• am
  • ru
  • en
Версия для печати
28.07.2017

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՆՅԱՆ ԱՅՑԸ

   

Օգոստոսի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի կունենա ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը, որին կմասնակցեն մի շարք երկրների ղեկավարներ: Օգոստոսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան կմեկնի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է կարճատեւ արձակուրդում:

ՀՀ նախագահի իրանյան այցի կարեւորության շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի հետ, նա նախ հիշեցերց. «Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը, որը նախատեսվում է օգոստոսի 5-ին, Հայաստանը կներկայանա ամենաբարձր՝ ՀՀ նախագահի մակարդակով։ Երդմնակալության արարողությանը հայաստանյան կողմի բարձր ներկայացվածությունը խոսում է ՀՀ կողմից Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ երկկողմ համագործակցությանը եւ առհասարակ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունում Իրանին հատկացվող մեծ կարեւորության ու վերջինիս իրականացրած առանցքային դերակատարության մասին»,-նշեց Կ. Վերանյանը եւ նկատեց, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի վերընտրման երդմնակալության պաշտոնական արարողության մասնակցության նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարելիք այցելությունը կարեւոր նշանակություն ունի առաջին հերթին հայ-իրանական տնտեսական եւ քաղաքական համագործակցության խորացման համատեքստում. «Հայտնի է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ է արձանագրել։ Նախեւառաջ Հայաստանը կարեւոր նշանակություն է ստանձնում՝ որպես տարանցիկ երկիր Իրանից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման գործում, ինչը լավ հնարավորություն է նաեւ իրանական կողմի համար ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվելու պայմաններում իրանական արտադրության համար մուտք ապահովելու դեպի եվրոպական շուկա։ Հայկական կողմը մեծ նշանակություն է հատկացնում նաեւ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ընթացքում բեռների անվտանգության ապահովման հարցերին։ Լուրջ աշխատանքներ են իրականացվում այդ թվում եւ բեռնափոխադրումների գործընթացի կազմակերպման ֆինանսական մատչելիության ապահովման հարցերի շուրջ։ Ինչպես գիտենք, փորձնական տարբերակով ջրային ճանապարհով արդեն իրականացվել են բեռնափոխադրումներ Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան»,-ընդգծեց փորձագետը: Նրա խոսքով`Իրանի հետ տնտեսական կապերի զարգացման գործում կարեւորագույն նշանակություն պետք է տրվի Իրանի սահմանագծին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, որի աշխատանքները, ըստ ՀՀ պաշտոնական տվյալների, ամբողջությամբ կավարտվեն այս տարվա աշնանը. «Իրանական կողմն իր հերթին մեծ նշանակություն է տալիս Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման իրողությանը, ինչը հնարավորություն կտա Իրանին Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ-պետության միջնորդությամբ եւ աջակցությամբ զարգացնելու ԵԱՏՄ-Իրան տնտեսական կապերը, իրանական արտադրանքը արտահանել ԵԱՏՄ շուկա։ Վերջին շրջանում առաջընթաց է նկատվում նաեւ հայ-իրանական գործարար շփումների զարգացման ոլորտում։ Տարբեր տվյալներով, բարձր տեխնոլոգիաների բնագավառում ներգրավված իրանական մի շարք կազմակերպությունների շրջանում հստակ հետաքրքրվածություն կա համագործակցելու տվյալ ոլորտում հայաստանյան ընկերությունների հետ։ Կարծում եմ, որ հայկական կողմը լրջապես շահագրգռվածություն է ցուցաբերում այս ուղղությամբ եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր այս ուղղությանը կիրառական նշանակություն տալու հարցում»,-շեշտեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ օրերս Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի եւ Իրանի միջեւ «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասինե համաձայնագիրը, որն ունի երկուստեք տնտեսապես փոխշահավետ էական նշանակություն.«Այն կարևորվում է նախեւառաջ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման տեսանկյունից։ Բազմիցս է խոսվել, որ ՀՀ եւ ԻԻՀ միջեւ առեւտրաշրջանառության ներկայիս ծավալները եւ առհասարակ երկկողմ տնտեսական համագործակցությունը չի բավարարարում կողմերին, քանի որ առկա է բավական զգալի պոտենցիալ այդ կապերի խորացման ուղղությամբ, սակայն փաստացի օգտագործվում է այդ կարողությունների փոքր հատվածը։ Համաձայնագիրը կարեւորվում է իրանական կողմի համար այլ շուկաներ եւ մուտքի հնարավորություն ապահովելու տեսանկյունից. Մասնավորաբար, սա հնարավորություն կտա Հայաստանի միջոցով Իրան-ԵԱՏՄ առեւտրային կապերի զարգացման համար»,-ընդգծեց Կ. Վերանյանը։

Ամփոփելով զրույցը, Կարեն Վերանյանը նաեւ նշեց, որ դատելով տարածաշրջանային տնտեսական-քաղաքական ընթացիկ զարգացումներից ու միտումներից՝ իրանական կողմի համար աստիճանաբար մեծանում են Հայաստանի՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմին այլընտրանքային տարանցիկ երկիր ներկայանալու հնարավորությունները եւ կարողությունները։

Զվարթ Խաչատրյան

http://www.iravunk.com/news/35954


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր