• am
  • ru
  • en
Версия для печати
31.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԹՈԹԱՓԵՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐՆ ՈՒ ՍԵՐՏՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

   

Հարցազրույց Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի հետ

-Հայաստան-Իսարայել հարմագործակցության մասին շատ քիչ է խոսվում, սակայն վերջին շրջանում կարծես սառույցը սկսում է կոտրվել. նշմարվում են երկխոսության կայացման, երկկողմ համագործակցության հնարավորություններ: Ի՞նչ դրական միտումներ եք դուք նկատում:

-Ճիշտ եք, մեր տեղեկատվական դաշտում հայ-իսրայելական հարաբերությունների մասին քիչ է խոսվում, բավականին քիչ են նաև արձագանքները, դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

Օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ երկու երկրների քաղաքական հարաբերություններն այսօր բավականին թույլ մակարդակի վրա են: Այստեղ մենք լուրջ բացթողում ունենք, կա հասարակական և պետական-քաղաքական մակարդակով քայլերի անհրաժեշտություն: Մեզ համար շատ կարևոր է հարաբերություններ զարգացնել մի պետության հետ, որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի կարևորագույն երկրներից մեկը: Իսրայելը նաև միջուկային տերություն է:

Սուբյեկտիվ առումով, մեր հասարակության մեջ կան որոշակի արհեստածին բարդույթներ, կարծրատիպեր հրեաների ու, առհասարակ, Իսրայել պետության նկատմամբ: Այդ կարծրատիպերը ժամանակի ընթացքում իրենց բացասական դերը կատարել են, այնքան են խորացել, որ խանգարում են, թույլ չեն տալիս մեզ ավելի առարկայական համագործակցել, երկխոսության եզրեր գտնել հրեա ժողովրդի հետ:

Դրանցից մեկը հակասեմականության հետ է կապվում, ինչը մեզանում արհեստականորեն է առաջացել: Ադրբեջանում, ի տարբերություն մեզ, հակասեմականությունը բավականին խորքային բնույթ է ունեցել, սակայն վերջին 10 տարում նրանք կարողացան այնպիսի աշխատանք տանել հասարակության շրջանում, որ հաջողեցին կոտրել եղած կարծրատիպերը ու միջազգային մակարդակներում ներկայանալ որպես հանդուրժող երկիր: Սա էլ հանգեցրեց Իսրայելի հետ բարձր մակարդակի համագործակցության: Մինչդեռ, Իսրայելի քաղաքական մակարդակներում իշխում է այն մոտեցում, թե Հայաստանը, հայ ժողովուրդը պատրաստ չէ երկխոսության Իսրայել պետության հետ:

–Իսրայելի հանդեպ անվստահությունը պայմանավորված է հրեաների կողմից Հայոց ցեղասպանության փաստի չճանաչմամբ: Որպես ցեղասպանություն վերապրած ազգեր հայերն ու հրեաները ճակատագրով բախտակիցներ են, ու Իսրայելը աշխարհում պետք է լիներ հայերի Ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, մինչդեռ չի ճանաչել, դեռ մի բան էլ հրեական լոբբիստական խմբերն աշխատում են ճանաչման դեմ: Հետևաբար, չե՞ք կարծում, որ երկխոսության առաջին քայլը Իսրայելինն է:

-Լիովին համաձայն եմ, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականցված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայություններից մեկն է: Եթե նկատել եք, Իսրայելի Կնեսեթում բազմիցս է բարձրացվել այդ հարցը, սակայն ի հայտ են եկել քաղաքական հարցեր և այն դրական արձագանք չի ստացել: Սա ևս օբյեկտիվ է, որովհետև Հայաստանի ու Իսրայելի միջև չկան քաղաքական հարաբերությունններ, հետևաբար, Ցեղասպանության ճանաչման խնդիրը Իսրայելի կողմից կարող է այս կամ այն նպատակներով օգտագործվել, օրինակ Թուրքայի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Իհարկե, մենք մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ այլ երկրների հետ մեկտեղ նաև Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բայց երկկող հարաբերությունների հաստատման հիմքում, երբ դրվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ գործընթացը մտնում է փակուղի: Հարցը շատ նուրբ է, իսկ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, դրա համար նախընտրելի է, որ այլ հարցերից կամ ոլորտներից սկսվի երկխոսության եզրերի փնտրտուքը:

-Գուցե տնտեսական դաշտի՞ց. տեսանելի ապագայում հայ-իսրայելական տնտեսական համագործակցության լուրջ քայլերի ակնատես կլինե՞նք:

-Դա գործընթաց է, ինչը ես նշմարում եմ, ու եթե մենք ավելի առարկայորեն, նպատակասլաց քաղաքականություն իրականցնենք, ապա կհասնենք երկու երկրների սերտ համագործակցության:

Տնտեսական հարթության մեջ նախապատրաստվում են որոշակի բիզնես ծրագրեր, բացվեց Թելավիվ -Երևան չվերթը, ինչը կարևոր քայլ էր, այսինքն՝ տնտեսական դաշտում դրական միտումներ են նկատվում: Ես առաջարկել էի, որ ինչպես մեր երկում ստեղծվում է հայ-իրանական տնտեսական գոտի, նման քայլեր կատարել նաև հայ-իսրայելական համագործակցության դաշտում: Իսրայելին կարող ենք շահագրգռել, որպեսզի Հայստանում ձևավորի հայ-իսրայելական արդյունաբերական պարկ: Այն կզբաղվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ:

Այս ոլորտում Իսրայելը մեծ փորձ ունի, Հայաստանում էլ այն բավական զարգացում է ապրում, այնպես որ երկու երկները կարող են լուրջ հաջողություներ արձանագրել:

-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իսկ առավելապես վերջին տարիներին Իսրայելը ակտիվ քաղաքականություն է իրականցնում Հարավային Կովկասում, ուր իր հիմնական գործընկերը Ադրբեջանն է. այստեղ գործ ունենք ռազմաքաղաքական, տնտեսական խորը համագործակցության հետ: Արդյոք, Ադրբեջան-Իսրայել նման մերձեցումը ևս չի՞ խոչընդոտում հայ-իսրայելական հարաբերությունների ստեղծմանը:

– Հարավային Կովկասը վերջին տասնամյակներում Իսրայելի արտաքին քաղաքականության առանցքային տարածաշրջաներից է հանդիսանում: Այստեղ կան մի քանի հանգամանքներ: Նախ Իրանի գործոնը. շահից հետո իրանա-իսրայելական հարաբերությունները դարձան թշնամական: Մյուսը՝ Թուրքիայի գործոնն է, Իսրայելն այսօր Հարավային Կովկասը դիտարկում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարմար պլացդարմ: Մյուս կողմից էլ, ավելի ակտիվ ներգրավվելով տարածաշրջանում Իսրայելը հնարավորություն է ստանում բալանսավորել Թուրքիա, Իրան, նաև Ռուսաստան ձևաչափը՝ այստեղ հաստատելով սեփական ազդեցության լծակները:

Վերջին երկու տարիներին Իսրայելը վերանայել է իր արտաքին քաղաքականության որոշ գերակայությունները, դրա մասին է վկայում վերջերս Իսրայել-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրումը: Այսինքն, Իսրայելը փորձում է համագործակցել իր գործընկեր պետության՝ Թուրքիայի հակառակորդ երկրների հետ: Նույնը կարելի է դիտարկել նաև Հարավային Կովկասի համատեքստում. այստեղ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի հետ Իսրայելը փորձում է նրան խլել Թուրքիայից ու վերջինիս մեկուսացնել:

Բայց Ադրբեջանի հետ համագործակցել չի նշանակում մերժել Հայաստանի հետ համագործակցությունը: Հակառակը, Իսրայելը շահագրգռված է մի քանի ուղղություններով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ:

Ադրբեջանը 2000 թվից իրականացնելով լոբբիստական աշխատանքներ, արդյունքում կարողացավ ձևավորվել համատեղ բարեկամական խմբեր, ինչը նպաստեց այդ երկրների հարաբերությունների սերտացմանը: Եվ Ադրբեջանը այս ջերմացումն օգտագործեց ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման համար, ստեղվեցին ադրբեջանա-իսրայելական համատեղ ձեռնարկություններ, որտեղ այսօր արտադրվում են անօթաչու թռչող սարքեր նաև այլ զինատեսակներ: Փաստորեն, Ադրբեջանը կարողացավ հայ-իսրայելական հարաբերություններում առկա վակումը օգտագործել ի շահ իրեն:

Մենք այսօր այդ բացը պետք է լրացնենք: Մերձավոր Արևելքում մենք ավանդաբար համագործակցել ենք արաբական երկրների հետ, և դա շատ լավ է, բայց սրան զուգահեռ պետք է զարգացնենք նաև մեր հարաբերությունները Իսրայելի հետ: Դրա համար մենք պետք է Իսրայելում շահագրգռվածություն ստեղծենք, որպեսզի նրանք ցանկանան մեզ մոտ տարբեր ոլորտներում համագործակցել: Միայն այդ կերպ կարող ենք չեզոքացնել այն վնասները, որոնք մեզ են հասնում Իսրայել-Ադրբեջան ակտիվ համագործակցության արդյունքում: Իհարկե, սա նաև չի նշանակում, որ Հայաստանը դրան պետք է հասնի ամեն գնով, բնավ ոչ, բայց մենք մեր ջանքերը պետք է անպայմանորեն գործադրենք այդ ուղղությամբ:

-Իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը հայտնի է որպես ադրբեջանամետ համբավ ունեցող, եկավ Հայաստան, այցելեց Արցախ, ուր հայտարարեց, թե անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը: Ասվածը համարենք ուղղակի հնչեցված խո՞սք, թե՞ թիկունքում տեսնենք Իսրայելի քաղաքական էլիտայի լուռ համաձայնությունը:

– Իսրայելից ցանկացած այց՝ քաղաքագետների, հասարակական գործիչների մակարդակով, չի կարող դուրս լինել Իսրայելի արտաքին քաղաքականությունից:

Այնպես որ, նման այցերը պետք է դիտարկել Իսրայելի արտաքին քաղաքականության շրջանակներում: Հիշյալ գործիչի այցը ևս պատահականություն չէր: Ճիշտ է նա ժամանակին բավական դրական մեսիջներ է ուղարկել Ադրբեջանին, խոսել վերջինիս տարածքային ամբողջականության օգտին, բայց ամեն դեպքում նրա Հայաստան, ապա Արցախ կատարած այցը, Արցախի նախագահի հետ հանդիպումը զուտ քաղաքական նպատակներ էր հետապնդում:

Ես միանշանակորեն ողջունում եմ հայկական կողմի այն շրջանակներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այդ այցը:

Եվ սա միանշանակորեն պետք է դիտարկել Հայաստան-Իսրայել հարբերությունների կարգավորման, Արցախի միաջազգային ճանաչման համատեքստում, ու արձանագրել, որ այդ ամենը հետևանք են Իսրայելի արտաքին քաղաքականության փոփոխման:

Արմինե Սիմոնյան

http://armarlur.com/70732-2/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր