• am
  • ru
  • en
Версия для печати
02.06.2017

ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱՊԱՏԿԵՐԸ

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Արա Մարջանյան
ՄԱԿ ԶԾ էներգետիկայի ազգային փորձագետ, տ.գ.թ., «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ

Գլոբալ բազմակենտրոն հարթությունում տեղի ունեցող բարդ գործընթացները մեկնաբանելու համար վերլուծաբանները հղում են կատարում խոշոր տերությունների առաջնորդների հայտարարություններին և բարձր մակարդակում ընդունված որոշումներին, փորձում վեր հանել աշխարհաքաղաքական դերակատարների ակնհայտ և ոչ ակնհայտ մտադրությունները՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքակրթական առանձնահատկությունները։ Ներկայումս որոշակի ուշադրություն է հատկացվում նաև տեղեկատվական հարցերին, սակայն տպավորություն է ստեղծվում, թե այդ հասկացության նախնական իմաստը հաճախ մոռացվում է (լատ.՝ informare - «տեսք, ձև տալ, ուսուցանել, մտածել, երևակայել»), և հիմնական ուշադրությունը հատկացվում է ցանցահենների, բլոգերների գործողություններին՝ չմոռանալով, սակայն, սոցցանցերում like-երի և fake-երի մասին։ Միևնույն ժամանակ, կարծես թե մոռացվում է, որ արդի զարգացումների օրինաչափություններն էապես կախված են որոշումներ ընդունող անձանց, կազմակերպությունների և այն հանրույթների տեղեկացվածության մակարդակից (գիտելիքների իմաստով), որոնք նրանք ներկայացնում են։ Ավելին, գիտելիքային ռեսուրսների որակն ու չափն է, որ պայմանավորում են այս կամ պետության կամ հանրության դիրքը և տեղը արդի աշխարհակարգում։ Նման մոտեցումը հիմնավորելու նպատակով հոդվածում դիտարկվել է այն կապը, որն առկա է տարբեր հանրությունների գիտատեխնոլոգիական ներուժի և նրանց աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական բնութագրերի միջև։

Այս նպատակով օգտագործվել են այնպիսի ինտեգրալ ցուցանիշներ, ինչպիսին են.

- տվյալ երկրի (երկրների խմբի) համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ), բերված գնողունակության պարիտետի (ՀՆԱգուպ) համեմատ;

- գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների՝ ԳՀՓԿՄ (R&D, НИиОКР) ընդհանուր ծախսերը՝ նույնպես բերված գնողունակության պարիտետի (ԳՀՓԿՄ գուպ), ինչպես նաև՝ ՀՆԱգուպ հանդեպ ԳՀՓԿՄգուպ ծախսերի %-ը (այսուհետ, պարզության նպատակով, «գուպ» ինդեքսը չի նշվի)։

Այս վերջին ցուցանիշի առանձին դիտարկումը պայմանավորված է նրանով, որ այն առավել ընդհանրական կերպով նկարագրում է տվյալ երկրում ԳՀՓԿՄ ոլորտում վարվող քաղաքականությունը, քանի որ հենց այս ցուցանիշն է նախօրոք պլանավորվում տվյալ երկրում ԳՀՓԿՄ զարգացման այս կամ այն ռազմավարության իրականացման ընթացքում:

Նշված ցուցանիշների առավել հասանելի և ընդգրկուն աղբյուր է հանդիսանում R&D Magazine ամսագիրը, որում, մասնավորապես, ներկայացված են ԳՀՓԿՄ ծախսերի առումով աշխարհի 40 առաջատար երկրների ցանկը և ցուցանիշները՝ 2012-2016թթ. ժամանակահատվածի համար [1, 2]։

Համաձայն նշված աղբյուրների՝ ակնկալվում էր, որ ընդհանուր առմամբ 2016թ. աշխարհում ԳՀՓԿՄ-ի վրա կծախսվի մոտ $1.9 տրլն, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 1.74%-ը (մոտ $112 տրլն)։ 2016-ին (տե՛ս Նկ. 1) ԳՀՓԿՄ համաշխարհային ծախսերում ԱՄՆ մասնաբաժինը առավելագույնն է՝ ընդհանուր ծախսերի ավելի քան մեկ քառորդը (26.4%, $514 մլրդ): Չինաստանի մասնաբաժինն ավելի քան մեկ հինգերորդն է (20.3%, $396 մլրդ)։ Առաջին հնգյակը, որի կազմը և հաջորդականությունն անփոփոխ են 2012 թվականից, եզրափակում են Ճապոնիան (8.6%, $167 մլրդ), Գերմանիան (5.6%, $109 մլրդ) և Հվ. Կորեան (4.0%, $77 մլրդ)։ Հատկանշական է, որ այդ հինգ երկրներից երեքը՝ Չինաստանը, Ճապոնիան և Հվ. Կորեան, ներկայացնում են Արևելյան Ասիան, այն դեպքում, երբ մայրցամաքային Եվրոպան ներկայացված է միայն Գերմանիայով։ Բացի արդեն նշված երկրներից, առաջին տասնյակում են Հնդկաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան։ Առաջատարների տասնյակը եզրափակում է Բրազիլիան՝ Լատինական Ամերիկայի միակ ներկայացուցիչը։ 2016-ին այս տասը երկրների ընդհանուր բաժինը ԳՀՓԿՄ համաշխարհային ծախսերում կազմել է 78.5%, իսկ մյուսների՝ աշխարհի ավելի քան 190 երկրի բաժինը կազմել է ընդամենը 21.5%։ 2016-ին ՀՆԱ-ի հանդեպ %-ով արտահայտված ԳՀՓԿՄ համաշխարհային առաջատարը Հարավային Կորեան էր՝ ավելի քան 4.0%, որին հաջորդում են Իսրայելը (3.93%, մինչ 2014թ.՝ աշխարհի առաջատարը), Ֆինլանդիան, Շվեդիան և Ճապոնիան։

ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱՊԱՏԿԵՐԸ (545 KB)
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր