
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ»
Բրյուսելում երեկ կայացավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին նախորդել էին թե՛ աշխարհաքաղաքական իրադարձություններ` G 20 գագաթնաժողովի շրջանակում, թե՛ արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակում: Հենց այս դեպքերի շրջանակում էլ, «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ:
«ԱՊՐԻԼՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ, ԵՐԲ ԱԼԻԵՎԸ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ԱՄՆ-ՈՒՄ»
- Պարոն Վերանյան, G 20-ի շրջանակում ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպման հենց նույն ժամանակ Ադրբեջանը փորձեց կրկին լարվածություն հրահրել սահմանում: Ըստ Ձեզ, որքանո՞վ էին այս երկու իրողությունները փոխկապակցված միմյանց հետ:
- Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը դիմում է արցախյան ու հայ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում սադրիչ գործողությունների հիմնականում միջազգային նշանակություն հանդիպումների, Հարավային Կովկաս միջազգային կարեւոր նշանակություն ունեցող այցելությունների նախաշեմին: Դրանով ադրբեջանական ղեկավարությունը ձգտում է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել արցախյան հիմնախնդրի եւ դրա կարգավորման գործընթացի վրա` նպատակ ունենալով միեւնույն ժամանակ ի ցույց դնել միջազգային հանրության համար Բաքվի այն դիրքորոշումը, որ եթե միջազգային հանրությունը հետեւողական քայլեր չկիրառի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա Բաքուն կդիմի հարցի ռազմական լուծման տարբերակին: Այս տրամաբանությամբ անհրաժեշտ է առաջնորդվել նաեւ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների միջեւ կայացած հանդիպման համատեքստում Ալիեւի կողմից սահմանային գոտում լարվածության աճին միտված եւ, ըստ էության, ապակառուցողական գործողությունների դեպքում: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկրի ռազմական, քաղաքական նշանակության կարեւորագույն որոշումներ ընդունելիս խորհրդակցում է պաշտոնական Անկարայի հետ, եւ այս տեսանկյունից ՌԴ եւ ԱՄՆ նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպման շեմին արցախյան հակամարտության սրացումը կարող էր թելադրված լինել նաեւ Թուրքիայի կողմից` միջազգային կարեւորության այդ միջոցառումից ստանալու որոշակի քաղաքական ակնկալիքներ: Վերհիշենք, որ նույն ապրիլյան ռազմական գործողությունները սկսվեցին այն ժամանակահատվածում, երբ Ալիեւը գտնվում էր Միացյալ Նահանգներում:
«ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ, ՈՐ ՄԵՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ»
- Այդուհանդերձ, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո հենց հիմա Ադրբեջանը փորձեց կրկին լարվածություն հրահրել սահմանում:
- Վերջին տարիների կտրվածքով արցախյան հակամարտությունը անցել է լարվածության որակապես այլ` առավել բարձր մակարդակ. «Հիշենք շփման գծում ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ինչը մինչ վերջին շրջանը գրեթե անհավատալի մի բան կարող էր համարվել, նույն դիվերսիոն-հետախուզական գործողությունների հաճախակիացման միտումները, որոնք նույնպես հակամարտության լարվածության որակական աճի կարեւորագույն ցուցիչ պետք է համարել: Եվ վերջապես դրանց հետեւեցին ապրիլյան ռազմական գործողությունները, որոնք նույնպես աննախադեպային էին` կողմերի միջեւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից ի վեր: Իհարկե, մեր կողմից իրականացվող վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ներկայում չի տիրապետում քաղաքական, ռազմական եւ անհրաժեշտ մարդկային մասնագիտական այնպիսի ռեսուրսների, որոնք հնարավորություն կտան Բաքվի ղեկավարությանը վերսկսել լայնածավալ եւ երկարատեւ պատերազմական գործողություններ: Ինչպես բազմիցս են հայտարարել Ադրբեջանի իշխանությունները` ի դեմս Ալիեւի եւ պաշտպանության նախարարի, ապրիլյան ռազմական գործողություններից հետո ադրբեջանական կողմը որդեգրել է բլիցկրիգերի մարտավարությունը` լոկալ նշանակության, ծավալի ու կայծակնային արագությամբ ռազմական գործողությունների արդյունքում տարածքային եւ մարդկային կորուստներ պատճառելով հակառակ կողմին:
Ադրբեջանի ռազմաքաղաքական հրամանատարությունը սկսել է առավել ուշադրություն դարձնել ապրիլյան դեպքերի օրինակով սցենարների մշակման եւ իրականացման մարտավարությանը. «Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչու ապրիլյան ռազմական գործողություններից հետո հենց ներկայում ադրբեջանական կողմը սրեց սահմանային լարվածությունը, ապա պետք է նշել, որ, ցավոք, տարբեր տեսակի ռազմական գործողությունները եւ սահմանային միջադեպերը դարձել են կանոնավոր եւ դեռ մոտ ապագայում կշարունակեն պահպանվել: Չպետք է մոռանալ, որ մենք փաստացի գտնվում ենք պատերազմական վիճակում, ընդամենը փոխվել են պատերազմի վարման միջոցները եւ եղանակները: Եվ այս տեսանկյունից` Ալիեւի կողմից սահմանային միջադեպերի հաճախակիացման վերջին իրողությունները ապրիլյան դեպքերից հետո, ցավոք, ունեն իրենց նախադեպերը եւ հաստատապես վերջինը չեն:
«ԱԼԻԵՎԻ ՈՐԴԵԳՐԱԾ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»
- Երեկ տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, որից, իհարկե, էական ակնալիքներ չկային, սակայն, այդուհանդերձ, բավական վճռորոշ մեկնաբանություններ կային ադրբեջանական կողմից, այդ թվում` գործնական քայլերի ակնկալիքների, որը, ըստ նրանց, պետք է լուծվի իրենց համար ընդունելի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ի վերջո, իրականում ի՞նչ է կարելի էր սպասել այս հանդիպումից:
- Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումից, ինչպես դուք շատ ճիշտ նկատեցիք, դժվար է ակնկալել որոշակի արդյունքներ` հաշվի առնելով սահմանային լարվածության ներկայիս իրավիճակը, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը` խնդրի կարգավորման հարցի առնչությամբ: Ավելին, հանդիպումից արդյունքներ սպասելի չէին նաեւ այն առումով, որ կողմերի միջեւ բանակցություններ, որպես այդպիսիք, գրեթե չկան, քանի որ սահմանում ընթանում են մարտեր, գրանցվում մարդկային կորուստներ: Ինչեւէ, Ալիեւը ակնկալիքներ ուներ այդ հանդիպումից, թերեւս, այն թյուր պատկերացումներից ելնելով, որ սահմանային միջադեպերի հրահրման միջոցով հայկական կողմի վրա մշտական ճնշումների բանեցմամբ` Հայաստանի իշխանությունները, ի վերջո, տեղի կտան եւ կգան միակողմանի զիջումների: Կրկնում եմ` որ սա բավականին թյուր պատկերացում է, քանի որ հայկական կողմը լիովին վերահսկում է իրադրությունը սահմանի ողջ երկայնքով, անհրաժեշտության դեպքում իրականացնում պատժիչ արդյունավետ ռազմական գործողություններ: Ալիեւի եւ նրա շրջապատի մոտ այդ սխալ մոտեցումը թերեւս ձեւավորվել է ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանքով որոշակի տարածքների ետգրավման արդյունքում, ինչը հանգեցրել է Բաքվում որոշումներ կայացնող գործիչների շրջանում հակառակորդի թերագնահատման, իսկ դա, ինչպես ցույց է տալիս տարբեր երկրների պատմությունը, լի է դառը հետեւանքներով: Առավել եւս, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական կողմը լուրջ քայլեր է իրականացրել` առաջնագծում մեր պաշտպանական դիրքերի ուժեղացման ուղղությամբ: Ի դեպ, նշեմ որ Ալիեւի որդեգրած ապակառուցողական դիրքորոշումն ըստ էության արագացնում է Արցախի միջազգայնացման գործընթացը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
http://www.iravunk.com/news/34737
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]