
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների շեմին Վրաստանի ներքաղաքական կյանքում տիրող ակտիվության, արտաքին քաղաքական գործունեությունն անցած օգոստոսին այնքան էլ հարուստ չի եղել իրադարձություններով։ Եվ այնուամենայնիվ, ամիսն աչքի ընկավ երկրի ղեկավարության մի շարք արտասահմանյան ուղևորություններով։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգոստոսի 7-ին այցելեց Բրազիլիա, մեկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան մեկնեց երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին (օգոստոսի 31)։ Վրաստան այցելություններն ավելի մեծաթիվ են եղել. պաշտոնական այցով երկիր է եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (օգոստոսի 1), պաշտոնական այցով Վրաստանում է եղել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (օգոստոսի 29)։ Օգոստոսի 26-ին Վրաստան է այցելել Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Դևիդ Մաքալիստերը։
Նշենք, որ Բրազիլիա կատարած այցելության շրջանակներում Վրաստանի նախագահը և առաջին տիկինը տարբեր պետությունների ղեկավարների հետ միասին մասնակցել են 31-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը Ռիո դե Ժանեյրոյում։ Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ վրաց մարզիկներին քաջալերելուց բացի, Վրաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է անցկացրել որոշ պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց գլխավոր թեման եղել է նրանց սատարումն ստանալը Հարավային Օսիայի և Աբխազիայի չճանաչման քաղաքականության մեջ։
Վրաստան-ԵՄ. Հուլիսն ավարտվեց Վրաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության երկար փուլերից մեկով։ Տրվեց Եվրամիության հետ թարմացված փոխհարաբերությունների մեկնարկը։ Հուլիսի սկզբին սկսվեց ավելի վաղ ստորագրված և հաստատված՝ ԵՄ-ին Վրաստանի ասոցիացման համաձայնագրի լիարժեք գործառնությունը։ Լիովին ուժի մեջ մտան համաձայնագրի բոլոր հոդվածները (431), ինչպես նաև դրանում ընդգրկված՝ ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ստորագրված 2014թ. հունիսի 27-ին Բրյուսելում։ Այսպիսով, այն համաձայնագիրը, որը 2014թ. հոկտեմբերի 1-ից արդեն գործում էր ժամանակավոր օգտագործման ռեժիմում (մոտ 80%), կփոխարինի 1996թ. «Գործընկերության և համագործակցության մասին» գործող համաձայնագրին և Վրաստանի ու ԵՄ համագործակցության նոր իրավական շրջանակներ կստեղծի։
Պայմանագիրը նախատեսում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժ դեպի եվրոպական շուկա և տեղական շուկային անվնաս և անվտանգ մթերքների մատակարարում։ DCFTA շրջանակներում վրացական արտադրության գրեթե բոլոր ապրանքները ԵՄ շուկային մատակարարվելիս ազատվում են մաքսատուրքից։ Հուլիսի սկզբից ուժի մեջ մտած հոդվածների (20%) շարքում կան այնպիսիները, որոնք կապված են արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հետ։ Սկսել են գործել հոդվածներ, որոնք կապված են անհատական տվյալների պաշտպանության, միգրացիայի ոլորտում համագործակցության, ապաստան տրամադրելու և սահմանի հսկման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական, տրանսպորտի վերահսկողության հետ և այլն։ Ուժի մեջ է մտել նաև համաձայնագրի երկու հավելված, որոնք վերաբերում են կրթության հարցերում համագործակցությանը։
Չնայած դրան, արդեն օգոստոսին հերթական անգամ ակտուալացվեց մեկ այլ հարց՝ կապված Վրաստանի եվրոպական ինտեգրման հետ։ Դա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելու հարցն է, որի իրագործումը ձգձգվեց ողջ ամառվա ընթացքում, իսկ զարգացում սպասվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։
ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ մտցնելու հարցը դարձել է օգոստոսի 26-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Դևիդ Մաքալիստերի և կուսակցության միջազգային քարտուղար Պատրիկ Վոլքերի Վրաստան կատարած այցի հիմնական թեմաներից մեկը։ Այցի ընթացքում եվրոպացի քաղաքական գործիչները հանդիպում են ունեցել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, ինչպես նաև խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության (ԵԺԿ անդամ է 2008-ից) առաջնորդների հետ։
Վրաստանի վարչապետի հետ եվրախորհրդարանականների հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն և Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն, քննարկվել են Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նպատակներին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Վրաստանի վիզային ազատականացման, դեմոկրատական բարեփոխումների և հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ երկիրը կստանա Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը վիզային ազատականացման հարցում։
Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Դևիդ Մաքալիստերն իր հերթին նշել է, որ «Վրաստանը կատարել է բոլոր առաջադրանքները վիզային ազատականացման գծով և այժմ հերթը ԵՄ-ինն է», որը բոլոր երրորդ երկրների համար անվիզա ռեժիմների նոր մեխանիզմների ընդունումից հետո, անվիզա ռեժիմների չարաշահման և զանգվածային միգրացիայի դեպքում, պետք է որոշում ընդունի առ այն, որ վերացվի վիզաներ ստանալու անհրաժեշտությունը Վրաստանի այն քաղաքացիների կողմից Շենգենյան գոտի այցելելու համար, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն։ Սպասվում է, որ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան կարճաժամկետ այցելություններ (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում) կատարել Շենգենյան գոտի, որն ընդգրկում է ԵՄ 22 անդամ երկիր, 4 երկիր, որոնք ԵՄ անդամ չեն և Շենգեն գոտի մտնելու 4 թեկնածու երկիր։
Վրաստան-Հայաստան. Ամսվա սկզբին՝ օգոստոսի 1-ին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ։
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը հնարավոր բոլոր ոլորտներում»։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան երկկողմանի օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ համագործակցություն տրանսպորտի (տրանսպորտային փոխադրումների դյուրինացում), էներգետիկ փոխգործակցության, տուրիզմի և մշակութային ժառանգության պահպանման հարցերում, ինչպես նաև հարցեր հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Նախարարները գոհունակությամբ փաստել են, որ շարունակվում են ակտիվ փոխայցելությունները և արդյունավետ համագործակցությունը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, նրանք քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների պարբերական խորհրդակցությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում պայմանագրային-իրավական բազայի կատարելագործման հետ։ Է.Նալբանդյանը և Մ.Ջանելիձեն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել են միջկառավարական կապերի հետագա զարգացման քայլերը։ Բացի այդ, Է.Նալբանդյանը, միջազգային և տարածաշրջանային ակտուալ հարցերի քննարկման ժամանակ, ներկայացրել է «Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի զարգացմանը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով» (նույն հարցերը քննարկվել են նաև Վրաստանի վարչապետի և նախագահի հետ հանդիպումների ժամանակ)։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպումը կրել է ավելի պաշտոնական և արձանագրային բնույթ, որի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է վրացական պետության ղեկավարին վրաց պաշտոնակցի և Վրաստանի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների մասին։
Վրաստանի վարապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպմանը, որն ավելի վաղ էր տեղի ունեցել, կողմերը մեկ անգամ ևս հանգամանալիորեն քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր։ Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ՝ դիտարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման, տրանսպորտի և տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացիայի ոլորտում համագործակցության խորացման, էներգետիկայի ոլորտում փոխգործակցության և համագործակցության ամրապնդման, մշակութային փոխանակումների խրախուսման և զբոսաշրջության զարգացման հարցեր։ Այս համատեքստում նշվել է նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման կարևորությունը, ինչպես նաև կարևորվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական համագործակցության ամրապնդման հարցերը։
Էներգետիկայի մասով, ըստ Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության, քաղաքական գործիչները ողջունել են նոր 500 կվտ էլեկտրագծի անցկացումը, որի մասին պայմանագիրը երկու երկրների էներգետիկական գերատեսչությունների ներկայացուցիչները ստորագրել են Թբիլիսիում 2014թ. ապրիլին։ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» (GSE) ԲԸ տեղեկատվությամբ՝ նոր էլեկտրագիծը կմիացնի Վրաստանն ու Հայաստանը և կփոխարինի արդեն գոյություն ունեցող 400 կվտ-անոց էլեկտրագծին։ Պայմանագրի համաձայն՝ հայկական կողմը պետք է ապահովի թանկարժեք արդիական բարձրտեխնոլոգիական սարքավորման (մշտական հոսանքի 350 մվտ-անոց երկու սարքավորում) տեղադրումը, որի առաջին մասը կմոնտաժվի 2018թ., իսկ երկրորդը՝ 2022թ., ինչը կավելացնի երկրների միջև էլեկտրափոխանցումը և նոր մակարդակի դուրս կբերի երկու երկրների էներգաանվտանգությունը։ Վրացական կողմում էլեկտրագծի երկարությունը կկազմի 40 կմ։
Վրաստան-Ադրբեջան. Օգոստոսի 29-ին պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Թբլիսիում նա հանդիպեց իր վրաց պաշտոնակցի՝ Միխայիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ։
Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները և դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը, այդ թվում՝ իրավիճակն առևտրատնտեսական ոլորտում, որտեղ, ըստ Մ.Ջանելիձեի, Վրաստանն ու Ադրբեջանը «շատ մեծ պոտենցիալ ունեն»։ Կողմերը քննարկել են վրացական տնտեսությունում ադրբեջանական ներդրումների աճը, ինչպես նաև 16%-անոց աճը տուրիզմի ոլորտում։ Դիտարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հարցեր։ Նախարարները քննարկել են ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ չլուծված հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցեր։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր։
Վրաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայության տեղեկատվությամբ՝ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ Է.Մամեդյարովը քննարկել է «երկու երկրների ռազմավարական համագործակցության հարցեր», դիտարկել գործընկերության խորացման հեռանկարները քաղաքականության, մշակույթի, էներգետիկայի, առևտրի և տնտեսության ոլորտներում։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային նշանակության համատեղ խոշորածավալ էներգետիկ նախագծերի թեմաները։ Նշվել է, որ Վրաստանը և Ադրբեջանը հիմնական տրանսպորտային օղակներն են Արևմուտքի և Արևելքի միջև։ Հանդիպումների արդյունքների հիման վրա հայտարարվել է, որ Գեորգի Կվիրիկաշվիլին առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի ավելի վաղ հայտարարված այցելությունն Ադրբեջան։ Բաքու կատարած մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում վրացական կառավարության ղեկավարը հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, որոնց հետ քննարկեց վրաց-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ իրավիճակը և դրանց հետագա խորացման հեռանկարները։ Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ երկու երկրները վարում են «երկխոսություն բոլոր ուղղություններով՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում», ներառյալ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները։
Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարների հանդիպման հիմնական հարցերը վերաբերում էին նաև համագործակցությանը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին (Հարավային գազային միջանցք, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի)։ Ադրբեջանում Վրաստանի վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ (հիմնական իրադարձությունների տեսություն)[21.12.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[29.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[24.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[31.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[28.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[16.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԸ[01.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[27.07.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[26.07.2016]