
«ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՉԼԻՆԻ ԱՆԿԱԽ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ». Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14.06.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ` երեկ տեղի ունեցավ «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպում-քննարկումը: Նշենք, որ նորաստեղծ խմբում ընդգրկվել են քաղաքականության եւ անվտանգության հարցերով փորձագետներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱԺ նախկին պատգամավորներ, այդ թվում` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:
«ԵԹԵ ՉԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ, ՑԱՎՈՔ, ԵՐԲԵՄՆ ԱՅԴ ՊԱՏՎԵՐԸ ԼԻՆՈՒՄ Է ՈՉ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»
–Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով` որքանո՞վ «Անալիտիկ խորհուրդը» կարող է նպաստել խորհրդարանական դիվանագիտության առավել արդյունավետ աշխատանքին:
– Ըստ իս, շատ հրատապ խնդիր էր ստեղծել կամ, համենայնդեպս, փորձել ձեւավորել նման մի խորհուրդ, որտեղ հավաքված կլինեն Հայաստանի վերլուծական կենտրոնների առաջատարները: Հույս հայտնենք, որ դա կտա լավ արդյունք, որովհետեւ հանդիպման ժամանակ միանգամայն ճիշտ դրվեցին այն հարցադրումները, որ առանց վերլուծական մտքի ուղեկցության ընդունված որոշումները միշտ չէ, որ լավագույնն են լինում: Այնպես որ, ողջունում եմ այս նախաձեռնությունը:
– Հանդիպում-քննարկման ժամանակ նաեւ տեսակետ հնչեց, որ երբեմն փորձագիտական կարծիքներն անտեսվում են օրենսդիրների կողմից...
– Ես տեսնում եմ այդ խնդիրը գրեթե բոլոր մակարդակներում, որովհետեւ խորհրդատվության, գիտական արտադրանքի ստեղծման մշակույթը, ցավոք, երրորդ հանրապետությունում իր բարձրության վրա չէ: Դրա վերաբերյալ մենք ունենք հոդվածների մի ամբողջ շարք, որտեղ նշված է, որ բավական իջեցրել ենք մեր գիտական, կրթական մակարդակը, նաեւ վերլուծական կարողությունները, հնարավորությունները: Բայց իմ հույսը մեր հանրության ստեղծարար եւ ստեղծագործ ունակությունների մեջ է: Կարծում եմ` մոտ ապագայում, երեւի թե, կձեւավորվի այս ուղղությամբ պետական պատվեր, որովհետեւ եթե չկա պետական պատվեր, չկա նաեւ գիտական արտադրանք, մինչդեռ, ցավոք, երբեմն այդ պատվերը լինում է ոչ մեր պետության կողմից: Սա շատ վատ երեւույթ է, որովհետեւ այդ պարագայում մեր ինտելեկտուալ, մտավոր ռեսուրսները սկսում են աշխատել` ոչ թե մեր երկրի շահերից ելնելով, այլ մտնում են այլ երկրների ցանկությունների ալգորիթմի մեջ, ինչն, անշուշտ, լավ բան չէ: Վերջիվերջո, պետք է ունենանք մեր սեփական ռեսուրսները:
«ԱՅՍՕՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՅԴ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳԼՈԲԱԼ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
–Անդրադառնանք նաեւ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությանը Երեւան եւ Ստեփանակերտ: Եթե համանախագահների վերջին շրջանում արված հայտարարություններն առավել ոգեւորիչ էին, որովհետեւ հասցեական էին, ապա այժմ, վերջիններս կրկին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փորձում են հավասարեցման նշաններ դնել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ուզում եմ, որ մենք մի փոքր ավելի սառը վերաբերվենք, երբ ասում են` հավասար մոտեցումներ են ցույց տալիս: Նույն վերլուծական, գիտական ոլորտում կա այսպիսի մի լավ կանոն` լավ են բոլոր այն մեթոդները, որոնք տալիս են լավ արդյունքներ: Իսկ եթե դրանք չեն տալիս արդյունքներ, ուրեմն` ինչ-որ մի բան այնպես չէ` անկախ նրանից այսօր լավ բան կասեն, թե մյուս օրը` վատ բան: Համենայնդեպս, ես` որպես վերլուծաբան, կարծում եմ, որ պետք է խնդրին մոտենանք այս իրողությամբ:
– Ի դեպ, մամուլում լայն արձագանք գտավ այն, որ միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում է պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ է նրանց կանխատեսումն իրատեսական:
– Համենայնդեպս, ես չեմ տեսնում այդ ճգնաժամային իրավիճակը գլոբալ մակարդակով` լինի աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական: Իսկ ապրիլյան միջադեպը որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակի արդյունք էր, ավելին` ածանցյալ էր այն իրավիճակին, որ ստեղծվել էր առավել գլոբալ հարթությունում: Այսօր պատերազմի հավանականությունը չեմ կարող ավելի բարձր գնահատել, քան նախկինում էր, որովհետեւ իմ կարծիքով` այսօր դրա նախապայմանները չկան, որոնք կային նախորդ տարվա ապրիլին: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ միշտ կա վտանգ, եւ մենք չպետք է առաջնորդվենք նրանով, թե այս պահին ոչ մի նման նախադրյալ չկա: Գուցե ստեղծվեն, դա ուրիշ խնդիր է:
Ի՞ՆՉ ԷՐ ԹԱՔՆՎԱԾ ԼԱՎՐՈՎԻ ԽՈՍՔԵՐԻ ՏԱԿ
–Օրեր առաջ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարեւոր եւ զգայուն դետալներ: Ըստ Ձեզ` ի՞նչ էր թաքնված ռուս դիվանագետի խոսքերի տակ:
– Դժվարանում եմ գնահատել, բայց բոլոր դեպքերում` ակնհայտ է, որ Լավրովը եւ ընդհանրապես` ինչ էլ որ ասում է ռուսական դիվանագիտությունը, ակտիվ աշխատում են այս ուղղությամբ: Թերեւս, Ռուսաստանն այն երկիրն է, որին ամենից շատ է պետք մեր տարածաշրջանում խաղաղությունը եւ կոնկրետ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Դրա համար էլ ամենից շատ են շահագրգռված, որպեսզի գործընթացը հանգիստ ընթանա: Մինչդեռ հակառակը կարելի է ասել ուրիշների մասին, որոնք շահագրգռված են, որպեսզի այստեղ լարվածություն առաջանա եւ, տա Աստված, որ այդպես չլինի:
– Ի վերջո, ԼՂ հիմնախնդրի լուծմանը միտված ո՞ր փաստաթուղթն է առավել ընդունելի մեզ համար: Օրինակ, Արցախի իշխանությունները մերժում են ե՛ւ Կազանի, ե՛ւ մադրիդյան փաստաթղթերը, իսկ հայաստանյան իշխանությունները, կարծես, պատրաստ են դեռ քննարկել կազանյան փաստաթուղթը` որպես խնդրի լուծման ճանապարհ:
– Չեմ կարող ասել, բոլոր դեպքերում ես ընդունում եմ մեր դիվանագիտական, ռազմաքաղաքական այն հենքը, ըստ որի, կարմիր գիծն անցնում է այնտեղ, որտեղ չի խոսվում արդեն Արցախի ինքնորոշման մասին: Ըստ իս, եթե Արցախը չլինի ինքնավար, անկախ հանրապետություն, ապա մնացած բոլոր լուծումները մեզ չեն կարող բավարարել:
«ՔՐԴԵՐԸ, ՑԱՎՈՔ, ՀԱՃԱԽ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՔԱՐՏ ԱՅԼ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ»
–Եվ վերջին հարց. սեպտեմբերի 25-ին իրաքյան քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնել: Որքանո՞վ այս անգամ նրանց դա կհաջողվի:
– Այս ամենը լուրջ է այնքանով, որ այսօր իրաքյան բազմաթիվ շրջաններ կան, որոնք դե ֆակտո ինքնավար են, եւ խոսքն այստեղ միայն այն ընդունել-չընդունելու մասին է: Սա կարող է երկար տեւել, բայց ակնհայտ է, որ կան նաեւ աշխարհաքաղաքական դերակատարներ, որոնց սա ձեռնտու է: Այստեղ պետք է հատուկ նշել, որ դա ոչ միայն Միացյալ Նահանգներն է, ինչպես երբեմն կարող է թվալ, այլ նաեւ տարածաշրջանային այնպիսի երկրներ, ինչպիսին է Իսրայելը եւ այլն: Տեսնենք` ինչպես իրադարձությունները կզարգանան, բայց, համենայնդեպս, իրենց հաղթանակներով քրդերը դե ֆակտո ապահովում են իրենց ինքնավարությունը, ինչը, ի դեպ, գոյություն ունի Իրաքում դեռ շատ վաղուց: Նրանք բավական ինքնավար են, այլ խնդիր է, որ քրդերը, ցավոք, հաճախ դառնում են խաղաքարտ այլ մեծ տերությունների ձեռքին, քանի որ չունեն իրենց սեփական մտավոր եւ այլ ռեսուրսները: Ամեն դեպքում, ամեն ինչ ինչ-որ մի օր սկսվում է, եւ նրանք, կարծես թե, իրենց համար այդ ճանապարհի սկիզբը դրել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]