• am
  • ru
  • en
Версия для печати
06.09.2017

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՉՈՒՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱԿԱՏ ԲԱՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՈՉ ԷԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ. ՓՈՐՁԱԳԵՏ

   

Ադրբեջանը Նախիջևանում երկրորդ ռազմական ճակատ բացելու հնարավորություն այս պահին ոչ քաղաքական, ոչ էլ առավել ևս ռազմական առումով, չունի: Բայց պետք է փաստենք, որ Նախիջևանը մտնում է ռազմականացման որոշակի ակտիվ փուլ, և հնարավոր է՝ լոկալ հակամարտության օջախ ստեղծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:

Ըստ նրա՝ Նախիջևանն այսօր գտնվում է ռազմականացման ակտիվ փուլում, բայց Ադրբեջանը պոտենցիալ և ռեսուրսներ չունի այս հատվածով լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար: Փորձագետը նշեց, որ ռազմականացում հենց այնպես չի իրականացվում, բայց դրա հետևանքները Հայաստանի վրա կարող են լինել միայն լոկալ ռազմական գործողությունների տեսքով:

«Ընդհանուր առմամբ, խոշոր մասշտաբի ռազմական գործողություններ իրականացնելու պոտենցիալ Ադրբեջանը չունի, բայց փոքր կոնֆլիկտային իրադրություն կարող է ստեղծել՝ նաև ուշադրությունը շեղելու համար: Կողմերի միջև արցախյան ճակատում լարվածության մեծացման դեպքում հնարավոր է նաև Նախիջևանի կողմից էլ Ադրբեջանը ակտիվություն ցուցաբերի, ինչպես օրինակ այժմ արվում է Տավուշի սահմանում»,- ասաց Կարեն Վերանյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան ռազմական գործողությունից հետո հայ-ադրբեջանական հակամարտությանը նոր լիցք հաղորդվեց: Փորձագետ նաև տեսակետ հայտնեց, որ Բաքուն Նախիջևանում ռազմական տեխնիկա է կուտակել հայկական կողմի «Իսկանդեր» հրթիռներ ձեռքբերելուց հետո:

«Այսինքն, հայկական կողմը քանի որ կարող է «Իսկանդերներով» Բաքուն խոցել, Ադրբեջանը Նախիջևանի ռազմականացմամբ՝ այդտեղ համազարկային հրթիռային համակարգերի տեղակայմամբ, փորձում է նշանառության տակ պահել Երևանը, քանի որ Նախիջևանից-Երևան հեռավորությունը մոտ 50 կմ է: Սա ոչ այնքան հարձակման սպառնալիք է, որքան ուժի ցուցադրություն, այսինքն՝ հավասարակշռելու համար է»,- նկատեց նա:

Կարեն Վերանյանի տեղեկացմամբ՝ Նախիջևանում տեղի են ունենում ոչ միայն ռազմական մատակարարումներ, այլ նաև վերջերս Սու-25 գրոհայինները թռիչքներ են իրականացրել Նախիջևանի սահմանով: Ըստ նրա՝ սա որոշակի լարվածություն է մտցնում, բայց հայկական կողմը տիրապետում է բավական մարտունակ հակաօդային պաշտպանության համակարգերի:

Ի լրումն, վերջերս Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հակաօդային պաշտպանության միացյալ զորքեր ստեղծելու: Վերանյանի համոզմամբ՝ սրանք բավական համարժեք և արդյունավետ գործիքներ են տրամադրում հայկական կողմին անվտանգությունն ապահովելու համար:

«Մենք պետք է ցանկացած սցենարի պատրաստ լինենք: Մշակենք բոլոր հնարավոր զարգացումները, ընդհուպ մինչև ամենահոռետեսականը: Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և այն լարվածությունը, որ Մերձավոր Արևելքից գալիս է Հարավային Կովկաս: Հատկապես Թուրքիան է շահագրգռված այդ ամենը տեղափոխելու Հարավային Կովկաս, իհարկե, Ադրբեջանի ձեռքով: Այս կոնտեքստում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Նախիջևանում նման սցենարներ զարգանան»,- նշեց փորձագետը:

Կարեն Վերանյանի կարծիքով՝ Նախիջևանի հարցում լուրջ դերակատարություն կունենա Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը: Ըստ նրա՝ այն Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, չնայած նրան, որ հայ հասարակական որոշակի հատվածներում բավականին բացասական կարծիքներ կան Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության հետ կապված, մասնավորապես այն, որ ՀԱՊԿ չի կատարում իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը դիմում է սադրանքների:

«ՀԱՊԿ-ի վերաբերյալ բացասական հայտարարություններով, կարելի է ասել, որոշ ուժերի պատվեր են կատարում, իսկ իրականությունը լրիվ այլ է: Այսօր Հայաստանն իր անվտանգությունը ապահովում է ինչպես իր մարտունակ զորքերի, այնպես էլ ՀԱՊԿ դերակատարության շնորհիվ: Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես իր պաշտպանության և անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ մաս»,- ասաց նա:

Հակոբ Ասլանյան

http://www.tert.am/am/news/2017/09/02/veranyan/2471597



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր