
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԸ
Իսրայել-Ադրբեջան նավթագազային համագործակցությունը
Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Վերջին տարիներին Իսրայելն ակտիվորեն ներգրավվել է հարավկովկասյան ռազմաքաղաքական, տնտեսական-էներգետիկ զարգացումներում։ Մեր տարածաշրջանում իսրայելական գործոնի ակտիվացմանը զգալիորեն խթանում են Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցության խորացման ներկայիս տեմպերը։ Դժվար չէ նկատել, որ ի տարբերություն Հայաստանի կամ Վրաստանի, հարավկովկասյան ուղղությամբ Իսրայելի հետ համագործակցության անհամեմատ բարձր մակարդակ է պահպանում պաշտոնական Բաքուն։ Եթե հետխորհրդային կարգերի փլուզումից հետո և ընդհուպ մինչև նախորդ դարի 90-ականները Իսրայել-Հարավային Կովկաս շփումները ներկայանում էին Թուրքիայի միջնորդությամբ, ապա 2000-ականներից Իսրայելն աստիճանաբար անուղղակիորեն ներգրավվել է հարավկովկասյան ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացներում։
Իսրայելի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը թևակոխել է որակապես նոր փուլ։ Կողմերի միջև համագործակցության խորացման միտումն աչքի է ընկնում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հարթությունում։ Բազմիցս նշվել է իսրայելական արտադրության սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների, Ադրբեջանում համատեղ ռազմարդյունաբերական կենտրոնների գործարկման, համատեղ արտադրության ռազմական տեխնիկայի թողարկման մասին։
Իսրայելական կողմն Ադրբեջանը դիտում է ոչ միայն որպես իսրայելական արտադրության ռազմական տեխնիկայի և սպառազինությունների սպառման կարևոր արտաքին շուկա, այլև շահագրգռված է երկկողմ տնտեսական և, առաջին հերթին, էներգետիկ համագործակցության խորացման, մասնավորաբար՝ ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մատակարարումների հարցում։
Նավթային մատակարարումների շուրջ
2006թ. հունիսին Կասպյան երկրների էներգետիկ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բաքու էր ժամանել նաև Իսրայելի ազգային ենթակառուցվածքի նախարար Բենիամին Բեն-Էլիեզերը։ Վերջինս հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկրի էներգետիկայի նախարարի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Իսրայելին ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մատակարարումներին վերաբերող հարցեր։ Բանակցությունների արդյունքում կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել թուրքական Ջեյհանից ադրբեջանական նավթի Իսրայել մատակարարման վերաբերյալ։ Ձեռք բերված պայմանավորվածությունները կարճ ժամանակ անց արդյունք տվեցին. 2006թ. կեսերին սկիզբ առած լիբանանա-իսրայելական պատերազմական գործողությունների շեմին իսրայելական կողմը ստացավ ադրբեջանական նավթի առաջին խմբաքանակը, որը Ջեյհանից լցանավերով հասցվել էր իսրայելական Հայֆա քաղաք։ Սակայն լիբանանյան ռազմական ճգնաժամին զուգահեռ՝ պաղեստինյան կողմը սկսեց ռմբակոծել իսրայելի հարավ-արևմուտքում տեղակայված Աշքելոն քաղաքը, որը Կարմիր և Միջերկրական ծովերի միջև ընկած Էյլատ-Աշքելոն նավթամուղի սկզբնակետն է (այդ նավթատարով իրականացվում էին կասպյան նավթի փոխադրումները)։ Որոշ տեղեկատվական աղբյուրների համաձայն, ռազմական գործողությունների տեղափոխումը դեպի Աշքելոն վկայում էր Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և այլ շահագրգիռ երկրների ղեկավար շրջանակներում հասունացած դժգոհությունների մասին՝ պայմանավորված իսրայելական կողմի ակտիվացման հետևանքով նոր հնարավոր նավթային երթուղիների գործարկման հետ, ինչը կարող էր վերափոխել ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում նավթափոխադրումների աշխարհագրությունը, այնպես էլ համաշխարհային նավթամատակարարումների ողջ տրամաբանությունն ու բնույթը։ Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ հենց իսրայելական նավթատարով էր նախատեսվում Ջեյհանից իրականացնել ոչ միայն ադրբեջանական, այլև ղազախական նավթի մատակարարումները (շրջանցելով Սուեզյան ջրանցքը) և նավթը հասցնել Արևելյան Ասիա՝ Հնդկաստան, Ճապոնիա, հնարավորության դեպքում՝ նաև Ավստրալիա ու Նոր Զելանդիա։
2008թ. դեպի Իսրայել ադրբեջանական նավթի և նավթամթերքների արտահանման ծավալները բավական զգալի են եղել. ըստ որոշ ոչ պաշտոնական գնահատականների, նավթի և նավթամթերքների արտահանման ծավալները կազմում էին շուրջ $3,5 մլրդ, ինչը բավարարում էր Իսրայելի նավթային տարեկան պահանջարկի գրեթե քառորդ մասը։ Կրկին ոչ պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 2 տարիներին ադրբեջանական նավթն արդեն նախկին 25-30% շեմի փոխարեն ծածկում է Իսրայելի ներքին նավթային տարեկան պահանջարկի 35-40%-ը։
2007թ. իսրայելական կողմը բարձրացրել էր Ջեյհան-Աշքելոն նավթատարի կառուցման հարցը, որով էլ կմատակարարվեր ադրբեջանական նավթը։ Այսինքն՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ըստ իսրայելական կողմի առաջարկած նախագծի, նախատեսվում էր միացնել արդեն գործող իսրայելական Էյլատ-Աշքելոն նավթատարին։ Սակայն այդ նախագծի իրագործման շուրջ զարգացումներն առայսօր, շահագրգիռ երկրների քաղաքական և էներգետիկ շահերի անհամատեղելիության պատճառներից ելնելով, շարունակում են մնալ խոսակցությունների մակարդակում։
Թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման արդյունքում, երբ 2010թ. հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով Գազա ուղևորվող թուրքական նավի՝ Իսրայելի կողմից բռնագրավման հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացի զոհվեց, կտրուկ լարվեցին թուրք-իսրայելական հարաբերությունները՝ հասնելով դիվանագիտական հարաբերությունների զրոյական մակարդակի։ Թուրքական կողմն առիթը բաց չէր թողնում բացասաբար ազդելու Իսրայելի հեղինակության վրա մերձավորարևելյան աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական զարգացումներում։ Թուրքական կողմը ջանք չէր խնայում մեկուսացնելու Իսրայելին տարածաշրջանային էներգետիկ գործընթացներից և նախաձեռնություններից։
Բացառություն չէր նաև Ադրբեջանի հետ Իսրայելի էներգետիկ համագործակցության ոլորտը։ Պաշտոնական Անկարան բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ վերանայել վերջինիս հարաբերություններն Իսրայելի հետ։ Թուրքական կողմը հանդես եկավ հստակ քայլերով, որոնք կարող էին բացասաբար ազդել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով Իսրայելին նավթ մատակարարելու վրա, ընդհուպ մինչև նավթի արտահանման դադարեցումը՝ շեշտադրումներն անելով ադրբեջանական նավթի արտահանումների հարցի վրա։
Սակայն Բաքվի իշխանությունները փորձեցին մանևրել ստեղծված ճգնաժամային իրավիճակում և պահպանել Իսրայելի հետ փոխշահավետ համագործակցության նախկին տեպմերը։ Ինչպես նշեցինք, Ադրբեջանն իսրայելական արտադրության ռազմական տեխնիկայի և սպառազինությունների մատակարարման կարևոր շուկաներից է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը շահագրգռված է երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իսրայելական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։ Իսրայելական կողմն, իր հերթին, թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման ֆոնին չգնաց ադրբեջանական կողմի հետ համագործակցության թուլացման ճանապարհով՝ չնայած թուրքական ճնշումներին։ Նշենք, որ Իսրայելն ադրբեջանական նավթի հիմնական ներկրողներից մեկն է՝ տարբեր հաշվարկներով գնելով շուրջ 4-6 մլն տոննա նավթ։ 2010թ. վիճակագրությամբ՝ Իսրայելը ներմուծել է տարեկան 12 մլն տոննա նավթ, որից 2-2,5 մլն-ն՝ Ադրբեջանից։
Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավմանը զուգահեռ՝ Իսրայելի վերնախավում կրկին ակտիվացան խոսակցությունները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն Էյլատ-Աշքելոն իսրայելական նավթամուղին միացնելու մասին։ Իսրայելի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Էյլատ-Աշքելոն նավթամուղով (Կարմիր ծովով նավթը վերգետնյա ցամաքային ճանապարհով մատակարարվում է Միջերկրական ծով և հակառակ ուղղությամբ) ադրբեջանական նավթի փոխադրման նախագծի տնտեսական շահավետության և կարևորության մասին, որով նավթը կարող էր մատակարարվել Հեռավոր Արևելքին։
Այդ նախագծի շահավետությունը նաև այն է, որ Ջեյհանն ընդամենը 600 կմ է հեռու իսրայելական Հայֆա քաղաքից, որի նավթավերամշակման գործարաններն օգտագործում են Ջեյհանով մատակարարվող ադրբեջանական նավթը։ Այն դեպքում, երբ մինչ այդ ադրբեջանական նավթը մատակարարվում էր Սուփսային, որն, ինչպես հայտնի է, 2000 կմ է հեռու Հայֆայից։
Էյլատ-Աշքելոն նավթային ընկերությունն, իր հերթին, շահագրգռված է Ջեյհանից նավթի մատակարարման երթուղու կառուցմամբ և նախագծի իրագործման համար ֆինանսական ներդրումների իրականացման պատրաստակամությամբ, որը հետագայում, օգտագործելով Իսրայելի ներքին էներգետիկ ենթակառուցվածքները, կուղղվի դեպի Արևելյան Ասիայի երկրներ։
Էյլատ-Աշքելոն ընկերության հիմնական գործառույթներից է Էյլատից դեպի Հայֆա նավթի մատակարարումների ապահովումը, որի իրականացման համար գործում է 3 նավթամուղ. հիմնական նավթամուղը 254 կմ երկարությամբ միավորում է Էյլատի ու Աշքելոնի նավահանգիստները, 36 կմ երկարությամբ նավթատարը միավորում է Աշքելոնի նավթային բազան Աշդոդի նավթավերամշակման գործարանի հետ, 3-րդը 197 կմ երկարություն ունեցող նավթամուղը կապում է Աշքելոնը Հայֆայի նավթավերամշակման գործարանի հետ։
Էյլատ-Աշքելոն նավթամուղային ընկերությունը (Eilat-Ashkelon Pipeline Company, EAPC) հիմնադրվել է 1968թ.՝ որպես արդյունք Իսրայելի և Իրանի ազգային նավթային ընկերության միջև հաստատված համագործակցության՝ Էյլատ-Աշքելոն նավթատարի կառուցման և շահագործման նպատակներով։ Այդ համագործակցությունը դադարեց 1979թ. իրանական հեղափոխությունից հետո, սակայն գործարքն իրավական տեսանկյունից առ ոչինչ էր։ Իրանական ազգային նավթային ընկերությունը 3 դատական հայց է ներկայացրել Իսրայել պետության և իսրայելական ընկերությունների դեմ՝ պահանջելով միլիարդավոր դոլարների փոխհատուցում։ Նշենք, որ միայն 2015թ. Իսրայելի կառավարությունն ազգայնացրեց Էյլատ-Աշքելոն նավթատարային ընկերությունը։
Չնայած ադրբեջանական նավթի՝ Իսրայելի տարածքով Հեռավոր Արևելք փոխադրման նախագծի տնտեսական շահավետությանն ու կարևորությանը, իսրայելական կողմի հավաստիացումներին, ադրբեջանական SOCAR-ը որոշակի վերապահումներով է մոտենում այդ առաջարկություններին՝ առաջին հերթին խուսափելով նախագծի իրագործման հնարավորության դեպքում իր կողմից հավելյալ ֆինանսական ներդրումներից։ Ադրբեջանական կողմը փորձում է բավարարվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ադրբեջանական նավթի՝ դեպի Ջեյհանի վերջին տերմինալ մատակարարմամբ, իսկ նավթի հետագա մատակարարումների և փոխադրումների հարցը, ըստ Բաքվի ընկերության ղեկավարության դիրքորոշման, ընկերության պատասխանատվության շրջանակներից դուրս է։
2007թ. մայիսին ադրբեջանական կողմը համաձայնագիր ստորագրեց Palmali Shipping մասնավոր կազմակերպության հետ, ըստ որի՝ առաջիկա 10 տարիներին և մինչև 2017թ. մայիս ադրբեջանական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով մատակարարվելու էր Ջեյհան, որտեղից արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հենց այդ մասնավոր ընկերության նավերով պետք է փոխադրվեր արտաքին շուկաներ։
Վերջին տարիներին խոսակցություններ եղան ադրբեջանական նավթի մատակարարումների կազմակերպման հարցում SOCAR-ի և թուրքական կողմի միջև։ Ադրբեջանական նավթի Իսրայել մատակարարումների հարցը մեկ անգամ չէ, որ հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ առանձնանալով սկանդալային դրվագներով։ Թուրք ընդդիմադիրները բազմիցս հայտարարել են, որ Իսրայելին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով ադրբեջանական նավթի մատակարարումներով զբաղվում է անձամբ Էրդողանի որդին, ինչին բացասաբար էր վերաբերվում պաշտոնական Բաքուն, քանի որ հենց ադրբեջանական SOCAR-ն է հանդիսանում Իսրայելին նավթի հիմնական մատակարարը, իսկ վերջինիս դուստր ընկերություն Caspian Drilling Company-ն Իսրայելի համար Միջերկրական ծովում իրականացնում է նավթի հայտնաբերման աշխատանքներ։
Մյուս կողմից, հատկապես վերջին 2-3 տարիներին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Իսրայելն առավել ուշադիր է դարձել էներգետիկ ռեսուրսների և, մասնավորապես, նավթի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման հարցերում։ Խոսքը վերաբերում է նրան, որ Իսրայելը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել իրաքյան քրդերից նավթի մատակարարման հարցին։ Նշվում էր, որ 2014թ. մայիս-օգոստոսին Իսրայելն իրաքյան քրդերից գնել է 19 մլն բարել նավթ, համաշխարհային գներով՝ շուրջ $1 մլրդ։ ԶԼՄ-ում լուրեր տարածվեցին, որ Իսրայելն ադրբեջանական նավթին փոխարինող է գտել։ Նշենք նաև, որ Իսրայելը նավթ գնում էր նաև Ղազախստանից ու Ռուսաստանից։
Իսրայելական կողմի համար այդ գործարքը փոխշահավետ է այն առումով, որ Իսրայելը քրդական նավթը գնում էր բավական ցածր գներով, իսկ իրաքյան քրդերն այդպիսով կարողանում էին կարգավորել իրենց ֆինանսական խնդիրները և արդյունավետ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Ի դեպ, քրդական նավթը գնում է ոչ միայն Իսրայելը. գաղտնի համաձայնությունների և գործարքների արդյունքում քրդական նավթը, որը գործող նավթամուղով հասնում է Ջեյհան նավահանգիստ, մատակարարվում է Իտալիային, Ֆրանսիային և այլն։
Պաշտոնական Բաղդադը մեկ անգամ չէ, որ հայտնել է իր մտահոգությունը, թե իրաքյան քրդերը նավթի վաճառքով կարող են ձեռք բերել ֆինանսական, հետևաբար նաև քաղաքական անկախություն և առավել արդյունավետ իրականացնել սեփական պետության կազմավորման գործընթացը։ Այս համատեքստում անհրաժեշտ է հիշատակել, որ Իսրայելի և քրդերի միջև (Իրաք, Թուրքիա) համագործակցության միտումները նոր երևույթ չեն, դրանք սկիզբ են առել նախորդ դարի 60-ականներին։

Համագործակցությունը բնական գազի մատակարարման շուրջ
Ի տարբերություն Իսրայելին ադրբեջանական նավթի և նավթամթերքի մատակարարումների, Ադրբեջանից գազի մատակարարման ծավալներն աչքի չեն ընկել խոշոր ծավալներով։
Դեռևս 2008թ. հունիսին Բաքվում կայացած ասուլիսում Իսրայելի ազգային ենթակառուցվածքի նախարար Բենիամին Բեն-Էլիեզերը հանդես եկավ հայտարարությամբ, որ Իսրայելի կառավարությունը մտադիր էր Ադրբեջանի հետ ստորագրել բնական գազի մատակարարման մասին երկարաժամկետ՝ 20-30 տարվա համաձայնագիր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին նաև այդ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բնական գազի մատակարարումների ծավալների հարցը։ Նախարարի խոսքով, առաջիկա մեկ տասնամյակում Իսրայելի բնական գազի պահանջարկը կկազմի տարեկան 12 մլրդ մ3, որը մասնակի կծածկվի ի հաշիվ ադրբեջանականի։ Նախատեսվում էր, որ ադրբեջանական գազը մատակարարվելու էր Թուրքիայից ստորջրյա խողովակաշարով, որը ենթադրվում էր կառուցել մինչև 2012թ.։ Ադրբեջանից բնական գազը հասնում է Թուրքիա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով, որը պետք է Թուրքիայի ներքին խողովակաշարով մատակարարվեր մինչև Միջերկրական ծով։
Իսրայելական կողմը շահագրգռված է նաև Թուրքիայի տարածքով իսրայելական գազի Եվրոպա մատակարարմամբ։ 2010թ. սկսած՝ թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման արդյունքում, այս ուղղությամբ Իսրայելի ղեկավարության մտադրությունները որոշակիորեն հետին պլան մղվեցին։ Սակայն վերջին շրջանում կողմերի միջև հարաբերությունների բարելավման գործընթացն Իսրայելի համար կրկին ակտուալ դարձրեց գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցերը։
Այդ խոսակցություններն ակտիվացան Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական հարաբերությունների սառեցման համատեքստում՝ պայմանավորված թուրքական կողմից ռուսական ՍՈւ-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպով, ինչի արդյունքում Թուրքիան կրճատեց ռուսական գազի գնման ծավալները։ Ինչպես նշում են էներգետիկ ոլորտի փորձագետներից շատերը, դեպի Իսրայել բնական գազի՝ Թուրքիայի տարածքով մատակարարման համար գազատար կարելի է կառուցել կամ Միջերկրական ծովի հատակով, կամ ցամաքային ճանապարհով, սակայն 2 դեպքում էլ առնչություններ են լինում Հյուսիսային Կիպրոսի, Լիբանանի կամ Սիրիայի հետ՝ պարունակելով ֆինանսական ներդրումների համար մեծ ռիսկեր։
Իսրայելին գազով և նավթով մատակարարումների հարցը մշտապես փոխկապակցված է եղել տարածաշրջանային քաղաքական զարգացումների հետ։ Իսրայելին գազի մատակարարումների շուրջ ծավալվող քաղաքական, էներգետիկ զարգացումներից անմասն չէ առաջին հերթին պաշտոնական Թեհրանը։ Վերջինը քանիցս հայտնել է իր անհանգստությունը հարցի առնչությամբ։ Վերջերս Իրանի ղեկավարությունը մեսիջներ էր ուղարկել ադրբեջանական կողմին, թե Իրանը շահագրգռված է իրանական գազը Եվրոպային վաճառելու հարցում և ակնկալում է ադրբեջանական կողմի համագործակցությունը։
Փորձագետների մի մասն էլ կարծում է, թե Իսրայելի համար առավել նպատակահարմար կլինի կառուցել հեղուկ բնական գազի տերմինալ (ՀԲԳ) և սկսել հեղուկ բնական գազի արտահանումը, քանի որ նման գործարանի հնարավոր կառուցման ծախսերը կարող են լինել համարժեք կամ միգուցե ավելի քիչ գազամուղի կառուցման համար նախատեսվող ֆինանսական ներդրումներից։ Եթե նույնիսկ իսրայելական կողմը որոշում կայացնի կառուցել գազատարը, դրա իրականացումը հնարավոր կդառնա միայն 2020թ. հետո, քանի որ հարկավոր է ոչ միայն գազատար կառուցել Թուրքիայի տարածքով, ինչը ենթադրում է զգալի ֆինանսական ներդրումներ ու քաղաքական հարցերի կարգավորում, այլև շարունակել այն դեպի Եվրոպա՝ ունենալով վերջինիս իրավաքաղաքական թույլտվությունը, որը նույնպես լուրջ խնդիր է։
Իսրայելին ադրբեջանական գազի մատակարարման ապագան կասկածի տակ դրվեց այն ժամանակ, երբ 2009-2010թթ. Միջերկրական ծովի իսրայելական շելֆի առանձին հատվածներում հայտնաբերվեցին բնական գազի բավական խոշոր պաշարներ։ Դա մեծ ազդեցություն ունեցավ դեպի Իսրայել բնական գազի արտահանումների նախկին նախագծերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների առումով։ Միջերկրական ծովում, Հայֆա քաղաքից ոչ հեռու, բնական գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը մեծ վնաս հասցրեց առաջին հերթին Ռուսաստանից ու Ադրբեջանից դեպի Իսրայել բնական գազի մատակարարումներին։ Արդյունքում՝ Իսրայելը ոչ միայն զգալիորեն լուծեց իր էներգետիկ անվտանգության հիմնահարցերը, այլև փորձեց նոր հայտնաբերված հանքավայրերի բնական գազն այլ երկրներ արտահանելու նոր ուղիներ գտնել։
Մասնավորապես, շատ էր խոսվում իսրայելական Լևիաֆան և Թամար հանքավայրերում հայտնաբերված բնական գազի զգալի պաշարների մասին։ Լևիաֆանը գտնվում է Միջերկրական ծովի իսրայելական շելֆում, Լիբանանի հետ Իսրայելի ծովային սահմանի մոտ՝ Հայֆա քաղաքից 135 կմ դեպի արևմուտք։ Վերջինս նախնական տվյալներով ունի 453 մլրդ մ3 գազի ապացուցված պաշարներ։ 2011թ. մայիսին հեղինակավոր Oil and Gas Investor ամսագիրը իսրայելական Լևիաֆան հանքավայրը որակեց որպես 2010թ. արդյունքներով բնական գազի լավագույն հանքավայրն աշխարհում։
Պետք է փաստել, որ Լևիաֆան հանքավայրի վերամշակման և շահագործման կազմակերպման հարցում, սակայն, սկզբնական փուլում առաջացան որոշակի խնդիրներ. Իսրայելի հակամենաշնորհային վարչությունը հրաժարվեց ամերիկյան Nobel և իսրայելական Delek ընկերությունների կոնսորցիումին արդյունահանման թույլտվություն տալ, քանի որ վերջիններս դրանով կկարողանային վերահսկողություն սահմանել Լևիաֆան և Թամար հանքավայրերի նկատմամբ։ Խնդիրը կարծես թե լուծում գտավ միայն վերջերս, երբ 2016թ. մայիսին Իսրայելի ղեկավարությունը Nobel Energy-ին և Delek Group-ին ներկայացրեց նոր համաձայնագիր՝ հանքավայրից գազի վերամշակման ու արտահանման վերաբերյալ։ Արդյունքում՝ կոնսորցիումը հունիսին թույլտվություն ստացավ Լևիաֆան հանքավայրի վերամշակման համար։ Նոր համաձայնագրում կետ էր ավելացվել, ըստ որի՝ Իսրայելի կառավարությունն իրավասու էր փոփոխել վերոնշյալ նավթագազային ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Լևանտի ավազանի բնական գազի ընդհանուր ապացուցված և հնարավոր պաշարներն Իսրայելի և Կիպրոսի սահմաններում կազմում են 1,18 տրլն մ3, որից 127 մլրդ մ3՝ Կիպրոսի շելֆում և ավելի քան 1 տրլն մ3՝ Իսրայելի հատվածում։ Իսրայելի բնական գազի պաշարների շուրջ 88%-ը կենտրոնացված է վերը հիշատակված 2 հանքավայրերում. ավելի քան 60%-ը գտնվում է Լևիաֆան-ում, 27%-ը՝ Թամար հանքավայրում (տե՛ս Աղյուսակ 1).

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]