• am
  • ru
  • en
Версия для печати
19.09.2016

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՏՆՕՐԵՆ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ

   

14.09.2016

Երեւանում հոկտեմբերի 14-ին կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստում կհայտարարվի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Իսկ թե Հայաստանը, ՀԱՊԿ-ում բարձր պաշտոն զբաղեցնելով, ի՞նչ խնդիրներ կլուծի, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Միեւնույն ժամանակ, քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաեւ այլ արտաքին քաղաքական հարցերի:

Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

–ՀԱՊԿ-ում ունենալ ղեկավար Հայաստանից, շատ կարեւոր է: Այսօր մամուլում շրջանառության մեջ է պարոն Սեյրան Օհանյանի թեկնածությունը, բայց դեռ ոչինչ հստակ չէ: Հուսով լինենք, որ այդպես կլինի, եւ սա շատ բարերար ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

– Ի՞նչ լծակներ կավելացնի ՀԱՊԿ-ում Հայաստանի համար այն, որ գլխավոր քարտուղարը լինելու է մեր ներկայացուցիչը, թե՞ այնուամենայնիվ, որոշումներ կայացնելիս Հայաստանը նշանակալի դեր չի ունենա:

– Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենավաղեմի անդամներից մեկն է: Անշուշտ, այստեղ որոշումներն ընդունվում են համատեղ, եւ այդ որոշումների ընդունման ընթացքում Հայաստանն ունի իր ուրույն եւ կարեւոր նշանակությունը: Ի տարբերություն այլ երկրների, բացառությամբ` Ռուսաստանի, Հայաստանի բանակը շատ մարտունակ եւ կարեւոր խնդիրներ լուծող: Այդ առումով, փաստորեն, ՀԱՊԿ-ում ունեցել ենք եւ կշարունակենք ունենալ մեր նշանակալի դերը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին, ապա նրա առաջ դրվելու են ողջ համակարգի` ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչը բնական է:

– Իսկ հայկական սահմանների անվտանգության առումով` ի՞նչ երաշխիքներ է ստեղծում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը:

– Իրավաբանորեն, իհարկե, որեւիցե մի առավելություն չի տալիս, որովհետեւ ՀԱՊԿ-ը հենց հավաքական ուժերի համախմբում է, բայց, այսպես ասած, տեղեկատվական, հոգեբանական առումով խիստ կարեւոր է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարը լինելու է Հայաստանից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ «ԱՌԱՅԺՄ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԵՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ»

–Այս օրերին լայնորեն քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցն առ այն, թե այսօր ԼՂ հիմնախնդիրն ունի խաղաղ կարգավորման հնարավորություն, որը ենթադրում է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Որեւէ էական փոփոխություն տեսնո՞ւմ եք այս հայտարարության մեջ, թե համանախագահները շարունակում են կրկնել այն, ինչի մասին խոսել են վերջին երկու տասնամյակում:

– Փաստացի, այս հայտարարությունն այն էր, ինչ-որ վերջին տարիներին անընդհատ քննարկվել է եւ անգամ շահարկվել: Այս գործընթացում կան հիմնական դեմքեր, մասնավորապես` Ադրբեջանը, որը կարծես թե, մտադիր չէ որեւիցե մի կառուցողական քայլի: Սա էլ հիմք է տալիս մտածելու, որ առայժմ սկզբունքային խնդիրներ չեն լուծվելու: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ակտիվացումը եւ Ադրբեջանի ավելի կախյալ վիճակում գտնվելը այսօր Ռուսաստանից, քան նախկինում, երբ հաջողակ վաճառում էր նավթը բրիտանական ընկերություններին եւ ողջ աշխարհին, կարծես թե, ինչ-որ մի հույս արթնացնում է, բայց ոչ ավելին:

«ՍԱ ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

–Անդրադառնանք նաեւ մեր «հարեւաններին». ինչպե՞ս կբացատրեք այն, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկում են Սիրիայի հարցը, իսկ միաժամանակ Թուրքիան շարունակում է գործողություններ իրականացնել Սիրիայում:

– Այն, ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, մասնավորապես` Սիրիային, Իրաքին եւ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը, քրդական խնդիրներին, մի պատերազմ է, որտեղ բոլորը բոլորի դեմ են պայքարում, եւ բոլորը բոլորի հետ փորձում են ինչ-որ մարտավարական համաձայնությունների գալ: Սա բնական գործընթաց է: Ռուսաստանը մասնակցում է սիրիական հակամարտությանը, որի դերակատարումը խիստ դրական ազդեցություն է թողել: Այսօր արդեն մոտ 600 բնակավայրեր միացել են առաջ քաշված համաձայնագրի շուրջ, հետեւաբար բնական է եւ պետք է բանակցել:

– Եվ վերջում եւս մեկ հարց. խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում ենք գտնվում ինչպես մենք, այնպես էլ մեզնից ոչ հեռու գտնվող Վրաստանն ու Ռուսաստանը: Ըստ Ձեզ, ի՞նչ շրջադարձային փոփոխություններ են հնարավոր` հեղափոխությունների, իշխանափոխությունների տեսքով:

– Հայաստանում իշխանափոխության խնդիրն ակտուալ չէ: Այստեղ շատ են դրա մասին խոսում, բայց կարծում եմ` մեր իշխանություններն իրենք են քայլեր կատարում, որպեսզի իրավիճակը հարթվի եւ բարելավվի: Եվ այդ բարեփոխումների առաջին ծիծեռնակն, այսպես ասած, վարչապետի փոփոխությունն է, քանի որ վարչապետ նշանակվեց շատ խոշոր տնտեսական-քաղաքական գործիչ: Հուսով լինենք, որ վատ օրերն անցյալում են, երբ ամերիկյան դեսպանը հանրային կերպով կոչ էր անում ազատել այս կամ այն գործչին կամ սպառնում էր իրավապահ մարմիններին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այն ունի առաջնորդ, որին համակրում է բնակչության 80-85 տոկոսը: Այնպես որ, այնտեղ խնդիրներ չպետք է լինեն: Իսկ Վրաստանում շատ ավելի բարդ իրավիճակ է: Սպասենք եւ տեսնենք, թե ինչպես կավարտվեն ընտրությունները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://iravunk.com/news/10429


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր