• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2017

ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

   


Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ։

–Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է իսրայելական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը Orbitier տեսակի անօդաչու սարքեր մատակարարել Ադրբեջանին: Փաստորեն, կասեցվել է 2017-2018թ.թ. համար նախատեսված 20 մլն դոլարանոց գործարքը: Իսրայելի կողմից նման որոշման կայացման պատճառների շարքում նշվում է այն, թե Ադրբեջանը պահանջել է ԱԹՍ-ները փորձարկել կենդանի թիրախների՝ հայկական դիրքերի վրա, ինչը իսրայելական կողմը մերժել է: Ի՞նչ իրողության հետ գործ ունենք:

– Այո, գործ ունենք Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշման հետ, որում ես շատ կարևոր միտում եմ տեսնում և որից մենք պետք է որոշակի հետություններ անենք: Նախ պետք է կոնկրետ փաստն արձանագրենք, որ կատարվեց մի քայլ ինչը Իսրայելի պետական քաղաքական դիրքորոշման մեջ առկա փոփոխության հետևանք է:

Որոշակի ժամանակահատվածով արգելափակելով ԱԹՍ-երի մատակարարումը Ադրբեջանին այժմ Իսրայելը պաշտոնական մակարդակով հետաքննություն է իրականացնում, պարզվել է, որ Ադրբեջանի իշխանության կողմից եղել են որոշակի ճնշումներ ԱԹՍ-երը ղեկավարող իսրայելցի կառավարիչների, օպերատորների վրա դրանք հայկական դիրքերի դեմ օգտագործելու համար:

Հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական բարձր մակարդակի համագործակցությունը, իհարկե, դժվար էր նման զարգացում կանխատեսելը: Սակայն այսօր այլ իրավիճակ է ստեղծվել, Իսրայելի ու Ադրբեջանի միջև վերջին շրջանում ի հայտ է եկել հարաբերությունների որոշակի փոփոխություն, կան անհամաձայնություններ: Վերջերս իսրայելական հայտնի թերթերից մեկը լուր տարածեց, թե Մեհրիբան Ալիևան ու իր որդին ֆինանսական լուրջ ներդրումներ են կատարել Իսրայելի Հայսա քաղաքում՝ ձեռք բերելով անշարժ գույք: Լրատվամիջոցը նաև նշում էր, թե Ալիևի որդին հիվանդության պատճառով է գտնվում Իսրայելում, ուր և բուժվում է: Սա հետաքրքիր տեղեկատվական արտահոսք էր այն առումով, որ մինչ օրս իսրայելական որևէ լրատվամիջոց անմիջականորեն չի անդրադարձել Ալիևների ընտանիքին վերաբերող հարցերին, սա բացառիկ փաստ էր, ինչն իր հերթին խոսում է հարաբերությունների փոփոխման մասին: Հետևաբար, իսրայելական ԱԹՍ-ների վաճառքի արգելքը Ադրբեջանին ևս պետք է դիտարկել երկու երկրների միջև ծագած անհամաձայնությունների դաշտում:

-Մեզ համար էլ որոշ հարցեր պարզվեցին.իսրայելական մամուլի հաղորդմամբ հրեա մասնագետները հրաժարվել են Ադրբեջանի պահանջը կատարել ու ԱԹՍ-ներն ուղղել հայկական դիրքերի վրա՝ վկայակոչելով Իսրայելի օրենքները, համաձայն որի, արգելվում է ռազմական գործողություն ծավալել երրորդ երկրում: Հրեա մասնագետները ապրիլյան պատերազմի օրերին մոռացել էի՞ն սեփական երկրի օրենքների մասին:

-Տարբեր աղբյուրների հավաստացմամբ մենք տեղեկացանք, որ ապրիլյան գործողություններին մասնակցել են հրեա մասնագետներ, որոնք էլ ուղղորդել են սեփական արտադրության ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա: Նաև մեր զինվորականներից շատերն էին այդ տեսակետը հայտնում, որ հրեա օպերատորների մակարդակով մասնակցություն է եղել, նրանք ներգրավվել են ԱԹՍ-ների հեռակառավարման գործում, իրենց վրա վերցրել ողջ պատասխանատվությունը, քանի որ ադրբեջանցիները չեն տիրապետում այդ նորագույն տեխնիկային: Սակայն մենք այս հարցում չունենք որևէ պաշտոնական տեղեկատվություն, որը կհաստատի, կամ կհերքի այդ լուրի իսկությունը: Հետևաբար, այն մնաց որպես զուտ որոշ փորձագետների, քաղաքագետների կարծիք, ինչու ոչ, նաև լրատվամիջոցների հաղորդումների վրա հիմնված տեսակետ:

Իսկ Իսրայելը փորձում է դա հերքել, ընդգծելով, որ երրորդ երկրի մարտական գործողություններին իրենք անմիջական մասնակցություն չեն կարող ունենալ հաշվի առնելով իրենց օրենսդրությունը: Ըստ իս, խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ պետք է դիտարկել, և այդ առումով, Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Ադրբեջանին ԱԹՍ-ներ չմատակարարելու մասին, համարվում եմ զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն: Տարածաշրջանը գտնվում է տարբեր ու խառը շահերի ազդեցության տակ, Իսրայելն իր հերթին փորձում է ավելի ակտիվ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում: Սկզբում դա արտահայտվեց Վրաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ, հետագայում այն որոշակիորեն նվազեց, հետո սկսվեց Ադրբեջանի հետ աննախադեպ ռազմական գործակցությունը: Իսկ հիմա փորձ է արվում Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները՝ դրանով հավասարակշռելով Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Իսրայելի ու Ադրբեջանի միջև առկա որոշակի անհամաձայնությունը պայմանավորված է նաև հայ-իսրայելական հարբերություններով, որը վերջին շրջանում նկատելիորեն ակտիվանում է: Երկու երկրների միջև եղան փոխայցելություններ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, պայմանագրեր ստորագրվեցին: Տեղի է ունենում Իսրայելի պաշտոնական դիրքորոշման փոփոխություն: Ու մենք պետք է ասենք, որ հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող ջերմացումն իր անուղղակի ազդեցությունը ևս ունեցավ նման որոշման կայացման հարցում:

–Նկատենք, որ ԱԹՍ-ների մատակարարումը Ադրբեջանին ժամանակավորապես է դադարեցվել, ու դժվար է բացառել, որ հետաքննության ավարտից հետո դրանց վաճառքը նախկին ակտիվությամբ չի շարունակվի: Հայկական կողմը կարո՞ղ է օգտվել այս ժամանակավոր դադարից և հասնել ավելիին:

– Իհարկե, հայկական կողմը շատ ակտիվ պետք է աշխատի Իսրայելի հետ, զարգացնի համագործակցությունը բոլոր ուղղություններով: Այս հարցը պետական մակարդակով շատ հստակ է դրված մեզանում, մնում է, որ հայկական դիվանագիտությունը ճկուն մոտեցում ցուցաբերի: Եվ բացառված չէ, որ ժամկետները երկարաձգվեն: Իհարկե դա չի նշանակում, թե Իսրայելն ամբողջությամբ կդադարեցնի իր ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին, բնավ ոչ: Ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն, բայց դրանք մասամբ չեն կիրառվի մարտական գործողություններում՝ Իսրայելի մասնագետների անմիջական մասնակցությամբ: Իսկ սա Ադրբեջանի ձեռագիրն է, որը փորձում է տարբեր երկրների ներքաշել արցախյան հակամարտության մեջ:

Այսօր մեր կողմից օրակարգ բերել Իսրայելի՝ Ադրբեջանին ռազմական տեխնիկա առհասարակ չմատակարելու հարցը, կարծում եմ, դրական հետևանքներ չի ունենա, բայց եթե մենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցենք, դա կարող է հանգեցնել նրան, որ մի փուլում մենք կկարողանանք հասնել ոչ միան ԱԹՍ-ների, այլև Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական տարբեր տեսակի սպառազինությունների մատակարարման դադարեցմանը:

-Բայց մեր աչքի առաջ կա Ռուսաստանի օրինակը. Հայաստանի ռազմավարական գործընկերն ամենևին էլ ջերմ հարաբերություններով կաշկանդված չէ ու շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, անկեղծորեն ասելով՝ բիզնես է: Ուրեմն, որքանո՞վ է ճիշտ կարծել, թե Հայաստանի հետ հարաբերությունների լավացմամբ Իսրայելը կհրաժարվի 20 միլիոնանոց այս գործարքից և առհասարակ Ադրբեջանին ԱՍԹ-ներ վաճառելուց:

-Համաձայն եմ ձեր դիտարկման հետ, ասել, թե զուտ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համար իսրայելական կողմը դադարեցրեց այդ գործարքը՝ սխալ է: Ես առավելապես հակված եմ նրան, որ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը մասամբ է իր ազդեցությունն ունեցել: Իսկ հիմնականում դա պայմանավորված է Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխությամբ: Ինչպես ասացի, Իսրայելը փորձում է հավասարակշռություն ստեղծել ու առավելագույնս օգուտ քաղել տարածաշրջանային քաղաքական, ռազմական զարգացումներից:

Բայց նաև հիշեցնեմ, որ վրաց-հարավօսական պատերազմից հետո, երբ գործողությունների ընթացքում կիրառվեցին իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, Ռուսաստանի կոշտ արձագանքն ունեցավ իր դրական ազդեցությունը՝ Իսրայելը մեծամասամբ դադարեցրեց Վրաստանին ԱԹՍ-երի և այլ սպառազինությունների մատակարարումը։

Այնպես որ, մենք ևս բոլոր ուղղություններով պետք է աշխատենք: Որքան էլ զենքի վաճառքը ամենաեկամտաբեր բիզնեսն է աշխարհում, կարող ենք մենք էլ մի օր հասնել նրան, որ տարբեր երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը զգալիորեն կրճատվի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://armarlur.com/70792-2/



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր