• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2017

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Մարդկային կապիտալ հասկացության շուրջ

Հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն նախապայմանը նրա մարդկային կապիտալի (ՄԿ) և մտավոր ներուժի առկայությունն է։ Մարդկային կապիտալը (Human Capital) հասարակության մտավոր, ֆիզիկական, բնական, առողջապահական և այլ ռեսուրսների հավաքական ամբողջությունն է: Ազգաբնակչության բարեկեցության ապահովման տեսանկյունից, թերևս, էական նշանակություն չունեն առկա մարդկային ռեսուրսների քանակական ծավալները: Քիչ չեն այն ազգերն ու պետությունները, որոնք տիրապետում են թվաքանակով մեծ մարդկային ռեսուրսների, այնուհանդերձ, այդ ռեսուրսների անարդյունավետ կառավարման հետևանքով կանգնել են տնտեսական և քաղաքական լուրջ հիմնախնդիրների առջև: Կրթության, գիտության ոլորտում անհրաժեշտ և համարժեք ներդրումների իրագործման հարցում պետության և հասարակության փոխհամաձայնությամբ մշակված ռազմավարությունը հնարավորություն է տալիս առկա ՄԿ կիրառությունից անկնալել որակական հետադարձ արդյունք:

Առաջին անգամ «մարդկային կապիտալ» եզրը կիրառել է ամերիկացի տնտեսագետ Թեոդոր Շուլցն իր տեսությունում, 1961թ.։ Նա ընդգծում էր կրթական կապիտալի՝ որպես ՄԿ առանցքային բաղադրիչի, կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում: Ամերիկացի տնտեսագետը հետազոտություններ էր իրականացնում՝ պարզելու հետպատերազմյան շրջանում (Երկրորդ աշխարհամարտից հետո) Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսության արագ տեմպերով վերականգնման պատճառահետևանքային կապերը: Նա եկավ այն եզրահանգման, որ Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսությունների արագ վերականգնման հանգամանքը պայմանավորված էր կրթված և առողջ բնակչություն ունենալու իրողությամբ, քանի որ, ըստ նրա, կրթությունը մարդկանց դարձնում է առավել արտադրողական և ստեղծագործ: 1960թ. «Քաղաքական տնտեսության հարցեր» ամսագրում տպագրված «Կապիտալի ստեղծումը կրթության շնորհիվ» (Capital Formation by Education) հոդվածում տնտեսագետը ներկայացրել է աշխատուժի արժեքի վերաբերյալ իր գնահատականները, որտեղ հաշվարկվում էին կրթության համար նախատեսվող ծախսերը1: Ամերիկացի տնտեսագետ Գարի Բեքերը 1960-ականներին զարգացրեց ՄԿ-ի վերաբերյալ շուլցյան տեսության հիմնադրույթները՝ հիմնավորելով ՄԿ-ում ներդրումների անհրաժեշտությունը հասարակության կենսամակարդակի բարձրացման գործում: 1962թ. լույս տեսավ Բեքերի «Ներդրումները մարդկային կապիտալում. տեսական վերլուծություն» հոդվածը, իսկ 1964թ. նա գրեց «Մարդկային կապիտալ. տեսական և էմպիրիկ վերլուծություն» գիրքը, որտեղ կարևորվում էր կրթական կապիտալի բաղադրիչը: Բեքերը ԱՄՆ օրինակով հաստատում էր, որ Միացյալ Նահանգներում ՄԿ-ում ներդրումները կարող են ապահովել եկամտաբերության առավել բարձր ցուցանիշներ, քան դա կարելի է ակնկալել արժեթղթերում իրականացվող ներդրումներից2: Ըստ նրա տեսության, ՄԿ հաշվարկում գործարարության արդյունավետության ապահովման տեսանկյունից ՄԿ կրթական բաղադրիչն առանձնացվում էր որպես անկյունաքարային դրույթ՝ ընդգծելով տվյալ ձեռնարկության զարգացման համար յուրաքանչյուր աշխատակցի կրթության և մասնագիտական ուսուցման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը3:

Ազգային մարդկային կապիտալ

ՄԿ տեսության մեջ առանձնացվում է ՄԿ երկու հիմնական տեսակ՝ անհատական մարդկային կապիտալ և ազգային մարդկային կապիտալ: 1970-80-ականներից սկսած՝ շեշտակի տեմպերով ընթացող արդյունաբերականացման գործընթացները, որտեղ մարդկային ռեսուրսների հարցում առաջնային էին համարվում բնական, ֆինանսական և նյութական ասպեկտները, վերափոխակերպվեցին որակապես առավել բարձր աստիճանակարգի՝ մարդկային ռեսուրսներում առանցքային նշանակություն տալով կրթությանն ու տեղեկատվությանը4: Հետագայում ՄԿ հասկացության ձևակերպման շրջանակներն է՛լ ավելի ընդլայնվեցին: Համաշխարհային բանկի փորձագետները վերջին զեկույցների հաշվարկներում ՄԿ գնահատման հարցում հիմնվում են այնպիսի չափորոշիչների վրա, ինչպիսիք են սննդի, բնակավայրի, կրթության, առողջապահության ուղղությամբ ընտանեկան և պետական ծախսերը: Արդյունքում՝ ՄԿ-ն սկսեց ընկալվել որպես պետության նորարարական և գիտելիքահեն տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նախապայման, որտեղ առանձնացվում էր անհատն իր մտավոր և այլ ռեսուրսներով՝ որպես հասարակության ՄԿ զարգացում ապահովող կարևորագույն սուբյեկտ: Այստեղից էլ ՄԿ տեսությունում առաջ եկավ անհատական ՄԿ հասկացությունը:

ՄԿ տեսություններում առանձնացվում էր նաև ազգային ՄԿ հասկացությունը, որը տվյալ հասարակության ազգային հարստության հիմնական բաղկացուցիչն է: Ազգային ՄԿ-ն ներառում է տվյալ պետության և հասարակության քաղաքական, սոցիալ-տնտեսական կապիտալը, ազգային մտավոր ռեսուրսները, ազգային մրցունակության առավելությունները և ժողովրդի բնական պոտենցիալը: Ազգային ՄԿ-ն հաշվարկվում է նրա արժեքայնության ցուցիչով: Ազգային ՄԿ-ն կազմում է յուրաքանչյուր զարգացող երկրի ընդհանուր հաշվարկով ազգային հարստության ավելի քան կեսը, իսկ զարգացած երկրների համար՝ վերջիններիս ազգային հարստության ավելի քան 70-75%-ը: Աշխարհի տարբեր երկրների Ազգային ՄԿ արժեքը, ծախսատարության մեթոդաբանության հաշվարկի հիման վրա, գնահատվել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հաշվարկներում օգտագործվում են ՄԿ բաղկացուցիչ մասերի գնահատականներն ըստ պետության, ընտանիքի, գործարարների և այլ ծախսերի հաշվարկների, որոնք հնարավորություն են տալիս սահմանել ՄԿ վերարտադրմանն ուղղված հասարակության տարեկան ընթացիկ ծախսերը: Այդ փորձագիտական գնահատականների համաձայն, 20-րդ դարի վերջերին ՄԿ համաշխարհային արժեքը հաշվվում էր $365 տրլն, ինչը կազմում էր համաշխարհային հարստության 66%-ը: ԱՄՆ ՄԿ արժեքը կազմում էր $95 տրլն կամ երկրի ազգային հարստության 77%-ը, կամ համաշխարհային ՄԿ արժեքի 26%-ը: Չինաստանի ՄԿ արժեքը հաշվվում էր $25 տրլն, որը կազմում էր երկրի ազգային հարստության 77%-ը կամ համաշխարհային ՄԿ ընդամենը 7%-ը: Ռուսաստանի ՄԿ արժեքը հաշվարկվում էր $30 տրլն, ինչը կազմում էր երկրի ազգային հարստության 50%-ը կամ համաշխարհային ՄԿ 8%-ը:

Նշենք, որ ՄԿ ցածր ցուցանիշների պարագայում բարձր տեխնոլոգիական ոլորտում անհրաժեշտ ներդրումների իրագործումը չի կարող ապահովել հետադարձ դրական արդյունք: Այս պարագայում ՄԿ տեսության մեջ առանձնացվում է բացասական ՄԿ հասկացությունը, երբ ՄԿ ոլորտում իրականացված ներդրումները չեն կարողանում ապահովել ակնկալվող դրական արդյունքները: Բացասական ՄԿ կուտակման գործում զգալի բացասական ազդեցություն ունեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են կոռուպցիան, ստվերային տնտեսությունը և այլն: Կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում է ՄԿ թիրախավորմանը ներդրումների իրագործման առումով: Բացասական ՄԿ ուղղությամբ իրականացված ներդրումները, երբ փորձ է արվում կրթել այն անհատներին կամ հասարակության այն խմբերին, որոնք ընկալունակ չեն փոփոխությունների նկատմամբ և չեն կարող տալ ակնկալվող կրթական արդյունքներ, ունենում են բացասական և որոշ դեպքերում՝ անդառնալի ազդեցություն Ազգային ՄԿ կուտակման գործընթացում: Մեր ժամանակներում ՄԿ տեսակներից բավական տարածված է այսպես կոչված պասիվ ՄԿ-ն, որն անհրաժեշտ ներդրումների պարագայում չի կարող ապահովել ակնկալվող դրական ազդեցություն երկրի տնտեսության զարգացման կամ հասարակության բարեկեցության ապահովման տեսանկյունից, քանի որ ռեսուրսները վատնում է սեփական նյութական պահանջարկը բավարարելու համար:

Մտավոր կապիտալ և «ուղեղների արտահոսք»

Աշխարհի առաջատար երկրներում զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվում գիտության և կրթության զարգացմանը։ Industrial Research Institute և R&D Magazine ասմագրի կողմից վերջերս հրապարակված «2016թ. գիտության և հետազոտությունների համաշխարհային կանխատեսումները» (2016 Global R&D Funding Forecast) զեկույցում մասնավորապես նշվում է, որ վերջին տարիներին համաշխարհային մակարդակով գիտության և հետազոտությունների ֆինանսավորման ծավալներն աճման միտում ունեն։ Զեկույցում ներառված են գիտությանը և հետազոտություններին ֆինանսական հատկացումների հաշվարկով առաջատար 40 երկրները, որոնց ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը։ 2014թ. ԱՄՆ գիտության և հետազոտությունների համախառն ներքին ծախսերը (GERD-Gross Domestic Expenditure on R&D) կազմել են $485 մլրդ (ՀՆԱ 2,78%), 2015թ.՝ $497 մլրդ։ 2016թ. դրությամբ ԱՄՆ գիտության և հետազոտությունների համախառն ներքին ծախսերը շեշտակի աճել են՝ կազմելով շուրջ $514 մլրդ։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը, որի գիտության և հետազոտությունների համախառն ներքին ծախսերը 2016թ. կազմել են $396 մլրդ (ՀՆԱ 1,98%-ը)։ Ի դեպ, Չինաստանի ցուցանիշները շեշտակի աճել են վերջին տարիների կտրվածքով։ 2016թ. Ռուսաստանը գտնվում էր ցուցակի 8-րդ հորիզոնականում՝ $51 մլրդ (ՀՆԱ 1,5%)։ 2016թ. Թուրքիան զեկույցի 18-րդ հորիզոնականում էր՝ համապատասխանաբար շուրջ $14 մլրդ (ՀՆԱ 0,86%)5:

Միջազգային գլոբալացման պայմաններում համաշխարհային միգրացիոն գործընթացներն էական ազդեցություն են թողնում ազգ-պետություններում մարդկային կապիտալի պահպանման և զարգացման հարցերի վրա: Առավել խնդրահարույց է համաշխարհային միգրացիոն հոսքերի ազդեցության համատեքստում երկրների ՄԿ և հատկապես վերջինի մտավոր կապիտալի կուտակման ու վերարտադրման հիմնահարցը: Ինչպես ցույց են տալիս միջազգային հետազոտությունները, զարգացող երկրների քաղաքական վերնախավերը, որպես կանոն, լուրջ խնդրի առջև են կանգնում տեղի բնակչության մտավոր կապիտալի կուտակման և զարգացման գործում, քանի որ բարձրորակ մասնագետներից շատերը ձգտում են իրենց մտավոր ռեսուրսները ներդնել առավել զարգացած և բարեկեցիկ միջավայր ունեցող երկրներում։ Տվյալ պետության ՄԿ և նրա մտավոր ռեսուրսների վերարտադրողականության ցիկլի պահպանման գործընթացը պայմանավորված է տվյալ երկրի բնակչության բարեկեցության ընդհանուր մակարդակով, առկա քաղաքական ինստիտուտների կայացածությամբ, ինչպես նաև հասարակության ազգային բարոյահոգևոր, արժեքաբանական ընդհանուր ընկալումներով և կողմնորոշումներով:

Մասնագիտական գրականությունում բավական շատ է հանդիպում ազգային մտավոր կապիտալ հասկացությունը։ Նկատի է առնվում տվյալ ազգ-պետությունում մտավոր ռեսուրսների ամբողջությունը (նյութական և հոգևոր արդյունքները)։ Նշենք, որ համաշխարհային ՏՏ ոլորտի թռիչքաձև զարգացման ներկա տեմպերի պայմաններում հատկապես խոցելի են դարձել ազգային մտավոր կապիտալի պահպանումն ու զարգացումն առաջին հերթին փոքր ազգ-պետությունների համար։ Զարգացած երկրների պարագայում ազգային մտավոր կապիտալ հասկացության շրջանակներն առավել ընդգրկուն են և ներառում են նաև այլ երկրներում այս կամ այն ոլորտում ներդրված իրենց մտավոր կապիտալի մի հատվածը։

«Ուղեղների արտահոսք». պատճառներն ու հետևանքները

Պետությունից մտավոր կապիտալի «արտագաղթին» կամ ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում՝ «ուղեղների արտահոսքին» (brain drain) կարող են նպաստել միջազգային, ինչպես նաև ներպետական նշանակության քաղաքական կամ տնտեսական կատակլիզմները։ Հասարակության մտավոր ներուժի արտահոսքը, որպես կանոն, էական ազդեցություն է ունենում տվյալ երկրի տնտեսության զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման հարցերի վրա: Երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ-կրիտիկական մտավոր ռեսուրսների բացակայությունը կարող է երկիրը կանգնեցնել տնտեսական և քաղաքական լուրջ ճգնաժամերի շեմին: Հասարակության մտավոր ներուժը, լինելով պետության տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմանը, տրամաբանորեն առանցքային դերակատարություն ունի նաև երկրի ֆինանսական կապիտալի ձևավորման և կուտակման գործում: Հետևաբար, երկրից «ուղեղների արտահոսքը» զրկում է տվյալ հասարակությանը ոչ միայն արժեքավոր ՄԿ-ից և, առավել ևս, նրա մտավոր ռեսուրսներից, այլև նպաստում է ֆինանսական ազգային կապիտալի դուրսմղմանն արտերկիր և դրա ներդրմանն այլ երկրներում: Միջազգային փորձագիտական գնահատականներով, յուրաքանչյուր բարձրորակ մասնագետի արտագաղթի հետևանքով պետության տնտեսության համընդհանուր կորուստները (մտավոր, նյութական-ֆինանսական), ներառյալ կողմնակի, ածանցյալ կորուստները, կարող են գնահատվել մինչև $1մլն6: Ինչպես ցույց են տալիս միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն) փորձագիտական գնահատականները, «ուղեղների արտահոսքից» զգալիորեն տուժում են հատկապես փոքր տնտեսությամբ զարգացող երկրները: Լինդսի Լոուելի, Ալան Ֆինդլիի և Էմմա Սթյուարթի՝ 2004թ. հրապարակված հիմնարար հետազոտությունում (Brain Strain: Optimising Highly Skilled Migration From Developing Countries) փորձագետները եկան այն եզրահանգման, որ բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող գրեթե յուրաքանչյուր 10-րդ անհատ, որպես կանոն, ծնվել է զարգացող երկրում, իսկ զարգացող երկրներում ծնված գիտնականների և ինժեներների 30-50%-ը բնակվում և աշխատում է աշխարհի զարգացած երկրներում7: Այլ տվյալներով, այդ ցուցանիշները, պայմանավորված տարածաշրջանային քաղաքական կամ տնտեսական խոր ճգնաժամերով, հասնում են մինչև 55-60%-ի:

Մասնագիտական գրականությունում ընդունված է նաև կիրառել «ուղեղների վատնում» (brain waste) հասկացությունը, որը հատուկ է զարգացող շուկայական հարաբերություններ ունեցող պետություններին: Այդ հասկացությունը բնութագրում է մի իրավիճակ, երբ երկրի տնտեսությունը չի կարողանում ամբողջությամբ ներգրավել հասարակությունում առկա մտավոր բոլոր ռեսուրսները, ինչի հետևանքով մտավոր ներուժի ձևավորման և զարգացման գործում պետության կողմից իրականացված հսկայածավալ երկարաժամկետ նյութական, ֆինանսական ներդումների մի հատված ուղղակի «փոշիանում» է: «Ուղեղների վատնման» երևույթը կարող է պայմանավորված լինել տվյալ պետության աշխատաշուկայի սահմանափակ լինելու հանգամանքով:

«Ուղեղների արտահոսքի» զսպման մեխանիզմները

Որոշ զարգացող երկրներ ազգային մտավոր ներուժի պահպանման և «ուղեղների արտահոսքի» զսպման նպատակով ընդունել են բարձրորակ մասնագետների արտագաղթը սահմանափակող իրավական դրույթներ: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման սահմանափակումներն այնքան էլ արդյունավետ չեն «ուղեղների արտահոսքի» կանխման համար և, որպես կանոն, պետություններին հանգեցնում են տնտեսական ու քաղաքական առավել խորքային խնդիրների առջև։ Հարցն այն է, որ «ուղեղների արտահոսքը» միանշանակ չի ենթադրում բարձրորակ մասնագետների ֆիզիկական արտագաղթ երկրից։ Ներկա տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մտավոր ռեսուրսները կուտակել կամ ներդնել այլ երկրների տնտեսական միջավայրում՝ առանց մտավոր ներուժի ֆիզիկական արտագաղթի: Մյուս կողմից, «ուղեղների արտահոսքի» հետ այս կամ այն չափով բախված զարգացող երկրներից շատերը փորձում են իրավական, տնտեսական բարեփոխումների միջոցով երկրում տնտեսական-քաղաքական դրական միջավայր ապահովել՝ ազգային մտավոր կապիտալի զարգացման նպատակով: Խնդրի կարգավորման հիմնական տարբերակներից մեկը վերաբերում է այսպես կոչված «ուղեղների փոխանակման» երևույթին, որի համաձայն՝ տվյալ պետությունը փորձում է ոչ թե վերադարձնել ազգային մտավոր կապիտալը, այլ օտար երկրի կամ երկրների հետ իրականացնել մտավոր ռեսուրսների փոխանակման ծրագրեր: Սակայն, ի տարբերություն ազգային մտավոր կապիտալի, այլ երկրների հետ մտավոր ռեսուրսների փոխանակման ծրագրերը, որպես կանոն, չեն կարողանում ապահովել տնտեսությունում օտարերկրյա մտավոր ներուժի ներգրավումից ակնկալվող արդյունքները, որի հիմնական պատճառներից են օտարերկրյա մտավոր կապիտալի ներդրման բարձր վարձատրության ֆինանսական պահանջները: Վերջին հանգամանքն առավել բնորոշ է զարգացած երկրներից դեպի զարգացող տնտեսություններ օտարերկրյա մտավոր կապիտալի ներգրավման դեպքերին:

Զարգացող երկրներում հաճախ կարելի է հանդիպել ազգային մտավոր կապիտալի ներդրման մեկ այլ տարածված մոդելի, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես «ուղեղների արտահանում» (brain export) կամ «ուղեղների շրջանառություն» (brain circulation)8: Ըստ այդ մոդելի, տվյալ պետությունում ստեղծելով տեղական կրթական հիմնադրամ և ներգրավելով ազգային մասնավոր (հազվադեպ նաև՝ պետական) ֆինանսական զգալի կապիտալ՝ ազգային մտավոր ռեսուրսների մի հատված ուղարկվում է արտերկիր՝ ուսուցման, վերաորակավորման նպատակով: Մոդելն իր առջև խնդիր է դնում ուսուցման արդյունքում արտերկրից վերադարձնել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած, վերապատրաստում անցած ազգային մտավոր ներուժի այդ հատվածը և այն ներդնելով տեղի տնտեսությունում՝ ստանալ ակնկալվող բարձր արդյունավետություն: Սակայն զարգացող երկրներում այս մոդելը հիմնականում ձախողվում է, քանի որ այդ մտավոր ներուժի ճնշող մեծամասնությունը, որպես կանոն, չի վերադառնում հայրենիք, նախընտրում է իր մասնագիտական հնարավորությունները ներդնել առավել բարեկեցիկ երկրում և դրանով իսկ «փոշիացնում» է ազգային մտավոր կապիտալի կրթության ապահովման վրա ներդրված հսկայածավալ ազգային ֆինանսական և նյութական միջոցները: «Ուղեղների շրջանառության» մոդելը կարող է արդյունավետ լինել գլխավորապես զարգացած տնտեսություններ ունեցող երկրների պարագայում, որոնք, մի կողմից, հնարավորություն են ստանում զարգացնելու արտերկրում իրենց ազգային մտավոր կապիտալը և բարձրացնելու վերջինիս վարկանիշը, մյուս կողմից՝ ամրապնդում են համագործակցությունն արտերկրի մտավոր ներուժի հետ: Զարգացած երկրները, որտեղ գիտության և հետազոտությունների վրա ծախսվում են զգալի ֆինանսական միջոցներ, կարողանում են գրավիչ միջավայր ապահովել արտերկրից օտարազգի մտավոր կապիտալի ներկրման հարցում, որն առավել հայտնի է այսպես կոչված «ուղեղների ներհոսք» (brain gain) հասկացությամբ։ Արտերկրից «ուղեղների ներհոսքի» ապահովման հարցում զգալի հաջողություններ են արձանագրել Միացյալ Նահանգները, Կանադան, եվրոպական առաջատար երկրները (Գերմանիա, Մեծ Բրիտանիա):

Հայաստանի մարդկային և ազգային մտավոր կապիտալը

Հայաստանում ՄԿ հարցի հետ կապված՝ առկա են ինչպես քանակական, այնպես էլ որակական լուրջ խնդիրներ: Ինչպես հաստատում են վիճակագրական տվյալները, Հայաստանից մարդկային ռեսուրսների և հատկապես ուղեղների կայուն արտահոսքի հիմնահարցը կրիտիկական նշանակություն ունի երկրի անվտանգության տեսանկյունից: Մյուս կողմից, երկիրը կանգնել է բարձրորակ կադրային ռեսուրսների թվաքանակի նվազագույն շեմի ապահովման խնդրի առջև: Ունենալով սահմանափակ մտավոր ՄԿ՝ երկրում շեշտադրումները կատարվում են տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացման վրա, որոնք, որպես կանոն, չեն պահանջում մտավոր-ստեղծագործական ռեսուրսներ: Դա են փաստում միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների փորձագիտական գնահատականները (օրինակ, «Ձախողված երկրների ինդեքսը» զեկույցը), որոնց համաձայն՝ Հայաստանում մտավոր ռեսուրսների կայուն արտահոսքին զուգահեռ, զգալի ուշադրություն է դարձվում սպասարկման և ոչ արտադրողական ծառայությունների ոլորտների զարգացմանը: Չունենալով բնական խոշոր և եկամտաբեր ռեսուրսներ՝ Հայաստանում էլ ավելի է շեշտադրվում ՄԿ մտավոր-ստեղծագործական պոտենցիալի զարգացման հիմնահարցը՝ որպես երկրի բարեկեցության ապահովման կարևոր երաշխիք: Նման իրավիճակում բավական սուր է դրված ՄԿ կուտակման և հետագա վերարտադրողականության հարցը, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ լուծում պահանջող համարժեք և միևնույն ժամանակ ոչ ստանդարտ կիրառական քայլեր:

Ինչպես վերը նշվեց, «ուղեղների արտահոսքն» առավել խոցելի է հատկապես զարգացող և փոքր ծավալների շուկայական տնտեսությամբ երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է: Կարելի է հաստատապես ասել, որ խորհրդային կարգերի ժամանակաշրջանում Հայաստանի մտավոր ներուժն իրապես ունեցավ թռիչքային զարգացում, ինչի արդյունքում խորհրդային ամբողջ տարածքում Հայաստանը ԽՍՀՄ մտավոր-գիտական կապիտալի համընդհանուր մասնաբաժնում Մոսկվայից հետո արձանագրում էր լավագույն ցուցանիշները՝ Ուկրաինայի և Բելառուսի կողքին: Խորհրդային կարգերի փլուզումը խորքային ազդեցություն թողեց նաև Հայաստանի ազգային մտավոր կապիտալի պահպանման վրա: Սկիզբ առած ղարաբաղյան պատերազմը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքական և տնտեսական շրջափակումն էապես խթանեցին Հայաստանից «ուղեղների արտահոսքը», ինչի հետևանքով երկիրը կանգնեց քաղաքական և տնտեսական ճգնաժամի առջև:

Ներկայում ևս Հայաստանը կանգնած է ազգային մտավոր կապիտալի կուտակման և վերարտադրման լուրջ խնդրի առջև, որն արգելակում է երկրում իրականացվող քաղաքական, տնտեսական բարեփոխումների գործընթացը: Մյուս կողմից, Հայաստանում գիտության ոլորտի պետական և մասնավոր ֆինանսավորման բավական ցածր ցուցանիշներն իրենց հերթին նպաստեցին երկրում մտավոր կապիտալի մեկ այլ կարևոր հատվածի դուրսմղմանը դեպի երկրի տնտեսության ոչ մտավոր-ստեղծագործական գործունեության դաշտ, հիմնականում՝ առևտրի և հանրային ծառայությունների սպասարկման ոլորտներ: Մասնագիտական գրականությունում այս երևույթն առավել հայտնի է որպես «ուղեղների ներքին արտահոսք», երբ փոխվում է ոչ թե երկիրը, այլ գործունեության բնույթը կամ միջավայրը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2015թ. դրությամբ կազմում էր ընդամենը 5044 գիտաշխատող, որից 4164-ը հետազոտողներ և տեխնիկներ էին, մնացածը՝ օժանդակ անձնակազմ։ Դժվար է չհամաձայնել, որ այս ցուցանիշները, մեղմ ասած, բավական համեստ են և, դժբախտաբար, համահունչ են երկրում գիտության զարգացման ներկա տեմպերին։ Ինչպես ցույց է տալիս համեմատական վիճակագրությունը, գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը վերջին տարիներին նվազման միտում է արձանագրել։ Եթե 2011թ. ոլորտում ներգրավված էր շուրջ 5718 գիտաշխատող, իսկ 2013թ.՝ 5230, ապա 2015թ., ինչպես արդեն նշվեց, գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը հաշվվում էր 5044։ Նշենք նաև, որ 2014թ. գրանցվել է ցուցանիշի շեշտակի աճ՝ 5627, որը կտրուկ նվազել է արդեն հաջորդ տարվա արդյունքներում9։

2009թ. իրականացված Gallup սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, արտերկրում ժամանակավոր աշխատանքի, ուսուցման կամ մշտական բնակություն հաստատելու ցանկություն հայտնած քաղաքացիների ամենաբարձր ցուցանիշները ԱՊՀ տարածքում արձանագրվել են Հայաստանի պարագայում։ Հայաստանի հետ մասամբ համադրելի են Մոլդովայի արդյունքները։ Այսպես, արտերկրում ժամանակավոր աշխատանք գտնելու համար արտերկիր տեղափոխվելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի բնակչության 44%-ը, ուսուցման նպատակով՝ բնակչության 39%-ը։ Հնարավորության դեպքում արտերկրում մշտապես բնակվելու ցանկություն է հայտնել Հայաստանի բնակչության 39%-ը10։

Տարբեր երկրներ հասարակության մտավոր ռեսուրսների զարգացման գործում ներգրավել են նաև իրենց սփյուռքի մտավոր հնարավորությունները։ Հայաստանն աշխարհի թվաքանակով քիչ երկրներից է, որն ունի բավական ազդեցիկ սփյուռք: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանում ազգային մտավոր կապիտալի զարգացման հարցում երկրի իշխանությունները տարբեր ծրագրերի շրջանակներում փորձել են ներդնել նաև հայկական սփյուռքի մտավոր ռեսուրսները: Սփյուռքի մտավոր ներուժը նույնպես հայության ազգային մտավոր կապիտալի կարևորագույն բաղկացուցիչ մասն է: Հայաստանի խնդիրն է՝ կարողանալ երկրում ձևավորել բարենպաստ միջավայր հայության մտավոր կապիտալի ներհոսքի ապահովման և արդյունավետ ներդրման գործընթացի համար: Մինչև վերջին տասնամյակներն առհասարակ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, սփյուռք-պետություն փոխհարաբերությունների համատեքստում առաջնային նշանակություն է տրվել ֆինանսական ազգային կապիտալի կուտակմանը՝ որպես երկրի տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման: Վերջին տասնամյակներում, պայմանավորված նաև գիտատեխնոլոգիական շեշտակի առաջընթացի տեմպերով, աստիճանաբար առաջնակարգ նշանակություն է ստանում սփյուռքի մտավոր կապիտալը՝ որպես տվյալ պետության զարգացման գրավական: Այս տեսանկյունից, հայկական սփյուռքն իրապես բացառություն չէ, քանի որ դեռևս մեծ նշանակություն ենք տալիս հայկական համայնքների ոչ այնքան մտավոր, որքան ֆինանսական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության զարգացման գործին: Պետք է նկատել, որ թեև հայաստանյան իրականությունում հայկական սփյուռքի մտավոր ռեսուրսների ներդրման գործընթացը ֆինանսական կապիտալի համադրությամբ անհամեմատ բարդ է և խորքային, սակայն դրա իրացման պարագայում այն կարող է ենթադրել ակնկալվող արդյունքների բարձր արդյունավետություն և երկարաժամկետ հեռանկարներ:

Հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ թեև հայկական սփյուռքը տիրապետում է զգալի մտավոր կապիտալի, սակայն այսօր բավական բարդ է սահմանել կամ հստակեցնել՝ այդ մտավոր կապիտալի ո՞ր մասն է համարվում ազգային, որը՝ ոչ։ Իհարկե, առաջին հայացքից և, թերևս, թյուրիմացաբար կարելի է հաստատել, որ ազգային մտավոր կապիտալի այդ հատվածի կրողները մեր հայրենակիցներն են, հետևաբար՝ կապիտալը նույնպես հայկական է։ Այն դեպքում, երբ այստեղ առաջնային խնդիրը պարզելն է, թե որքանով է հայկական սփյուռքի մտավոր կապիտալը մասնակցում Հայաստանի և համայն հայության ազգային մտավոր կապիտալի կուտակման և զարգացման գործին։ Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ սփյուռքահայության մտավոր կապիտալի մեծ հատվածը ներդրվում է բնակության երկրի տնտեսություններում, և թերևս բավական քիչ ծավալն է բաժին հասնում Հայաստանի ու հայության ազգային կապիտալին:

Սակայն այս հարցում կա նաև հուսադրող գործոն, այն է՝ ինչպես արդեն նշեցինք, մերօրյա տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների առաջընթացը մեծ հնարավորություններ է տալիս դեպի Հայաստան արտերկրի հայկական համայնքների մտավոր կապիտալի ներհոսքի ապահովման հարցում՝ առանց այդ մտավոր կապիտալը կրողների ֆիզիկական ներգաղթի: Այս ուղղությամբ անհրաժեշտ հնարավոր գործնական քայլերից պետք է համարել հայաստանյան և արտերկրի հայկական համայնքների միջև գիտատեխնոլոգիական, կրթական համատեղ միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրերի (հեռահար ուսուցում, ներդրումներ ՏՏ ոլորտում և այլն) նախաձեռնումը, որը կշահագրգռի առաջին հերթին սփյուռքի մեր հայրենակիցներին իրենց գիտական, կրթական կապիտալը մասնակիորեն ուղղել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

1 http://efbgu.narod.ru/stud/files/ebook/nobel/17_schultz.pdf

2 http://seinst.ru/page289/

3 https://www.hse.ru/data/2011/04/22/1210713272/Korchagin%20Russian%20Human%20Capital%20Assets.pdf

4 http://gtmarket.ru/files/article/5282/Human_Capital_The_Content_and_Types_Evaluation_and_Stimulation.pdf

5 Industrial Research Institute. 2016 Global R&D Funding Forecast, http://www.iriweb.org

6 http://gtmarket.ru/laboratory/expertize/2008/1653

7 http://gtmarket.ru/laboratory/expertize/2008/1653

8 http://gtmarket.ru/laboratory/expertize/2008/1653

9 http://armstat.am/file/doc/99499403.pdf

10 http://www.gallup.com/poll/141746/million-cis-migratetemporarily-work-study.aspx

Փետրվար, 2017թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր