• am
  • ru
  • en
Версия для печати
08.02.2017

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ-ՈՒՄ

Руский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Հայրենական պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակն աննախադեպ բարձրացրել էր ԽՍՀՄ հեղինակությունն աշխարհում, ինչը բարենպաստ պայմաններ էր ստեղծել կոմունիստական գաղափարախոսության տարածման համար։ Այս խնդրում մեծ դերակատարում ունեցան տարբեր երկրների կոմունիստական կուսակցությունները և նրանց տեղեկատվական միջոցները։ Օրինակ, Ֆրանսիայում ժողովրդականություն էին վայելում «Յումանիտե» («L'Humanité» - «Մարդկություն»), իսկ Իտալիայում՝ «Ունիտա» («L’Unità» - «Միասնություն») կոմունիստական թերթերը, որոնք հիմնադրվել էին դեռևս նախապատերազմյան ժամանակաշրջանում։ Դրան զուգահեռ՝ այսպես կոչված «ձախ» կողմնորոշում ունեցող մամուլը, հատկապես Եվրոպայում, զգալի նյութական և կազմակերպչական աջակցություն էր ստանում Խորհրդային Միությունից։ «Սառը պատերազմի» պայմաններում ընթացող տեղեկատվական հակամարտությունում այն կապիտալիստական համակարգի հիմնական ընդդիմախոսն էր։

Այլ օրինաչափություններ էին գործում ԽՍՀՄ ներսում, որտեղ պատերազմի ավարտից հետո տեղեկատվական ոլորտում հաստատվում է փոքր-ինչ անորոշ և երկիմաստ շրջան։ Ակնհայտ էր, որ ռազմական իրավիճակին հարիր տեղեկատվական քաղաքականությունը խաղաղության պայմաններում արդյունավետ չէր կարող լինել։ Ժամանակավրեպ կլիներ նաև երեսնական թվականների մեթոդներին վերադառնալը. այդ փուլում դեռևս նոր էին «կերտվում» «խորհրդային մարդը» և հասարակությունը, մինչդեռ հետպատերազմյան շրջանում իշխանությունները գործ ունեին հսկայական կորուստների գնով պատերազմում հաղթած և այդպիսով նույն խորհրդային կարգերը պաշտպանած հանրության հետ։

Այս ամենի համատեքստում պետք է նորից փաստել, որ տեղեկատվական քարոզչությունը ԽՍՀՄ-ում վերածվել էր տոտալ կառավարման գործուն միջոցի, որն անհրաժեշտության դեպքում ուղեկցվում էր նաև ռեալ գործողություններով՝ քաղաքական և վարչական բռնաճնշումներով (ռեպրեսիաներով)։ Ըստ ամենայնի, խորհրդային իշխանությունները, ի դեմս գեներալիսիմուս1 դարձած Ի.Ստալինի, հետպատերազմյան շրջանում չէին պատրաստվում ձեռնարկել որևիցե նոր մոտեցում տեղեկատվական և ընդհանրապես քաղաքական ոլորտում։ Իսկ նրանք, ովքեր համարձակվում էին ինքնուրույն քայլեր կատարել, անմիջապես հայտնվում էին անվտանգության ծառայությունների նկուղներում կամ «արխիպելագ ԳՈՒԼԱԳ»2 ճամբարներում։

Միևնույն ժամանակ, սոցիալիստական գաղափարախոսության մենատիրությունը հասարակությունում առաջացրել էր բազմաթիվ խնդիրներ, որոնք վանում էին մարդկանց այդ ոգով տարվող քարոզչությունից։ Նման պարագայում սկսում է գործել քարոզչության և իրականության միջև խզման հայտնի մեխանիզմը, երբ անգամ բարձր մակարդակով կատարվող ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանքը կորցնում է արդյունավետությունը։ Միակուսակցական պրոպագանդան դեռևս նախապատերազմյան շրջանում ձևավորված զարգացած հասարակության համար անհամոզիչ էր։ Արդյունքում՝ հանրությունում ձևավորվել էր սոցիալական մի ստվար շերտ, որի ներկայացուցիչների գիտելիքները և վերլուծաբանական կարողությունները թույլ էին տալիս ադեկվատ ընկալել իրականությունը և գալ համապատասխան եզրակացությունների։

Ստեղծված իրավիճակի համար մտահոգ էր նաև կուսակցական վերնախավի մի մասը։ Դրանց թվին էր պատկանում Նիկիտա Խրուշչովը (1894–1971թթ.), որը Ստալինի մահվանից հետո (1953թ.) կարողացավ իր ձեռքը վերցնել իշխանությունը։ Առաջնորդի մահը, համաձայն հիմնավորված վարկածների և հետագայում հայտնված վկայությունների, ուղեկցվեց յուրատեսակ տեղեկատվական գործողությամբ։ Համաձայն այդ վարկածների, առաջնորդը մահացել էր մարտի 1-ին, սակայն հանրությունում անսպասելի լուրից շփոթ չառաջացնելու, ինչպես նաև ղեկավար պաշտոնների հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով մարտի 1-5-ը բոլոր լրատվամիջոցները հատուկ հաղորդագրություններ էին արձակում առաջնորդի վատ առողջական վիճակի մասին, իսկ մահվան լուրը հայտարարվեց միայն մարտի 5-ին։

Տեղեկատվական ոլորտը «Ձնհալի» ժամանակաշրջանում. Խորհրդային նոր ղեկավարությունը Ն.Խրուշչովի նախաձեռնությամբ դատապարտեց Ստալինի պաշտամունքը (այսպես կոչված «անհատի կուլտը»), ԳՈՒԼԱԳ-ից ազատագրվեց քաղաքական բանտարկյալների մի զգալի մասը, տեղի ունեցավ քաղաքական, հասարակական և տեղեկատվական համակարգի որոշակի ազատականացում3։ Այդ տարիներին մեծ տարածում էր գտել ականավոր գրող Իլյա Էրենբուրգի «Ձնհալ» («Օттепель») վեպը, որի անունով էլ հետագայում սկսեցին անվանել այդ ողջ ժամանակաշրջանը։

ԽՍՀՄ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցան որակական փոփոխություններ. մամուլում, ռադիո- և հեռուստատեսային հաղորդումներում հայտնվեցին տեղեկություններ, անկեղծ քննարկումներ ու վերլուծություններ երկրում տեղ գտած բազմաթիվ հիմնախնդիրների մասին, բացահայտվում և նկարագրվում էին ստալինյան բռնաճնշումները և այլն։ Ավելի անկողմնակալ, քան նախկինում, սկսեց լուսաբանվել նաև «երկաթե վարագույրից» այն կողմ գտնվող երկրների հասարակական և քաղաքական կյանքը։ Ձևավորվեց արձակագիրների, պոետների և հրապարակախոսների մի մեծ խումբ (Ալ.Սոլժենիցին, Վ.Շալամով, Վ.Ակսյոնով, Վ.Նեկրասով, Եվ.Եվտուշենկո, Ա.Վոզնեսենսկի և շատ ուրիշներ), որոնց ստեղծագործությունները տպագրվում էին «Новый мир», «Юность», «Москва» և հեղինակություն ու ժողովրդականություն վայելող այլ ամսագրերում։ Զգալի առաջընթաց գրանցվեց նաև կինոյի, բեմարվեստի և ընդհանրապես արվեստի բոլոր ոլորտներում։

«Ձնհալի» ժամանակաշրջանում ազատամիտ ստեղծագործությունների տարածումը պետք է դասել տեղեկատվական գործողությունների շարքին, քանի որ դրանք, իրենց գեղարվեստական նշանակությունից բացի, էական ազդեցություն ունեցան հասարակության աշխարհայացքային և գաղափարական կողմնորոշումների վրա։ Այս առիթով նկատենք, որ ռուսաստանյան հասարակությունում, ավանդաբար, միշտ մեծ է եղել գրականության դերակատարումը։

Տեղեկատվական ներգործության նշված հետևանքները, ի թիվս մի շարք այլ գործոնների, խիստ անհանգստացնում էին կուսակցական վերնախավի մի մասին։ Արդյունքում՝ Ն.Խրուշչովը 1964թ. պաշտոնանկ արվեց նախկին համախոհների կողմից։ Հետխրուշչովյան ժամանակահատվածում, որը ստացավ «լճացում» կամ, ինչպես ընդունված էր այդ տարիներին՝ «զաստոյ» անվանումը4, տեղի ունեցան նկատելի խստացումներ: Սակայն դրանք հեռու էին ստալինյան դարաշրջանում կիրառվողներից։ Դա պայմանավորված էր նրանով, որ «ձնհալի» արդյունքում խորհրդային հանրության մի զգալի հատվածի աշխարհընկալումներն արդեն անդառնալիորեն փոխվել էին, ինչն ընկալում էին նաև իշխանությունները։ Տեղեկատվական նոր միջավայրն ազդել էր նաև «նոմենկլատուրայի»5 հոգեկերտվածքի վրա, և նրանք ավելի հանդուրժողական էին դարձել։ Ստեղծված իրավիճակում ուղղակի անհնար էր կիրառել տոտալ բռնաճնշումների նախկին մեթոդները։ Սակայն տեղեկատվական ոլորտի ազատականացման գործընթացն արգելակվեց, մասնավորապես՝ գրեթե անհետացան ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին վերաբերող հրապարակումները։

Բայց հասարակության ոչ բոլոր անդամներն էին համաձայն նման քաղաքականության հետ, և հենց այդ տարիներին ԽՍՀՄ-ում սկիզբ առավ այլախոհական կամ, ինչպես ընդունված է անվանել՝ «դիսիդենտական» շարժումը։

Այլախոհական շարժման և օտարերկրյա կառույցների տեղեկատվական գործողությունները ԽՍՀՄ-ում. Նկատենք, որ առանձին այլախոհներ և այլախոհական շարժումներ եղել են համաշխարհային պատմության գրեթե բոլոր փուլերում, և այդ երևույթը հասարակության զարգացման տեսանկյունից hաճախ կարևոր նախապայման է հանդիսանում։ Օրինակ, աշխարհիկ մոտեցումներ ցուցաբերելու դեպքում այլախոհական կարելի է անվանել դեռևս մեր թվարկության 1-ին դարում սկիզբ առած քրիստոնեական շարժումը։ Միևնույն ժամանակ, այլախոհների դեմ պայքարի դասական օրինակ են նաև միջնադարյան ինկվիզիցիայի գործողությունները հերետիկոսների դեմ և այլն։ Արդեն նոր ժամանակաշրջանում այլախոհական շարժումներ էին տեղի ունենում ոչ միայն խորհրդային, այլև այլ երկրների հասարակություններում։ Սակայն տարբեր երկրներում ինչպես այլախոհների գործունեությունը, այնպես էլ նրանց դեմ պայքարը յուրովի էր իրականանում։ Օրինակ, ի նշան բողոքի Վիետնամի դեմ ԱՄՆ վարած պատերազմի (1965-1974թթ.), 65 հազ. ամերիկացի դասալքեց ամերիկյան բանակը։ Սակայն ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգները կարողացան այդ շարժումը ներկայացնել որպես խաղաղության համար պայքար և ամերիկյան ժողովրդավարության հաղթանակ։ Հատկանշական է, որ մեր ժամանակներում նույնպես ձևավորվում են այլախոհական շարժումներ՝ ուղղված, օրինակ, ծայրահեղականացված ազատական գաղափարախոսության (կամ ինչպես դա անվանում են Արևմուտքում՝ «փափուկ տոտալիտարիզմի») դեմ։ Սակայն վերադառնանք ԽՍՀՄ։

Հակախորհրդային այլախոհական շարժման կորիզը կազմում էին այն մտավորականները, որոնք ոչ միայն քննադատաբար էին գնահատում «կուսակցության և կառավարության» գործունեությունը, այլև իրենց մտքերը և մոտեցումներն արտահայտում էին նամակների, հոդվածների ձևով, իսկ 1960-ականների վերջից՝ անգամ բողոքի ցույցեր կազմակերպելով։ Առաջին նման չարտոնված խոշոր ցույցը տեղի է ունեցել 1965թ. ապրիլի 24-ին Երևանում, Ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ։ Անշուշտ, այդ ակցիայի հիմնական դրդապատճառներն ազգային բնույթ էին կրում, սակայն այդ ժամանակահատվածում այլախոհական և ազգային շարժումները սերտաճել էին և միասնություն կազմել։

Չարտոնված ցույցի օրինակ է նաև 1968թ. օգոստոսի 25-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված բողոքի ակցիան ընդդեմ խորհրդային զորքերի Չեխոսլովակիա մտնելու։ Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ դաշնակից այդ սոցիալիստական երկրում սկիզբ էր առել հասարակական-քաղաքական շարժում (որը հետագայում ստացավ «Պրահայի գարուն» անվանումը)՝ համակարգային բարեփոխումներ, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում, (մասնավորապես, ենթադրվում էր վերացնել գրաքննությունը) կատարելու նպատակով։ Այդ գործընթացները կասեցվեցին 1968թ. օգոստոսի 21-ին իրականացված ԽՍՀՄ և նրա դաշնակիցների ռազմական միջամտության արդյունքում։

Այլախոհական պայքարը հիմնականում տեղեկատվական բնույթ էր կրում։ Խորհրդային հանրությունում սկսեցին տարածվել ինչպես «Գլավլիտի» կողմից արգելված գեղարվեստական գրքեր, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթի նյութեր։ Այդ գրքերը և նյութերը, որոնք գլխավորապես բազմացվում էին տպագրական մեքենաների և բավական պարզունակ այլ տեխնիկական սարքերի միջոցով6, ստացան «Սամիզդատ» անվանումը։ Հայտնի է, որ այդ անվանումն առաջին անգամ գործածության մեջ է դրել բանաստեղծ Ն.Գլազգովը, որին գրաքննությունն արգելում էր հրատարակվել պաշտոնական ամսագրերում։ Սակայն դա չվհատեցրեց պոետին, և նա, իր մեքենագիր բանաստեղծությունների տիտղոսաթերթին տպագրելով «Самсебеиздат» (ինքս ինձ հրատարակող), սկսեց տարածել դրանք մտերիմների շրջապատում: 1960-ականների կեսերին այդ արտահայտությունը կրճատվեց, և շրջանառության մեջ մտավ «սամիզդատ» (самиздат) տերմինը:

«Լճացման» տարիներին մտավորական շրջանակներում մեծ պահանջարկ ունեին Ալ.Սոլժենիցինի, Մ.Բուլգակովի, Ալ.Զինովևի և այլ հեղինակների՝ «սամիզդատի» միջոցով տարածվող գրքերը։ «Սամիզդատին» զուգահեռ՝ տարածվում էր նաև ամենազանազան խողովակներով ԽՍՀՄ ներթափանցած «տամիզդատը» («тамиздат», այսինքն՝ այնտեղ, նկատի ունենալով արտասահմանը, հրատարակված)։ Վերջինի միջոցով գլխավորապես տարածվում էին արևմտյան երկրներում տպագրված խորհրդային և օտարերկրյա հեղինակների գեղարվեստական (ինչպես, օրինակ, Բ.Պաստերնակի «Դոկտոր Ժիվագոն»), այնպես էլ հասարակական-քաղաքական ուղղվածության (օրինակ՝ Ռ.Կոնկվեստի «Մեծ ահաբեկչություն. 30-ականների ստալինյան բռնաճնշումները», Ա.Ավտորխանովի «Իշխանության տեխնոլոգիան» և «Ստալինի մահվան գաղտնիքը. Բերիայի դավադրությունը») գրքերը կամ, ավելի հաճախ՝ դրանց կրկնօրինակները։

Բացի այդ, ինչպես արդեն նշել ենք վերը, «սամիզդատ» եղանակով տարածվում էին տեղեկատվական բնույթի նյութեր, որոնցում ներկայացվում էին պաշտոնական մամուլում տեղ չգտած փաստերն այլախոհների գործունեության և այլ իրադարձությունների վերաբերյալ։ Որպես առաջին նման տեղեկագիր համարվում է Ռ.Պիմենովի 1959թ. լույս տեսած «Ինֆորմացիան», իսկ առավել հայտնի էր «Хроника текущих событий»(«Ընթացիկ իրադարձությունների քրոնիկոնը»), որը լույս էր տեսնում 1968–1983թթ.։ Այդ քրոնիկոնի մի «համարում», մասնավորապես, տեղեկություն է տրվում այլախոհ Հենրիխ Ալթունյանի դատավարության մասին։

Միևնույն ժամանակ, խորհրդային համակարգի առանձնահատկություններից մեկն այն էր, որ բացի խիստ գաղափարականացված տարաբնույթ պաշտոնական հրապարակումներից և նույն «սամիզդատից» ու «տամիզդատից», հաճախ ստեղծվում և մեծ տպաքանակով հրատարակվում կամ նկարահանվում էին արժեքավոր ստեղծագործություններ, որոնք զգալի ազդեցություն էին գործում հասարակական տրամադրությունների վրա։

Օտարերկրյա ռադիոհաղորդումների դերակատարումը. Հարկ է փաստել, որ, չնայած այլախոհների և նրանց «տեղեկատվական արտադրանքը» տարածողների ջանքերին (նման գործունեության և անգամ «արգելված գրականության» ընթերցման համար մարդիկ ենթարկվում էին քրեական կամ վարչական հետապնդման), «սամիզդատը» և «տամիզդատը» մատչելի էին հանրության սահմանափակ շրջանակին։ Այլընտրանքային տեղեկատվության հիմնական աղբյուրն օտարերկրյա ռադիոհաղորդումներն էին, որոնք բավական մանրակրկիտ լուսաբանում էին ոչ միայն քաղաքական գործընթացները, այլև այլախոհների գործունեությունը՝ ընթերցելով «սամիզդատի» և «տամիզդատի» բովանդակությունը։

Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ այլախոհական շարժումը զարգանում էր այսպես կոչված «Սառը պատերազմի» համատեքստում, որի կարևորագույն բաղադրիչն էր ագիտացիոն-պրոպագանդիստական հակամարտությունը։ Տեղեկատվական գործողությունների ոլորտում առավել ակտիվ էին ԽՍՀՄ մրցակիցները, որոնք, մասնավորապես, կարողացան կազմակերպել տպավորիչ և արդյունավետ հակասովետական քարոզչություն «Ամերիկայի ձայն», «Ազատություն», BBC, «Գերմանական ալիք» և այլ ռադիոկայանների միջոցով։ Տեղեկատվական այդ գործողություններում (ինչպես և այն ամենում, ինչը կապ ուներ այլախոհական շարժման հետ) կարևոր դերակատարում ունեին նաև հատուկ ծառայությունները։

Ռադիոպրոպագանդան ավելի քան ինտենսիվ էր. օրինակ, «Ամերիկայի ձայնի» ամենօրյա հաղորդումները ԽՍՀՄ ժողովուրդների տարբեր լեզուներով (այդ թվում՝ հայերենով) տևում էին մինչև 16.5 ժամ։ Համաձայն որոշ գնահատականների, չնայած ռադիոհաղորդումների նկատմամբ կիրառվող տեխնիկական խլացումներին7՝ օտարերկրյա կայանների ծրագրերն ունկնդրում էր օրական մինչև մի քանի միլիոն մարդ։

Ռադիոլսողների շրջանակը լայն էր, «թշնամական ձայնը»8 լսում էին ոչ միայն այլախոհները կամ տիրող կարգերի հանդեպ քննադատական տրամադրություններ ունեցողները, այլև սոցիալական գրեթե բոլոր շերտերի, որոնց թվում՝ «նոմենկլատուրայի» ներկայացուցիչները։ Այս հանգամանքը հաշվի էր առնվում հաղորդումների պատասխանատուների կողմից, և ծրագրերի ստեղծման գործում ներգրավում էին ամենատարբեր ոլորտի մասնագետների՝ սոցիալ-հոգեբանների, գովազդի գիտակների և այլն։ Բացի քաղաքական-տեղեկատվական թեմաներից, ռադիոծրագրերում հատուկ տեղ էին գրավում ամերիկյան և ընդհանրապես արևմտյան կենսակերպի ու մշակութային կյանքի վերաբերյալ հաղորդումները։ Մասնավորապես, խորհրդային երիտասարդության մի հատվածը տարված էր ջազային երաժշտությամբ և առանձնակի ուշադրությամբ ունկնդրում էր այն հաղորդումները, որոնք վարում էր ջազի խոշոր գիտակ Ուիլիս Կոնովերը։

1 Մինչ Ստալինը, նման բարձրագույն զինվորական կոչում Ռուսաստանում ստացել էր հայկական արմատներ ունեցող զորավար Ալեքսանդր Սուվորովը (1730–1800թթ.)։

2 ԳՈՒԼԱԳ – ռուս.՝ Главное управление лагерей բառակապակցությունից, հապավումը՝ ГУЛАГ։ Այս արտահայտությունը տեղեկատվական լայն շրջանառության մեջ է մտել Ալեքսանդր Սոլժենիցինի «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ» գրքի շնորհիվ, որտեղ նա փաստագրական վկայությունների հիման վրա նկարագրել էր ստալինյան ճամբարներում տիրող անողոք բարքերը և ընդհանրապես քաղաքական ճնշումների համակարգը։

3 Ավելորդ չէ հիշատակել, որ ազատականացման գործընթացում Ն.Խրուշչովի ակտիվ աջակիցներից էր Քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը (1895-1978թթ.)։

4 «Застой» - այսպես է բնութագրվում խորհրդային պատմության 1964-1986թթ. ժամանակահատվածը, երբ ԽՍՀՄ ղեկավարն էր կուսակցության գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։

5 «Նոմենկլատուրա» (ռուս.՝ номенклатура) – վերադաս կուսակցական մարմինների կողմից նշանակվող պատասխանատու աշխատողների սոցիալական շերտը ԽՍՀՄ-ում։

6 Տպագրության համար հաճախ օգտագործվում էր ծխախոտի գլանակների համար նախատեսված թուղթը (այսպես կոչված «папиросная бумага»), որը բարակ էր և թույլ էր տալիս պատճենող թղթերի միջոցով միանգամից տպագրել մինչև 6-7 օրինակ։

7 Ռադիոխլացման նպատակով կառուցվել էր մոտ 1400 հատուկ կայան:

8 ԽՍՀՄ-ում օտարերկրյա հաղորդումները կատակով անվանում էին «вражеский голос».

Գրականություն

1. Конквест Р., «Большой террор» (в 2-х томах), Рига, Изд-во «Ракстниекс», 1991.

2. Михаил Геллер, Александр Некрич, «Утопия у власти: история Советского Союза с 1917 года до наших дней» (в 2-х томах), Printed in Germany by Poliglott – Druck GmbH, 1982 (Տամիզդատ).

3. Алексеева Людмила, «История инакомыслия в СССР», M., 1992. http://www.memo.ru/history/diss/books/ALEXEEWA/index.htm

4. А.Авторханов, «Загадка смерти Сталина», http://www.litmir.co/bd/?b=92144

5. Борис Кагарлицкий, «Политология революции», М., «Алгоритм», 2007.

6. Шубин А.В., «Тайны советской эпохи: диссиденты, неформалы и свобода в СССР», М., Вече, 2008.

7. Արման Գալոյան, Հայ «Սամիզդատ» մամուլի դերը Հայաստանի անկախացման գործընթացում, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2012։

8. Сергей Печуров, Американская контрразведка в годы холодной войны, Независимое военное обозрение, #11(894), 2016.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր