
ՁԱԽՈՂՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆԴԵՍՔԸ 2010-2016ԹԹ.
Հարավային Կովկաս. կրիտիկական ենթակառուցվածքներ
Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
«Ֆորին Փոլիսի Մեգեզին» ամսագրի (Foreign Policy Magazine) և «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության (The Fund for Peace) նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը» (Fragile States Index) վարկանիշային նախագծում կիրառված մեթոդաբանությունը հիմնվում է 12 ենթացուցիչների հաշվարկի վրա։ Այդ ենթացուցիչներն իրենց հերթին ներառվում են երեք հիմնական խմբերում՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական և ռազմական։ Յուրաքանչյուր ենթացուցչի համար ընտրված վարկանիշային թիվը դասակարգված է 0-10 թվային սանդղակով, որտեղ 10 թիվը համարվում է բարձրագույն բացասական կետը, 0 թիվը` ցածրագույն լավագույն կետը։ Որքան ցածր է տվյալ երկրի ամփոփ վարկանիշային միավորը, այնքան տվյալ պետությունը կայացած է։
Սոցիալական բաղադրիչ
1. Ժողովրդագրական խնդիրներ (բնական աղետ, համաճարակ, շրջակա միջավայր, մահացության տոկոս, բնակչության աճ, օդի աղտոտվածություն)
2. Ներքին տեղահանվածներ և փախստականներ (տեղահանում, ճամբարներ, փախստականների թիվը մեկ շնչի հաշվարկով, ինտեգրման կարողությունները)
3. Ճնշումներ զանգվածների/խմբերի նկատմամբ (խտրականություն, էթնիկ, համայնքային, կրոնական բռնություն)
4. Մարդկային կապիտալի, ուղեղների արտահոսք (արտագաղթ, մարդկային կապիտալ, ուսյալ հատվածի արտագաղթ)։
Տնտեսական բաղադրիչ
5. Անհավասար տնտեսական զարգացում (GINI գործակից, ծառայությունների բաշխումն ըստ քաղաքների և գյուղերի, եկամուտների հաշվարկը)
6. Աղքատություն և տնտեսական անկում (կառավարության պարտք, գործազրկություն, երիտասարդության գործազրկություն, ՀՆԱ):
Քաղաքական և ռազմական բաղադրիչ
7. Պետության լեգիտիմություն (կոռուպցիա, քաղաքական մասնակցություն, ընտրական գործընթաց, ժողովրդավարության պակաս, ապստամբություններ)
8. Հանրային ծառայություններ (էլեկտրաէներգիայի, ինտերնետի հասանելիություն, առողջապահական ծառայություններ և այլն)
9. Մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն
10. Անվտանգության համակարգ (ներքին կոնֆլիկտ, փոքր զինատեսակների տարածում, ռազմական հեղաշրջում, քաղբանտարկյալներ, ռազմատենչություն, ապստամբությունների ակտիվություն)
11. Վերնախավեր (իշխանության համար պայքար, քաղաքական մրցակցություն, կեղծ ընտրություններ)
12. Արտաքին միջամտություն (արտաքին օգնություն, խաղաղապահների առկայություն, ՄԱԿ առաքելության ներկայություն, արտաքին ռազմական միջամտություն)։
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. 2010-2016թթ. ամփոփ արդյունքները
Առանձնացված երկրների տարեկան ցուցանիշները գրեթե նույն դինամիկան են ունեցել։ Չնայած հարավկովկասյան հանրապետություններն այսօր գտնվում են տարածաշրջանային և միջազգային տարբեր քաղաքական-տնտեսական ինտեգրացիոն գոտիներում (իհարկե, ինտեգրման գործընթացները նոր են սկսում դառնալ առարկայական), այնուհանդերձ, զարգացման գրեթե միանման տրամաբանություն ունեն։ Ամփոփ ցուցանիշները համադրելի են հատկապես Վրաստանի և Ադրբեջանի պարագայում։ 2010-2016թթ. երեք երկրներից ամփոփ միավորների հաշվարկով առավել շեշտակի դրական միտում արձանագրել է Վրաստանը, ինչը երևում է Գծապատկեր 1-ից: Այդ միտումը շոշափելի է նաև Ադրբեջանի վարկանիշային ամփոփ միավորների հաշվարկում, իսկ Հայաստանի 2010թ. և 2016թ. ամփոփ միավորների միջև թվային տարբերությունը համեմատաբար քիչ է արտահայտված: 2010-2016թթ. Հայաստանի և Ադրբեջանի ամփոփ ցուցանիշներում արձանագրված ամենամեծ թվային տարբերությունը նկատվել է 2010թ.։ Դա առավել վառ արտահայտված է նաև նույն թվականի Հայաստանի և Վրաստանի ամփոփ ցուցանիշների համադրությունում։ Հարավային Կովկասի երկրների 2010թ. ամփոփ ցուցանիշների ցածր արդյունքներում արտացոլվում են 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսավարկային ճգնաժամի հետևանքները։ Ճգնաժամի նկատմամբ առավել զգայուն էին Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունները. Վրաստանի տնտեսությունը զգալիորեն կախված է արևմտյան ֆինանսավարկային ներհոսքից ու ներդրումներից, որոնք համաշխարհային ճգնաժամի հետևանքով էապես կրճատվել են:
Ճգնաժամը շոշափելի հետևանքներ ունեցավ Ադրբեջանի նավթային եկամուտների վրա՝ պայմանավորված երկրի նավթագազային ոլորտում արևմտյան ֆինանսական ներդրումների կրճատումներով։ Համաշխարհային ճգնաժամը չշրջանցեց Հայաստանի տնտեսությունը, ինչի արդյունքում էապես կրճատվեց ռուսաստանյան ֆինանսական ներհոսքը, դանդաղեցին տնտեսության աճի տեմպերը:
Անդրադառնանք երկրների այն ենթացուցիչների համեմատական վերլուծությանը, որոնք տվյալ պետության համար ունեն կրիտիկական նշանակություն: 3-րդ՝ ճնշումներ խմբերի/զանգվածների նկատմամբ ենթացուցչով, ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի, Հայաստանի վարկանիշային ցուցանիշն անհամեմատ դրական է։ Չնայած Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, այնուհանդերձ, արժեքային ընկալումների տեսանկյունից բավական հանդուրժող է երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Վրաստանի ենթացուցչում թերևս հաշվարկվել է հակամարտությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ (նաև 2008թ. վրաց-օսական ռազմական գործողությունները): Այդքանով հանդերձ, Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության ընկալումները բավական դրական են (օրինակ՝ թիֆլիսահայության ինտեգրումը):
Օբյեկտիվ գնահատականներով, Ադրբեջանի դեպքում իրավիճակը լրիվ այլ է։ Երկրի քաղաքական դաշտում գերակշռում են հայերի հետ անհամատեղելիության մոտեցումները, նույն վերաբերմունքն առկա է նաև թալիշների և այլ էթնիկ փոքրամասնությունների հանդեպ։ Իհարկե, այս դիրքորոշումները չեն արտացոլում հասարակության ողջ սպեկտրը, այնուհանդերձ, գտնվելով ղեկավարության մշտական տեղեկատվական արտահոսքի ներքո՝ ընդլայնման միտում ունեն: Ի տարբերություն վրաց-հարավօսական, աբխազական հակամարտությունների, որոնք Վրաստանի հասարակական ընկալումներում գլխավորապես ունեն ավելի շատ քաղաքական, քան էթնիկ ենթատեքստ, ներկայացվում են որպես հակամարտություն ՌԴ ու Վրաստանի միջև, արցախյան հակամարտության առումով Ադրբեջանի քաղաքական, հասարակական ընկալումները կրում են էթնիկ-ազգայնական բնույթ։
4-րդ ենթացուցիչը վերաբերում է մարդկային կապիտալի և գիտական պոտենցիալի արտահոսքին։ Այս ենթացուցչով 2010թ. Հայաստանն, ի տարբերություն հարևան երկրների, ունեցել է լուրջ հետընթաց, որը պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ երկու հարևան երկրների կողմից Հայաստանի քաղաքական-տնտեսական շրջափակումն էական ազդեցություն է թողնում հասարակության բարեկեցության մակարդակի վրա։ Սա իր հերթին հասարակությունում ձևավորում է բարոյահոգեբանական մի մթնոլորտ, որը նպաստում է երկրից մարդկային կապիտալի կանոնավոր արտահոսքին։ Բացի այդ, մեր հասարակությունում բավական տարածված են սոցիալ-տնտեսական վիճակից անբավարարվածության, անհատապաշտական, «յուրաքանչյուրս նախագահ է» արժեքային ընկալումները, որոնք ևս ազդեցություն ունեն Հայաստանից արտագաղթի վրա՝ այլ երկրներում առավել բարեկեցիկ պայմաններ գտնելու ակնկալիքով։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը, լինելով տարանցիկ, դեպի ծով մուտք ունեցող երկրներ, նպաստել են հասարակությունների արժեքային-հոգեբանական ընկալումներում իրենց երկրների՝ տարածաշրջանային ու միջազգային ինտեգրվածության վերաբերյալ պատկերացումների բյուրեղացմանը։ Թեև 2010-2016թթ. Հայաստանն իր ամփոփ ցուցանիշով գերազանցում է հարևաններին, սակայն 4-րդ կետով Հայաստանի արձանագրած հետընթացը երկրի անվտանգության համար կրիտիկական կետ է։ Մարդկային կապիտալի և հատկապես «ուղեղների» արտահոսքը, որը կրում է շարունակական բնույթ և ունի խորացման միտում, կարող է աղետաբեր լինել առանց այդ էլ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող և ժողովրդագրական տեսանկյունից ոչ այնքան բարվոք այնպիսի երկրի համար, ինչպիսին է Հայաստանը։
Հայաստանի «ուղեղների» արտահոսքի ցուցանիշն ուղղակիորեն պայմանավորված է 6-րդ՝ աղքատություն և տնտեսական անկում ենթացուցչի տվյալներով։ Թեև 2010թ. Հայաստանի 6-րդ ենթացուցիչն առաջատար է հարևան երկրներից, այնուհանդերձ, արդեն 2012թ. Ադրբեջանը գերազանցել է մեզ, 2013թ. այդ միտումներն էլ ավելի են շեշտադրվել։ Բերենք մի քանի վիճակագրական տվյալներ. Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, 2015թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով ($18.000) անհամեմատ գերազանցում է հարևան երկրներին (Հայաստանի ու Վրաստանի ցուցանիշները՝ համապատասխանաբար $8.500 և $9.600)։ 2010-2014թթ. Ադրբեջանի ՀՆԱ-ն ունեցել է կայուն և կտրուկ զարգացման դինամիկա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացման միտումներով։ Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրությամբ, 2015թ. Հայաստանում գործազրկությունը կազմել է 18.5%, Ադրբեջանում՝ 5.3%, իսկ Վրաստանում՝ 12%։ Ինչպես տեսնում ենք գրաֆիկական գծապատկերից, 8-րդ՝ հանրային ծառայություններ ենթացուցչով 2013թ. Հայաստանի վարկանիշը լավագույն արդյունքն է արձանագրել երկրի մնացյալ ենթացուցիչների հաշվարկում։ Ունենալով մակրոտնտեսական լուրջ խնդիրներ՝ էական բարելավում է ապահովվել հանրային ու սպասարկման ծառայությունների ոլորտներում, որոնք չունեն կրիտիկական նշանակություն երկրի տնտեսական կամ քաղաքական անվտանգության համատեքստում:
Քաղաքական և ռազմական բաղադրիչով Հայաստանի ենթացուցիչները գերազանցում են հարևաններին։ 7-րդ՝ պետության լեգիտիմություն (կոռուպցիա, քաղաքական մասնակցություն, ընտրական գործընթաց, ժողովրդավարության պակաս, ապստամբություններ) ենթացուցչով Հայաստանն անհամեմատ բարձր է հարևաններից։ Ադրբեջանի պետական կառավարման համակարգի, երկրում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման գործընթացում առկա լրջագույն խախտումների մասին բազմիցս են բարձրաձայնել Արևմուտքում: Լինելով ավտորիտար պետություն՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը հասարակությունը պահում է կաղապարված, վերահսկելի, այս գործոնի վրա ազդում է նաև իսլամը։ 10-րդ՝ անվտանգության համակարգ (ներքին կոնֆլիկտ, փոքր զինատեսակների տարածում, ռազմական հեղաշրջում, քաղբանտարկյալներ, ռազմատենչություն, ապստամբությունների ակտիվություն) ենթացուցչով Հայաստանը կրկին անհամեմատ առաջ է հարևան երկու երկրների ցուցանիշներից։ Ադրբեջանը տարբեր ահաբեկչական խմբավորումների համար շարունակում է հանդիսանալ տարանցիկ երկիր, հատկապես Հյուսիսային Կովկասից ներթափանցող ահաբեկչական խմբավորումներն անարգել հատում են ադրբեջանական սահմանը, տեղափոխվում Թուրքիա։ Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասով՝ Պանկիսի կիրճի հետ կապված։ Մեկ անգամ չէ, որ խոսվել է սիրիական և իրաքյան ահաբեկչական գործողություններին վրացի և ադրբեջանցի ահաբեկիչների մասնակցության մասին։
2013թ. զեկույցի տվյալներով, 12-րդ՝ արտաքին միջամտություն (արտաքին օգնություն, խաղաղապահների առկայություն, ՄԱԿ առաքելության ներկայություն, արտաքին ռազմական միջամտություն) ենթացուցչով մեր երկիրը թեև գերազանցել է երկու հարևան հանրապետություններին, սակայն 2014-2015թթ. Ադրբեջանի և Հայաստանի արդյունքները գրեթե համընկնում են, իսկ արդեն 2016թ. Հայաստանը սկսել է զիջել Ադրբեջանին։ Հայաստանի ենթացուցչի բացասական միտումը, ըստ էության, զեկույցի փորձագիտական խմբի կողմից սուբյեկտիվ գնահատականի արդյունք է և քաղաքականացված է՝ պայմանավորված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ և այդ ուղղությամբ հետագա գործընթացներով:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2013թ. և 2016թ. տվյալներով, Հայաստանն էական ուշադրություն է դարձրել 1-ին՝ բնական աղետների հաղթահարման, շրջակա միջավայրի պահպանության և 8-րդ՝ հանրային ծառայությունների բարելավման հարցերին, որոնք և հանդիսացել են Հայաստանի լավագույն ենթացուցիչները։ 2013թ. և 2016թ. Ադրբեջանն էապես բարելավել է այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին է մարդկային կապիտալի արտահոսքի և տնտեսության անկման զսպումը։ Տնտեսության անկումն ու «ուղեղների» արտահոսքը մեր երկրի համար ունեն կրիտիկական նշանակություն և ենթադրում են խորքային բարեփոխումներ այս ուղղությամբ: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ 2015թ. տվյալներով, Հայաստանի պետական պարտքը կազմել է երկրի ՀՆԱ 47,5%-ը, իսկ Ադրբեջանի համապատասխան ցուցանիշը՝ երկրի ՀՆԱ ընդամենը 11,8%-ը (Վրաստանի ցուցանիշը՝ ՀՆԱ-ի 38,8%-ը)1։
Ադրբեջանի պարագայում կրիտիկական կետ կարող է հանդիսանալ ճնշումներ խմբերի/զանգվածների վրա ենթացուցիչը՝ պայմանավորված երկրի ղեկավարության կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժող մոտեցումներով, որոնք մեկ անգամ չէ, որ հանգեցրել են ազգային հողի վրա բախումների և միջադեպերի: Ադրբեջանի դեպքում կրիտիկական է համարվում նաև 7-րդ՝ պետության լեգիտիմության ենթացուցիչը, որը 2016թ. զեկույցում ցածրագույն արդյունքն է ունեցել երկրի բոլոր ենթացուցիչների համադրությամբ։ Նավթի համաշխարհային գների ներկա անկման միտումները, երկրի քաղաքական վերնախավում առկա կոռուպցիայի բարձր մակարդակի պայմաններում, ի հավելումն՝ 2016թ. նոյեմբերի վերջին Ադրբեջանում բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումներն ամենևին էլ չեն բացառում երկրում հասարակական լուրջ դժգոհությունների ալիքի բռնկումը։
Կրիտիկական ենթակառուցվածքների համատեքստում խոցելի է նաև Ադրբեջանի 10-րդ՝ անվտանգության համակարգի ենթացուցիչը, որտեղ թեև երկիրն ըստ զեկույցի ունեցել է որոշակի բարելավում, սակայն ներքին հակամարտությունների, փոքր զինատեսակների ապօրինի շրջանառության (հատկապես ահաբեկչական խմբավորումների և ծայրահեղականների մասով), ռազմատենչության ակտիվացման հարցերի տեսանկյունից իսկապես հիմնախնդիրները մնում են ակտուալ։
Կրիտիկական է նաև 12-րդ՝ արտաքին միջամտություն ենթացուցիչը, հատկապես դրա «ռազմական միջամտության» բաղադրիչը, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի ազգային անվտանգության հարցերին, քանի որ երկրի ղեկավարության որդեգրած ռազմատենչությունը, սպառազինությունների ձեռքբերման կտրուկ աճը կարող են հանգեցնել Արցախի և Հայաստանի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսմանը և արդյունքում՝ մեր համարժեք գործողությունների նախաձեռնմանը:
1 http://total-rating.ru/1601-gosudarstvennyy-dolg-stran-na-2015-god.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]