբեր օջախներում: Ակնհայտ օրինակներից մեկը Թուրքիայի քրդերի բավական հաջող ռազմական պայքարն է թուրքական պետության դեմ: Այս տեսանկյունից, Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն ինքնին տարածաշրջանային խոշոր իրադարձություն պետք է համարել, քանի որ դա ներքուստ ենթադրում է տարածաշրջանային նշանակության խորքային եւ երկարատև ռազմաքաղաքական գործընթացների խմորումներ: Ի դեպ, Մերձավոր Արեւելքի նորովի քարտեզագրման գործընթացը մեկնարկել է դեռեւս այն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում քրդերը սկսեցին դառնալ տարածաշրջանային գործոն. Ուստի տարածաշրջանային ներկայիս վերադասավորումները ավելի շուտ հետեւանքն են տասնամյակներ շարունակ քրդական շարժումների մղած պայքարի: Ինչեւէ, չեմ կարծում, Իրանը կամ առավելևս Թուրքիան, հաշվի առնելով սիրիական ճգնաժամի շարունակությունն ու տարածաշրջանի անկայունության պահպանումը, դիմեն ծավալուն ռազմական գործողությունների: Միեւնույն ժամանակ չեն բացառցում լոկալ, անկանոն եւ կարճատև բախումները»,-եզրափակեց Կարեն Վերանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
http://www.iravunk.com/news/40156
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]