• am
  • ru
  • en
Версия для печати
26.01.2017

ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

   

2016թ. հունվար-սեպտեմբեր


Դավիդ Սարկիսյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ

Ժամանակակից աշխարհի հակամարտությունների շարքում արցախյան հակամարտությունն առանձնահատուկ է նրանով, որ լայնածավալ պատերազմական գործողությունների բացակայության պայմաններում տարիներ շարունակ շփման գծի երկայնքով գրեթե ամենօրյա պարբերությամբ տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Ազդվելով ներքին և արտաքին մի շարք գործոնների կողմից՝ այդ խախտումներն ունենում են տարբեր ինտենսիվություն թե՛ քանակական և թե՛ որակական բնութագրիչների տեսանկյունից: Քանակական իմաստով մեկ օրվա ընթացքում արձանագրված խախտումների և հրաձգային զենքից արձակված կրակոցների թիվը պարբերաբար տատանվում է: Հետաքրքրական է, որ այդ տատանումները չեն կրում պատահական բնույթ, այլ ժամանակի ընթացքում կազմում են որոշակի միտումներին բնորոշ օրինաչափություններ: Որակական տեսանկյունից խախտումները տարբերվում են կիրառվող զինատեսակների իմաստով՝ հրաձգային զենքից մինչև ծանր հրետանի, տանկեր և անօդաչու թռչող սարքեր:

Զինադադարից հետո հակամարտության պատմության մեջ բացասական իմաստով առանձնացավ 2016 թվականը, երբ տեղի ունեցավ 1994-ից ի վեր խոշորագույն էսկալացիան, որը մեդիա- և որոշ չափով նաև փորձագիտական դաշտում ստացավ «ապրիլյան քառօրյա պատերազմ» անվանումը: Միջազգային հարաբերությունների քանակական հետազոտություններում ընդունված է պատերազմ որակել այն ռազմական գործողությունները, որոնց ընթացքում կողմերի հանրագումարային զոհերի թիվը գերազանցում է հազարը1 (ինչը տեղի չունեցավ ապրիլին): Հակառակ դեպքում ռազմական գործողությունները որակվում են «միջպետական ռազմականացված ընդհարում/վեճ» (militarized interstate dispute): Սակայն ղարաբաղյան հակամարտության պարագայում, անկախ անվանումից, 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունները որակապես տարբերվում էին հրադադարի նախկին խախտումներից թե՛ կիրառված ռազմական ներուժի, թե՛ դրված մարտական խնդիրների տեսանկյունից:

Սույն հոդվածում կներկայացնենք ապրիլյան էսկալացիային նախորդող և հաջորդող ամիսներին (2016թ. հունվար-սեպտեմբեր) ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական կողմի իրականացրած՝ հրադադարի ռեժիմի խախտումների դինամիկայի համառոտ վիճակագրական ակնարկը: Բոլոր տվյալները վերցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից2:

Նախ կարելի է արձանագրել, որ վերոնշյալ ժամանակահատվածում հրաձգային զինատեսակներից բացի ադրբեջանական կողմն առավել հաճախ կիրառել է տարբեր տեսակի ականանետեր և նռնականետեր: Գծապատկեր 1-ում ուղղահայաց գծերը համապատասխանում են յուրաքանչյուր օրվան, երբ կիրառվել են այդ զինատեսակները: Այն օրերին, երբ տվյալ զինատեսակը չի կիրառվել, համապատասխանում է գծապատկերի վրա բաց տարածությանը (բացակայում են ուղղահայաց գծերը)։

Այս իմաստով ադրբեջանական կողմն առավել մեծ ակտիվություն է ցուցադրել տարվա առաջին կեսին և հատկապես ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին՝ ապրիլ-մայիս ամիսներին: Գծապատկեր 2-ում կապույտ, կարմիր և դեղին գծերի միջոցով ներկայացված են համապատասխանաբար գնդացրի, ծանր հրետանու և տանկի ու հետևակի մարտական մեքենայի կիրառությամբ հրադադարի խախտումներին համապատասխանող օրերը: Վերջին երկու զինատեսակներն առավել հաճախ կիրառվել են ապրիլին: Գնդացրի կիրառության տեսանկյունից նկատելի է որոշակի քլաստերացում՝ կիրառությունը տեղ է գտնում մի քանի միմյանց հաջորդող օրերի ընթացքում, այլ ոչ թե հավասարաչափ բաշխված է ըստ պատահական օրերի: Սրանից կարելի է նախնական ենթադրություն անել, որ որևէ օր գնդացրի կիրառության արձանագրման դեպքում կարելի է ակնկալել, որ դրան հաջորդող օրերին ադրբեջանական կողմը կկիրառի գնդացիր ավելի մեծ հավանականությամբ, քան տարվա մյուս կամայական օրերին:

Հետախուզա-դիվերսիոն գործողությունների իրականացման օրերը պատկերված են Գծապատկեր 3-ում: Դիտարկվող ժամանակահատվածում դրանց մեծամասնությունը տեղի է ունեցել հունվար-ապրիլ ամիսներին: Նման գործողությունների իրականացումն ապրիլյան պատերազմի նախօրեին տրամաբանական է այն առումով, որ ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդել նախատեսվող հարձակումից առաջ որոշակի հավելյալ տեղեկատվություն հավաքել հայկական պաշտպանական համակարգի վերաբերյալ: Իր հերթին, ապրիլին հետախուզա-դիվերսիոն բարձր ակտիվությունը կարող էր պայմանավորված լինել նրանով, որ նույնիսկ քառօրյա պատերազմի ավարտից հետո շարունակվում էին ինտենսիվ սահմանային մարտերը, և ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տեսակի ծանր հրետանի ապրիլի վերջին, ինչպես երևում է Գծապատկեր 2-ից: Ուստի, Գծապատկեր 3-ում ներկայացված՝ ապրիլի սկզբին և կեսերին տեղի ունեցած հետախուզա-դիվերսիոն գործողությունները կարող էին հանդիսանալ նման հրետանային հարվածների նախապատրաստությունը:

Ամենից հաճախ հրադադարի ռեժիմի խախտումները տեղի են ունենում հրազենային զենքի կիրառությամբ: Գծապատկեր 4-ում ներկայացված է ադրբեջանական կողմի՝ հրաձգային զենքից արձակված օրական կրակոցների քանակի դինամիկան:

Գծապատկերի ընդհատումները համապատասխանում են այն օրերին, երբ Պաշտպանության նախարարության կայքում չի արձանագրվել կրակոցների կոնկրետ թվաքանակը: Հիմնականում այդ օրերին նշվել է, որ «պահպանվել է հարաբերական անդորր»:

Բացառելով ապրիլյան պատերազմի օրերը՝ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից օրական արձակել է միջինը 737 կրակոց: Մեկ օրվա ընթացքում առավելագույնը արձակվել է 4500 կրակոց, նվազագույնը՝ 0: Ստանդարտ շեղումը կազմել է 703:

Փետրվարի 12-ին և մարտի 11-ին, որոնք համապատասխանում են գծապատկերում ներկայացված երկու ամենաբարձր գագաթներին, հարակից օրերի համեմատությամբ գրանցվել է կրակոցների արտասովոր բարձր քանակ: Ըստ մեզ՝ պատահական (ստոխաստիկ) բաղադրատարր ունեցող այնպիսի գործընթացներում, ինչպիսիք են սահմանային մարտերը, նման հազվադեպ շեղումները հնարավոր են պատահականության և մարդկային գործոնի ազդեցության պայմաններում: Հասարակական գործընթացների վիճակագրության մեջ ընդունված է նման արտասովոր և փոքրաթիվ շեղումների բացառումը հետագա վերլուծությունից՝ միտման ընդհանուր պատկերը չաղավաղելու նպատակով: Այսպիսով, եթե բացառենք փետրվարի 12-ին և մարտի 11-ին տեղի ունեցած իրավիճակի սրացումները, ապա կարելի է նկատել, որ հրաձգային զենքից արձակված կրակոցների դինամիկան տարվա սկզբից մինչև բուն «ապրիլյան պատերազմը» ուներ աստիճանական աճի միտում, ինչը վկայում է առաջնագծում իրավիճակի հետևողական սրման մասին:

Մաթեմատիկորեն այս միտումը լավագույն ձևով ապրոքսիմացվում է էքսպոնենցիալ կախման բանաձևով, որի դեպքում ստացվում է ավելի բարձր R2 արժեք, քան բանաձևի կիրառման դեպքում:

Գծապատկեր 5-ում կապույտ գույնով պատկերված են զեկուցված արժեքները, իսկ սև գույնով ավելացված է միտման կորը:

R2-ը ցույց է տալիս կախյալ փոփոխականի վարիացիայի մասնաբաժինը, որը բացատրվում է մոդելի մեջ ընդգրկված անկախ փոփոխականներով: 0 արժեքը նշանակում է, որ մոդելն ընդհանրապես չի բացատրում մեզ հետաքրքրող կախյալ փոփոխականի վարիացիան իր միջին արժեքի շուրջը, իսկ 1 արժեքի դեպքում մոդելն ամբողջությամբ բացատրում է այն:

Թեպետ էքսպոնենցիալ կախման R2-ի 0,47 արժեքը իդեալական չէ, բայց հասարակական գիտություններում մեկ փոփոխականից, տվյալ դեպքում՝ ժամանակից եղած կախումը բնութագրելու համար բավարար բարձր է:

Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածի՝ 2016թ. հունվար-սեպտեմբեր, ոչ մի այլ եռամսյա շրջանում չի արձանագրվել կրակոցների թվաքանակի դինամիկայի էքսպոնենցիալ աճ: Սա ինքնին հետաքրքրական փաստ է, ինչից կարելի է ենթադրել, որ ապագայում նման երկարատև ժամանակահատվածում կրակոցների թվի էքսպոնենցիալ աճի դիտարկումը կարող է ազդանշան ծառայել մեկ այլ հնարավոր կարճատև պատերազմի սկսման համար:

Այսպիսով, հոդվածում կարճ վիճակագրական ակնարկի տեսքով ամփոփվել են 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական կողմի իրականացրած հրադադարի խախտման դեպքերը: Առանձնացվել են որոշակի միտումներ՝ կապված որոշակի զինատեսակների կիրառման, հետախուզա-դիվերսիոն գործողությունների իրականացման և խախտումների ինտենսիվության դինամիկայի վերաբերյալ:

1 Jones, D. M., Bremer, S. A. & Singer, D. J., 1996. Militarized Interstate Disputes 1816-1992: Raionale, Coding Rules and Empirical Patterns. Conflict Management and Peace Science, Volume 2, pp. 163-215, http://cow.la.psu.edu/COW2%20Data/WarData_NEW/COW%20Website%20-%20Typology%20of%20war.pdf

2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարություն, պաշտոնական կայքէջ, նորություններ, http://www.nkrmil.am/

3 Այս և հաջորդ գծապատկերները կառուցված է ըստ ԼՂՀ ՊՆ պաշտոնական տվյալների:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր