
«ԱՌԱՅԺՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՅՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԲԱՑԱՌԵԻՆ ՍՐԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ»
2016-ի տարեմուտին, երբ ողջ աշխարհը պատրաստվում էր Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին, Ադրբեջանը հերթական «անակնկալը» մատուցեց` ինչպես միշտ թիկունքից: Դեկտեմբերի 29-ի առավոտյան սահմանամերձ Չինարիի ուղղությամբ կատարված դիվերսիայի փորձի ժամանակ զոհվեց ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող, այդ թվում` մեկ սպա: Սակայն վերոնշյալին, միայն օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցին, որ պետք է անդրադառնային, ու հայտարարություն տարածեցին: Ընդ որում` վերջիններիս մտահոգությունը ոչ թե այն էր, որ դիվերսիա է իրականացվել խաղաղ գյուղի ուղղությամբ, այլ այն, որ ՀՀ Զինված ուժերում շարունակում են իրենց մոտ պահել սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին: Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, դեռեւս ի պաշտոնե, հենց նույն օրն արձագանքեց տեղի ունեցածին եւ առավել հասցեական: Այս եւ արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ նշեց, որ բարձր է գնահատում ՀԱՊԿ-ի ժամանակին արձագանքը:
«ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ԱՐՏԱՍԱՆԵՑ ԼՂՀ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ»
–Ասեմ, որ այս կամ այն չափով ՀԱՊԿ-ն միշտ էլ արձագանքել է: Իհարկե, մենք ավելին ենք սպասում, որովհետեւ, իրոք, տեղի ունեցածը ագրեսիայի դրսեւորում էր: Եվ անգամ այս դեպքում այն խնդիրը չկա, որ Արցախում է տեղի ունեցել, եւ ՀԱՊԿ-ն դժվարանում է արձագանքել: Մինչդեռ ավելին` Բորդյուժան արտասանեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը, որը շատ կարեւոր էր:
– Պարոն Հարությունյան, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակված: Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկա գագաթնաժողովում Հայաստանն ի վերջո կկարողանա իր թեկնածուին առաջադրել այս պաշտոնում:
– Շատ ցանկալի կլինի, հատկապես որ Հայաստանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցել է ստեղծման առաջին իսկ օրից, եւ դրա իրավունքն անշուշտ ունենք: Իհարկե, հասկանալի է եւ այն դիմադրությունը, որ ունեն ՀԱՊԿ-ի որոշ անդամներ եւ ոգեւորված չեն նման հեռանկարով , բայց սպասենք եւ տեսնենք, թե ինչ կորոշի ՀԱՊԿ-ն գագաթնաժողովի ժամանակ:
– Գուցե, ՀԱՊԿ-ի որոշումը կախված է նաեւ Հայաստանի կողմից ճիշտ թեկնածուի ընտրությա՞մբ…
– Միանշանակ, պետք է լինի անձնավորություն, որը մեծ փորձ ունի` հենց ՀԱՊԿ-ում աշխատելու: Ու ինձ թվում է, որ անգամ կան նման անձնավորություններ Հայաստանում, բայց դա արդեն նրանց որոշելու խնդիրն է:
«ԱԼԻԵՎՆ ԻՐԵՆ ՄԻՇՏ ՀԻՇԵՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ»
–Անդրադառնանք նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը, որտեղ վերջինս նշել է, թե պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իր ամբողջ կառավարման ընթացքում Ալիեւը այս կամ այն ձեւով այդ միտքն արտահայտել է: Այնպես որ, առաջին անգամ չէ, որ նման բովանդակության հայտարարություններ է անում: Հուսանք, որ, ի վերջո, խելամտությունը կիշխի իր տրամաբանության վրա: Բայց նաեւ պետք է հասկանանք, որ սա քաղաքական նպատակներ է հետապնդում, եւ այդ առումով Ալիեւն իրեն միշտ հիշեցնել է տալիս ու, իր պատկերացումների համաձայն, գտնում է, որ խնդիրը լուծված չէ, մինչդեռ մեզ թվում է, որ լուծված է:
– Առհասարակ, տարեսկիզբն ի՞նչ է հուշում` սահմանային իրավիճակի հետ կապված:
– Դա կախված է բազմաթիվ խնդիրներից, բայց առայժմ չեմ տեսնում այն նախադրյալները, որոնք կբացառեին սրացումը սահմանում: Կապրենք եւ կտեսնենք` ինչպես կլինի:
– Շուտով Հայաստանը կթեւակոխի նախընտրական շրջան: Ըստ Ձեզ, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր արտաքին քաղաքականության վրա, եւ որքանո՞վ հավանականություն կա, որ դրանից կփորձեն օգտվել մեր «հարեւանները»:
– Հուսով եմ, որ ընտրությունների ժամանակ լարված իրավիճակ չի լինելու, եւ հուսով եմ, որ ադրբեջանցիները նաեւ հասկանում են, որ մենք ունենք անհամեմատ ավելի կազմակերպված ներքին իշխանություն` ՀՀ վարչապետով եւ պաշտպանության նախարարով: Ուստի` ինձ թվում է, որ այդ հանգամանքից ոչ ոք չի կարող օգտվել, հակառակը` միակ օգտվողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը:
«ՀԵՌՈՒ ԵՄ ԱՅՆ ՄՏՔԻՑ, ՈՐ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՉԱՓՈՎ ԼՈՒԾՎԵԼ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՆԴԻՐԸ»
–Իսկ Սիրիական պատերազմի վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը` արդյոք Հալեպի ազատագրումով կարելի է ասել, որ հարատեւ խաղաղություն կհաստատվի նաեւ ողջ Սիրիայում, թե սա դեռեւս փոքրիկ եւ հարաբերական հաղթանակ էր:
– Սա շատ մեծ հաղթանակ էր եւ հարաբերական չէր: Ավելին` այն բավական շրջադարձային կարող է լինել ընդհանրապես Մերձավոր Արեւելքի համար: Միեւնույն ժամանակ, դատելով զարգացումներից` ես հեռու եմ այն մտքից, որ մոտ ապագայում կարող է այս կամ այն չափով լուծվել մերձավորարեւելյան խնդիրը: Առհասարակ, այն ամենը, ինչ որ կապված է «Իսլամական պետության» հետ, ցավոք, անընդհատ եւ բավական ծանր հետեւանքներ է ունենալու: Ստեղծված լարվածության լուծում առայժմ չկա, բայց Հալեպի ազատագրումով շատ մեծ խնդիր լուծվեց, եւ կարելի է ասել, որ այդ ճակատում առաջին հաղթանակը գրացվեց, ինչն ակնհայտ է: Մնում է հուսալ, որ այդ հաղթանակները կշարունակվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
http://www.iravunk.com/news/20138
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]