
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԽՍՀՄ ՓԼՈՒԶՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Հայտնի է, որ «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում խորհրդային գաղափարախոսական-տեղեկատվական համակարգը ենթարկվեց լուրջ փորձությունների [1]։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այն չկարողացավ արժանավայել դիմակայել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին։ Գաղափարախոսական այլընտրանք առաջացնող տեղեկատվական գործողությունները, ի թիվս քաղաքական, տնտեսական և այլ գործոնների, թելադրեցին ԽՍՀՄ ղեկավարությանը՝ սկսած 1986-ից, իրագործել սկզբունքային բարեփոխումներ։ Դրանց նպատակն էր խորհրդային համակարգն ավելի ադեկվատ և մրցունակ դարձնել աշխարհում ընթացող զարգացումների նկատմամբ։ Նման շրջադարձն իր տրամաբանությամբ հիշեցնում էր «ձնհալի» փուլում կատարվածը։ Սակայն այդ նոր ժամանակաշրջանը՝ «պերեստրոյկան» (վերակառուցում), որը ԽՍՀՄ նորանշանակ ղեկավար Մ.Գորբաչովի կարգախոսն էր, ի տարբերություն խրուշչովյան «ձնհալի», հանգեցրեց ոչ թե մասնակի ազատականացման և հասարակության զարգացման, այլ ԽՍՀՄ փլուզմանը 1991թ.։
«Պերեստրոյկայի» ընթացքում շեշտակի ազատականացվեցին խորհրդային կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Նախկին այլախոհներն ընտրվում էին համամիութենական և հանրապետական գերագույն խորհուրդների պատգամավորներ, տեղեկատվական տարածքը լի էր ազատամիտ հոդվածներով, գրքերով և հաղորդումներով, հայտնվում էին նոր թերթեր ու ամսագրեր։ Այս գործընթացներին ակտիվորեն միացան նաև օտարերկրյա տեղեկատվական կառույցները և այլ ծառայություններ, որոնք «պերեստրոյկա» երևույթի մեջ տեսան փայլուն հնարավորություններ սեփական աշխարհաքաղաքական նպատակներն իրագործելու առումով [2, 3]։
Եթե այդ բուռն շրջանը և ԽՍՀՄ փլուզումը դիտարկենք տեղեկատվական բնույթի խնդիրների տեսանկյունից, ապա պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ խորհրդային «ագիտպրոպը» կորցրել էր նախկին հեղափոխական ավյունը և դարձել դոգմատիկ ու կազմալուծված համակարգ։ Կատարվածի օրինաչափությունը պայմանավորված էր (ի թիվս տարաբնույթ օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ այլ գործոնների) նաև նրանով, որ աշխարհը թևակոխել էր չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունների դարաշրջան, իսկ խորհրդային հանրությունն իր մի շարք հատկանիշներով ավելի քան մոտ էր «տեղեկատվական հասարակությունների» վերաբերյալ Յու. Հայաշիի և Դ.Բելի պատկերացումներին [4]։ Այդ համատեքստում «Պերեստրոյկայի» բարդ գործընթացների տրամաբանությունն ըմբռնելու համար նպատակահարմար է վերստին անդրադառնալ խորհրդային տեղեկատվական ընդհանրական ռազմավարությանը։
Հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո խորհրդային իշխանությունները մշակում և հետևողականորեն սկսում են իրագործել երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված քաղաքականություն։ Բավական է նշել, որ անգամ քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1918-1919թթ., հիմնվել էր 33 խոշոր գիտական ինստիտուտ, իսկ 1927թ. երկրում (որը դեռևս գտնվում էր ծանր տնտեսական վիճակում) արդեն գործում էր շուրջ 90 հետազոտական հաստատություն։
Գիտատեխնիկական ոլորտի զարգացումն առավել մեծ թափ առավ հետպատերազմյան փուլում։ Օրինակ, 1975թ. ԽՍՀՄ-ում գիտական հաստատություններում աշխատում էր շուրջ 1 մլն մասնագետ, ինչը կազմում էր աշխարհի գիտաշխատողների թվի մոտ մեկ քառորդը։ Նույն 70-80-ական թթ. ԽՍՀՄ-ում աշխատունակ բնակչության մոտ 80%-ն ուներ բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն։ Եթե հաշվի առնենք ոչ միայն ակադեմիական, այլև գերատեսչական ենթակայության հետազոտական հաստատությունները, ապա, համաձայն փորձագիտական գնահատականների (այս ոլորտում բացակայում են ճշգրիտ վիճակագրական տվյալները, քանի որ նման կազմակերպությունների մի մասը կատարում էր ռազմարդյունաբերական համալիրի պատվերները, այդ պատճառով նրանց թվի մասին տեղեկությունները հստակ չեն), դրանց թիվն անցնում էր 5-6 հազարից։
Հարկ է նաև փաստել այն կարևոր իրողությունը, որ գիտելիքային-տեղեկատվական ոլորտի զարգացմանն էապես նպաստում էր նաև սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ ԽՍՀՄ-ում կրթությունն անվճար էր (ավելին՝ ուսանողները և ասպիրանտները ստանում էին կրթաթոշակներ), իսկ գիտաշխատողների, ինժեներների և տեխնիկական ոլորտի մասնագետների աշխատավարձերը համեմատաբար ավելի բարձր էին, քան այլ բնագավառներում (անգամ կուսակցական և վարչական) աշխատողներինը։ Սակայն ներկայացված իրողություններն ունեին նաև այլ համատեքստ։
Կրթությանն ու գիտությանն ուղղված զանգվածային շարժումը և այդ ոլորտները կարևորելու ռազմավարությունը ձևավորում էին գիտելիքներին տիրապետող և գիտելիքներ ստեղծող հասարակություն։ Նման հասարակության անդամներին, բնականաբար, չէր կարող բավարարել և համոզել կուսակցական պարզունակ ագիտացիան։ Այդ պատճառով հանրությունում առաջանում էին թերահավատություն և յուրովի արտահայտվող դիմադրություն պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ։ Ավելին, վարվող ագիտացիան, որը հաշվի չէր առնում միութենական և ինքնավար հանրապետությունների (որոնց թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնության) բնակչության ազգային առանձնահատկությունները, նպաստում էր ազգայնական և անջատողական տրամադրությունների առաջացմանը։ Արդյունքում՝ հանրապետություններում ամրապնդվում էր այն համոզմունքը, որ ինքնուրույն գործելակերպն ավելի է համապատասխանում իրենց շահերին, քան կենտրոնի հրահանգներին հնազանդ հետևելը։ Այդ համոզմունքները հետագայում հիմք հանդիսացան ԽՍՀՄ-ում ազգային բնույթի ոչ պաշտոնական կազմակերպությունների ձևավորման համար, որոնք ընդհանրական այլախոհական շարժման մաս կազմեցին։
Պետք է ամրագրել, որ գիտելիքների վրա խարսխված խորհրդային հանրության աշխարհընկալման և մենատիրական գաղափարախոսական քարոզչության դրույթների միջև գոյացած անտագոնիզմը շարունակաբար խորացավ և դարձավ խորհրդային համակարգի փլուզման հիմնական պատճառներից մեկը։ Հատկանշական է, որ զարգացած հասարակություններից սպասվող «վտանգները» քաջ գիտակցել էին 3-րդ Ռեյխի առաջնորդները։ Համաձայն նրանց մոտեցումների, գրավված երկրների բնակչությունը պետք է ստանար առավելագույնը տարրական կրթություն, ոչ ավելին։ Նրանք հիմնավորված ենթադրում էին, որ գիտելիքներին տիրապետող հասարակություններում անխուսափելիորեն ծագելու է դիմադրություն նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությանը և կառավարման մեթոդներին։
Վերադառնալով խորհրդային իրողություններին՝ կարելի է փաստել նաև հետևյալը։ Արդեն հետպատերազմյան շրջանում խորհրդային վարչական-գաղափարախոսական ընտրանու («նոմենկլատուրա») իրողություններն ադեկվատ ընկալելու և համապատասխան որոշումներ կայացնելու կարողությունները սկսել էին զիջել ինչպես իրենց աշխարհաքաղաքական մրցակիցների քաղաքական ընտրանու, այնպես էլ սեփական երկրի հասարակության գիտելիքային-վերլուծաբանական հնարավորություններին։ «Պերեստրոյկայի» շրջանում այս յուրատեսակ «խզումն» առաջացրեց մի իրադրություն, երբ «նոմենկլատուրան» կորցրեց հասարակությունը կառավարելու գրեթե բոլոր քարոզչական լծակները։ Տեղեկատվական բնույթի խնդիրների տեսանկյունից այս, ինչպես և մի շարք այլ գործոնների համախումբը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ 1991թ. խորհրդային համակարգը փլուզվեց։ Այդ փլուզմամբ ավարտվեց նաև երկբևեռ «Սառը պատերազմը» (որն ավելի մեծ թափով, բայց արդեն բազմակենտրոն ձևաչափով, վերսկսվեց մոտ 20 տարի հետո)։ ԽՍՀՄ աշխարհաքաղաքական մրցակիցները տոնում էին իրենց հաղթանակը խորհրդային կարգերը տապալած հասարակության հետ մեկտեղ։ Այդ առիթով նկատենք, որ եթե 1917թ. «սոցիալիստական հեղափոխությունում» արձանագրվել էր «օտարերկրյա հետքը», ապա 1991թ. «ազատական հեղափոխությունում» օտարերկրյա զանազան ծառայությունների (որոնց թվում՝ տեղեկատվական ոլորտի) մասնակցությունն ակներև էր և մասշտաբային։ Արդեն XXI դարում հեղափոխություններ կատարելը (այսպես կոչված «գունավոր» տարբերակով) վերածվեց լավ մշակված քաղաքական-տեղեկատվական տեխնոլոգիայի [5]։ Միևնույն ժամանակ, հարկ է ամրագրել, որ նման հեղափոխությունները հնարավոր են միայն այն հասարակություններում, որոնցում կուտակվել են կրիտիկական քանակը գերազանցող որոշակի հիմնախնդիրներ:
«Ազատական հեղափոխությունից» որոշ ժամանակ անց կոմունիստական վարչակազմը տապալած հետխորհրդային հանրապետությունների տեղեկատվական ոլորտներում առաջացան լուրջ հիմնախնդիրներ գիտելիքների ձեռքբերման և «արտադրման» բնագավառում։ Խորհրդային կարգերի հետ միասին կազմալուծվեց շուրջ 70-ամյա աշխատանքի արդյունքում կայացած գիտակրթական և արդյունաբերական-տեխնոլոգիական համակարգը։ Արդյունքում՝ արդեն ազատական հետխորհրդային հասարակությունները հետընթաց ապրեցին և հայտնվեցին, ինչպես արդեն նշել ենք, դեինդուստրիալացված հասարակությունների կարգավիճակում [4]:
Դրամատիկ ընթացք ստացավ նաև ազատական գաղափարներ կրողների և այլախոհների մի զգալի մասի հետագա ճակատագիրը, որոնցից շատերը ձևավորվել էին նույն գիտակրթական միջավայրում [6]։ Համակարգի փլուզման արդյունքում նրանք կորցրին նախկինում իրենց ունեցած բարձր սոցիալական կարգավիճակը և հեղինակությունը հասարակությունում։ Այդ ամենի առիթով մի հայտնի այլախոհ բավական դիպուկ գնահատական է տվել տեղի ունեցածին. «Մեր թիրախը կոմունիստական կուսակցությունն էր, սակայն կրակեցինք հայրենիքի վրա»։ Մեկ այլ այլախոհ՝ ականավոր գրող, մեր հայրենակից Սերգեյ Դովլաթովը, որը ժամանակին ստիպված լքել էր հայրենիքը, նույնպես փոքր-ինչ զգացմունքային, բայց պատկերավոր արտահայտվեց ձևավորվող «նոր բարքերի» կապակցությամբ. «Կոմունիստներից հետո ամենից շատ ատում եմ հակակոմունիստներին»։
Հետխորհրդային զարգացումները հետևանք էին նաև մեկ այլ օրինաչափության։ ԽՍՀՄ փլուզման արդյունքում խորհրդային համակարգի ընդդիմախոսների աշխարհայացքային–գաղափարական պատկերացումները հայտնվեցին բավական երկիմաստ վիճակում։ Մոտ 70 տարի տևած կոմունիստական քարոզչությունը նրանց մեջ առաջացրել էր կայուն հակակրանք «համակարգի» հանդեպ։ Զուգահեռ, «երկաթե վարագույրի» շնորհիվ, ընդդիմախոսների պատկերացումներն «ազատ աշխարհի» մասին, որոնք հիմնականում ձևավորվում էին օտարերկրյա ռադիոհաղորդումների ազդեցության տակ, նույնպես ավելի քան պարզունակ էին և իդեալականացված։ Այլ խոսքով՝ «պերեստրոյկայի», ինչպես և հետագա զարգացումների շրջանում իրականության և սեփական պատկերացումների միջև «խզումը» բնորոշ էր ոչ միայն «նոմենկլատուրային», այլև այլախոհներին, ազգայնականներին և առհասարակ խորհրդային համակարգից դժգոհ բոլոր սոցիալական շերտերին։
Սթափեցման կամ, այլ խոսքով՝ իդեալականացված պատկերացումների և իրողությունների միջև խզումը վերացավ «փլուզումից» շատ չանցած, երբ սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ վատացավ։ Այնուամենայնիվ, կատարվածի համար պատասխանատվության գերակշիռ մասն ընկնում է դոգմատիկ «նոմենկլատուրայի» վրա, որը, համաձայն որոշ հետազոտողների, «փլուզելով ԽՍՀՄը, կատարեց իր վերջին հանցագործությունը»։ Այդ համատեքստում օգտակար է անդրադառնալ չինական քաղաքական ընտրանու փորձին։ Վերջինս «պերեստրոյկայից» ոչ շատ հետո նույնպես իրագործեց վերակառուցում, որի հետևանքով կոմունիստական այդ երկրում հասարակությունում ներդրվեցին ազգային-պահպանողական գաղափարները, իսկ տնտեսությունում՝ ազատական սկզբունքները (Դեն Սյաոպինի բարեփոխումները)։ Ի դեպ, այդպիսի քաղաքականություն իրագործելուն նպաստեց նաև այն հանգամանքը, որ այդ երկրում ձևավորվեց փորձագետներից և հետազոտողներից բաղկացած հատուկ հանձնաժողով, որն, ուսումնասիրելով խորհրդային համակարգի փլուզման պատճառները, խորհրդատվություն էր տրամադրում ղեկավարությանը, թե ինչպես խուսափել այն սխալներից, որոնք կատարվել էին ԽՍՀՄ-ում։ Արդյունքում՝ մշակվեցին խելամիտ մոտեցումներ, որոնք թույլ տվեցին Չինաստանին խուսափել այն «վատ սցենարներից», որոնց հետ ընդհարվեցին հետխորհրդային երկրները, և մեծապես զարգացնել սեփական հասարակությունը և պետությունը։
Հետխորհրդային հասարակություններում վերոնշյալ իրողությունների վերաբերյալ ըմբռնումները հստակեցվեցին փլուզումից որոշ ժամանակ հետո՝ XXI դարի սկզբից։ Որպես նման ըմբռնման նյութականացված արդյունք կարելի է դիտարկել այդ հանրապետություններում և առաջին հերթին՝ Ռուսաստանում, նկատվող գիտակրթական–տեխնոլոգիական համակարգի վերականգնման միտումները։
Հետխորհրդային ժամանակաշրջանում խնդիրներ առաջացան նաև քարոզչական ոլորտում։ «Ագիտպրոպին» փոխարինելու եկած լրատվամիջոցները հաճախ իրենց նյութերը նույնպես մատուցում էին ծայրահեղականացված, այսպես կոչված՝ «վուլգար ազատականության» դիրքերից, որոնք համեմվում էին նաև, հատկապես Չեչենական առաջին պատերազմի (1994-1996թթ.) ժամանակ, հակահայրենասիրական կոչերով։ Վերջին հանգամանքը հիմք ծառայեց, որպեսզի տեղեկատվական ոլորտի փորձագետները նման տեղեկատվական քաղաքականությունը որակեն որպես «պատերազմ սեփական ժողովրդի դեմ»։
Սակայն պետք է ընդունել, որ որոշ ժամանակ անց հետխորհրդային մի շարք հանրապետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում, լրատվամիջոցների գործունեությունը սկսում է հետևողականորեն բարելավվել։ Հատկանշական է, որ սկսած 2014 թվականից՝ ռուսաստանյան հեռուստաալիքներում հայտնվեց «Ագիտպրոպ» հաղորդումը, որի հեռուստավարը (Կ.Սյոմին) կարողանում է համատեղել նախկին «Ագիտպրոպ»-ի հեղափոխական եռանդը և արդի իրողությունների տրամաբանությունը։ Հարկ է նաև շեշտել, որ «երկրորդ Սառը պատերազմի» պայմաններում այդ երկրի որոշ տեղեկատվական միջոցներ կատարում են գրեթե նույն դերն արևմտյան հանրության համար, ինչ վերոնշյալ «Ամերիկայի ձայնը», «Ազատությունը» և BBC-ն նախորդ դարի 60-80-ական թվականներին։ Օրինակ, RT միջազգային բազմալեզու հեռուստակայանը (տնօրեն՝ Մարգարիտա Սիմոնյան) 2013թ. օրական դիտել է շուրջ 700 մլն հեռուստադիտող, իսկ «YouTube»-ում RT-ն նորություններ հաղորդող առաջին հեռուստակայանն էր, որն անցավ 1 մլրդ դիտարկման նիշը։ Նման ձեռքբերումները պայմանավորված են նրանով, որ RT-ն տեղեկատվության իր օբյեկտիվ լուսաբանումներով այլընտրանք է ստեղծում արևմտյան հանրության համար, որտեղ նկատվում են «տեղեկատվական» տոտալիտարիզմի բոլոր նախանշանները՝ ինչ-որ տեղ հիշեցնելով ԽՍՀՄ նմանատիպ բարքերը։
Ակնհայտ է, որ հինգերորդ տեղեկատվական հեղափոխության պայմաններում «փակ տեղեկատվական հասարակության» մասին խոսելը լուրջ չէ, սակայն ազգային-պետական մակարդակով, պետական կամ ֆինանսատնտեսական առանձին ընկերությունների (որոնց թվում են նաև մեդիա-հոլդինգները) շահերի տրամաբանությունից ելնելով՝ ներկայում կիրառվում են այսպես կոչված «փափուկ», մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս վերահսկել և էապես ուղղորդել լայն հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը։
Օգտագործված գրականություն
1. Գագիկ Հարությունյան, Հետպատերազմյան տեղեկատվական քաղաքականությունը ԽՍՀՄ-ում, «Գլոբուս» , # 1 (80), 2017։
2. Красильников Р.С., «Новые крестоносцы: ЦРУ и перестройка», М., Олма - Пресс, 2004.
3. Петер Швейцер, «Победа: Роль тайной стратегии администрации США в распаде Советского Союза и социалистического лагеря», http://sheba.spb.ru/lib/shveicer-pobeda.htm
4. Գագիկ Տերտերով, Տեղեկատվական և դեինդուստրիալիզացված հասարակություններ, «21-րդ ԴԱՐ», # 4 (68), էջ 16, 2016։
5. Գագիկ Հարությունյան, Գունավոր հեղափոխություններ, «21-րդ ԴԱՐ», # 4 (68), էջ 4, 2016։
6. Борис Кагарлицкий, «Политология революции», М., «Алгоритм», 2007.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]