
ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Պետության ներուժի գնահատման մոտեցումները
Երկրորդ աշխարհամարտից հետո և հատկապես սառըպատերազմյան ժամանակաշրջանի առաջին տասնամյակներից սկսած՝ առաջատար երկրների քաղաքական վերնախավերը սկսեցին զգալի ուշադրություն դարձնել իրենց երկրների և հասարակությունների մասնակի կամ հստակ ուղղվածության (տնտեսական, ռազմական և այլն) ռեսուրսների գնահատման ու այդ պոտենցիալի զարգացման հնարավորություններին: Առանձնակի հաջողություններ արձանագրեցին հատկապես արևմտյան երկրները, ինչպես նաև ասիական որոշ պետություններ (օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը): Հետազոտական աշխատանքներին ակտիվորեն ներգրավված էին տեղի փորձագիտական հանրության ներկայացուցիչները, որոնք փորձագիտական գնահատականներ էին ներկայացնում և դրանց հիման վրա կանխատեսումներ անում տվյալ պետության և հասարակության հզորության չափորոշիչների սահմանման ու ռեսուրսների զարգացման հնարավորութունների վերաբերյալ:
Սկզբնական շրջանում թիրախային հետազոտություններ էին կատարվում մասնավորապես խաղաղ պայմաններում պետության մարդկային և մտավոր կարողությունների գնահատման ոլորտում: Մեծ ուշադրություն էր դարձվում այդ պոտենցիալի մոբիլիզացման (կուտակման) հնարավորություններին հատկապես նախապատերազմական և ճգնաժամային հնարավոր սցենարների պարագայում։ Խնդիրն իսկապես ակտուալ էր այն առումով, որ մարդկությունը նոր էր վերապրել Երկրորդ աշխարհամարտը և գտնվում էր հնարավոր նոր ռազմական բախումների վերսկսման սպառնալիքների ներքո:
Ելնելով այդ ժամանակաշրջանի միջազգային ռազմաքաղաքական լարված իրադրությունից և սառըպատերազմյան զարգացումների ընդհանուր տրամաբանությունից՝ «պետության և հասարակության պոտենցիալի կամ հզորության գնահատման» մեթոդաբանական չափորոշման հետազոտություններում առաջնակարգ տեղ էր հատկացվում երկրի ռազմական ռեսուրսների մոբիլիզացման ու զարգացման հնարավորություններին: Այս ուղղությամբ լուրջ գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարվեցին մասնավորապես Միացյալ Նահանգներում ու Ռուսաստանում, որոնք գիտահետազոտական, ռազմատեխնիկական ասպարեզներում զգալի ներդրումներ էին իրականացնում միջուկային պոտենցիալի հզորացման նախագծերում:
Սառըպատերազմյան ժամանակաշրջանի վերջին տասնամյակներին և ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը աշխարհի առաջատար երկրներում, այդ թվում և Եվրոպայում, վերանայվեցին «պետության և հասարակության մասնակի (թիրախային) հզորության կամ պոտենցիալի» գնահատման գերակայությունները, սկսեցին մեծ ուշադրություն դարձնել «պետության բազմակողմանի» կամ, ինչպես ընդունված է ասել մասնագիտական գրականությունում, «պետության հավաքական հզորության» կամ «հավաքական ազգային հզորության» (այսուհետ՝ ՀԱՀ) գնահատման մեթոդաբանական մշակումներին:
Պետության ՀԱՀ գնահատման ամերիկյան և չինական մշակումները
Մասնագիտական գրականությունում ՀԱՀ-ը սահմանվում է որպես պետության և հասարակության գիտատեխնիկական, քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային պոտենցիալի միջինացված ցուցիչ, որը հնարավորություն է տալիս տվյալ պետությանը զարգանալ տարածաշրջանային, միջազգային մարտահրավերների ու սպառնալիքների ներքո, հաղթահարել ներքին և արտաքին քաղաքական-տնտեսական կատակլիզմները, առաջ մղել և տարածել ազգային արժեքներն ու հոգևոր ներուժը:
Պետության և հասարակության ռեսուրսների զարգացման հնարավորությունների հարցում փոխվեցին նաև քաղաքական ու փորձագիտական գնահատման նախկին մոտեցումները: Դա դրսևորվեց հատկապես արևմտյան առաջատար երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա), որտեղ «պետության հավաքական հզորություն» սահմանմամբ հատկապես վերջին տասնամյակում ամրագրվեց ներուժի գնահատման «փափուկ» չափորոշումը, որը տվյալ դեպքում ենթադրում էր ոչ այնքան երկրի պոտենցիալի ռազմական բաղադրիչը, որքան նրա մտավոր և մարդկային կարողությունների ներդրումն ի շահ հասարակության բարեկեցության ապահովման: Ի տարբերություն արևմտյան երկրների, այդ համատեքստում Ռուսաստանը միայն մասնակիորեն կարողացավ դուրս գալ սառըպատերազմյան ընդհանուր ռազմականացման մրցակցային տրամաբանությունից և մինչև օրս շարունակում է ուշադրություն դարձնել պետության հզորացման ռազմական բաղադրիչին:
ԱՄՆ-ում ՀԱՀ գնահատման առաջին հետազոտություններն իրականացվել են 1960-ականներին։ 1963թ. քաղաքագիտության պրոֆեսոր Ջ. Դավիթ Սինգերն առաջարկեց «Ազգային հզորության վիճակագրական գնահատում» (Composite Index of National Capability-CINC) մոդելը։ Գնահատման այս մեթոդաբանության հիմքում, սակայն, ընկած է միայն «կոշտ ուժի» հաշվարկը, որը հիմնվում է համաշխարհային ցուցիչների՝ ժողովրդագրական (օր.՝ քաղաքային-գյուղական բնակչության համամասնությունը), տնտեսական-էներգետիկ (օր.՝ երկրում էներգիայի սպառման ցուցանիշները, երկաթի ու պողպատի արտադրությունը) և ռազմական միջին տոկոսային ցուցանիշների վրա։ Նշենք, որ այս մեթոդը շարունակում է համարվել ՀԱՀ գնահատման հիմնական ընդունված մեթոդներից մեկը նաև ներկայում։
Միացյալ Նահանգներում ՀԱՀ հետազոտական ռազմավարական մշակումներում զգալի է Ռեյ Քլայնի (Ray C. Cline) ավանդը, որը հանդիսանում է համաշխարհային տերությունների ազգային հզորության գնահատման հիմնական մեթոդներից մեկի հիմնադիրը1: Նա այս ոլորտում հրատարակած իր առաջին գրքում («Համաշխարհային տերությունների հզորության գնահատումը. ռազմավարական առաջընթացի հաշվարկը», World power assessement. A calculus of strategic drift) կատարել է տարբեր երկրների հավաքական ազգային հզորությունների սահմանման մաթեմատիկական-մեթոդաբանական հաշվարկները: Ընդ որում, նրա մեթոդաբանական մոտեցումներում հաշվարկվում էին հիմնականում պետության հավաքական հզորության ոչ ռազմական հնարավորությունները:
Նշենք, սակայն, որ մինչև 2000-ականները Միացյալ Նահանգներում թեև լայն տարածում ստացան «պետության հավաքական հզորության» փորձագիտական գնահատման մեթոդաբանական մոտեցումները, այնուհանդերձ, դրանք հիմնականում ունեին բավական ստանդարտացված չափորոշիչներ: Այսպես, որպես «պետության հավաքական հզորության» գնահատման չափորոշիչներ առանձնացվում էին երկրի ՀՆԱ, ռազմական ծախսերի և զինված ուժերի թվաքանակի, բնակչության թվաքանակի և այլ ցուցանիշներ:
ՀԱՀ մեթոդաբանական-փորձագիտական գնահատումների տեսանկյունից արժեքավոր է նաև ամերիկյան հեղինակավոր «Ռենդ» կորպորացիայի 2005թ. հրատարակած «Չափելով ազգային հզորությունը» (Measuring National Power) զեկույց-հետազոտությունը։ Այդ ուսումնասիրության փորձագետների գնահատականով, պետության հզորությունը (State power) կարող է սահմանվել 3 մակարդակով՝
1. պետության ռեսուրսները (կարողությունները) կամ ընթացիկ հզորությունը,
2. ինչպե՞ս է այդ հզորությունն արտացոլվում ազգային գործընթացներում (National processes),
3. պետության հզորությունը վերջնահաշվարկում կամ ո՞ր պետությունն է գերիշխում տվյալ հանգամանքներում։
«Ռենդ»-ի մեթոդաբանական մշակումներում առաջարկվում է ՀԱՀ-ը գնահատել երկու հիմնական ուղղությամբ՝ «կոշտ» և «փափուկ» ուժի մեթոդաբանության կիրառմամբ։ ՀԱՀ գնահատման մեթոդաբանական հաշվարկներում շեշտվում է նաև այսպես կոչված «ոչ պետական գործոնների կամ դերակատարների» (Non-state actors-NSAs) ընդգրկման անհրաժեշտությունը, ինչպես, օրինակ, ահաբեկչության, «ուղեղային կենտրոնների» և խոշոր մասնավոր կորպորացիաների ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա։
ՀԱՀ գնահատման ուղղությամբ ակտիվ հետազոտական մշակումներ իրականացվեցին Չինաստանում 20-րդ դարի 80-90-ականներին։ Այդ մեթոդաբանական հաշվարկների համաձայն, 1989թ. դրությամբ Չինաստանը ՀԱՀ ցուցչով զբաղեցնում էր աշխարհում 6-րդ հորիզոնականը՝ 222 ամփոփ միավորով՝ զիջելով ԱՄՆ-ին (593 միավոր) և ԽՍՀՄ-ին (386 միավոր)։
Վերջին շրջանում Չինաստանում «պետության հավաքական հզորության» գնահատման հաշվարկներում աստիճանաբար մեծ տեղ է հատկացվում ՀԱՀ «փափուկ ուժի» գնահատման մեթոդաբանության մշակման կիրառմանը։ Ներմուծվեցին նոր հասկացություններ, ինչպես, օրինակ, «պետության հոգևոր հզորություն», «պետության մշակութային-արժեքաբանական և քաղաքակրթական ներուժ»: Չինաստանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային հարթությունում իր քաղաքակրթական, մշակութային-արժեքաբանական ներուժի «արտահանման» և ազդեցության տարածման հարցերին:
Համաձայն պետության հզորության հարցի վերաբերյալ չինական որոշ մեթոդաբանական գնահատումների, ներկայում չինական դիվանագիտությունն ընկալվում է որպես «պետության հավաքական հզորության» և առհասարակ երկրի զարգացման կարևոր նախադրյալներից մեկը, որը համեմատվում է, օրինակ, Ռուսաստանի միջուկային պոտենցիալի հետ: Միաժամանակ շեշտվում է, որ չինական դիվանագիտության արդյունավետ մեխանիզմների և ռազմավարության շնորհիվ հնարավոր է ներազդել միջազգային հարաբերությունների և միտումների վրա, ինչը նույնպես, որպես ցուցիչ, խոսում է տվյալ պետության «հավաքական ազգային հզորության» բարձր ցուցանիշների մասին։ Այստեղ կարևոր ցուցիչներ են արտաքին շուկայում տվյալ պետության ներդրումների ծավալները, ինչպես նաև արտաքին տնտեսական քաղաքականությունում երկրի մասնակցությունն ու ներգրավվածության մասնաբաժինը։
Կարևոր հարցերից մեկը վերաբերում է այս կամ այն քաղաքական-տնտեսական դաշինքին տվյալ պետության մասնակցության հարցին՝ որպես երկրի ՀԱՀ բնութագրիչ։ Միջազգային հարաբերությունների և քաղաքական գործընթացների վրա հնարավոր ազդեցության հարցը ենթադրում է նաև գնահատման մեթոդաբանական-փորձագիտական հստակ մեխանիզմների մշակում, ինչը թույլ կտա պարզել՝ որքանով է այս կամ այն ռազմաքաղաքական, տնտեսական ինտեգրացիոն կազմակերպությունում կամ դաշինքում տվյալ երկրի ներկայացվածությունն ազդում այդ պետության ՀԱՀ ցուցչի վրա։
Բավական արժեքավոր էին 2013թ. տարվա ամփոփ տեղեկատվության մշակման արդյունքների հիման վրա չինացի հայտնի տնտեսագետ Խու Անգանի՝ ԱՄՆ և Չինաստանի ՀԱՀ համեմատական վերլուծության տվյալները։ Նշենք, որ այդ վիճակագրությունը հիմնվում էր գնահատման «կոշտ ուժի», ստանդարտ ցուցիչների հաշվարկի մեթոդաբանության վրա։ Ըստ Խու Անգանի մեթոդաբանական հաշվարկի, 2013թ. ՀԱՀ ընդհանուր ցուցչով Չինաստանն առաջ էր անցել Միացյալ Նահանգներից։ 2014թ. դրությամբ, ըստ այդ գնահատականների, Չինաստանն արձանագրել էր համաշխարհային հավաքական հզորության ցուցչի 17.13%, Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար 15,25%2։ Նշենք նաև, որ տարբեր հաշվարկներով, լիակատար մոբիլիզացման պայմաններում պետության ՀԱՀ-ը գնահատվում է տվյալ երկրի ՀՆԱ 45-50%-ի չափով (կորեական պատերազմի շրջանում ԱՄՆ-ը մոբիլիզացրեց ՀՆԱ 13%-ը)3։
Ամփոփում. հետևություններ Հայաստանի համար
Պետության «հավաքական ազգային հզորության» գնահատման հիմնահարցն ակտուալ է առաջին հերթին ռազմական սպառնալիքներ ունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Ադրբեջանի ղեկավարությունն աստիճանաբար մեծացնում է ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ հայաստանյան փորձագիտական շրջանակներում ՀԱՀ գնահատման ուղղությամբ մշակումների իրագործման անհրաժեշտությունն իսկապես հրատապ է։ Այսօր դժվար է ասել՝ արդյո՞ք Հայաստանում իրականացվել են Հայաստանի և Ադրբեջանի հավաքական հզորության գնահատման համեմատական հետազոտություններ։ Ավելին, ինչպես արդեն նշվեց, ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում ՀԱՀ գնահատման «փափուկ ուժի» և դրա հոգևոր-քաղաքակրթական բաղադրիչի մշակումների համատեքստում։ Եվ այս առումով չափազանց արժեքավոր կլիներ համեմատական հիմնարար հետազոտություն իրականացնել, որը հնարավորություն կտար բացահայտել Հայաստանի (հայության) և Ադրբեջանի հոգևոր-արժեքաբանական հզորությունը կամ պոտենցիալը։
Կարելի է համաձայնել, որ երկու երկրների ռեսուրսների կամ պոտենցիալի ուսումնասիրման աշխատանքներ, թերևս, կան, սակայն դրանք կրում են մասնակի բնույթ, ինչպես, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալի հետազոտությունները և այլն։ Կարևոր է նաև պարզել՝ արդյո՞ք նման հետազոտություններ իրականացվում են Ադրբեջանում։
Հայաստանում ՀԱՀ գնահատման հետազոտությունների իրագործումը հնարավորություն կտա պարզել ոչ միայն Հայաստանի հավաքական ազգային ներուժն ու ոլորտի բացթողումները, այլ նաև այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակել և առաջարկել Հայաստանի զարգացման սցենարներ։
1 http://www.situation.ru/app/j_art_1155.htm
2 http://globalaffairs.ru/number/Bolshie-gonki-18150
3 http://mybiblioteka.su/tom2/1-44554.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]