• am
  • ru
  • en
Версия для печати
30.09.2016

ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Վրաստանում ներքաղաքական գործընթացների զարգացման վճռական գործոնն օգոստոսին շարունակել են մնալ երկրի խորհրդարանական և Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները հոկտեմբերի 8-ին։ Շարունակվում էին քաղաքական կուսակցությունների և դաշինքների՝ ընտրություններին պատրաստման գործընթացը, նոր քաղաքական ուժերի ձևավորումը, մեծամասնական թեկնածուների առաջադրումը և կուսակցական վերջնական ընտրացուցակների ներկայացումը, ինչպես նաև քաղաքական ուժերի գրանցման ընթացակարգի ավարտը Վրաստանի ԿԸՀ-ում։

Հիմնական ինտրիգները և մարտահրավերները

Ամսվա ինտրիգ դարձավ քաղաքական սկանդալը՝ կապված Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու անվան հետ, որը, չնայած Վրաստանում չէ և քրեորեն էլ հետապնդվում է, դեռևս ունի ազդեցության լծակներ իր հայրենիքի ներքաղաքական գործընթացներում։ Օգոստոսին վրացական հեղինակավոր «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (ՎԵԻԱ) ՀԿ-ն հանդես եկավ դիմումով՝ ուղղված Աջարիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ կոչ անելով տուգանել (2 հազ. լարիի կամ մոտ $855-ի չափով) նախկին նախագահին՝ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլուն Բաթումի բնակիչներին ուղղված նախընտրական տեսադիմումի համար, երբ ներկայացնում էր իր կուսակցության՝ Միասնական ազգային շարժման մեծամասնական թեկնածուներին։ ՎԵԻԱ-ի բողոքի պատճառն այն էր, որ համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի, օտար պետության քաղաքացին իրավունք չունի զբաղվել նախընտրական ագիտացիայով և մասնակցել դրան։

Մեկնաբանելով ՎԵԻԱ-ի հայտարարությունը՝ Միխայիլ Սաակաշվիլին զարմանք է հայտնել իր կողմից հարգված ոչ կառավարական կազմակերպության այդ ժեստից։ Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին նախագահի քայլը դատապարտել են նաև երկրի գործող նախագահի աշխատակազմում։ Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն նշել է, որ Միխայիլ Սաակաշվիլին իրավունք չունի խառնվելու վրացական քաղաքական գործընթացներին և չպետք է իր «անզուսպ պահվածքով» խանգարի վրաց-ուկրաինական բարեկամական հարաբերությունների զարգացմանը, այնինչ «իր գործողություններով նա փորձում է խափանել այդ հիանալի, բարիդրացիական հարաբերությունները»։

Սակայն օգոստոսի 25-ին, Աջարիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նիստի արդյունքներով, որոշում է ընդունվել այն մասին, որ նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին չի տուգանվի Վրաստանի ընտրական օրենսդրության խախտման համար։ Չնայած հանձնաժողովի նիստն անցնում էր լարված մթնոլորտում, հանձնաժողովի անդամներն այդպես էլ չկարողացան որոշում ընդունել Ընտրական օրենսգրքի կետերից մեկի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ օտար պետության քաղաքացու նախընտրական ագիտացիան օրենքի խախտում կարելի է համարել միայն այն դեպքում, եթե նա գտնվում է նշված տարածքում, այսինքն՝ Վրաստանում։ Այսպիսով, ընտրական հանձնաժողովը չբավարարեց ոչ կառավարական կազմակերպության հայցն ընդդեմ նախկին նախագահի, ինչը չգոհացրեց ինչպես հասարակական մի շարք կազմակերպությունների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների։

Վրաստանի հասարակության և կառավարության համար ամենամեծ մարտահրավերը երկրի բնակչության սոցիալական դժգոհության ցուցանիշներն են։ GFK ընկերության սոցհետազոտության տվյալների համաձայն, որն անցկացվել է օգոստոսի 2-18-ը՝ ողջ Վրաստանի մասշտաբով 2200 հարցվողի ուղղակի հարցման մեթոդով (հետազոտությունը, որի մոտարկումը կազմել է 2,1%, պատվիրել էր «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերությունը), հարցվողների 46,3%-ի համար Վրաստանը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ, այնինչ 28,9%-ը կարծում է, որ երկիրը ճիշտ ուղով է զարգանում (24,8%-ը դժվարացել է պատասխանել)։ Չնայած հետազոտության արդյունքների հանդեպ քննադատությանը՝ հասարակության մեջ տիրող տրամադրվածության մասին հետազոտության եզրահանգումները մոտ են գոյություն ունեցող իրողություններին։

Նույն հետազոտության համաձայն՝ 48,3% հարցվողների խոսքերով՝ կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կառավարության գործունեությունը բավարար չէ (այն բավարարում է միայն հարցվողների 46,4%-ին)։ Պատասխանելով «ո՞ր խնդիրներն են գլխավոր Վրաստանի համար» հարցին՝ հարցվողների 47,4%-ը նշել է աշխատատեղերի սակավությունն ու գործազրկությունը։ Ցածր աշխատավարձն ու աղքատությունը նշել է հարցվողների 13%-ը, տարածքային ամբողջականությունը՝ 11%-ը, կենսաթոշակները՝ 7,6%-ը, խնդիրներն առողջապահության ոլորտում՝ 5,9%-ը, գների բարձրացումը՝ 4.6%-ը։

Նախընտրական կուսակցությունները, դաշինքները և ներքաղաքական իրավիճակը

Վրացական երազանք. Օգոստոսին կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը շարունակում էր իր ակտիվ նախընտրական քարոզարշավը երկրի շրջաններում, որտեղ մեծամասնական թեկնածուների առաջադրմանը զուգահեռ՝ ներկայացվում էր կուսակցության նախընտրական ծրագիր/պլատֆորմը։ Կուսակցության առաջնորդները եղել են երկրի հետևյալ շրջաններում. Քվեմո Քարթլի (4 օգոստոսի), Կախեթում (5 օգոստոսի), Սամցխե-Ջավախքում (7 օգոստոսի), Աջարիայում (13 օգոստոսի), Թբիլիսի քաղաքաի 22 միամանդատ օկրուգներից 21-ում (16 օգոստոսի)։ Ավելի վաղ, կուսակցությունն արդեն ներկայացրել էր իր թեկնածուներին Իմերեթիում, Սամեգրելոյում, Գուրիայում, Շիդա Քարթլիում և Մցխեթ-Մթիանեթում։

Միասնական ազգային շարժում. Իշխանության նախկին կուսակցության համար ամսվա նորությունը եղավ այն, որ օգոստոսի 28-ին ընդդիմադիր կուսակցության քաղաքական խորհուրդը փոփոխություն մտցրեց թեկնածուների ընտրացուցակում և որպես երկրորդ համար մտցվեց երկրի նախկին նախագահի և Օդեսայի (Ուկրաինա) նահանգապետի՝ Միխայիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը։ Կուսակցության ընտրացուցակի փոփոխության մասին որոշումն ընդունելուց մեկ շաբաթ առաջ ՄԱՇ–ը նախկին նախագահի տիկնոջը ներկայացրել էր որպես մեծամասնական թեկնածու Զուգդիդի միամանդատ ընտրական օկրուգում (№ 66)։ Սանդրա Ռուլովսն իր հերթին հայտարարել է, որ «պատրաստ է այդ պայքարին և վստահ է ՄԱՇ հաղթանակին»։

Հանրապետական կուսակցություն. Օգոստոսի 24-ին ևս մեկ քաղաքական կուսակցություն, որը նախկինում մտնում էր իշխող «Վրացական երազանք – Վրաստանի Հանրապետական կուսակցություն» կոալիցիայի մեջ, ներկայացրեց ինը կին թեկնածուի մեծամասնական օկրուգներից։ Նրանց մեջ են կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն՝ 69-րդ օկրուգ, Բաթում, պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին՝ 52-րդ օկրուգ, Զեստաֆոն, խորհրդարանի պատգամավոր Թամար Խիդաշելին՝ 4-րդ օկրուգ, Սաբուրթալո, Թբիլիսի և այլք։ Թեկնածուներին ներկայացրեց Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Լևան Բերձենիշվիլին, որը գալիք ընտրություններում քվեարկվելու է Թբիլիսիի Վակիի շրջանի երրորդ օկրուգում։ Նրանք բոլորն էլ ընտրություններին գնում են «Ազատագրվե՛նք» («հին ստերեոտիպերից, հին մտածողությունից») կարգախոսով։

Այսպիսով, արդեն ամսվա վերջին՝ օգոստոսի 28-ին, ավարտվեց երկրի ԿԸՀ-ում ընտրական դաշինքների գրանցման արարողակարգը։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ գալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 8-ին, գրանցվել է ընդամենը 45 քաղաքական կուսակցություն հայտ ներկայացրած 64-ից, ընդ որում՝ 18 կուսակցություն գրանցման մերժում է ստացել։ Սակայն քանի որ դրանց գրեթե կեսը դիմել է ԿԸՀ ընտրական դաշինքներ ստեղծելու նպատակով, ապա հարաբերակցությունը ստացվել է այսպիսին. 25 կուսակցություն և 7 նախընտրական դաշինք։

Գրանցված 7 դաշինքների մեջ նշենք առավել ակտիվները և պոտենցիալ ընտրազանգվածային աջակցություն ունեցողները. 1. Միասնական ազգային շարժում (ՄԱՇ)՝ ընտրական դաշինք, որը ձևավորվել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցության կողմից, որտեղ ՄԱՇ-ից բացի մտնում է նաև պակաս հայտնի «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (ազդեցությամբ երկրորդ քաղաքական ուժը Վրաստանում); 2. Պաատա Բուրչուլաձե - «Պետություն հանուն ժողովրդի» ընտրական դաշինքը գլխավորում է Պաատա Բուրչուլաձեի «Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունը, դաշինքի մաս է կազմում նաև երեք կուսակցություն՝ «Նոր Վրաստան» (Գեորգի Վաշաձե), «Նոր աջեր» (Մամուկա Կացիթաձե) և «Նոր քաղաքական կենտրոն - Գիրչի» (Զուրաբ Ջափարիձե) (պաշտոնապես «Գիրչին» չի մտնում այն կուսակցությունների ցուցակում, որոնք դիմել են ԿԸՀ՝ որպես դաշինք գրանցվելու խնդրանքով, բայց դաշինքի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ «Գիրչին» մնում է կոալիցիայում, և նրա ներկայացուցիչները նույնպես լինելու են դաշինքի ընտրացուցակում՝ նոր ուժ, որն ունի 5%-անոց ընտրաշեմը հաղթահարելու պոտենցիալ); 3. «Նինո Բուրջանաձե – Դեմոկրատական շարժում» ընտրական դաշինք, որը ստեղծվել է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի Միավորված դեմոկրատական շարժման կողմից՝ պակաս հայտնի «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության հետ միասին; 4. Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք, Միավորված ընդդիմություն՝ ընտրական դաշինք, որը կազմված է վեց կուսակցությունից, որի մեջ Հայրենասերների դաշինքի հետ միասին մտնում են Ազատ Վրաստանը, Ավանդապաշտները, Ազատությունը, Նոր քրիստոնեա-դեմոկրատները և Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժումը; 5. Գոգա Թոպաձեի արդյունաբերողների և «Մեր հայրենիքի» (Զվիադ Չիթիշվիլի) «Արդյունաբերողներ – Մեր Վրաստան» ընտրական դաշինքը և այլն։

25 քաղաքական կուսակցությունների շարքում, որոնք ընտրություններին քվեարկվելու են ինքնուրույն, առանց այլ կուսակցությունների հետ կոալիցիոն միավորման, հարկ է առանձնացնել հետևյալ առավել կարևոր և պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերը. 1. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ը (կառավարող կուսակցությունն է և խորհրդարանական մրցավազքի առաջնորդի պոտենցիալ թեկնածուն, որը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն); 2. պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ»-ը (նախկին կոալիցիոն կուսակցություն, որն այնքան էլ մեծ վարկանիշ չունի ինքնուրույն խորհրդարան մտնելու համար); 3. Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու Հանրապետական կուսակցությունը (նախկին կոալիցիոն կուսակցությունը նույնպես այնքան էլ մեծ վարկանիշ չունի ինքնուրույն խորհրդարան մտնելու համար); 4. «Ազգային ֆորում»-ը (նախկին կոալիցիոն կուսակցություն, որը չունի բավարար վարկանիշ ինքնուրույն 5%-ը հաղթահարելու համար); Շալվա Նաթելաշվիլու Լեյբորիստական կուսակցությունը և այլն։

Հետևաբար, նշված 45 քաղաքական կուսակցությունները կպայքարեն ապագա խորհրդարանի 77 տեղի համար (150-ից)։ Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է սեպտեմբերի 8-ին, ընտրություններից մեկ ամիս առաջ։

Միևնույն ժամանակ, Վրաստանի 73 օկրուգների տեղերի համար կպայքարի ավելի քան 800 մեծամասնական թեկնածու։ Թեկնածուների ամենափոքր թիվը մեկ մեծամասնական օկրուգում երեք մարդ է, առավելագույն թիվը՝ մեկ տեղի համար 8 հոգի։ Վրաստանի օրենսդրությամբ, եթե առաջին փուլում մեծամասնական թեկնածուներից ոչ մեկը չի կարողանում հավաքել ձայների կեսից ավելին, միամանդատ փուլում պետք է անցնի ընտրությունների երկրորդ փուլը առավել լավ արդյունքներ հավաքած երկու թեկնածուների միջև։ Հետաքրքիր է, որ 2012թ. հոկտեմբերի ընտրությունների համեմատ, որոնց մասնակցում էր միայն երկու անկախ թեկնածու, գալիք ընտրություններին, օգոստոսի 23-ի դրությամբ, ԿԸՀ-ն գրանցել է արդեն 54 անկախ թեկնածու։

Ինչ վերաբերում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններին, որոնք նույնպես կայանալու են հոկտեմբերի 8-ին, ապա Աջարիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը գրանցել է 26 քաղաքական կուսակցություն, որոնց մի մասը նույնպես միավորվել է նախընտրական դաշինքներում՝ կազմելով 14 կուսակցություն և 5 դաշինք այն 25 կուսակցություններից և 7 դաշինքներից, որոնք առաջադրվել են համազգային ընտրություններում։ Նշենք, որ Աջարիայում նույնպես ընտրություններն անցկացվելու են խառը ընտրահամակարգով. Գերագույն խորհրդի 15 անդամ (21-ից) ընտրվում է համամասնական կարգով այն կուսակցություններից և դաշինքներից, որոնք կհաղթահարեն 5%-անոց ընտրաշեմը, իսկ Գերագույն խորհրդի մնացած 6 անդամները կընտրվեն 6 մեծամասնական միամանդատ օկրուգներում։

Վրաստանի ԿԸՀ թարմացված տեղեկատվությամբ՝ օգոստոսի դրությամբ Վրաստանում 3,452 մլն (հունիսին՝ 3,473) պոտենցիալ ընտրող կար։ Վերջնական տվյալները ԿԸՀ-ն կհրապարակի հոկտեմբերի 3-ից ոչ ուշ, հինգ օր խորհրդարանական ընտրություններից առաջ։

Քաղաքական վարկանիշեր և ֆինանսական ռեսուրսներ

Օգոստոսին «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերությունը տարածեց իր պատվիրած սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնց արդյունքներով՝ կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղն ըստ հարցվողների աջակցության վարկանիշի, իսկ աջակցությունը կազմել է 35,91%։ Երկրորդ տեղում նախկին կառավարող Միասնական ազգային շարժում կուսակցությունն է՝ հարցվողների աջակցության 34,17%–ով։ Երրորդ տեղը 9,76%-ով զբաղեցրել է օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի «Բուրչուլաձեի շարժում – Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունը։ Հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Շալվա Նաթելաշվիլու Լեյբորիստական կուսակցությունը (5,37%) և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատները» (4,49%)։ Մյուս քաղաքական կուսակցությունները և միավորումները հավաքել են հարցվողների աջակցության 3%–ից էլ պակաս։ Հետազոտողների հարցին հրաժարվել է պատասխանել 7,7%-ը, այն դեպքում, երբ հարցվողների 19%-ը առայժմ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու գալիք ընտրություններում։

Հետազոտությունն իրականացրել է, ինչպես նշեցինք, GFK ընկերությունը՝ հանրային կարծիքի հարցման արդյունքների հիման վրա, որն անցկացվել է օգոստոսի 2-18-ը։

Օգոստոսին հրապարակվեցին տվյալներ նաև Վրաստանի քաղաքական կուսակցությունների ընթացիկ տարվա հուլիսի ֆինանսական դրության մասին։ Վրաստանի Պետական աուդիտի ծառայության տվյալներով՝ վրացական կուսակցությունները հուլիսին ստացել են 3,5 մլն լարի (մոտ $1,5 մլն) նվիրատվություն։ Դրանցից «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը հուլիսին ստացել է առավելագույն մասը, իսկ նրա ստացած ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2,1 մլն լարի (մոտ $900 հազ.)։ Նվիրատվությունների ծավալով երկրորդ տեղում օպերային երգիչ և մեկենաս Պաատա Բուրչուլաձեի «Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունն է, որն ստացել է ավելի քան 621 հազ. լարի (մոտ $265 հազ.)։

Այնուհետև հաջորդում են՝ «Քաղաքացիական պլատֆորմ – Նոր Վրաստան» կուսակցությունը՝ 208 հազ. լարի (մոտ $89 հազ.), «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 196 հազ. լարի (մոտ $83 հազ.), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը՝ 185 հազ. լարի (մոտ $79 հազ.), «Նոր քաղաքական կենտրոն – Գիրչի»-ն՝ 104 հազ. լարի (մոտ $44,3 հազ.), Միասնական ազգային շարժումը՝ 9,6 հազ. լարի (մոտ $ 4 հազ.) և այլն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր