• am
  • ru
  • en
Версия для печати
03.02.2017

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ»

   

ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցն ուշագրավ էր ոչ միայն երկկողմ պաշտպանական համագործակցության հեռանկարների, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի առումով, այլեւ ադրբեջանական հիստերիայի հասնող արձագանքներով: Տեղի ունեցած հանդիպման եւ դրան նախորդած մեր տարածաշրջանին վերաբերող իրադարձությունների ու հնարավոր զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Վերանյան, ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը, կարծես, ԱՄՆ-ն հետ է քաշում արտաքին քաղաքականգործընթացներից: Սա ի՞նչ կերպ կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա:

- ԱՄՆ նախագահ Թրամփի ետքաշման կամ ինչ-որ տեղ «մեկուսացման» արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա միջազգային հարաբերություններում առկա հիմնական կնճռոտ խնդիրների կարգավորման գործընթացների վրա: Սա վերաբերում է սիրիական ճգնաժամին, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավման հարցին եւ այլն: Թրամփի նման քաղաքականությունը կարծեք թե կարող է լիցքաթափել լարվածությունը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում եւ հարավկովկասյան ուղղությամբ եւ դրական հետեւանքներ ունենալ առկա հակամարտությունների կարգավորման համար: Սա ենթադրում է մեր տարածաշրջանում արտաքին հիմնական դերակատարների միջեւ նախկինում բյուրեղացած ու հակադիր շահերի որոշակի կոնսենսուսի հնարավորություն:

- Այս համատեքստում ՌԴ-ն էլ առավել հասցեական գնահատականներ է հնչեցնում, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի հարցում` վառ օրինակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտնի պատասխանը լրագրողի հարցին: Ի՞նչ գործընթացներ կարող են հետեւել այս ամենին:

- Եվրասիական տարածաշրջանում ձեւավորվում է որոշակի քաղաքական վակում, որից առաջին հերթին արդեն փորձում է օգուտներ քաղել Ռուսաստանը: Բավական է հիշել Աստանայում տեղի ունեցած սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք կոորդինացնում էր Ռուսաստանը, ինչը նախկինում դժվար էր հնարավոր համարել: Ռուսաստանը փորձում է առավել ինքնուրույն քաղաքականություն վարել նաեւ մեր տարածաշրջանում, այդ թվում եւ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Դրա առավել անկաշկանդ դրսեւորումներից էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի հայտարարությունը նախորդ տարվա Չինարիի ուղղությամբ ադրբեջանական ներթափանցման փորձի հետ կապված, երբ հայտարարությունում տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն ձեւակերպումը։ Ինչպես ճիշտ նկատեցիք, դրան հետեւեց ադրբեջանցի լրագրողի հարցին Ս. Լավրովի բավական կոշտ պատասխանը առ այն, որ արցախյան հիմնախնդիրը չի հանդիսանում Ադրբեջանի ներքին հարցը: Ակնհայտ է, որ միջազգային ու հարավովկասյան տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում Ռուսաստանում փոխվել են ընկալումները մասնավորաբար արցախյան հակամարտության կարգավորման հետագա գործընթացի հարցում։ Ի տարբերություն նախկին իրավիճակի, ներկայում պաշտոնական Մոսկվան Հայաստանի (ԼՂՀ) ու արցախյան հակամարտության հարցում Բաքվի ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության նկատմամբ անցել է առավել առարկայական հակաքայլերի։ Միանշանակ է, որ Բաքուն նման մոտեցումներով փորձում է Թուրքիայի հետ միասին սիրիական ճգնաժամը տեղայնացնել մեր տարածաշրջանում եւ հնարավորինս ապակայունացնել այն, ինչը բացարձակապես անընդունելի է ռուսական կողմի համար։ Ի վերջո, ՌԴ ղեավարության դիրքորոշման փոփոխությունները հիշեցնում են վրաց-հարավօսեթական պատերազմից հետ ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հայտնի սցենարը, որը չի բացառվում՝ կիրառություն գտնի նաեւ արցախյան հիմնախնդրի դեպքում։

- Ի դեպ, ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը Մոսկվայում համաձայնության է եկել Մեղրիում ազատ շուկայական գոտի ստեղծելու վերաբերյալ: Սա նշանակում է ՌԴ-Հայաստան-Իրան ձեւաչափով տնտեսակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ ռազմական համագործակցային իրողության սկիզբ:

- Ապրիլյան ռազմական գործողություններից ու ՊՊԾ գնդի գրավումից հետո Ռուսաստանում փոխվել են նախկին ընկալումները Հայաստանի ու արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Ռուսական կողմը հստակ գիտակցում է, որ Հարավային Կովկասում ռուսական դիրքերի պահպանումը հնարավոր է միայն, եթե ապահովված է Հայաստանի անվտանգությունը` բոլոր առումներով: Այս տեսանկյունից` Մոսկվան փորձում է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը ոչ միայն Հայաստանի եւ Իրանի հետ, այլեւ համագործակցության դաշտ ձեւավորել Հայաստան-Իրան, հետեւաբար եւ ՌԴ-Հայաստան-Իրան քաղաքական-տնտեսական ձեւաչափի զարգացման ուղղությամբ: Այստեղ անհրաժեշտ է հիշատակել նաեւ Վրաստանի գործոնը, նշենք` ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգահամակարգերի միավորման ծրագրի, Հայաստանն ու Վրաստանը որպես դեպի Եվրոպա իրանական բեռնափոխադրումների համար տարանցիկ երկրներ հանդիսանալու հնարավորությունների, ինչպես նաեւ Մեղրիում ազատ շուկայական գոտի ստեղծելու ծրագրի մասին: Իհարկե, դեռեւս վաղ է խոսել Մոսկվա-Երեւան-Թեհրան ռազմական դաշինքի կամ ձեւաչափի մասին, սակայն այս դաշինքի տնտեսական ու քաղաքական բաղադրիչներն արդեն իրողություն են: Այս ծրագրերին էապես նպաստել է նաեւ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների որոշ սահմանափակումների վերացման հանգամանքը:

- Առհասարակ տեսնո՞ւմ եք Իրանի ռազմական դերակատարությունը` կոնկրետ ԼՂ հիմնախնդրի հարցում, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի իրանյան այցը մեծ հիստերիա է բարձրացրելԱդրբեջանում:

- Շատ կարեւոր հարց եք բարձրացնում. Իսկզբանե նշեմ, որ արցախյան հիմնախնդրում եւ դրա կարգավորման գործընթացում Իրանն ունի ռազմավարական, քաղաքական հավասարակշռող առանցքային դերակատարություն: Այս տեսնակյունից Իրանը ներգրավված է հակամարտությունում` որպես ռազմական հզոր պոտենցիալ ունեցող երկիր ու միջուկային հզոր տարածաշրջանային տերություն: Եվ թեեւ խոշոր հաշվով ուղղակիորեն ներքաշված չէ հակամարտության ռազմական գործընթացներում` մասնավորապես սպառազինութունների մատակարարումների, բուն ռազմական գործողություններին աջակցման հարցերում, այնուհանդերձ, պաշտպանական տեսանկյունից` արցախյան հիմնախնդրում ունի էական զսպող ու հավասարակշռող նշանակություն: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի այցին Իրան, ապա այն կարեւորագույն նշանակություն ունի ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության պահպանման տեսանկյունից: Հարկ է նշել, որ նախարարի այցելությունը կարող է լինել շրջադարձային` հայ-իրանական ռազմատեխնիկական համագործակցության առումով: Այս համատեքստում կարելի է հաստատել, որ ԱՄՆ պատժամիջոցների որոշակի սահմանափակումների վերացումից հետո Իրանը սկսել է առավել ազատ ու համապարփակ համագործակցել տարբեր երկրների հետ, ուստի` նաեւ այս տեսանկյունից Իրան պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի այցելությամբ կարող են դրվել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացման հիմքերը` ընդհուպ իրանական արտադրության որոշ սպառազինությունների մատակարարումներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://www.iravunk.com/news/21742


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր