
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
Հոդվածում ներկայացրել ենք 2016թ. նոյեմբերին Ադրբեջանի արտաքին հարաբերությունների առավել ուշագրավ զարգացումները և հիմնական միտումներն ըստ երկրների:
Ադրբեջան-Իրան. Ինչպես բազմիցս նշել ենք, Ադրբեջանի և Իրանի հետպատժամիջոցային ժամանակահատվածի համագործակցության հիմնական ուղղություններից մեկը տրանսպորտային ոլորտն է: Այստեղ իր ուրույն դերն ունի երկաթուղային հաղորդակցությունը, որի անկյունաքարային ծրագրերից է իրանական Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի միացումն ադրբեջանական Աստարա կայարանին: Եթե Ադրբեջանն ավարտին է հասցրել ադրբեջանական Աստարա երկաթուղային կայարանից մինչև Իրանի սահման ընկած 8.3 կմ-անոց հատվածի միակողմանի երկաթուղու շինարարությունը և նույնիսկ փորձարկել այն, ապա Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի ֆինանսավորման հարցը դեռևս հստակեցված չէ: Այս նախագծում պաշտոնական Բաքուն, հետապնդելով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական շահեր, իրանական հատվածի շինարարության ավարտի համար պատրաստ է Իրանին տրամադրել $500 մլն վարկ: Սակայն Թեհրանը, քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, չի շտապում օգտվել ադրբեջանական առաջարկից և փորձում է ներդրումներ ներգրավել նախագծով հետաքրքրված երկրներից: Այդ նպատակով ներկայումս բանակցություններ են վարվում Չինաստանի հետ, ինչը, ԻԻՀ Ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Մ.Աղայիի հավաստմամբ, շինարարությունն արագացնելու տարբերակներից մեկն է:
Նշված հատվածի շինարարության ակտիվացման համար կարող է խթանիչ գործոն հանդիսանալ նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքով1 բեռնափոխադրումներ իրականացնելու մասին Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Հնդկաստանի պայմանավորվածությունը: Սա կարևոր փաստարկ է Թեհրանի համար, քանզի միայն ՌԴ-ին երկաթուղով միանալը տնտեսապես չի կարող արդարացնել Իրանի կողմից հնարավոր ներդրումները2:
Ադրբեջանը և Իրանը, ելնելով ներկա տնտեսական առաջնահերթություններից, շահագրգռված են նաև գործարար կապերի ամրապնդմամբ և զարգացմամբ: Նավթի գների անկման պայմաններում երկու երկրների համար էլ հրամայական է դարձել տնտեսության ոչ նավթային ոլորտների զարգացումը: Այդպիսի կապերի զարգացման նպատակ են հետապնդում ս.թ. դեկտեմբերին Իրանի Արդեբիլ և Թավրիզ քաղաքներում նախատեսվող ադրբեջանա-իրանական բիզնես ֆորումները:
Ըստ Ադրբեջանում ԻԻՀ նախկին դեսպան Մ.Պակայինի, տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության ծավալների աճին խոչընդոտում է երկու երկրների մաքսային տարբեր քաղաքականությունների հանգամանքը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի մաքսային ծառայության տվյալների համաձայն, ս.թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $137,65 մլն, որից $102 մլն-ը կազմում են ներկրումներն Իրանից:
Դեռևս չլուծված է մնում Իրանի և Ադրբեջանի միջև առանց վիզային ռեժիմ հաստատելու հարցը: ԻԻՀ ԱԳՆ մամլո քարտուղար Բ.Հասեմիի հայտարարության համաձայն, Իրանը կողմ է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկմանը և լիահույս է, որ երկու երկրների միջև ներկա փոխհարաբերությունների բարձր մակարդակը թույլ կտա հասնել վիզաների չեղարկման մասին համաձայնության: Սակայն, ինչպես նշել է ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական հարցերով փոխնախարար Հ.Հաշգավին, ի տարբերություն Իրանի, որը միակողմանիորեն վերացրել է Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, Ադրբեջանը խոստանում է միայն որոշակի զիջումներ անել ԻԻՀ քաղաքացիների համար:
Եթե նախկինում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումը պարբերաբար հրապարակային դժգոհություններ էր առաջացնում Իրանում, ապա ԻԻՀ-ԱՀ հարաբերությունների ջերմացումը կարծես սկսել է անհանգստություն պատճառել արդեն Իսրայելին և նրա հետ կապված ադրբեջանական քաղաքական խմբերին: Դրա մասին են վկայում ԱՀ Միլի մեջլիսի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար Եվդա Աբրամովի պարբերական բնույթ ստացող հակաիրանական հայտարարությունները3: Վերջինս նշել է, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ֆինանսավորվում են ԱՀ-ում Իրանի դեսպանության և ԻԻՀ ղեկավար շրջանակների կողմից և չեն սպասարկում Ադրբեջանի ազգային շահերը: Իրանական ներգրավվածությունն Ադրբեջանի մեդիա դաշտում, ըստ Ե.Աբրամովի, մեծ դժգոհություն և արդեն անհանգստություն է առաջացնում Իսրայելում:
Ադրբեջան-Ռուսաստան. Երկու երկրների փոխհարաբերություններում էական դերակատարում ունի ռազմական համագործակցությունը, որի ընդլայնման անհրաժեշտության մասին է խոսել ՌԴ ՊՆ նախարար Ս.Շոյգուն ԱՀ իր պաշտոնակցի հետ այս ամիս կայացած հանդիպման ընթացքում: Ս.Շոյգուն ընդգծել է 2016թ. ծրագրերի կատարման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հանգամանքները և վերահաստատել բոլոր մակարդակներով ռազմական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: ՌԴ ՊՆ նախարարը, Ադրբեջանը համարելով Կասպից ծովում անվտանգության ապահովման ֆորպոստ, անհրաժեշտ է համարել բարձրացնել համագործակցության արդյունավետությունը, ինչը կարող է էականորեն ազդել տարածաշրջանի կայունության ապահովման վրա:
Ադրբեջանցի քաղաքական փորձագետները ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտում են որպես հիմնական միջոցներից մեկը Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ» հրթիռային կայանների ձեռքբերումից հետո ստեղծված իրավիճակը չեզոքացնելու համար: Այս ուղղությամբ ռուսական կողմից ակնկալվում է մեծ զեղչերի տրամադրում սպառազինության գնման համար և աջակցություն սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու հարցում:
Երկու երկրների տնտեսական կապերի խթանմանն էր ուղղված Բաքվում կայացած 7-րդ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումը, որին մասնակցել են պաշտոնական և գործարար շրջանակներ: Բացի լիագումար նիստից, անցկացվել են մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են արդյունաբերության, զբոսաշրջության, ագրարային և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր: Ստորագրվել են հումանիտար և տնտեսական ոլորտներում համագործակցության փաստաթղթեր: ԱՀ էկոնոմիկայի նախարարն իր ելույթում նշել է, որ ՌԴ-ն ԱՀ տնտեսությունում ներդրել է $3 մլրդ, իսկ ԱՀ-ը ՌԴ-ում $1 մլրդ:
Հարկ է նշել, որ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Ադրբեջանը մտադիր է ՌԴ-ում ԱՀ դեսպանատանը հիմնել նաև առևտրային ներկայացուցչություն4:
Ադրբեջան-Պակիստան. Ադրբեջանի և Պակիստանի դեպքում նույնպես ռազմական համագործակցությունն առաջնային նշանակություն ունի կողմերի համար: Ադրբեջանի ՊՆ պատվիրակության Պակիստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է երկկողմանի ռազմական համագործակցության պլան ԱՀ ՊՆ և Պակիստանի Միացյալ շտաբի միջև: Պայմանագրի բովանդակությունը չի հրապարակվում, սակայն ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, քննարկվում է Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության գնման հարցը:
Ինչպես նշել է Պակիստանի ՌՕՈւ մարշալ Էրշադ Մալիկը, Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Բաքվում անցկացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված պակիստանյան Pakistan Aeronautikal Complex (PAC) ընկերության արտադրած ուսումնական «Super Mushshak» և մարտական ОА-17 «Thunder» ինքնաթիռների նկատմամբ: Ըստ նրա, Պակիստանը պատրաստ է բավարարել ԱՀ ՌՕՈւ պահանջարկը:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, ԱՀ-ը բանակցություններ է վարում նաև Պակիստանից JF-17 «Thunder» կործանիչներ և դրա համար օդաչուներ պատրաստելու մարզասարքեր, ինչպես նաև 500 կմ հեռահարությամբ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր գնելու ուղղությամբ: Ինչպես նշել է ԱՀ ԶՈւ հրթիռային և հրետանային զորքերի հրամանտար Զ.Հուսեյնովը, հուսալի պաշտպանություն ապահովելու համար Ադրբեջանը կարիք ունի 200 կմ, 300 կմ և 500 կմ հեռահարությամբ օպերատիվ-մարտավարական հրթիռների, և այս հարցում Պակիստանը միակ երկիրը չէ, որի հետ բանակցություններ են վարվում դրանք գնելու և տեղում 500 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրություն կազմակերպելու նպատակով:
Չնայած երկու երկրների եղբայրական հարաբերություններին, ցածր է մնում տնտեսական համագործակցության մակարդակը. վերջին 5 տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը տատանվում է տարեկան $17-25 մլն-ի սահմաններում: Իրավիճակը շտկելու նպատակով Պակիստանի պաշտպանության և առևտրի նախարարությունները համատեղ ծրագիր են մշակել դեպի Ադրբեջան արտահանումը մինչև $500 մլն-ի հասցնելու համար: Պակիստանյան երկու նախարարությունների համատեղ որոշումը, որն, ի դեպ, նախատեսված է 5 տարվա համար, ադրբեջանական մամուլը ներկայացրել է որպես Պակիստանի կողմից Ադրբեջանին $500 մլն-ի սպառազինություն վաճառելու որոշում:
Բացի դրանից, կողմերը մտադիր են մոտակա ժամանակերն անցկացնել բիզնես ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ ԱՀ արտահանման և ներդրումների աջակցության հիմնադրամի (Azpromo) և ԱՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ֆորումին կմասնակցեն պակիստանյան ընկերություններ, որոնք գործում են շինարարության, թռչնաբուծության, դեղագործության, լոգիստիկայի, ինչպես նաև սպորտային ապրանքների, վիրաբուժական սարքավորումների, հագուստի, թանկարժեք քարերի և կոսմետիկայի արտադրության ոլորտներում:
Բարձր մակարդակով խոսվում է նաև Բաքու-Իսլամաբադ ուղիղ ավիաչվերթի իրականացման հնարավորության մասին:
Ադրբեջան-ԵՄ. ԵՄ Խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցչին բանակցել ԵՄ-ի և ԱՀ-ի միջև նոր համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որը կփոխարինի 1996թ. գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:
Պաշտոնական Բաքուն, ի դեմս ԱՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հ.Հաջիևի, ողջունել է ԵՄ Խորհրդի որոշումը և համոզմունք հայտնել, որ նոր համաձայնագիրը Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի:
ԱՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մ.Մարդը ԵՄ անունից ցանկություն է հայտնել ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը տրանսպորտային ոլորտում: Այս և այլ նմանատիպ հարցերը կողմերը կքննարկեն ԱՀ-ի և ԵՄ-ի միջև էներգետիկայի ենթահանձնաժողովի ս.թ. դեկտեմբերին կայանալիք նիստում:
Միաժամանակ, «Eastern Partnership Visa Liberalisation Index» նախագծի փորձագետները խոստովանել են, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ընթանում են անվիզա ռեժիմի բանակցություններ: Սակայն այդ փորձագետների հավաստմամբ, ի տարբերություն Ուկրաինայի, Ադրբեջանը չի կատարել անվիզա ռեժիմ ստանալուն անհրաժեշտ պայմանները:
Ադրբեջան-Չինաստան. Վերջին տարիներին Ադրբեջանը տնտեսական ակտիվություն է հանդես բերում ասիական շուկայում՝ առաջին հերթին զարգացնելով տնտեսական կապերը Չինաստանի հետ: Մասնավորապես, 2015թ. ընթացքում Չինաստանն առաջին անգամ հայտնվել է Ադրբեջանի հետ առավել մեծ առևտրաշրջանառություն ունեցող երկրների տասնյակում (2015թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է $565 մլն, որը ԱՀ ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 2,74%-ն է):
Ադրբեջանը նաև ձգտում է մեծացնել ասիական շուկա արտահանվող նավթի ծավալները: Միջազգային ֆինանսական վերլուծություններով զբաղվող «Eikon» ընկերության տվյալների համաձայն, ս.թ հոկտեմբերին Ադրբեջանը Չինաստան, Թաիլանդ և Հնդկաստան է արտահանել 7 մլն բարել նավթ, որն առավելագույնն է 2015թ. հունվարից ի վեր (ցուցիչների արձանագրման սկիզբը): «Forbes» պարբերականի հավաստմամբ, եթե OPEC-ը որոշում ընդունի նավթի արդյունահանման կրճատման մասին, ապա այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները, ինչպես Ադրբեջանը, կարող են լրացնել այդ բացն ասիական շուկայում:
1 Կառուցվող Աստարա-Ռեշտ տրանսպորտային միջանցքը կմիացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում:
2 Իրանը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հաջողությամբ իրականացնում է Կասպից ծովով, որը հատկապես վերջին ժամանակներում առանձնապես ծանրաբեռնված չէ:
3 Տե՛ս Ադրբեջանը 2016թ. հոկտեմբերին (արտաքին հարաբերություններ), http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15205
4 Բացի ՌԴ-ից, այդպիսի ներկայացուցչություններ կգործեն Չինաստանում և ԱՄԷ-ում ԱՀ դեսպանություններում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)[25.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)[05.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[19.09.2016]