
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Մարդկային կապիտալը (human capital) հասարակության մտավոր, ֆիզիկական, բնական, առողջապահական և այլ ռեսուրսների հավաքական ամբողջությունն է, որը տվյալ հասարակության բարեկեցության ապահովման, երկրի տնտեսության զարգացման անկյունաքարն է: Յուրաքանչյուր պետության մարդկային ռեսուրսների առկայությունը հնարավորությունների լայն դաշտ է ապահովում երկրի կայուն զարգացման համար: Ազգաբնակչության բարեկեցության ապահովման տեսանկյունից, թերևս, էական նշանակություն չունեն առկա մարդկային ռեսուրսների քանակական ծավալները: Մեր օրերում քիչ չեն այն ազգերն ու պետությունները, որոնք տիրապետում են թվաքանակով մեծ մարդկային ռեսուրսների, այնուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միայն չեն կարողացել արդյունավետ օգտագործել այդ արժեքավոր ռեսուրսները, այլև ռեսուրսների անարդյունավետ կառավարման հետևանքով երկիրը կանգնել է տնտեսական և քաղաքական լրջագույն հիմնախնդիրների առջև: Նշենք, սակայն, որ նախ տվյալ հասարակությունից և նրա քաղաքական վերնախավից է կախված մարդկային կապիտալի (այսուհետ՝ ՄԿ) ձևավորման, կուտակման և թիրախավորված կիրառության արդյունավետությունը: Կրթության, գիտության ոլորտում անհրաժեշտ և համարժեք թիրախավորված և հետևողական ներդրումների իրագործման հարցում պետության և հասարակության փոխհամաձայնության արդյունքում մշակված ռազմավարությունը հնարավորություն է տալիս առկա ՄԿ կիրառությունից ակնկալել որակական հետադարձ արդյունք:
Մարդկային կապիտալի տեսությունները
Առաջին անգամ «մարդկային կապիտալ» եզրը կիրառել է ամերիկացի տնտեսագետ Թեոդոր Շուլցը 1961թ.։ Նա իր տեսությունում առաջ էր մղում կրթական կապիտալի՝ որպես ՄԿ առանցքային բաղադրիչի, կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում: Շուլցի շնորհիվ ՄԿ-ը առհասարակ դիտվեց որպես հիմնաքար հասարակության բարեկեցության ապահովման համատեքստում: Ամերիկացի տնտեսագետը հետազոտություններ էր իրականացնում՝ պարզելու հետպատերազմյան շրջանում (Երկրորդ աշխարհամարտից հետո) Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսության արագ վերականգնման պատճառահետևանքային կապերը (ի դեպ, նշյալ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցում էին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած Մեծ Բրիտանիայի տնտեսական ցուցանիշները): Նա եկավ այն եզրահանգման, որ Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսությունների արագ վերականգնման հանգամանքը պայմանավորված էր կրթված և առողջ բնակչություն ունենալու իրողությամբ, քանի որ, ըստ նրա հետազոտության, կրթությունը մարդկանց դարձնում է առավել արտադրողական և ստեղծագործ: Թ.Շուլցի առաջարկած ՄԿ տեսությունում անկյունաքարային էր համարվում անհատի և հասարակության անհրաժեշտ կրթվածության հանգամանքը, որը ՄԿ կուտակման և զարգացման կարևոր նախապայմանն էր: 1960թ. «Քաղաքական տնտեսության հարցեր» ամսագրում տպագրված «Կապիտալի ստեղծումը կրթության շնորհիվ» (Capital Formation by Education) հոդվածում տնտեսագետը ներկայացնում էր աշխատուժի արժեքի վերաբերյալ իր գնահատականները, որտեղ հաշվարկվում էին կրթության համար նախատեսվող ծախսերը1:
Ամերիկացի տնտեսագետ Գարի Բեքերը 1960-ականներին զարգացրեց ՄԿ-ի վերաբերյալ Շուլցի տեսության հիմնադրույթները՝ հասարակության կենսամակարդակի բարձրացման գործում հիմնավորելով ՄԿ-ում ներդրումների անհրաժեշտությունը: 1962թ. լույս տեսավ Բեքերի «Ներդրումները մարդկային կապիտալում. տեսական վերլուծություն» հոդվածը, իսկ 1964թ. նա գրեց «Մարդկային կապիտալ. տեսական և էմպիրիկ վերլուծություն» գիրքը, որտեղ կարևորում էր կրթական կապիտալի բաղադրիչը: Բեքերը ԱՄՆ օրինակով հաստատում էր, որ Միացյալ Նահանգներում ներդրումները ՄԿ-ում կարող են ապահովել եկամտաբերության առավել բարձր ցուցանիշներ, քան դա կարելի է ակնկալել արժեթղթերում իրականացվող ներդրումներից2: Բեքերն առաջինն իրականացրեց կրթության՝ որպես ՄԿ կարևորագույն բաղադրիչի տնտեսական արդյունավետության ճշգրիտ հաշվարկը: Ըստ նրա տեսության, ՄԿ հաշվարկում ՄԿ կրթական բաղադրիչն առանձնացվում էր որպես անկյունաքարային դրույթ գործարարության արդյունավետության ապահովման տեսանկյունից ՝ ընդգծելով տվյալ ձեռնարկության զարգացման համար յուրաքանչյուր աշխատակցի կրթության և մասնագիտական ուսուցման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը: Բեքերն առանձնահատուկ նշանակություն էր տալիս աշխատակիցների ուսուցմանը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորմանը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ընկերության մրցունակությունը շուկայական հարաբերություններում: Տնտեսագետի գնահատականներով, կրթությունը թե՛ վարձու աշխատողների, թե՛ գործատուների եկամուտների աճի անհրաժեշտ հիմնասյունն է։ Արդյունքում՝ քաղաքական վերնախավերից շատերը, հայտնի ֆինանսիստները ՄԿ կրթության բաղադրիչում ներդրումների իրագործման հարցը սկսեցին դիտարկել որպես եկամտաբեր, հեռանկարային երկարաժամկետ ներդրում3:
Մարդու կրթության, առողջապահության և առհասարակ բարեկեցության հարցերում ՄԿ տեսության ունեցած մեծ ավանդի համար Շուլցը (1979թ.) և Բեքերը (1992թ.) արժանացել են Նոբելյան մրցանակների:
Անհատական և ազգային ՄԿ
ՄԿ տեսության մեջ առանձնացվում է ՄԿ երկու հիմնական տեսակ՝ անհատական մարդկային կապիտալ և ազգային մարդկային կապիտալ: 1970-80-ականներից սկսած՝ շեշտակի տեմպերով տեղի ունեցող արդյունաբերականացման գործընթացները, որտեղ մարդկային ռեսուրսների հարցում առաջնային էին համարվում բնական, ֆինանսական և նյութական ասպեկտները, անցան որակապես ավելի բարձր աստիճանի՝ մարդկային ռեսուրսներում առանցքային նշանակություն տալով կրթությանը և տեղեկատվությանը4: Հետագայում ՄԿ հասկացության ձևակերպման շրջանակներն ավելի ընդլայնվեցին: Համաշխարհային բանկի փորձագետների վերջին զեկույցներում ՄԿ գնահատման հաշվարկները հիմնվում են այնպիսի չափորոշիչների վրա, ինչպիսիք են սննդի, բնակավայրի, կրթության, առողջապահության ուղղությամբ ընտանեկան և պետական ծախսերը:
Համաշխարհային գլոբալացման համընդհանուր գործընթացների պայմաններում, երբ յուրաքանչյուր պետություն բախվում է երկրից ՄԿ և առաջին հերթին՝ նրա մտավոր կամ այսպես կոչված «ուղեղների» արտահոսքին, հասարակության բարեկեցության ապահովման տեսանկյունից ավելի էական են դառնում ՄԿ պահպանման և կուտակման, զարգացման և այդ ուղղությամբ ներդրումների իրականացման հարցերը: ՄԿ տեսության կիրառությունը լայն տարածում գտավ այն ժամանակ, երբ ի հայտ եկավ անհատի և նրա մտավոր, գիտակրթական պոտենցիալի դերի ու նշանակության կարևորման հիմնահարցը հասարակության կենսապայմանների բարձրացման համատեքստում: Արդյունքում՝ ՄԿ-ն սկսեց ընկալվել որպես պետության նորարարական և գիտելիքահեն տնտեսության զարգացմանն անհրաժեշտ նախապայման, որտեղ առանձնացվում էր անհատն իր մտավոր և այլ ռեսուրսներով՝ որպես հասարակության ՄԿ զարգացումն ապահովող կարևորագույն սուբյեկտ: Այստեղից էլ ՄԿ տեսությունում առաջ եկավ անհատական ՄԿ հասկացությունը:
ՄԿ հասկացությունը ներառում է նաև տնտեսական նշանակության բաղադրիչը, որը փոխադարձ կապի մեջ է կրթական կապիտալի հետ: ՄԿ տնտեսական բաղադրիչը սկզբում սահմանափակվում էր անհատի աշխատունակությամբ և աշխատանքի նկատմամբ նրա ունեցած գիտելիքներով: Ընդ որում, անհատի դաստիարակության, կրթության ոլորտում ներդրումները կրում էին սոցիալականացված բնույթ և բնորոշվում էին ոչ թե արտադրական, այլ ծախսային առանձնահատկություններով:
ՄԿ և նրա տնտեսական բաղադրիչի նկատմամբ նախկին մոտեցումները վերիմաստավորվեցին 20-րդ դարի երկրորդ կեսից: Հետագայում պետության տնտեսական աճի ապահովման հետ ՄԿ ուղղակի կապի վերաբերյալ տեսական գիտելիքները զարգացրեց ամերիկացի տնտեսագետ Էդվարդ Դենիսոնը՝ մշակելով տնտեսական աճի գործոնների դասակարգումը: Վերլուծելով 1929-1982թթ. Միացյալ Նահանգների տնտեսական աճի տեմպերը՝ Դենիսոնը եկավ այն եզրահանգման, որ յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով արձանագրված տնտեսական աճի (աշխատանքի արտադրողականություն) համար որոշիչ գործոն է առաջին հերթին կրթությունը: Արդյունքում՝ առավել դինամիկ և կայուն տնտեսական աճ և հասարակության բարձր կենսամակարդակ կարողացան ապահովել այն երկրները, որոնք համաշխարհային գլոբալացման և արտագաղթի համատարած հոսքի պայմաններում ի վիճակի եղան ոչ միայն պահպանել իրենց ՄԿ-ն և առաջին հերթին՝ դրա մտավոր բաղադրիչը, այլև հնարավորություն ապահովեցին որակական-դրական ՄԿ կուտակման հարցում: Զարգացող և, առավել ևս՝ զարգացած երկրների ՀՆԱ-ում չորակավորված ՄԿ-ն աստիճանական նվազման միտում ունեցավ՝ տեղը զիջելով ՄԿ ուսյալ, գիտակ և որակավորված հանրությանը: Ներդրումները ՄԿ-ում կարևոր նշանակություն ունեն նաև տվյալ պետության քաղաքական և տնտեսական վերնախավերի ձևավորման գործում. որքան արդյունավետ են իրականացվում ՄԿ ռազմավարական ուղենիշները, այնքան արդյունավետ են ստացվում քաղաքական և տնտեսական վերնախավերի ձևավորման գործընթացն ու պետական կառավարման համակարգի գործունեությունը: ՄԿ կիրառման արդյունավետությունից են կախված տվյալ երկրի տնտեսության մրցունակությունն ու աճը, քանի որ որակյալ մասնագետները ձգտում են աշխատանք գտնել ավելի բարեկեցիկ և անվտանգ երկրներում5:
ՄԿ տեսություններում առանձնացվում է նաև ազգային ՄԿ հասկացությունը, որը տվյալ պետության, հասարակության ազգային հարստության հիմնական բաղկացուցիչն է: Ազգային ՄԿ-ն ներառում է տվյալ պետության և հասարակության քաղաքական, սոցիալ-տնտեսական կապիտալը, ազգային մտավոր ռեսուրսները, ազգային մրցունակության առավելությունները և ժողովրդի բնական պոտենցիալը: Ազգային ՄԿ-ն հաշվարկվում է նրա արժեքայնության ցուցչով: Անհրաժեշտ է նշել, որ Ազգային ՄԿ-ն կազմում է յուրաքանչյուր զարգացող երկրի ընդհանուր ազգային հարստության ավելի քան կեսը, իսկ զարգացած երկրների համար՝ վերջիններիս ազգային հարստության ավելի քան 70-75%-ը:
Աշխարհի տարբեր երկրների Ազգային ՄԿ արժեքը, ծախսատարության մեթոդաբանության հաշվարկի հիման վրա, գնահատվել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հաշվարկներում օգտագործվում են ՄԿ բաղկացուցիչ մասերի գնահատականները՝ ըստ պետության, ընտանիքի, գործարարների և այլ ծախսերի, որոնք հնարավորություն են տալիս սահմանել ՄԿ վերարտադրմանն ուղղված հասարակության տարեկան ընթացիկ ծախսերը: Փորձագիտական գնահատականների համաձայն, 20-րդ դարի վերջերին ՄԿ համաշխարհային արժեքը հաշվվում էր $365 տրլն, ինչը կազմում էր համաշխարհային հարստության 66%-ը: ԱՄՆ ՄԿ արժեքը կազմում էր $95 տրլն կամ երկրի ազգային հարստության 77%ը, կամ համաշխարհային ՄԿ արժեքի 26%-ը: Չինաստանի ՄԿ արժեքը $25 տրլն էր, որը կազմում էր երկրի ազգային հարստության 77%-ը կամ համաշխարհային ՄԿ ընդամենը 7%-ը: Ռուսաստանի ՄԿ արժեքը $30 տրլն էր, ինչը կազմում էր երկրի ազգային հարստության 50%-ը կամ համաշխարհային ՄԿ 8%-ը: Ինչպես նշեցինք, սկզբնական շրջանում ՄԿ-ն համարվում էր զարգացման սոցիալական գործոն կամ ծախսատար գործոն, կրթության ոլորտում ներդրումների իրականացումը համարվում էր ոչ արտադրողական և ծախսատար: Եվ հենց կրթության ու գիտության ոլորտում իրականացվող ներդրումների ծավալների աճի հիման վրա ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպայի երկրները կարողացան ապահովել ՄԿ որակական առավելություն Ասիայի առաջատար երկրների (օրինակ՝ Չինաստանի կամ Հնդկաստանի) նկատմամբ: Ներկայացնենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կրթության համար նախատեսված տարեկան բյուջետային հատկացումների ծավալների վիճակագրական համեմատականը: 2014-2015թթ. ԱՄՆ կրթության ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ շուրջ 5.4-5.5%-ը: ԱՄՆ ԿՀՎ տվյալների համաձայն, 2015թ. ԱՄՆ ՀՆԱ-ն կազմել է $17.95 տրլն, այն դեպքում, երբ Ռուսաստանը կրթությանը տրամադրում է ՀՆԱ 4-4.1%-ը, իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2015թ. կազմում էր $3,7 տրլն: Իսկապես, պետական ֆինանսական հատկացումների ծավալների տարբերությունն զգալի է:
ՄԿ ցածր ցուցանիշների պարագայում բարձր տեխնոլոգիական ոլորտում անհրաժեշտ ներդրումների իրագործումը չի կարող ապահովել հետադարձ դրական արդյունք: Այս պարագայում ՄԿ տեսությունում առանձնացվում է բացասական ՄԿ հասկացությունը, երբ ՄԿ ոլորտում իրականացված ներդրումները չեն կարողանում ապահովել ակնկալվող դրական արդյունքներ: Բացասական ՄԿ կուտակման գործում զգալի բացասական ազդեցություն ունեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, բնակչության ցածր կենսակերպը և այլն: ՄԿ բացասական բաղադրիչի ձևավորման հարցում մեծ է նաև քաղաքական վերնախավի դերը, քանի որ վերջինս է հստակեցնում երկրի զարգացման տեսլականը: Կարևոր հարցերից մեկը վերաբերում է ներդրումների իրագործման հարցում ՄԿ թիրախավորմանը: Բացասական ՄԿ ուղղությամբ իրականացված ներդրումները, երբ փորձ է արվում կրթել այն անհատներին կամ հասարակության այն խմբերին, որոնք ընկալունակ չեն դարի փոփոխությունների նկատմամբ և չեն կարող տալ ակնկալվող կրթական արդյունքներ, ունենում են բացասական և որոշ դեպքերում՝ անդառնալի ազդեցություն Ազգային ՄԿ կուտակման գործընթացում: Մեր օրերում ՄԿ տեսակներից բավական տարածված է այսպես կոչված պասիվ ՄԿ-ն, որն անհրաժեշտ ներդրումների պարագայում չի կարող ապահովել ակնկալվող դրական ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման կամ հասարակության բարեկեցության ապահովման տեսանկյունից, քանի որ ռեսուրսները վատնում է սեփական նյութական պահանջարկը բավարարելու համար:
Հայաստանի ՄԿ հարցի շուրջ
Հայաստանում ՄԿ հարցի առնչությամբ առկա են ինչպես քանակական, այնպես էլ որակական խնդիրներ: Ինչպես հաստատում են վիճակագրական տվյալները, Հայաստանից մարդկային ռեսուրսների և հատկապես «ուղեղների» կայուն արտահոսքը կրիտիկական նշանակություն ունի երկրի անվտանգության տեսանկյունից: Մյուս կողմից, երկիրը կանգնել է բարձրորակ կադրային ռեսուրսների թվաքանակի նվազագույն շեմի ապահովման խնդրի առջև: Ունենալով սահմանափակ մտավոր ՄԿ՝ երկրում տրամաբանորեն շեշտադրումները կատարվում են տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացման վրա, որոնք, որպես կանոն, չեն պահանջում մտավոր-ստեղծագործական ռեսուրսներ: Դա են փաստում միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների փորձագիտական գնահատականները (օրինակ, «Ձախողված երկրների ինդեքսը» զեկույցը), որոնց համաձայն՝ Հայաստանում մտավոր ռեսուրսների կայուն արտահոսքին զուգահեռ, զգալի ուշադրություն է դարձվում սպասարկման և ոչ արտադրողական ծառայությունների ոլորտների զարգացմանը: Չունենալով խոշոր բնական և եկամտաբեր ռեսուրսներ՝ Հայաստանում ավելի է շեշտադրվում ՄԿ մտավոր-ստեղծագործական պոտենցիալի զարգացման հիմնահարցը՝ որպես երկրի բարեկեցության ապահովման կարևոր երաշխիք: Նման իրավիճակում բավական սուր է դրված ՄԿ կուտակման և հետագա վերարտադրողականության հարցը, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ լուծում պահանջող համարժեք և, միևնույն ժամանակ, ոչ ստանդարտ կիրառական քայլեր: Բարձրորակ կադրային խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում կրթության ոլորտում իրականացվող ներդրումները, որոնք, ի դեպ, բավական քիչ են, չեն կարող ապահովել այդ ներդրումներից ակնկալվող հետադարձ արդյունքները: Սա բացասական, ինչպես նաև պասիվ ՄԿ կուտակման դասական տարբերակն է, ինչի մասին հիշատակեցինք վերը:
1 http://efbgu.narod.ru/stud/files/ebook/nobel/17_schultz.pdf
3 https://www.hse.ru/data/2011/04/22/1210713272/Korchagin%20Russian%20Human%20Capital%20Assets.pdf
4 http://gtmarket.ru/files/article/5282/Human_Capital_The_Content_and_Types_Evaluation_and_Stimulation.pdf
5 http://vadim-galkin.ru/politics/economy/opredeleniya-vidy-tipy-i-struktura-chelovecheskogo-kapitala/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]