
«ԹԵՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԷՖԵԿՏԸ»

Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
- Պրն Հարությունյան, «Նորավանք» ԳԿՀ և ՄԱԿ առաջատար փորձագետ Արա Մարջանյանի հետ Դուք հրապարակել եք հոդված, որում ներկայացված է իրավիճակը տարբեր երկրներում գիտելիքների հասարակության կառուցման հետ կապված։ Ի՞նչ եզրահանգումների եք եկել։
- Դա մեր հերթական աշխատանքն է, որում փորձ է կատարվում կյանքի կոչել թվում է, թե ակնհայտ այն թեզը, համաձայն որի՝ գլոբալ զարգացումների օրինաչափությունները պայմանավորված են որոշումներ ընդունող անձանց, կազմակերպությունների և այն հասարակությունների տեղեկացվածության, գիտելիքների մակարդակով, որոնք նրանք ներկայացնում են։ Որպես չափանիշներ մենք օգտագործել ենք ՀՆԱ-ն, մարդկային ռեսուրսները, երկրի մակերեսը, գիտական հետազոտություններին, փորձարարակոնստրուկտորական մշակումներին ուղղված ծախսերը և այլն։ Ընդունելով, որ այսօր առաջատարը «անգլոսաքսոնական աշխարհն է», մենք նշել ենք, որ «գիտելիքների արտադրության» առումով նրան արդեն հասնում է և, հավանաբար, շուտով առաջ կանցնի «հիերոգլիֆների աշխարհը»՝ Չինաստան, Կորեա և Ասիայի արագ զարգացող այլ պետություններ։ Իսկ հետխորհրդային հանրապետությունները և «սլավոնական աշխարհը» նկատելիորեն հետ են մնում իրենց արևմտյան և արևելյան մրցակիցներից։
- Դուք «սլավոնական աշխարհը» համեմատում եք «անգլոսաքսոնականի» հետ, բայց չէ՞ որ հետխորհրդային տարածքը բնավ էլ լիովին սլավոնական չէ...
- Այո, բայց ողջ «խորհրդային աշխարհը», ներառյալ «սոցճամբարի» երկրները, գտնվել են Ռուսաստանի ազդեցության տակ։ Այժմ այդ աշխարհը փլուզված է, Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը հետխորհրդային երկրների մեծ մասում, փոխվել է արժեհամակարգը. գիտելիքները, կրթվածությունը դադարել են դիտարկվել որպես որոշիչ չափանիշներ որոշումներ ընդունող մարդկանց ընտրելիս։ Գիտելիքների արտադրությունը կորցրել է գերակայությունը, ինչն ազդել է կրթության համակարգի վրա նրա բոլոր մակարդակներում։ Իսկ երբ հետընթաց է ապրում գիտակրթական համակարգը, կազմալուծման գործընթացը տարածվում է պետական ամբողջ համակարգի վրա։
- Ստիպված ենք ընդունել, որ գիտելիքների կարևորության գնահատման իմաստով կոմունիստներն ավելի հեռատես էին։
- Ավելի քան։ Հեղափոխությունից անմիջապես հետո սկսեց գործել «լիկբեզի» ծրագիրը, քաղաքացիական պատերազմի, ավերածությունների և սովի պայմաններում Ռուսաստանում հիմնվեցին տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ, իսկ արդեն 1975թ. ԽՍՀՄ-ում աշխատում էր գիտնականների համաշխարհային ողջ հանրույթի 25%-ը, այսինքն՝ մոտ 1 մլն մարդ։ Գիտական մշակումների թվով ԽՍՀՄ-ը երկրորդն էր աշխարհում, իսկ մի շարք ուղղություններով առաջ էր Արևմուտքից։ Գիտաշխատողների համար ստեղծված էին առավելագույնս բարենպաստ պայմաններ, գիտնականի կարգավիճակը հասարակությունում չափազանց բարձր էր։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա դեռևս 20-ական թթ. հանրապետության կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը կազմակերպեց հայկական ծագում ունեցող շատ գիտնականների և մասնագետների վերադարձը հայրենիք։ Այդ մարդիկ հսկայական հեղինակություն ունեին, նրանց համար ստեղծվեցին բոլոր պայմանները՝ ստեղծագործ աշխատանքի համար, այդ պատճառով էլ Երկրորդ Հանրապետությունը հասավ շատ մեծ հաջողությունների։ Ի դեպ, վերջերս «Նորավանքում» մենք քննարկում էինք «մասնագիտական հայրենադարձության» խնդիրը, և դա ֆանտաստիկ չի հնչում երկրում հայտնի միգրացիոն հոսքերի համապատկերում։ Հայտնի է, որ «մարդկային կապիտալի» ներմուծումն առավել շահութաբերներից է բիզնեսում, որը թույլ է տալիս նվազագույն ներդրումներով հասնել մեծ հաջողությունների տնտեսությունում։
- Բայց տարիներ են անցել, և հենց խորհրդային մտավորականությունը, գիտելիքի տիրապետող մարդիկ են դարձել ընդդիմություն...
- Այո, լիբերալ տրամադրված մտավորականությունը դարձավ հեղափոխական այն դասը, որը փլուզեց ԽՍՀՄ-ը։ Բայց «թերիմացությունը» միշտ հանգեցնում է վատ հետևանքների։ Ինչպես մտավորական հեղափոխականները, այնպես էլ կուսակցական «նոմենկլատուրայի» ներկայացուցիչներն ադեկվատ պատկերացումներ չունեին ինչպես սեփական երկրի, այնպես էլ Արևմուտքի մասին. մենատիրական գաղափարախոսական համակարգում հասարակագիտական գիտությունները ԽՍՀՄ-ում թույլ էին զարգացած, իսկ խորհրդային լրատվամիջոցները Արևմուտքը ներկայացնում էին բացառապես անշահավետ լույսով, ինչն ընկալվում էր ճիշտ հակառակ ձևով և նպաստում էր կապիտալիստական աշխարհի իդեալիստական ընկալմանը։
- Եվ այդ ամբողջ խռովքը աջակցվում էր Արևմուտքի կողմից, որը շահագրգռված էր ԽՍՀՄ փլուզմամբ և միաբևեռ աշխարհի ստեղծմամբ...
- Այո։ Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, գրեթե ողջ հետխորհրդային տարածքում տեղի ունեցավ հասարակության «դեինդուստրիալացում»։ Վերացվեց ողջ արդյունաբերությունը, նոր առաջնորդները կոչ էին անում զարգացնել տուրիզմը, ծառայությունների ոլորտը, առավելագույնը՝ սննդարդյունաբերությունը, իսկ փակված գիտահետազոտական ինստիտուտների փոխարեն ի հայտ եկան հազարավոր իրավապաշտպան կազմակերպություններ, ձևավորվեց նոր միագաղափարախոսական, այս անգամ՝ ազատական, համակարգ, որը արևմտյան հեղինակավոր փորձագետների մի զգալի հատվածի համոզմամբ, նույնպես դատապարտված է փլուզման։
- Ասվում էր, որ Հայաստանը կարող է ապրել հենց միայն «Ջերմուկով», իսկ արևմտյան փորձագետները խորհուրդ էին տալիս մասնագիտանալ լոլիկի մածուկի արտադրության մեջ։ Գիտական պոտենցիալն առհասարակ չէր դիտարկվում որպես հանրապետության զարգացման գործոն, ինչը հանգեցրեց բավական տխուր տնտեսական և սոցիալական հետևանքների։ Ըստ երևույթին, Արևմուտքի առաջադրած խնդիրն իրականացվել է։
- Ճիշտ է։ Գիտաշխատողների և ինժեներների թիվը Երրորդ Հանրապետությունում կրճատվել է մոտ 8 անգամ։ Ի հայտ է եկել տաքսիների վարորդների, մատուցողների, «գիշերային թիթեռնիկների» մի ամբողջ զանգված... Մենք ոչ միայն առաջ չենք գնացել մեր զարգացման մեջ, ինչպես սպասում էին լիբերալ ռոմանտիկները, այլև խիստ հետ ենք գլորվել։ Ամենավտանգավոր փոփոխությունները տեղի ունեցան հասարակության գիտակցության մեջ, իսկ պետությունը չկարողացավ պաշտպանել առողջ գերակայությունները։ Գերակշռեց սպառման հասարակության գաղափարախոսությունը, մարդու արժանիքներն սկսեցին որոշվել նրա գնողունակությամբ։ Տգիտությունը դադարեց ամոթալի համարվել։ Այս խնդիրների արմատները գտնվում են սպառման հասարակության գաղափարախոսությունում, ինչը հանգեցնում է նաև քաղաքական էլիտաների դեգրադացիային անգամ այսպես կոչված «առաջավոր դեմոկրատիայի» երկրներում։ Մինչդեռ այսօր ընթանում է գլոբալ աշխարհակարգի ֆրագմենտացիա, ի հայտ են գալիս նոր դերակատարներ հասարակություն ձևավորող նոր գաղափարախոսությամբ, որոնք ի վիճակի են ստեղծագործական արտադրանք տալ։ Հենց այդ կարողությունն էլ այսօր որոշում է հասարակության որակն ու նրա զարգացման հեռանկարները։ Ի դեպ, այսօր նախկին շատ այլախոհներ կարծում են, որ խորհրդային տարիները դարձել են լուսավորության դարաշրջան Ռուսաստանի համար։ Դրան դժվար է չհամաձայնել։ Խորհրդային հասարակությունը լավ կրթված էր, բազմակողմանիորեն զարգացած և բարձր էր գնահատում գիտելիքները։ Կրթվածությունն ու պրոֆեսիոնալիզմը անձի գնահատման և պաշտոնեական նշանակումների հիմնական չափորոշիչներն էին։
- Այսօր Հայաստանում այդ չափանիշներն անտեսվում են, նման մոտեցման արդյունքներն ակնհայտ են։ Լավատեսական կանխատեսումների հիմքեր չկան։
- Ես չեմ կարծում, թե ամեն ինչ կորած է։ Մի շարք ցուցանիշներով մենք առաջ ենք անցնում որոշ հետխորհրդային երկրներից։ Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ լավատեսություն չի ներշնչում և իրադրությունը շտկելու համար անհրաժեշտ է անհապաղ մշակել համապատասխան ռազմավարություն։ Ամեն տեսակ վարկանիշների սուբյեկտիվությունը հանրահայտ է, բայց չարժե դրանք լիովին անտեսել։ Երևանի պետական համալսարանը զբաղեցնում է 2099-րդ տեղն աշխարհում, իսկ թուրքական բուհերը զբաղեցնում են 491-841-րդ տեղերը, Թուրքիայի պետական համալսարանը զբաղեցնում է 135-րդ տեղը։ Այնտեղ հաջողությամբ գործում են մոտ հարյուր «ուղեղային ֆաբրիկաներ», որոնց արտադրանքը պահանջված է քաղաքական էլիտայի կողմից։ Սա պետք է մտահոգի Ցեղասպանություն ապրած ժողովրդին։
- Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։
- Մեր օտարերկրացի գործընկերները հաճախ են հետաքրքրվում, թե ինչու զարգացած երկրների հայկական համայնքները լավ են ապրում, ակտիվ գործունեություն են ծավալում, այնտեղ լավ կրթված մարդիկ, մասնագետներ կան, իսկ Հայաստանում իրավիճակն այսպես աննախանձելի է։ «Նորավանքը» տվյալներ է հավաքել ավելի քան 600 հայ մասնագետների մասին հիմնականում հասարակագիտության ոլորտում։ Այս ռեսուրսն անհրաժեշտ է օգտագործել ի շահ Հայաստանի, նախագծեր կազմել։ Կրկնել այն, ինչը ժամանակին հաջողվեց Մյասնիկյանին, հիմա իրական չէ, չկան ա՛յն ռեսուրսներն ու այլ պայմաններ։ Բայց գործել այս ուղղությամբ անհրաժեշտ է։
- Ենթադրենք անհնարինը. լավ մասնագետները որոշել են գալ Հայաստան... Իսկ հասարակությունը կընդունի՞ նրանց։ Պետությունը կապահովի՞ աշխատանքով, կգնահատի՞։ Տեսեք, թե ինչ վիճակում են տեղի լավագույն մասնագետները։
- Դա ամենաբարդ պահն է։ Ես դա կանվանեի «թերիմացության էֆեկտ»։ Ոչ գրագետ անձը հավակնություններ չունի։ Իսկ «թերիմացները» այսօր գերակշռում են հասարակությունում և նրանց թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն։ Իսկ եթե նրանք նաև լուրջ լիազորություններ ունեն, եթե նրանք են կայացնում որոշումները, ապա արդյունքները հաճախ լավը չեն լինում։ Առանց գիտելիքների և ադեկվատ գերակայությունների ոչինչ չի ստացվի։ Այսօր բարձրակարգ համալսարան ստեղծելն իրական չէ, ուստի մենք առաջարկում ենք, օգտագործելով սփյուռքի մտավոր ռեսուրսները, կազմակերպել առցանց հետազոտական համալսարան։ Ծախսերը շատ ավելի քիչ կլինեն, իսկ արդյունավետությունը՝ բարձր։ Ի դեպ, արևմտյան ներդրողներն այսօր հսկայական միջոցներ են ներդնում առցանց-ուսուցման մեջ։
- Դա դիտարկվում է որպես գիտելիքներ ստանալու լրացուցիչ հնարավորությո՞ւն, թե՞ ուսուցման պարտադիր մաս։
- Նման ուսուցման հայեցակարգ մենք մշակել ենք։ Բայց պետք է «աշխատեցնել» այդ մտահղացումը, սկզբում ունենալ ոչ մեծ աշխատակազմ և հնարավորություն՝ ըստ արժանվույն վճարելու օտարերկրացի և հայ լավագույն մասնագետների դասախոսությունները։ Հայաստանում բուհի դասախոսի, գիտնականի ներկա վարձատրությունը ցածր է ձմռանը կոմունալ սպասարկումների արժեքից։ Սա գիտական անարդյունավետ քաղաքականության վկայությունն է։ Այնինչ, ոչ միայն Արևմուտքը, այլև Ռուսաստանը գիտության ու կրթության հարցերին մեծ ուշադրություն է հատկացնում, ընկալվում է նրանց ռազմավարական կարևորությունը։ Սկզբնական շրջանում մենք այդ դասախոսությունները կտեղադրենք Youtube-ում։
- Մարդը խոր գիտելիքներ կստանա, կդառնա մրցունակ մասնագետ և անմիջապես էլ կհեռանա...
- Այդ հարցերը առկա են, բայց այստեղ պետք է աշխատի ընդունակ և ստեղծագործ մարդկանց կոլեկտիվի սիներգիկ էֆեկտը։ Եթե հավաքվի լավ կրթված մարդկանց կրիտիկական զանգված, ի հայտ կգան գործարարներ, ովքեր կկառուցեն ոչ միայն հյուրանոցներ ու ռեստորաններ։ Նրանք կիմանան որտեղ ներդնել միջոցները՝ շատ ավելի մեծ շահույթ ստանալու համար։
- Մեծ գիտելիքներ ունեցող մարդուն պետք է ավելին վճարել, քան թերիմացին, նրա մտավոր արտադրանքը պետք է պահանջված լինի, նրա երաշխավորությունները պետք է լսելի լինեն...
- Համաձայն արդի չափանիշների՝ հասարակության որակը որոշվում է նրանով, թե որքանով է այն տեղեկատվական։ Եթե մենք աշխարհում 115-րդն ենք ՀՆԱ-ով, նշանակում է՝ այդ ցուցանիշը մեզ մոտ լավ չէ։ Պետք է հավակնոտ խնդիրներ առաջադրել։ Առանց գիտելիքների, գիտության, կրթության արդյունավետ համակարգի ոչինչ չի ստացվի։
- Բայց ոչ ոք չի ձևակերպել, թե ինչ հասարակություն ենք մենք կառուցում, ինչ տնտեսություն պետք է ունենանք...
- Որովհետև չկան այդ հարցերն առաջադրել կարողացող մարդիկ, այստեղ նորից աշխատում է գիտելիքների օրենքը։ Մտավոր գործունեության ոլորտը՝ գիտություն, կրթություն, տեխնոլոգիաներ, յուրատեսակ էկոհամակարգ է, իսկ երբ որևէ համակարգ անսարք է, հիմնված ոչ ճիշտ սկզբունքների վրա, նրա առանձին հատվածներում բեկումն անհնար է։ Ավանդական գործընկերը, ում հետ կարող ենք հաջող զարգանալ, Ռուսաստանն է։ Դեպի Արևմուտք կողմնորոշումն այս ոլորտում լի է լուրջ խնդիրներով, այնտեղ շահագրգռված չեն մեր երկրի տիպի երկրների զարգացմամբ։ Բայց մեզ մոտ շատ բան է արվում արևմտյան դեղատոմսերով, իսկ արդյունքները գոհացուցիչ չեն։ Հայտնի են արևմտյան մի ամբողջ շարք նախագծեր, որոնք ուղղված են հետխորհրդային երկրների գիտատեխնոլոգիական համակարգերի փլուզմանը, որոնք իրագործվում են նաև այսօր։ Ցավոք, մեզ մոտ գրեթե բացակայում է գիտական քաղաքականությունը, պետությունը գիտնականների առջև ոչ մի խնդիր չի դնում, պետպատվերը գիտության մեջ բացակայում է։ Անհրաժեշտ են գիտական և քաղաքական ընտրանիների համատեղ ջանքերը ՝ ուղղված ռազմավարական կարևոր նպատակների ձեռքբերմանը։ Ուրախալի է, որ կան որոշակի տեղաշարժեր ռազմարդյունաբերական ոլորտում, բայց հարկավոր են պետպատվերներ նաև այլ ուղղություններով, հարկավոր է բարձրացնել գիտության վարկը, հասարակությունը պետք է գիտությունն ընկալի որպես զարգացման կարևորագույն գործոն։ Մենք իրականացրել ենք Հայաստանի տեղեկատվական տարածքի հետազոտություն և պարզել, որ հեռուստաալիքներում գրեթե բացակայում են գիտահանրամատչելի հաղորդումները, մեր հասարակությունը քիչ բան գիտի հայ գիտնականների հաջողությունների և խնդիրների մասին։ Մնում է հուսալ, որ զարգացման վերջերս հնչեցված նոր ծրագիրը մեր հասարակության, պետական կառույցների առջև հավակնոտ նպատակներ կդնի, որոնց ձեռքբերումը կպահանջի գիտելիքների ներգրավում, գիտնականների և մասնագետների ամենաակտիվ մասնակցություն։
Զրուցեց Գայանե ՍԱՐՄԱՔԵՇՅԱՆԸ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]