
ԿԻԲԵՌՏԱՐԱԾՔ ԵՎ ԿԻԲԵՌՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Գլոբալ դերակատարում ձեռք բերած համացանցը և նրա հետ համակցված թվային տեխնոլոգիաները ձևավորել են նոր միջավայր՝ կիբեռտարածք1, որի տակ հասկացվում է այն համակարգչային-համացանցային երևակայական, վիրտուալ դաշտը, որտեղ անձը կորցնում է իրական և արհեստական կառուցված աշխարհները տարբերելու ունակությունը։
Այլ տեսանկյունից են մեկնաբանում այդ եզրը ռազմական ոլորտի փորձագետները, համաձայն որոնց՝ կիբեռտարածք ասելով հասկացվում է «փոխկապակցված տեղեկատվական–տեխնոլոգիական ենթակառուցվածքների ցանց, որը ներառում է համացանցը, հեռահաղորդակցման և համակարգչային համակարգերն ու նրանց մեջ ներառված պրոցեսորները»2։
Նկատենք, որ կիբեռ եզրի հաստատվելը ՏԱ բառապաշարում պատահական չէ, քանի որ կիբեռնետիկան (հունարեն՝ կառավարման արվեստ) ենթադրում է գիտության այն ոլորտը, որտեղ ուսումնասիրում են կառավարման բարդ համակարգերում (լինեն դրանք մեքենաներ, կենդանի օրգանիզմներ կամ մարդկային հանրություններ) տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, պահելու և վերամշակելու խնդիրները։
Համացանցային, թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված կիբեռտարածքն աննախադեպ մեծ հնարավորություններ է ընձեռում մարդկային շփման ու տեղեկատվության փոխանակման համար, և այդ տեսանկյունից մարդկության զարգացման համար կարևորագույն գործոն է հանդիսանում։ Համաձայն որոշ հետազոտողների մոտեցումների, կիբեռտարածքում ընթացող գործընթացներին բնորոշ է յուրահատուկ գաղափարախոսություն՝ այսպես կոչված Netism (ցանցականություն), որի հենքը, հաշվի առնելով կիբեռտարածքում անձի զանազան ինքնարտահայտումների գրեթե անսահմանափակ հնարավորությունները, ծայրահեղականացված ազատականությունն է կամ այսպես կոչված հիպերլիբերալիզմը3։ Նման գաղափարական բովանդակություն ունեցող տարածքում իրական աշխարհի հետ կապը կորցրած անձը՝ homo virtualicus-ը, կարող է լիովին բավարարվել կիբեռտարածքի ընձեռած հնարավորություններով և չընկալել իրական աշխարհում տեղի ունեցողը [1]։ Թերևս այս հանգամանքով կարելի է բացատրել, որ կիբեռտարածքի «քաղաքացիների» պարագայում գրեթե չի գործում տոտալիտար համակարգերում գործող այն կանոնը, համաձայն որի, երբ մատուցվող քարոզչության բովանդակության և իրականության միջև տեղի է ունենում խզում, ապա հասարակությունը սկսում է այս կամ այն ձևով ըմբոստանալ տիրող համակարգի դեմ։ Այդ իսկ պատճառով լիովին «ազատականացված» homo virtualicus-ը կարող է հաճախ անտարբեր լինել իրական կյանքում հաստատվող տոտալ գաղափարների և բարքերի նկատմամբ ու չձեռնարկել որևէ ջանք դրանք փոխելու նպատակով։ Այս առիթով նշենք, որ վիրտուալ տարածքում այս կամ այն խնդրի վերաբերյալ հայտնվող «ֆեյքերը» ավելի քան անարդյունավետ են և ի լրումն ստանում են հերքող պատասխաններ տարաբնույթ բոտ-երի4 միջոցով։ Մինչդեռ հայտնի է, որ ցանկացած քաղաքական համակարգի համար հասարակական վերահսկումից դուրս գալը հղի է ծանր սոցիալական և քաղաքական հետևանքներով։
Ակնհայտ է, որ առանձին անհատների նման լայն իրավունքներն ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ հարթությունում, գրեթե անխուսափելիորեն ոտնահարում են այլոց իրավունքները։ Այդ պատճառով դժվար վերահսկելի այդ տարածքն այսօր հանդիսանում է հարթակ ոչ միայն օրենքի հետ երբեմն աղերս չունեցող ռազմաքաղաքական գործողությունների (որոնց դեռ կանդրադառնանք), այլև զուտ քրեական բնույթի արարքների համար, որոնք, չնայած իրենց այսպես կոչված վիրտուալականությանը, հանգեցնում են միանգամայն «նյութականացված» հետևանքների։
Վերոնշյալի համատեքստում նշենք, որ ներկայում շուրջ 130 երկրներում գործում են ցանցահենների կամ, ինչպես նրանց ընդունված է անվանել՝ հաքերների5 խմբեր, որոնք ամեն ամիս միլիոնավոր նոր վնասակար ծրագրեր են մշակում և տարեկան կատարում են մի քանի հարյուր միլիոն կիբեռհարձակում6: Դրանց նպատակն է ֆինանսական – տնտեսական վնաս պատճառել «պայմանական հակառակորդներին»՝ մրցակից բիզնես կազմակերպություններին, կամ էլ ուղղակի անձնական շահույթ ստանալ7։ Նման հարձակումներից ԱՄՆ-ը 2016թ. կորցրել է $108 մլրդ, Չինաստանը՝ $60 մլրդ, իսկ Գերմանիան՝ $58 մլրդ։ Իսկ ընդհանուր առմամբ համացանցային հանցագործությունների հետևանքով համաշխարհային տնտեսության վնասները 2016թ. կազմում են $575 մլրդ, սակայն արդեն 2017-ին սպասվում է, որ կիբեռգրոհների արդյունքում ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությանը կպատճառվի մոտ $1.0 տրլն-ի վնաս, ինչն էլ կկազմի համաշխարհային ՀՆԱ մոտ 2%-ը։ Նկատենք նաև, որ ներկայացված տվյալներում ներառված չեն այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են նման հարձակումներից պաշտպանվելու նպատակով [2]։
Բայց խնդիրը միայն այն չէ, որ կատարվում են զուտ ֆինանսական մեքենայություններ։ Կիբեռհարձակումները թույլ են տալիս շարքից դուրս բերել արդյունաբերական կառույցները. համաձայն «Կասպերսկու լաբորատորիայի» հրապարակած տվյալների, 2016թ. համաշխարհային արդյունաբերական ողջ համակարգի 27.5%-ում հայտնաբերվել են վնասակար ծրագրեր8։ Այս ոլորտում առանձնապես վտանգավոր են հարձակումները միջուկային ենթակառուցվածքների վրա։ Օրինակ, 2009-2010թթ. կազմակերպվեց կիբեռգրոհների շարք Իրանի միջուկային օբյեկտների վրա, որոնց կառավարման համակարգում ներմուծված «Stuxnet» տիպի վիրուսները ոչնչացրին ուրան հարստացնող շուրջ 1000 ցենտրիֆուգ։ Ակնհայտ է, որ նման հարձակումների կարող են ենթարկվել, մասնավորապես, նաև ատոմակայանները, ինչը կարող է հանգեցնել հումանիտար և էկոլոգիական աղետների։ Հատկանշական է, որ ինչպես 1986թ. Չեռնոբիլի, այնպես էլ ավելի ուշ՝ 2011թ. ճապոնական Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ներում պատահած վթարների պատճառը, համաձայն որոշ վարկածների9, այլ երկրների կողմից կատարված նպատակաուղղված գործողություններն են։
Ինչպես տեսնում ենք, կիբեռհարձակումները դարձել են տարածված երևույթ, և տրամաբանական է, որ ընձեռված հնարավորություններից լայնորեն օգտվում են նաև քաղաքական ոլորտում։ Կիբեռգործողությունները և դրանց համակարգված համախումբը՝ կիբեռպատերազմները (այսպես կոչված պատերազմի հինգերորդ ոլորտը՝ ցամաքից, ծովից, օդից և տիեզերքից հետո), թույլ են տալիս, մասնավորապես, մեծ արդյունավետությամբ ներազդել պայմանական հակառակորդի հիմնական կրիտիկական ենթակառուցվածքի՝ կառավարման համակարգի վրա։ Այսպիսով, չնայած տեխնոլոգիական յուրահատկություններին, բովանդակային առումով կիբեռգործողությունները և կիբեռպատերազմներն ընդհանրական տեղեկատվական գործողությունների ու պատերազմների մասն են կազմում և ենթարկվում են համապատասխան դասական սահմանումներին [3]։
Միևնույն ժամանակ, կիբեռտարածքում ընթացող պատերազմները, շնորհիվ իրենց, ինչպես արդեն նշել ենք, «նյութականացված» արդյունքների, ավելի զորեղ են ազդում աշխարհաքաղաքական զարգացումների վրա, քան իրական հարթությունում կատարվող տեղեկատվական գործողությունները։ Նման իրողությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ խիստ դժվար է պարզել, թե ովքեր են կիբեռգործողություններ իրականացնողները. հայտնի է, որ այսօր բացահայտվում է կիբեռհանցագործությունների ընդամենը 3-4%-ը։ Սակայն անգամ բացահայտումից հետո պետք է հաշվի առնել, որ կոնկրետ հաքերային խմբավորումը կարող է ենթարկվել կամ ուղղորդվել ոչ միայն պետական հատուկ նշանակության ծառայությունների և կառույցների կողմից։ Հաճախ այդ հաքերները կատարում են ոչ պետական կազմակերպությունների պատվերը կամ էլ գործում են անկախ՝ հետևելով իրենց համոզմունքներին և պատկերացումներին։ Բոլոր պարագաներում պետք է արձանագրել, որ կիբեռգործողություններ կատարողների և դրանց պատվիրատուների նույնականացումն անհամեմատ ավելի դժվար խնդիր է, քան ավանդական տեղեկատվական գործողությունների պարագայում:
Այս վերջին հանգամանքները մեծ հնարավորություններ են ստեղծում տարաբնույթ քաղաքական շահարկումների համար, և արդյունքում նման հարձակումները հանգեցնում են լարվածության անգամ խոշոր տերությունների հարաբերություններում։ Դրա վկայություններից է, օրինակ, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրացումը՝ պայմանվորված 2016թ. ամերիկյան նախագահական ընտրություններում «ռուսական հաքերների» կողմից կատարված «միջամտություններով»։ Այդ միջադեպը փաստացի չհաստատվեց, սակայն որոշակի քաղաքական կողմնորոշումներ ունեցող ԶԼՄ-ի կողմից բուռն արձագանքի շնորհիվ հասարակությունում ձևավորված մթնոլորտն առիթ տվեց ԱՄՆ վարչակազմին արտաքսել երկրից ռուս դիվանագետների մի մեծ խմբի (տե՛ս, օրինակ՝ [4])։
Տեղեկատվական համալիր գործողություններով պայմանավորված վերոնշյալ և բազում նման քաղաքական զարգացումների թիվն արդի ժամանակահատվածում շեշտակի աճում է (տե՛ս, օրինակ՝ [5,6])։ Արդյունքում՝ երբեմն որոշ ոչ պետական կառույցներ, ելնելով իրենց կորպորատիվ շահերից, կարող են իրագործել համալիր տեղեկատվական գործողություններ, որոնք կարող են ուղղորդել այս կամ այն երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշումները, մինչդեռ անցյալում համարվում էր, որ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը պետական կառույցների մենատիրությունն է։ Այս իրողություններից ելնելով՝ որոշ փորձագետներ հակված են կարծել, որ արդի ժամանակաշրջանում ոչ թե «պատերազմն է քաղաքականության շարունակությունը այլ միջոցներով» (համաձայն ռազմարվեստի դասական Կառլ ֆոն Կլաուզևիցի հայտնի սահմանման), այլ հաճախ «քաղաքականությունն է հանդիսանում տեղեկատվական պատերազմների շարունակությունն այլ միջոցներով»։
1 Եզրը շրջանառության մեջ է դրել կանադացի ֆանտաստ գրող Վիլյամ Գիբսոնը։
2 Микрюков В.Ю., Информационные войны, http://nic-pnb.ru/analytics/informatsionnye-vojny/.
3 Савин Л., Кибергеополитика: вопросы идеологии, http://katehon.com/ru/article/kibergeopolitika-voprosy-ideologii, Treanor P., Internet as Hyper-liberalism, 1996 http://web.inter.nl.net/users/Paul.Treanor/net.hyperliberal.html
4 Անգլերեն՝ bot (կրճատ. robot (ռոբոտ) բառից ) - հատուկ համակարգչային ծրագիր, որն ավտոմատ կերպով համացանացում տարածում է անհրաժեշտ կարծիքներ և մեկնաբանություններ։
5 Անգլերեն hacker, որը նշանակում է կտրատել։
6 Ըստ http://www.agcs.allianz.com/ տվյալների։
7 Որոշ փորձագետներ նշում են, որ հաքերները կատարում են իրենց գործողությունները ոչ միայն նյութական օգուտներ ստանալու, այլ նաև համացանցի օգտատերերին վնաս պատճառելուց բավականություն ստանալու նպատակով։
9 Катастрофа в Чернобыле была организована, чтобы ударить по СССР, http://www.km.ru/v-rossii/2017/03/24/798483-katastrofa-v-chernobyle-byla-organizovana-chtoby-udarit-po-sssr
Աղբյուրներ և գրականություն
1. G. Harutyunyan, Homo virtualicus in the context of post - democracy and information security, 21st Century, # 1(9), p. 5, 2011.
2. Грамматчиков А., Вандышева О., Идет кибервойна народная, Эксперт, #5, с,13, 2017.
3. Гриняев С., Поле битвы- киберпространство, Мн., Харвест, 2004.
4. Черненко Е., Начало политической кибервойны, Россия в глобальной политике, #6, с. 134, 2016.
5. G. K. Kostopoulus, Cybersoace and Cybersecurity, CRC Press, Taylor &Francis Group, Soca Raton, London – New York.
6. Ս. Մարտիրոսյան, Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ, Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2016, 62 էջ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]