• am
  • ru
  • en
Версия для печати
01.09.2017

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԻ, ՈՐ ԻՐ ՄՏԱՎՈՐ ԿԱՊԻՏԱԼԸ ՊԱՀՊԱՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

   

4 / Օգոստոս / 2017

«Վտանգը միշտ էլ կա, քանի որ Հայաստանից արտագաղթի նախկին տեմպերը և ներկայիս տեմպերն իսկապես մտահոգիչ են: Բացի այդ, Հայաստանից դեպի Միացյալ նահանգներ և Եվրոպա արտագաղթը կանոնավոր բնույթ է կրում».-նշում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության (Green card) համակարգը հնացել է: Ներգաղթյալների դեմ կոշտ քաղաքականություն վարող նախագահը միաժամանակ հայտարարել է, որ համակարգը կփոխարինվի միավորների համակարգով, այսինքն՝ «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ: Թեպետ այս օրինագիծը դեռ պետք է Կոնգրեսում հաստատվի, սակայն հայտարարությունը մեր հանրության մեջ մտահոգվելու տեղիք է տվել, թե Հայաստանից ուղեղների արտահոսքի նոր ճանապարհ է բացվելու: Hraparak.am-ն այս թեմայով զրուցել է Կարեն Վերանյանի հետ:

-Պարոն Վերանյան, մտավոր կապիտալի արտահոսքի նոր վտանգ տեսնո՞ւմ եք այստեղ:

-Այո, միանշանակ, եթե հիմնականում շեշտը դրվում է բնակություն հաստատելու, այնտեղ աշխատանք գտնելու համար որպես նախապայման ներգաղթողների մտավոր ունակությունների հարցը, իհարկե մեզ մոտ նույնպես շահագրգռվածություն կլինի: Այո, մեզ մոտ կսկսեն արտագաղթել հիմնականում հասարակության այն հատվածներից, որոնք կսկսեն ավելի լուրջ տեղ հատկացնել իրենց ուսման և կրթության, անգլերենի իմացության վրա և իհարկե նեղ մասնագիտական ոլորտների, քանի որ ըստ նոր օրինագծի՝ նախատեսում են, որ նեղ մասնագիտական ունակությունների հաշվառում լինի և այդ շեշտադրումներով ներգաղթը կազմակերպեն: Ինչպես նախանշեց Թրամփը, հիմնականում կվերցնեն Կանադայի և Ավստրալիայի փորձը, որտեղ տարիներ շարունակ իսկապես առաջնահերթ խնդիր է դրվում անհատի մտավոր ունակությունները: Այնտեղ նախատեսում են, որ ընտանիքի անդամներից մեկը՝ հայրը կամ մայրը, ունենա համապատասխան կրթական որակավորում, վերապատրաստման բավականին բարձր մակարդակ, որը համապատասխանում է իրենց պետական ծրագրերին: Այնպես որ, միանշանակ կարելի է ասել, որ այս օրինագծի ընդունմամբ ևս մի հնարավորություն կստեղծի հասարակության այն շերտերի համար, որոնք այս կամ այն չափով իրենց ապագան կապում են Հայաստանից դուրս:

-Պարոն Վերանյան, այս իրավիճակում ի՞նչ զսպող մեխանիզմներ կարող են լինել, պետությունն այստեղ ի՞նչ կարող է անել:

-Պետք է մի քանի ուղղություններով իրականացվի: Առաջին հերթին շատ եմ կարևորում հասարակության դերը, հանրային դիվանագիտության գործոնը: Նախ հասարակությունն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր մտավոր կապիտալը, ներուժը պահպանվի և օգտագործվի ի շահ պետության, ի շահ հասարակության բարեկեցության: Եվ պետության դերը միանշանակ այստեղ կարևոր է, որովհետև պետությունը պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի, որպեսզի արտագաղթի տեմպերը նախ կասեցվեն, երկրորդ հերթին էլ դրսի հայության մարդկային և մտավոր կապիտալը համապատասխան մեխանիզմների մշակմամբ, կիրառմամբ, գան Հայաստան: Օր առաջ այդ մեխանիզմները պետք է մշակվեն, քանի որ Հայաստանից արտագաղթի ներկայիս տեմպերը վերաբերում են ազգային անվտանգությանը:

Ի դեպ, հետաքրիր հետազոտությունների շարք կա, փորձում ենք արդեն մտավոր կապիտալի ուսումնասիրման համատեքստում իրականացնել, վերաբերում է հենց պետության հավաքական կամ ազգային հզորությանը: Մտավոր մարդկային կապիտալից բացի հաշվարկում ենք ոչ ստանդարտ և ստանդարտ ուղղություններ: Այստեղ շատ կարևոր է, որ ոչ ստանդարտ, ոչ նյութական արժեքային, մշակութային կամ ավելի ընդհանրական այսպես ասած հոգևոր կապիտալի մասին խոսել, որովհետև հոգևոր կրիտիկական ենթակառուցվածք ասածը շատ կարևոր է հասարակության մտավոր կապիտալի զարգացման ու ընդհանրապես կուտակման առումով: Եվ այս տեսանկյունից իսկապես, եթե հաշվի առնենք արտագաղթի ընդհանուր միտումները, պետք է շեշտադրումը դնել նաև հենց հոգևոր արժեքների զարգացման հարցերի վրա, քանի որ որոշակի խեղաթյուրվել է մեր մոտ արժեքային ընդհանուր ցենզը հասարակության մեջ, մակարդակը բավական ցածրացել է, և հոգևորը ոչ միայն իր ծավալներով քչանում է, այլ նաև նյութականացվում է ինչ-որ իմաստով: Սա իսկապես մտահոգիչ է և այդ ուղղությամբ էլ և հանրային դիվանագիտության, և պետության մակարդակով որոշակի մեխանիզմներ պետք է մշակվեն և հնարավորինս այդ տեմպերի կանխման ուղղությամբ աշխատեն:

Սիրան Հունանյան
Նյութի աղբյուրը` http://hraparak.am/?p=152988&l=am/



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր