• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2016

ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ԱՊՐԻԼԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Ապրիլին Վրաստանի ներքաղաքական կյանքում առավել հետաքրքիրը և վճռորոշը ներքաղաքական լանդշաֆտի ձևաչափի փոփոխությունն էր։ Այս գործընթացի մեկնարկը տրվել էր դեռևս 2014թ., բայց հերթական ազդակը դարձավ այն, որ մարտի 31-ին Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն հրապարակեց կուսակցության ազգային կոմիտեի որոշումն այն մասին, որ այս քաղաքական ուժն ինքնուրույն, «Վրացական երազանք» կոալիցիայից անկախ կմասնակցի 2016թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Դրանից հետո իշխող կոալիցիայի բոլոր սուբյեկտների մակարդակով հայտարարություն արվեց այն մասին, որ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում էին կոալիցիայի մեջ դեռևս 2011-ից, պաշտոնապես մնում են խորհրդարանական մեծամասնության կազմի մեջ, բայց ընտրությունների կգնան առանձին։

Ներքաղաքական ձևափոխումներ և պայքար գերիշխանության համար

Հանրապետական կուսակցության որոշումը խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ չէր կարող ընդունվել առանց «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության առաջնորդների՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու և գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու (կուսակցության նախագահի թեկնածու) հետ համաձայնեցման. այս ամենից հետո բարձրացավ այն հարցը, թե կմնան արդյոք իրենց պաշտոններին հանրապետական նախարարները, որոնց կուսակցությունն անցավ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության գործընկեր-ընդդիմադրի կարգավիճակի։ Այդ ժամանակ էլ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երաշխիքներ տվեց, որ Հանրապետական կուսակցության անդամներն այնքան կմնան իրենց պաշտոններին, որքան անհրաժեշտ կլինի երկրի ղեկավարությանը։ Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն ասաց, որ հանրապետական նախարարները (պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլի և շրջակա միջավայրի ու բնական պաշարների պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլի) իրենց պաշտոնները կլքեն ընթացիկ տարվա օգոստոսին։

Խորհրդարանական մեծամասնության մասին պետք է նշել, որ այն բանից հետո, երբ կայացվեց որոշում օրենսդիր մարմնի ընտրություններին ինքնուրույն մասնակցության մասին, խորհրդարանական մեծամասնությունում 2011-12թթ. «Վրացական երազանք» կոալիցիայի նախկին կազմից («Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան», Հանրապետական կուսակցություն, Արդյունաբերողներ, Պահպանողականներ, «Ազգային համաժողով», «Ազատ դեմոկրատներ») մնացել է միայն չորս քաղաքական ուժ։ 2014թ. նոյեմբերին կոալիցիայից դուրս եկած «Ազատ դեմոկրատներին» (նախագահ՝ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիա) ս.թ. ապրիլի 3-ին միացավ նաև «Ազգային համաժողովը», որի քաղխորհուրդը որոշեց չմնալ ոչ կոալիցիայում, ոչ խորհրդարանական մեծամասնությունում։

Այսպիսով, վերջին տարիների փոփոխություններից հետո այսօր Վրաստանի խորհրդարանը կազմված է երեք քաղաքական խմբից՝ մեծամասնություն, փոքրամասնություն և փոքրամասնության մեջ չմտնող կուսակցություններ ու անկախ պատգամավորներ։ Խորհրդարանական մեծամասնության մեջ մտնում է 6 խմբակցություն (82 մանդատ)՝ «Վրացական երազանք» (48 մանդատ), «Վրացական երազանք - Պահպանողականներ» (6 մանդատ), «Վրացական երազանք – արդյունաբերողներ» (6 մանդատ), Հանրապետականներ (10 մանդատ), «Անկախ մեծամասնականներ – ուժեղ շրջաններ» (6 մանդատ), «Անկուսակցականներ, անկախ մեծամասնականներ» (6 մանդատ)։ Խորհրդարանական փոքրամասնության մեջ մտնում է 4 խմբակցություն (45 մանդատ). «Միասնական ազգային շարժում» (27 մանդատ), «Ազգային շարժում – մեծամասնականներ» (6 մանդատ), «Ազգային շարժում – շրջաններ» (6 մանդատ), «Ազգային շարժում հանուն միասնական Վրաստանի» (6 մանդատ)։ Նշվածներից դուրս են մնացել «Ազատ դեմոկրատներ» (8 մանդատ), «Ժողովրդական համաժողով» (6 մանդատ) խմբակցությունները և 9 անկախ պատգամավոր [1]։

Մեկնաբանելով կոալիցիայի տեխնիկական կազմալուծումը՝ խորհրդարանական ընդդիմադիր «Միավորված դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն նշել է, որ այդ քայլը Բիձինա Իվանիշվիլու բանեցրած «հետաքրքիր հնարք է», որը միավորներ է վաստակել՝ Հանրապետական կուսակցությունը կոալիցիայից հանելով, քանի որ «վրացական հասարակության մեծամասնությունը չէր ուզում նրան տեսնել կառավարող կոալիցիայի կազմում»։

Վրաստանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունների համար հատկանշական էր խորհրդարանական ընտրությունների ժամկետի և ընտրարշավն սկսելու օրվա հաստատման գործընթացը։ Չնայած 2013-ից հետո առաջին անգամ սկսեցին կառուցողական փոխհարաբերություններ նկատվել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու միջև, ապրիլին այդ փոխհարաբերությունները կրկին սառեցին։ Խնդիր առաջացավ ընտրարշավի սկսման օրվա հետ կապված։

Ամսվա սկզբին՝ ապրիլի 5-ին, Վրաստանի կառավարության շենքում տեղի ունեցավ նիստ պետության, կառավարության և ուժային նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տարածաշրջանային անվտանգության հարցերի կողքին (իրավիճակը Լետնային Ղարաբաղում) նախագահը և վարչապետը քննարկեցին նաև գալիք խորհրդարանական ընտրությունների հարցերը։ Հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Վրաստանի նախագահը ստորագրեց կարգադրություն, որով խորհրդարանական ընտրությունների և Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունների օր նշանակեց հոկտեմբերի 8-ը։ Փաստաթղթերի ուժի մեջ մտնելու օր նշանակվեց օգոստոսի 8-ը (ընտրություններից երկու ամիս առաջ), ինչն ինքնաբերաբար տալիս է ընտրարշավի մեկնարկը։ Եթե ընտրությունների օրվա հետ կապված խնդիր չէր առաջանում, ապա օգոստոսի 8-ի հետ կապված՝ Վրաստանի ղեկավարները չկարողացան պայմանավորվածության գալ։

Քանի որ, Վրաստանի սահմանադրության համաձայն (Հոդ. 65, կետ 2, ա, բ ենթակետեր)՝ նախագահի որոշումն ուղարկվում է Վրաստանի վարչապետի հավաստիացմանը (կոնտրասիգնացիա), ապա վերջինը չի համաձայնել ավելի վաղ պայմանավորված ամսաթվի հետ՝ երկրի նախագահին առաջարկելով ընտրարշավի մեկնարկը տալ հուլիսի 8-ին (ընտրություններից երեք ամիս առաջ)1։ Ի պատասխան վարչապետի այս առաջարկության՝ Վրաստանի նախագահը կտրուկ առարկել է, որ փաստաթուղթը կստորագրի մայիսի 8-ին (ընտրություններից հինգ ամիս առաջ)։ Պետության ղեկավարի այսօրինակ հայտարարությունն առաջ է բերել խորհրդարանական մեծամասնության, որոշ նախարարների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների բուռն հակազդեցությունը։ Նրան քննադատողների դիրքորոշումն այն էր, որ նախագահ Մարգվելաշվիլու այս քայլը կարող էր ծանր բեռ դառնալ երկրի բյուջեի համար, որը կարող է չդիմանալ հնգամսյա ընտրարշավին։ Չէ՞ որ, համաձայն վրացական օրենսդրության, ընտրական շրջանում ընտրական գործընթացով զբաղվող ծառայողները կրկնապատկված աշխատավարձ են ստանում։

Պարզաբանելով, թե ինչու փաստաթուղթը չի հավաստիացնում, վարչապետ Կվիրիկաշվիլին ապրիլի 14-ի կառավարության նիստում նշել է, որ «եղել են որոշակի իրավաբանական թերություններ, իսկ (նախագահի) աշխատակազմը ժամանակին չի տրամադրել կոռեկտ տեղեկատվություն»։ Ըստ նրա՝ այդ «թերությունը» վերացնելու նպատակով որոշվեց չհավաստիացնել և հետ վերադարձնել հրամանագրերը՝ նախագահին ուղղված դիտողություններով, որպեսզի նա նորից հրապարակի իրավական ակտերն այն ժամանակին համապատասխան, երբ դրանց հրապարակումը կհամընկնի ընտրարշավի պաշտոնական սկզբի հետ (հուլիսի 8)։

Վրաստանի նախագահի և կառավարության ու խորհրդարանական մեծամասնության դիմակայության հերթական խնդրի իրավական մասն այն է, որ, համաձայն վրացական օրենսդրության, եթե նախագահը չի հրաժարվում իր որոշումից և կառավարությունը երկրորդ անգամ հավանություն չի տալիս նրա իրավական ակտին, ապա նախագահը չի կարող վարչապետին ուղարկել իրավական ակտը նույն բովանդակությամբ՝ հավանության չարժանանալու պահից սկսած 6 ամսվա ընթացքում։ Արդեն միայն սա կարող էր իրավական քաշքշուկ և անորոշություն ստեղծել գալիք ընտրությունների հետ կապված, որոնք, Վրաստանի սահմանադրության համաձայն, անցկացվում են յուրաքանչյուր ընտրական տարվա հոկտեմբերին։

Բացի այդ, 2016թ. խորհրդարանական ընտրություններում Վրաստանում վերջին անգամ ընտրելու են խորհրդարանի նոր կազմ խառը ընտրահամակարգով՝ խորհրդարանի 77 պատգամավոր ընտրվելու է համամասնական համակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնական, այն թեկնածուների թվից, որոնք քվեարկվում են միամանդատ ընտրատեղամասերում։ Կուսակցությունների գրանցումն ընտրությունների համար սկսվել է ս.թ. փետրվարի կեսին։ Արդեն գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկիրը լիովին անցնելու է համամասնական համակարգի, ինչին ձգտում է հասնել 2016-ի ընտրություններին խորհրդարանական ընդդիմությունը։ Նշենք, նաև, որ այս ընտրություններում նորամուծություն է լինելու. միամանդատ ընտրատեղամասերում մտցվել է 50%+1 ընտրաշեմը։ Օրենքի համաձայն՝ ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրաձայների բացարձակ մեծամասնությունը։ Իսկ եթե առաջին փուլում ոչ ոք չի հավաքում անհրաժեշտ քանակությամբ ընտրաձայներ, նշանակվում է երկրորդ փուլ, որին մասնակցում է լավագույն արդյունքները հավաքած երկու թեկնածու։

Ներքաղաքական օրակարգի հարցերից մեկը դարձավ նաև «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության նոր նախագահի ընտրության պատրաստությունը։ Երկրի վարչապետի և կառավարող կուսակցության նախագահի պաշտոնից 2015թ. դեկտեմբերին Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո կուսակցության առաջնորդի պաշտոնը թափուր է մնացել։ Կուսակցության ղեկավարները քանիցս նշել են, որ մայիսին կայանալիք քաղխորհրդի նիստում (համագումարը տեղի է ունենալու մայիսի 14-ին) նախագահի հիմնական թեկնածու է առաջադրվելու և հաստատվելու Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Խորհրդարանական ընտրությունների և դրանց նախապատրաստման մասով «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության համար պակաս կարևոր հարց չէ այն, որ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ ընտրվելուց հետո Կվիրիկաշվիլին, եթե ցանկություն ունենա գլխավորել կուսակցության ընտրացուցակը, ապա, համաձայն գործող օրենսդրության2, ստիպված է լինելու հեռանալ պաշտոնից։ Այս հարցի լուծման համար ապրիլի 4-ին խորհրդարանական մեծամասնությունը, հանձինս խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանթիրաձեի և խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ Վախթանգ Խմալաձեի, նախաձեռնեց երկրի Ընտրական օրենսգրքում օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցը։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» խիստ քննադատության ենթարկեց նախաձեռնությունը և իշխանություններին մեղադրեց օրենսդրությունն իրեն հարմարեցնելու փորձի մեջ։

Օրինագծի հաստատման պարագայում այն պաշտոնները, որոնք չեն համապատասխանի պատգամավորի թեկնածուին, կմնան. նախագահը և նրա խորհրդականները; Վրաստանի և ինքնավար հանրապետությունների կառավարության նախարարները; Անվտանգության խորհրդի անդամները՝ բացի վարչապետից և պատգամավորներից; Ազգային բանկի խորհրդի անդամները; գլխավոր աուդիտորը և նրա տեղակալները; նահանգապետները և նրանց տեղակալները; սաքրեբուլոյի նախագահը, գամգեբելի-քաղաքապետները; դատավորները; Արդարադատության խորհրդի անդամները; ժողովրդական պաշտպանը և նրա տեղակալը; ՆԳՆ և պաշտպանության նախարարության, Պետանվտանգության ծառայության, Հետախուզության ծառայության և Պետական պահպանության հատուկ ծառայության սպաները; դատախազները, նրանց տեղակալները, օգնականները և քննիչները; Հանրային ծառայության գրասենյակի պետն ու նրա տեղակալները; Հաղորդակցությունների և էներգետիկայի ու ջրամատակարարման ազգային կարգավորման հանձնաժողովների անդամները։

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա ապրիլի 16-ին Վրաստանում տեղի ունեցավ «Նոր քաղաքական կենտրոն – Գիրչի» նոր կուսակցության հիմնադիր համագումարը, որի հիմնադիրներն են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցությունից 2015թ. մայիսին դուրս եկած պատգամավորներ Զուրաբ Ջափարիձեն (նախագահ), Գոգա Խաչիձեն, Պավլե Կուբլաշվիլին և Գեորգի Մելաձեն։ «Գիրչիի» համագումարում շրջանների պատվիրակներն ընտրեցին կուսակցության քաղխորհուրդ և պահուստային հանձնաժողով, ինչպես նաև հաստատեցին կանոնադրությունը։ Չնայած կուսակցությունն առաջին քայլերն է անում, այնուամենայնիվ, նրա առաջնորդները քաղաքական հարուստ փորձ և բավական լավ մեկնարկային հնարավորություններ ունեն խորհրդարան մտնելու համար՝ ի հաշիվ «Միասնական ազգային շարժման» ընդդիմադիր ընտրազանգվածի։

Խորհրդարանական ընտրությունների համատեքստում գործընթացից անմասն չեն մնում նաև ավելի փոքր կուսակցությունները։ Կոալիցիայի ֆորմալ անդամներից մեկը՝ Արդյունաբերողների կուսակցության ղեկավար Գոգի Թոփաձեն, ապրիլի վերջին չէր բացառում միավորման հնարավորությունն արտախորհրդարանական ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության հետ։ Արտախորհրդարանական մեկ այլ ուժի՝ «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախա Կուկավան ենթադրել է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, «Վրացական երազանքին» աջակցելուց բացի, ֆինանսական օժանդակություն կցուցաբերի նաև Հանրապետական կուսակցությանը և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժում» կուսակցությանը, որոնց հետո, ըստ քաղաքական գործչի, հոկտեմբերին կարող է ստեղծվել նոր հետընտրական կոալիցիա։

Խոսելով Վրաստանի արտախորհրդարանական կուսակցությունների մասին՝ հարկ է նշել առավել ակտիվ և ազդեցիկ հետևյալ ուժերի մասին՝ Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժումը», Իրմա Ինաշվիլու «Հայրենասերների դաշինքը», Պաատա Դավիթայայի «Եվրոպական դեմոկրատները», Կախա Կուկավայի «Ազատ Վրաստանը», Պիկրիա Չիքրաձեի «Նոր աջերը» և Գիա Գաչիչիլաձեի «Վրաստանի ձախերի կուսակցությունը»։

Բավական հետաքրքիր է Վրաստանի քաղաքական կուսակցությունների 2015թ. եկամուտների վիճակագրությունը։ Այսօր առկա 233 կուսակցությունից 2015թ. ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել ընդամենը 31 կուսակցություն, որոնցից 3-ը զրոյական հաշվեկշիռ է ունեցել։ Համաձայն 2015թ. տվյալների՝ Վրաստանի 28 քաղաքական կուսակցությունների եկամուտը կազմել է 12,407 մլն լարի (մոտ $5,5 մլն) [2], որոնցից 10,679 մլն լարին (մոտ $4,788 մլն) բյուջետային ֆինանսավորում ստանալու համար նվազագույն շեմը հաղթահարած 11 քաղաքական կուսակցությունների բյուջետային ֆինանսավորումն է՝ համաձայն վրացական օրենսդրության3։

Այսպիսով, 11 կուսակցություններից, համաձայն Վրաստանի Պետական աուդիտի ծառայության տվյալների՝ առաջին տեղում եկամուտների մակարդակով նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է՝ 3,251 մլն լարի (մոտ $1,4 մլն), որոնցից 294 հազ. լարին ($131,8 հազ.) արտաբյուջետային եկամուտներ են։ Երկրորդ տեղում է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժումը», որի եկամուտը կազմել է 1,470 մլն լարի (մոտ $656,5 հազ.)։ Արտաբյուջետային ֆինանսական մուտքեր չկան։ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը (կոալիցիայի կորիզը «Վրացական երազանքն» է) հայտնվել է երրորդ տեղում՝ նրա եկամուտերը 2015թ. կազմել են 1,426 մլն լարի (մոտ $636,7 հազ.), որոնցից 566 հազ. լարին ($253 հազ.) արտաբյուջետային եկամուտներ են, ինչն առավելագույնն է բոլոր 11 կուսակցությունների մեջ։

Նշենք նաև մյուս 8 կուսակցությունների (մեր նշած 11-ից) մասին, որոնք պետական աջակցություն են ստանում։ Դրանք են՝ «Ազատ դեմոկրատները»՝ 1,014 մլն լարի (մոտ $453 հազ.), որից 289 հազ. լարին ($129,5 հազ.) արտաբյուջետային եկամուտներ են; «Հայրենասերների դաշինքը»՝ 863 հազ. լարի (մոտ $387 հազ.), որից 216,800 հազ. լարին (մոտ $97,200 հազ.) արտաբյուջետային եկամուտներ են; Հանրապետական կուսակցությունը՝ 757 հազ. լարի (մոտ $338 հազ.), որից 31,700 հազ. լարին (մոտ $14,200 հազ.) արտաբյուջետային եկամուտներ են; Արդյունաբերողների կուսակցությունը՝ 741,300 հազ. լարի (մոտ. $332,400 հազ.), արտաբյուջետային եկամուտներ չկան; Պահպանողականների կուսակցությունը՝ 722,600 հազ. լարի (մոտ $324 հազ.), որից 1320 լարին (մոտ $590) արտաբյուջետային եկամուտ է; «Ժողովրդական համաժողովը»՝ 721,300 հազ. լարի (մոտ $323,400 հազ), արտաբյուջետային ֆինանսական մուտքեր չկան; Քրիստոնեա-պահպանողական կուսակցությունը՝ 660,700 հազ. լարի (մոտ $296,200 հազ.), որից 34,160 հազ. լարին (մոտ $15,300 հազ.) արտաբյուջետային եկամուտներ են; Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը՝ 610 հազ. լարի (մոտ $273,500 հազ.), արտաբյուջետային ֆինանսական մուտքեր չկան։

Այն կուսակցությունների շարքում, որոնք շռայլ հովանավորներ ունեն բիզնեսի ոլորտից և անհատ քաղաքացիների մուծումներից, առանձնանում են «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը ($253 հազ.), ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»՝ ($131,8 հազ.), «Ազատ դեմոկրատները»՝ ($129,5 հազ.) և «Վրաստանի հայրենասերների դաշինքը» ($97,2 հազ.)։

Վրաստանը թվերով

Բնակչությունը. Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության համաձայն՝ 2014թ. նոյեմբերի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը (առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի) կրճատվել է 15%-ով և կազմել 3,713 մլն մարդ (4,371 մլն 2002-ին). քաղաքաբնակներ՝ 2,122 մլն կամ 57,2%; գյուղաբնակներ՝ 1,591 մլն կամ 23,7%։ Թբիլիսիի բնակչությունը կազմել է 1,108 մլն (նվազել է 2,5%-ով՝ 2002թ. համեմատ)։ Այդ նույն համընդհանուր մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 86,8%-ը վրացիներ են (3,224 մլն մարդ), 6,3%-ը՝ ադրբեջանցիներ (233.000 մարդ; 289.000 մարդ 2002թ.), իսկ 4,5%-ը՝ հայեր (168.100 մարդ; 249.000 մարդ 2002թ.), ռուսներ՝ 26.500; оսեր՝ 14.400; եզիդներ՝ 12.200; ուկրաինացիներ՝ 6000; կիստինցիներ՝ 5.700; հույներ՝ 5500; ասորիներ՝ 2400 և այլն։

ՀՆԱ-ն և սղաճը. ԱՄՀ-ն իջեցրել է 2016թ. ՀՆԱ աճի կանխատեսումը 3%-ից մինչև 2,5%-ի (2,8% 2015թ.), իսկ 2017-ին՝ 5%-ից մինչև 4,5%-ի [3]։ World Economic Outlook–ի տեղեկատվությամբ՝ Վրաստանի տնտեսական աճին խոչընդոտում են հիմնականում արտաքին գործոնները։ Ինչ վերաբերում է սղաճին, ապա ԱՄՀ-ն ընթացիկ տարում ենթադրում է 4,3% սղաճ, իսկ 2017-ին՝ 4,5%։ Վրաստանի Ազգային բանկի թիրախային սղաճի ցուցանիշը կազմում է 5%, իսկ բյուջեն հաշվարկված է՝ ելնելով 4%-անոց սղաճից։

Արտաքին առևտրային շրջանառությունը և տրանսֆերտները. Համաձայն Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների՝ Վրաստանի արտաքին առևտուրը 2016թ. առաջին կիսամյակում կազմել է $2,14 մլրդ (7%-ով պակաս, քան 2015թ. հունվար-մարտին)։ Վրաստանի հետ առևտրի գծով առաջատար երկրների հնգյակում են Թուրքիան՝ $341,8 մլն, (5,3%-ով պակաս), Իռլանդիան՝ $209,7 մլն (այդ երկրից դեղամիջոցների մեկանգամյա ներկրման հաշվին), Ռուսաստանը՝ $185 մլն (8,7%-ով ավելի), Չինաստանը՝ $168,7 մլն (12,1%-ով պակաս), Ադրբեջանը՝ $160 մլն (25,2%-ով պակաս)։ Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվությամբ՝ 2016թ. մարտին դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է $90.7 մլն (1.3%-ով կամ $1,2 մլն-ով պակաս)։ Փոխանցումների գծով առաջատարներն են Ռուսաստանը ($30 մլն), ԱՄՆ-ը ($10 մլն), Հունաստանը ($9,9 մլն), Իտալիան ($9,8 մլն), Թուրքիան ($7,4 մլն)։

Այցելուներ/զբոսաշրջիկներ. Վրաստանի ՆԳՆ վերլուծաբանական վարչության տվյալներով՝ այցելուների թիվը 2016թ. առաջին երեք ամիսներին կազմել է ավելի քան 1,1 մլն (14,7%-ով ավելի)։ Նրանցից զբոսաշրջիկներ են եղել ավելի քան 406,8 հազարը (15,7%-ով ավելի)։ Առաջատար երկրներն են Ադրբեջանը՝ 353,2 հազ. այցելու, Թուրքիան՝ 273,5 հազ. այցելու, Հայաստանը՝ 229,1 հազ. այցելու, Ռուսաստանը՝ 144,7 հազ. այցելու։

1 Կոնտրասիգնացիան (հավաստիացում) կարգ է, երբ պետության ղեկավարի կամ խորհրդարանի կողմից հաստատված օրենքները ենթակա են վարչապետի կամ լիազորված նախարարի կողմից պարտադիր հավաստիացման՝ այդ փաստաթղթին իրավաբանական ուժ հաղորդելու համար։

2 Ըստ գործող օրենսդրության՝ կառավարության անդամներն այն մարդկանց ցուցակում են, ովքեր որպես պատգամավորի թեկնածու գրանցվելուց ոչ ուշ, քան երկու օր հետո պետք է հրաժարական տան, հակառակ դեպքում չեն գրանցվի։

3 Փողը բաժին է հասնում միայն այն կուսակցություններին, որոնք ստացել են ձայների 3%-ից ավելին վերջին խորհրդարանական ընտրություններում կամ 4%՝ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում։ Այդ կուսակցությունների նվազագույն ֆինանսավորումը 150 հազ. լարի է ($66,7 հազ.)։

Գրականություն

1. Сайт парламента Грузии, http://www.parliament.ge/ge/mp/2283.

2. Служба государственного аудита Грузии, http://sao.ge/financial-monitoring-service-of-political-parties/declaration/annual-declarations-of-political-subjects.

3. World Economic Outlook, http://www.imf.org/external/ns/cs.aspx?id=29.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր